«ԱՐՑԱԽՆ ԱՊՐՈՒՄ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ «ՋԵՆԵՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
«Մենք խօսում ենք Հադրութի բարբառով, Հադրութը միշտ մեզ հետ է, մեր երեխաներն ամէն օր խօսում են Հադրութի մասին»
Հադրութցիների մէջ պայքարի տենչը չի սառել
44-օրեայ պատերազմի դժնդակ օրերից յետոյ էլ Արցախն ապրում է։ Դաւեր ու ցաւեր տեսած մեր Արցախն ապրում է մեր մէջ, արցախցիների մէջ։ Մեր պայքարի ոգու, աւիւնի ու արեան մէջ է Արցախը։ Արցախը պիտի շնչի մեր մէջ և յատկապէս արցախով ապրող արցախցիների մէջ, մինչև պատմական արդարութիւնը վերականգնի։
Երևանի սրտում՝ «Ջենեսիս Արմենիա» նախաձեռնութիւնը կազմակերպել էր «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդէս-վաճառք։ Միջոցառման նպատակն էր ճանաչելի դարձնել արցախցիների ստեղծած արտադրանքը, և որպէս բրենդ՝ դրանք յայտնի դարձնել տեղական և միջազգային շուկաներում։
Ներկայացուած 9 տաղաւարներում իրենց տունը կորցրած արցախցիները ներկայացրել էին ձեռագործ աշխատանքներ, տիկնիկներ, հայկական արտադրութեան մի շարք ապրանքներ, մթերքներ, Արցախի խորհրդանիշը համարուող ժենգեալով հացը: Պայքարի ու արարելու տենչը դեռ չի սառել, աւելին՝ եռում է արցախցիների մէջ։ Դա հնարաւոր չէ չզգալ։
Հադրութի մանկապատանեկան կենտրոնի տնօրէն Իրա Թամրազեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց՝ երեխաների ու խմբակավարների աշխատանքները վաճառվել են․ բոլորը հիացած են փոքրիկների ձեռքի աշխատանքներով ու տաղանդով։
«Յունուար ամսին Երևանում վերաբացել ենք մեր կենտրոնը։ Այժմ ընդհանուր հաշւով 39 խմբակ ունենք։ 310 աշակերտ ունենք, որոնք ուսանում են Երևանում ու մարզերում։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան բնակիչները, այլև ամբողջ սփիւռքն է հետաքրքրուած մեր երեխաների աշխատանքներով։ Մենք արդէն ցուցահանդէս ենք ունեցել Մոսկուայում։ Պէլճիքայում ևս ցուցահանդէս ունեցանք: Օգոստոս ամսին ցուցահանդէս կը լինի Իսրայէլի Թել Աւիւ քաղաքում, իսկ սեպտեմբերին դարձալ Պէլճիքայում ենք ցուցահանդէս ունենալու», — նշեց Իրա Թամրազեանը։
Բնականաբար, չէինք կարող չխօսել Հարազատ Հադրութի մասին։ Տիկին Թամրազեանը հպարտօրեն նշեց՝ կենտրոնում խօսում են Արցախի անուշ բարբառով։
«Մենք միշտ Հադրութի հետ ենք։ Մեր երեխաները ամէն օր խօսում են Հադրութի մասին։ Յոյս ունենք, որ շուտով կը վերադառնանք Հադրութ», — նշեց Իրա Թամրազեանը։
Սաթէն Նադրեանը ցուցահանդէսի ընթացքում ներկայացնում էր «Լյոկաս» բրենդը։
«Արտադրում ենք հիմնականում սպորտային հագուստ։ Առայժմ պատուէրները ընդունում ենք առցանց։ Մենք արցախեան շունչն ենք պահպանել մեր արտադրանքում։ Հագուստի վրայի գրուածքները մեր բարբառով են։ Իսկ մնացածը նաև գնորդների պատուէրով․ գրուածքները լինում են այնպէս, ինչպէս ցանկանում են գնորդները։ Մենք նաև աշխատատեղեր ենք բացելու առաջիկայում, որպէսզի արցախցիները աշխատանք ունենան։ Մենք մեծ արտադրամաս հիմնելու ցանկութիւն ունենք։ Մենք պիտի ապրենք, շարունակենք արարել», — արցախցուն յատուկ տոնունութեամբ ու լաւատեսութեամբ նշեց Սաթէն Նադրեանը։
Մեր միւս զրուցակիցը Արցախի իւրայատուկ անուշեղէնը ներկայացնող Քրիստինա Սարգսեանն էր։ Նա նշեց՝ Արցախի փախլաւան ու ժենգեալով հացը սիրում են բոլորը, բայց կարևոր է մէկ այլ բան․ արցախցիները զգում են՝ բոլորն իրենց կողքին են։
«Մայրիկս սիրով է պատրաստում, և ես ուզում եմ, որ բոլորը զգան ու իմանան Հադրութի համը։ Յոյս ունենք, որ նորից ետ կը գնանք ու կը շէնացնենք, կը զարգացնենք մեր Հադրութը։ Մեր սէրը հայրենիքի նկատմամբ այնքան մեծ է, որ չենք կարող հայրենիքի կորստին համակերպուել։ Մենք մեր ծնողներին ուժ ենք տալիս, որ չընկճուեն, ոտքի ելնեն յանուն մեզ ու յանուն մեր ապագայի», — նշեց Քրիստիան։
«Ջենեսիս Արմենիա»-ի կամաւոր Անի Մարտիրոսեանը մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝ այս ծանր շրջանում արցախցիները բարոյական աջակցութեան կարիք ունեն։ Նաև ֆինանսական խնդիրներ կան․ բոլորս պիտի արցախի ու արցախցիերի կողքին լինենք։
«Մենք չենք խօսում, գործում ենք։ Արցախցիները պէտք է իմանան, որ իրենք միայնակ չեն։ Մեր տաղաւարները դատարկուել են, առաւելագոյն արագութեամբ մարդիկ ջանում էին մատակարարել սնունդը, որն անընդհատ գնում էին։ Նմանատիպ նպատակ ունեցող ցուցահանդէսներ առաջիկայում ևս կը լինեն։ Նպատակը նոյն գաղափարով, նոյն ցաւով ապրող մարդկանց համախմբելն է», — նշեց Անի Մարտիրոսեանը։
Արցախն ապրում է, քան դեռ ապրում ենք մենք։ Պատմական արդարութիւնն էլ պէտք է չուշանայ։ Ի վերջոյ, արդարութիւնը հիւանդանում է, բայց չի մահանում։ Մեր տղաների սխրանքը սրբագործուելու է պատմական արդարութեան վերականգնմամբ։
Յասմիկ Բալէեան