«Բանակցային խորքի» ձեւաւորումը, որպէս տարածաշրջանային փակուղուց դուրս գալու ելք
- (0)

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Վերջերս «Հորիզոնում» տպագրուած «Խաղաղութեան» պայմանագրի նախագծի սնանկութիւնը» յօդուածում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցումից յետոյ տարածաշրջանում ձեւաւորուած քաղաքական ու ռազմաքաղաքական որոշակիօրէն նոր իրավիճակը, եզրայանգեցինք, որ ներկայիս բանակցային գործընթացը որոշակիօրէն կարելի է բնութագրել որպէս «պատային»։ Նման իրավիճակները, ի թիւս այլնի կարող են յանգեցնել մի կողմից սպասումների հիասթափութեան, իսկ միւս կողմից՝ էսկալացիայի վտանգի բարձրացման։ Ինչպէս տեսնում ենք՝ երկու իրավիճակներն էլ այսօր նոյնական են հայ հասարակութեան եւ Հայաստանի Հանրապետութեան պարագայում։
Հայաստանում եւ առհասարակ հայկական որոշ շրջանակներում իրավիճակից կտրուած մի կեղծ մտայնութիւն է ձեւաւորուել առ այն, թէ ով էլ լինի Հայաստանի գործող իշխանութիւնների փոխարէն անելու է նոյնը, քանի որ Հայաստանը չունի արտաքին քաղաքական զօրակցութիւն, բանակը անհրաժեշտ մարտունակութեան եւ ռազմատեխնիկական պատրաստութեան մակարդակի վրայ չէ, տնտեսութիւնը կայուն չէ։ Այս պնդումներն անողները չեն գիտակցում այն ապսուրդային իրավիճակը, որ այս բոլոր խնդիրների առկայութիւնը, չի թեթեւացնում իշխանութիւնների մեղքերի ծանրութիւնը՝ ատրպէյճանական պահանջներն անվերապահօրէն ընդունելու գործում։ Ընդհակառակը՝ խօսում է իշխանութիւնները ոչ կոմպետենտութեան եւ պետութեան կառավարման առանցքային ոլորտներում անհրաժեշտ յաջողութիւն գրանցելու անկարողութեան եւ ըստ այդմ պետութիւնը վտանգող քաղաքականութեան մասին, ինչի պայմաններում Ատրպէյճանն առաւել դիւրին եւ անխոչընդոտ կերպով հասնում է իր առջեւ դրուած խնդիրների լուծմանը՝ ի հաշիւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգութեան։
Այնուամենայնիւ, հասարակական շրջանակներում մշտապէս առկայ է պահանջ՝ տեղեակ լինելու թէ ինչ պէտք է անէին կամ անեն Հայաստանի իշխանութիւնները, որ չեն անում։ Մասնագիտական ու քաղաքական շրջանակներում էլ անընդհատական քննարկումներ կան բաց թողնուած հնարաւորութիւնների եւ հնարաւոր անելիքների վերաբերեալ։ Հետեւաբար սոյն յօդուածով կը փորձենք մօտաւոր նախանշման ենթարկել հնարաւոր այն քայլերը, որոնց անհրաժեշտութիւնը հասունացել է քաղաքական ներկայ ժամանակահատուածում. մի ժամանակահատուած, երբ ոմանց թուում էր, թէ Հայաստանի իշխանութիւնների հերթական զիջումներից եւ այսպէս կոչուած խաղաղութեան համաձայնագրի նախագծի համաձայնեցումից յետոյ, հայ-ատրպէյճանական լարուածութիւնը պէտք է թուլանայ, մինչդեռ ականատեսն ենք տրամագծօրէն այլ իրավիճակի, երբ նոյնիսկ Հայաստանի իշխանութիւններն են ընդունում ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգը։ Մասնաւորապէս, Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Վիէննայում ելոյթով հանդէս է եկել Հայաստանի խնդրանքով հրաւիրուած ԵԱՀԿ մշտական խորհրդի յատուկ նիստում, եւ, ի շարս Հայաստանի քաղաքական իշխանութիւնների յայտնի թեզերի, նաեւ յայտարարել է, որ «Ատրպէյճանի մեղադրանքները եզակի դէպքեր չեն. դրանք մաս են կազմում յստակ եւ ձեւաւորուած մի գործելաոճի, ըստ որի Ատրպէյճանն ակտիւացնում է զինադադարի ենթադրեալ խախտումների վերաբերեալ ապատեղեկատուութեան քարոզչութիւնը՝ օգտագործելով այն որպէս արդարացում տարածաշրջանում հետագայ լարուածութեան համար… Կեղծ տեղեկութիւնների միտումնաւոր տարածումը եւ հրադադարի խախտումների վերաբերեալ անհիմն մեղադրանքները պարզապէս ճշմարտութիւնը խեղաթիւրելու փորձեր չեն. դրանք հնարաւոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են»։
Արդէն Մարտի 31-ին ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն տարածեց առ այն, որ Ատրպէյճանի զինուած ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սիւնիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղութեամբ, ինչի հետեւանքով վնասուել է բնակելի տուն: Դրան յաջորդող օրերի ընթացքում ատրպէյճանական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին ոչ պաշտօնական տեղեկութիւններն աւելի շատացան։ Աւելի ուշ, Ատրպէյճանի բանակի առաջապահ ստորաբաժանումներին զգօնութիւնն ու մարտունակութիւնը բարձրացնելու յանձնարարականներ տուեց Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարը։ Այդ յանձնարարականները թշնամական քարոզչամեքենան ներկայացրեց իբրեւ թէ Հայաստանի կողմից հրադադարի խախտմնան եւ դրոնային հետախուզութեան համայնապատկերում։
Այսինքն ստեղծուած իրավիճակի փակուղային բնոյթը հիմնաւորւում է ինչպէս Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններով ու պաշտօնական հաղորդագրութիւններով, այնպէս էլ ատրպէյճանական սադրիչ քաղաքականութեամբ։
Այսպիսով, քննարկենք հնարաւոր այն սցենարները, որոնք կարող են ձեռնարկուել Հայաստանի իշխանութիւնների կողմից՝ ստեղծուած իրավիճակը հնարաւորինս կառավարելի դարձնելու համար, սակայն չեն ձեռնարկւում։
«Բանակցային խորքի ձեւաւորումը որպէս ելք փակուղուց»
Դիւանագիտական բանակցութիւններում, ինչպէս պատերազմում, կարեւոր է ձեւաւորել անհրաժեշտ օպերատիւ խորութիւն։ Եթէ մարտի դաշտում օպերատիւ խորութիւնը հիմնականում ենթադրում է համապատասխան ենթակառուցուածքներով եւ բնական պայմաններով ֆիզիկաաշխարհագրական լայն տարածութիւնների տիրապետում, ապա բանակցութիւնների ընթացքում օպերատիւ խորութեան դերը կատարում է հակառակորդի առջեւ լեգիտիմ ու լեգալ այնպիսի օրակարգի ձեւաւորումը, երբ վերջինս ստիպուած պէտք է հաշուի նստի այդ օրակարգերի հետ։ Այսպէս կոչուած «բանակցային խորքը», ըստ էութեան լինելով ռեսուրսների, տարբերակների եւ հնարաւոր զիջումների համակցութիւն, տուեալ դէպքում Հայաստանի Հանրապետութեան համար կարող է կենսական նշանակութիւն ունենալ՝ ատրպէյճանական պահանջներին հակազդելու տեսանկիւնից։ Մասնաւորապէս, երբ Հայաստանն ընդունել է ատրպէյճանական բոլոր պահանջները, այլեւս կորցրել է բանակցային գործընթացում որեւէ լծակ ու հնարաւորութիւն, ստեղծուել է մի իրավիճակ, երբ Ատրպէյճանը Հայաստանից պահանջում է նոր զիջումներ, այն դէպքում, երբ Հայաստանը այդ բանակցային սեղանին իբրեւ քննարկման առարկայ դնելու որեւէ դրոյթ չունի։
Ինչ իրավիճակ ունենք ներկայումս՝ Հայաստանը հրաժարուել է ղարաբաղեան հակամարտութեան հետապնդումից, այն պարագայում երբ հակամարտութեան լուծուած չլինելու վերաբերեալ տարբեր կողմերից դիրքորոշումներ են հնչում, Հայաստանը հրաժարւում է ռազմագերիների վերադարձի պահանջից, հրաժարւում է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնագրաւուած հատուածների դէօկուպացիայից։ Պաշտօնական Երեւանը չի հակազդում ատրպէյճանական այնպիսի աբսուրդային պահանջների ինչպիսիք են Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը, այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» կոնցեպտն ու մի քանի հարիւր հազար «փախստականների վերադարձը», Հայաստանն անվերապահօրէն ընդունում է ատրպէյճանական նախապայմանները, օրինակ միջազգային դատական ատեաններից հայցերի հետ քաշումը եւ այլն։ Նման իրավիճակում Հայաստանն իրեն զրկում է դիւանագիտական հակազդման որեւէ հնարաւորութիւնից, ինչի պարագայում քանիցս ապացուցուած է, որ ապշերոնեան բռնապետութիւնն աւելի ու աւելի լկտի է դառնում, իսկ հիմա նորից անցել է սահմանային ապակայունացմանը միտուած գործողութիւնների։
Իբրեւ բանակցային խորքի ձեւաւորմանը միտուած քայլեր, առանձնացնենք որոշ գործողութիւններ, որոնք դեռեւս հնարաւոր է ձեռնարկել։
Նախ եւ առաջ պէտք է ձերբազատուել Ատրպէյճանի հետ առանց միջազգային երաշխաւորութեան կողմերի բանակցութիւններ վարելու գաղափարից եւ դիմել միջազգային կազմակերպութիւններին՝ վերջիններիս համապատասխան գործիքակազմերի կիրառման պահանջներով։ Մէկ օրինակ ընդամէնը՝ԵԱՀԿ, գործադիր թեւի համար «Մոսկուայի» մեխանիզմի, իսկ օրէնսդիր թեւի համար՝ «Կոպենհագենեան մեխանիզմի» կիրառման պայմաներում ԵԱՀԿ համապատասխան մարմինները պէտք է փաստահաւաք եւ մոնիթորինգային առաքելութեամբ մեկնեն Պաքու՝ տեղում հայ ռազմագերիների պահման պայմաններին, առողջական վիճակին ծանօթանալու եւ կեղծ դատավարութիւնների ընթացքում տեղ գտած խախտումները փաստագրելու համար։ Այս նպատակով ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակը նախաձեռնել է ստորագրահաւաք եւ 6 լեզուներով խնդրագիր՝ ուղղուած ԵԱՀԿ առանցքային պաշտօնեաներին՝ յիշեալ գործիքակազմերի գործադրման պահանջով։
Միւս կողմից պէտք է շարունակել Ատրպէյճանի նկատմամբ միջազգային ճնշման գեներացումը։ Այդպիսի աշխատանք տանելու էական հնարաւորութիւններ կան Եւրոպայի խորհրդում, Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան շրջանակում, ԵՄ առանձին պետութիւններում, ԱՄՆ Կոնգրեսում եւ այլուր։ Այսօր կարող ենք պնդել, որ Ատրպէյճանի նկատմամբ միջազգային ճնշման գեներացման գործում Հայ դատի յանձնախմբերը միայնակ են մնացել։
Ի թիւս այլնի, Հայաստանի միջազգային յարաբերութիւններում, առաջին հերթին Ատրպէյճանի հետ շփումներում, «բանակցային խորքի» ապահովման գործում էական նշանակութիւն կարող է ունենալ արցախահայութեան իրաւունքների, յատկապէս միջազգայնօրէն ճանաչուած վերադարձի իրաւունքի հետապնդումը, ռազմագերիների ազատ արձակման պահանջը որպէս նախապայման սահմանելը, պատերազմական յանցագործութիւններում ներգրաւուած ատրպէյճանցի պաշտօնեաների նկատմամբ թիրախային միջազգային պատժամիջոցների հետապնդումն ու հաամպատասխան իրաւական ու դատական գործընթացների մեկնարկը եւ այլն։ Նոյն տրամաբանութեամբ՝ պէտք է չհրաժարուել միջազգային ատեաններում Ատրպէյճանի նկատմամբ ներկայացուած քրէական հայցերի յետ կանչումից, որտեղ մենք շահեկան առաւելութիւն ունենք։ Աւելին, հենց այդ դատական գործերից մէկով էր՝ Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքոյ քննուող Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի դատական գործի շրջանակներում, որ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թ. Նոյեմբերի 17-ին ճանաչեց արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման կարեւորութիւնը։
Հաշուի առնելով միջազգային ներկայ քաղաքական գործընթացների դինամիկան՝ անհրաժեշտ է ոչ միայն չհրաժարուել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերեալ՝ Ատրպէյճանի պահանջի ընդունումից, այլեւ ընդհակառակը՝ աշխատանքներ իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման ուղղութեամբ եւ իբրեւ առաջին քայլ, դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Պաքուում ապօրինի պահուող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրանքով, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետութիւնների ներկայացուցիչները մշտապէս ընդունել են Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան լեգիտիմութիւնը՝ տասնամեակներ շարունակ նրանց հետ բանակցային գործընթացում ներգրաւուած լինելով։
Մեր քննադատները մեզ կը մեղադրեն՝ ասելով, որ բանակցային խորքի ձեւաւորմանը միտուած՝ մեր կողմից առաջարկուող այս գործողութիւնները կարող են նպաստել նրան, որ Ատրպէյճանը ռազմական գործողութիւններ կը ձեռնարկի Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։ Այս պնդման հեղինակները, սակայն չեն գիտակցում, որ Հայաստանի կողմից հակառակ քաղաքականութիւնը, որ բերել է ատրպէյճանական բոլոր պահանջների ընդունմանն ու մեր կողմից կենսական եւ անընդունելի զիջումների, ոչ միայն չի նուազեցրել պատերազմի հաւանականութիւնը, այլեւ խաղաղութեան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին յայտարարութիւնից յետոյ բանակցային գործընթացը մտել է պատային փուլ, ինչի արդիւնքում նորից մեծացել է ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը։ Հետեւաբար, իշխանութիւնների այս զիջողական քաղաքականութիւնը քանիցս ապացուցել է իր սնանկութիւնը։
Հայաստանի իշխանութիւնների քաղաքական դիրքորոշումների մեկնաբանումը կամ արդարացումը պատերազմի վերսկսման ռիսկի նուազեցման տրամաբանութեամբ, անգամ մը եւս ապացոյցն է այն հանգամանքի, որ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ պաշտօնական Պաքուն գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն, իսկ նման քաղաքականութեան արդիւնքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները առ ոչինչ են՝ համաձայն միջազգային իրաւունքի՝ ի մասնաւորի համաձայն «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիէննայի 1969 թ. կոնվենցիայի 52-րդ յօդուածը սահմանում է. «Պայմանագիրը համարւում է առոչինչ, եթէ այն կնքուած է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեամբ ամրագրուած միջազգային իրաւունքի սկզբունքների խախտմամբ»։
Ամփոփելով եզրայանգենք, որ Ատրպէյճանի հետ յարաբերութիւններում Հայաստանի իշխանութիւնների քաղաքական գիծը հերթական անգամ եւ քանիցս ապացուցելով իր սնանկութիւնը՝ մեր պետութեանը կանգնեցրել է փակուղային նոր իրավիճակում։ Այդ քաղաքական գծի այլընտրանքը ոչ թէ պատերազմն է, որը այս գծի շարունակութեան պարագայում անխուսափելի է, այլ Հայաստանի Հանրապետութեան կողմից նոր արտաքին քաղաքական նոր կուրսի որդեգրումն ու նախաձեռնողական քաղաքականութեամբ «բանակցային խորքի» ձեւաւորումը։