Արցախցիներուն Սատարելու Նպատակով՝ «Արցախը Իմ Սրտում» Անունով Նոր Բարեսիրական Հիմնադրամ

րցախի Հանրապետութեան պետական նախարար Նժդեհ Իսկանդարեան լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին ըսաւ, որ՝ նկատի ունենալով, թէ ներկայ իշխանութենէն որեւէ ակնկալութիւն չունին, որովհետեւ անոնց համար Արցախի հակամարտութիւնը փակ է, արցախցիներու վերադարձի հարցը վերջացած է, ամէն ինչ պիտի ընեն, որպէսզի գոնէ արցախցիներուն արտագաղթը կասեցնեն։

«Իրենք հասկանում են, որ արցախցիները, մնալով Հայաստանում, վերադարձի հարցը լինելու է օրակարգում: Օրուայ ընթացքում մեզ են դիմում բազմաթիւ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն: Կանգնած ենք լրջագոյն մարտահրաւէրների առաջ: Սա մտահոգիչ է: Բախուելով բազմաթիւ խնդիրների` մենք որոշեցինք կեանքի կոչել մի նախաձեռնութիւն, որը ծնուել է ոչ թէ գաղափարից, այլ` կարիքից: Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է օգնել արցախցի տեղահանուած զոհուած ընտանիքների, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամութիւն ունեցող անձանց, պայթունի զոհ դարձած ընտանիքներին եւս ներառելու ենք: Ուզում եմ կոչ անել մեր հանրութեանը, ում համար Արցախի հարցը փակուած չէ, սատարել արցախցիներին: Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ յաջողուած բիզնես (գործարարութեան) ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկէ որոշակի արտօնութիւններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան եւ հայրենակիցների կողքին կանգնել: Կոչով եւ խնդրանքով դիմում եմ ՀՀ նախկին նախագահներին` Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին, երկար տարիներ նրանք ղեկավարել են ՀՀն եւ վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել որպէսզի արցախցիների խնդիրները մեղմացնենք: Դիմում ենք նաեւ մեր հայ բարերարներին` Գագիկ Ծառուկեանին,  Սամուէլ Կարապետեանի ընտանիքին, շատ լաւ գիտակցելով իրենց այսօրուայ կացութիւնը, դիմում ենք սփիւռքում մեր հայրենակիցներին սատար կանգնելու եւ միասին լուծելու  առկայ խնդիրները», յայտնեց Իսկանդարեան: