Արցախի մշակութային ցեղասպանութիւնն էլ պիտի հանդուրժէ՞ք․ թշնամու ձեռքերն հասել է Վատիկան

Արցախի մշակութային ժառանգութեան նկատմամբ ատրպէյճանական վանդալիզմի, ոչնչացման կամ իւրացման քաղաքականութիւնը շարունակւում է։ Իրենց այս «գործունէութեան» մէջ ատրպէյճանցիները միջազգային գործընկերներ են գտել եւ, ցաւալիօրէն, ձեռքերն հասել է Վատիկան։

«Վատիկանում լոյս տեսնող L’Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրութեամբ օրերս լոյս է տեսել «Քրիստոնէութեան ակունքներն Ատրպէյճանում․ ալպանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակութեամբ մի յօդուած, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասեան Ալպանիա»՝ իրականում Արցախ կատարած իր, այսպէս կոչուած, ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Յղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի, յօդուածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկուորութեան վարկածը՝ արձանագրելով, որ մենք ատրպէյճանական հողեր ենք եկել Իրանից եւ Թուրքիայից։ Մէկ այլ հաստատման համաձայն ուտիները բռնի դաւանափոխ են եղել եւ առաքելական եկեղեցու հետեւորդ դարձել տեղի հայերի կողմից։

Ատրպէյճան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալպանական մշակոյթի «գիտակ» Ս․ Հաջիեւան։ Եւ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրայանգում է կատարում, որ 13-րդ դարուն վանական համալիրներ Դադիվանքը /յօդուածում Խուդավենք է գործածւում/ եւ Գանձասարը /յօդուածում՝ Գենջասար/ Ատրպէյճանի տարածքում գտնուող ալպանական մշակոյթի եւ ալպանական եկեղեցու խոշորագոյն դրսեւորումներ են։

Ինչպէս տեսնում էք Արցախի հայկական հետքի վերացման ատրպէյճանական քաղաքականութիւնը նոր որակներ եւ դրսեւորումներ է ստանում։ Ցաւալի է, բայց իրողութիւն է՝ Ատրպէյճանին յաջողուել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանութեան/ ակամայ մասնակից դարձնել ոչ աւել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դէպ վերոյիշեալ յօդուածում Դադիվանքը ներկայացւում է որպէս ալպանական Վատիկան։

Յիշենք, որ «L’Osservatore Romano»-ն Վատիկանի միակ, ամէնօրեայ պարբերականն է, որ լոյս է տեսնում 1861-ից։ Բնականաբար, հասկանալի են պարբերականի տարածման մասշտապները, նաեւ ատրպէյճանական քարոզչամեքենայի թիրախաւորումը։ Արդիւնքում կաթոլիկ եկեղեցուն պատկանող պարբերականում՝ վերնագիր՝ Ատրպէյճանը քրիստոնէութեան օրրան։

Թէ Ատրպէյճանում սա ինչպէս են հիմնաւորում, պարզ է․ հայկական մշակոյթի իւրացումը կամ ոչնչացումն Ատրպէյճանում պետական քաղաքականութեան առաջնահերթութիւն է։ Մեհրիբան Ալիեւայի ԵՈՒՆԵՍԿՕ-ում պատուաւոր «առաքելութիւնը» հենց այս նպատակադրումների շրջանակում է։

Ի դէպ, ԵՈՒՆԵՍԿՕ-ն այդպէս էլ, հակառակ բազմաթիւ հաւաստացումների եւ կոնվենցիաներով պայմանաւորուած պարտականութեամբ, այդպէս էլ դիտորդական առաքելութիւն չուղարկեց Արցախ։

Իսկ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ն եւ ԿԳՄՍ-ն։ Արցախի էթնիկ զտմանը յաջորդող մշակութային ցեղասպանութիւնն էլ պիտի հանդուրժէ՞ք․ գուցէ ձայն հանէք, նուազագոյն քաղաքական արժանապատուութիւն դրսեւորէք, տէր կանգնէք մեր հաւաքական ժառանգութեանն ու ինքնութեանը։

Յ․Գ․ Իսկ ոչ վաղ անցեալում, Քրիստոնէութեան 1700 ամեակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրւում ու Ցեղասպանութեան զոհերի յիշատակի պատարագ մատուցւում։

Յ․Գ․ Բայց որքանով է արդարացուած «Հայ ժողովրդի պատմութիւնը» «Հայաստանի պատմութեան» մէջ զետեղած իշխանութիւններից ակնկալիք ունենալը․․․։

Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Comments are closed.