«Արցախն այսօր խոր ճգնաժամի մէջ է, բուժօգնութեան համար անհրաժեշտ դեղամիջոցներ չկան». Արփինէ Վարդանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արփինէ Վարդանեանն օրերս այցելել է Սիւնիքի եւ Վայոց ձորի մարզեր։ Դաշնակցական պատգամաւորը եղել է Գորիսում, Խնձորեսկում, Տաթեւում, Ջերմուկում։ Պատգամաւորն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնց մասին զրուցել է մեր թղթակցի հետ։

Արփինէ Վարդանեանը նշում է՝ Գորիսի միջքաղաքային ճանապարհը, Դէպի Տաթեւ տանող ճանապարհները շատ վատ վիճակում են, թէեւ Տաթեւը մեր երկրի զբօսաշրջային կենտրոններից մէկն է, որտեղ իւրաքանչիւր տարի այցելում են բազմաթիւ զբօսաշրջիկներ։ Պատգամաւորը պատմում է՝ մեր առողջարանային հանրայայտ քաղաքը՝ Ջերմուկը, հիմա ասես ամայացել է, փողոցներում քիչ մարդկանց կարելի է տեսնել։ Ասես ոչինչ էլ առաջուանը չէ․․․

Պատգամաւորն արձանագրել է՝ քաղաքացիներին անհանգստացնող ամենակարեւոր խնդիրը հայրենիքի անվտանգութիւնն է։ «Խնձորեսկից պարզ երեւում էին Արցախի ցորենի արտերը, որոնք հիմա մշակում է թշնամին։ Ահաւոր զգացողութիւն էր այդ տեսարանը տեսնելը․․․ Այս եւ միւս բոլոր խնդիրները չեն լուծուելու, աւելին՝ խորանալու են, քանի դեռ իշխանութիւնները զբաղուած են ոչ թէ հայրենիքի համար աշխատելով, այլ պոպուլիզմով, երկիրը թշնամուն յանձնելով։ Քանի դեռ այս մարդիկ են իշխանութեան ղեկին, մեր երկրի վիճակն օր օրի վատթարանալու է», ասում է պատգամաւորը։
Արփին
է Վարդանեանն ասում է՝ իր արձանագրած հիմնական խնդիրները հետեւեալն են՝ անվտանգային սպառնալիքներ, յուսալքուած բնակչութիւն, աւերուած ճանապարհներ․․․

Պատգամաւորն այսօր զրուցել է արցախցի իր գործընկերների հետ, որոնք պատմել են՝ Արցախն այսօր խոր ճգնաժամի մէջ է։

«Պաշարուած Արցախում մարդիկ կիսաքաղց են, թերսնման հետեւանքով փողոցներում ուշագնաց են լինում։ Անգամ առաջին բուժօգնութեան համար անհրաժեշտ դեղամիջոցներ չկան։ Մանկական սնունդ եւս չկայ․․․ Իսկ այս ապիկար իշխանութիւնները ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկում արցախցի մեր հայրենակիցներին այս օրհասական վիճակից դուրս բերելու համար», ասում է Արփինէ Վարդանեանը:

Պատգամաւորն ասում է՝ Սիւնիքից եւ Վայոց ձորից զատ՝ այցելել է նաեւ այլ մարզեր։ Վերջին օրերին, օրինակ, եղել է նաեւ Վանաձորում։ Արփինէ Վարդանեանն ասում է՝ Հայաստանի ամէն անկիւնում մարդկանց հիմնական մտահոգութիւնը հիմա կապուած է միայն մեր Արցախի ու, առհասարակ, հայրենիքի անվտանգութեան հետ։ Ցաւօք, իշխանութիւնը, որը պիտի գործուն քայլեր կատարի, լիակատար անգործութեան է մատնուած։

Պատգամաւորը շատ մտահոգիչ է համարում այն փաստը, որ ոչ միայն ՀՀ իշխանութիւնն է Արցախը ճանաչում Ատրպէյճանի կազմում, այլեւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչներն են ատրպէյճանամէտ յայտարարութիւններ հնչեցնում։ Յիշեցնենք՝ Յունիսի 21-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը հանդէս էր եկել յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, նշել էր․ «Ատրպէյճանը բազմազգ երկիր է, հազարամեակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարեւանների հետ ապրել «հաւասարը՝ հաւասարի» սկզբունքով: Այդ դէպքում տանկը կը փոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»։ Ի հարկէ, լրիւ անհասկանալի է, թէ հազարամեակներ առաջ այս երկրագնդում գոյութիւն չունեցող Ատրպէյճանի հետ Թովմասեանն ինչպէս է հարեւանութիւն արել, դա էլ բաւական չէ, արցախցիների անունից յայտարարում է՝ «հարեւանների հետ» ապրելու մասին․․․

Անդրադառնալով այս եւ նման բովանդակութիւն ունեցող ելոյթներին՝ Վարդանեանն ասում է՝ այսպիսի բովանդակութիւն ունեցող ելոյթներն, իսկապէս աբսուրդ են, ուստի վերլուծելու, քննարկելու ենթակայ չեն, ապա ընդգծում է՝ հայրենիքն անսակարկելի արժէք է։

«Իւրաքանչիւր իրեն հայ համարող մարդ չի կարող հարեւանութիւն անել ատրպէյճանցիների հետ, որոնք տարիներ շարունակ վարել են եւ վարում են ցեղասպան քաղաքականութիւն», եզրափակում է պատգամաւորը։

Յասմիկ Բալեյեան

«Հորիզոն»

Comments are closed.