Արցախի հարցում Արեւմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց

Արցախում հայութեան բռնի տեղահանման եւ էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծութեամբ երկրորդ պետութիւնը փորձում է իր ազդեցութիւնը մեծացնել Հարաւային Կովկասում՝ Հայաստանում բացելով տարածաշրջանում իր առաջին դիւանագիտական ներկայացուցչութիւնը։ Մեր երկրում դեսպանութիւն բացելու հրատապութեան իրական շարժառիթի, Հայաստանում Գանատայի նորանշանակ դեսպանի, հայ-ատրպէյճանական եւ հայ-թուրքական հակամարտութիւնների հարցում Գանատայի որդեգրած քաղաքականութեան, տեղի հայ համայնքի՝ իրավիճակի վրայ ազդելու փորձերի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանի հետ։

– Պարոն Գարագաշեան, Ձեզ համար տարօրինակ չէ՞ Գանատայի կառավարութեան՝ Հայաստանում հրատապ դեսպանութիւն բացելու նախաձեռնութիւնը՝ հաշուի առնելով, որ տասնամեակներ շարունակ Գանատան խուսափում էր նման քայլի դիմելուց։

– Մենք 30 տարուց աւելի է Գանատայի կառավարութիւնից պահանջում էինք Հայաստանում իր դեսպանատունը բացել՝ նպատակ ունենալով խորացնել հայ-գանատական յարաբերութիւնները, սակայն նախքան 2020 թ․ պատերազմը Գանատայի իշխանութիւնները պարզաբանում էին, թէ իբր Հայաստան-Ատրպէյճան հակամարտութեան ֆոնին ճիշդ չէ նման քայլի գնալը, եւ եթէ մտադրութիւն ունենան, ապա դեսպանատուն կը բացեն տարածաշրջանային չէզոք երկրում՝ Վրաստանում։ Գործընթացն արագացաւ 2020 թ․ Արցախեան պատերազմից եւ դրան յաջորդած ռուս-ուկրայինական հակամարտութեան սրացումից յետոյ, երբ Գանատան նոյնպէս ամբողջութեամբ որդեգրեց Ռուսաստանի դէմ արեւմտեան արտաքին քաղաքականութիւնը։ Մոսկուայում Գանատայի դեսպանատան գործունէութեան կասեցումից յետոյ՝ Ռուսաստանին հակակշռելու նպատակով, ինչպէս նաեւ օգտագործելով հայ-ատրպէյճանական պատերազմից յետոյ այս տարածաշրջանում ստեղծուած իրավիճակը, Գանատան արագացրեց Հայաստանում դեսպանատուն բացելու գործընթացը։

– Գանատայում հայ համայնքը ակտիւ դերակատարում է ունեցել Արցախեան հիմնահարցի բարձրացման, մեր ժողովրդի շահերի պաշտպանութեան հարցում։ Արցախում Ատրպէյճանի գերիշխանութեան ամբողջական տարածման, ինչպէս նաեւ հայութեան բռնի տեղահանման ֆոնին կարելի՞ է արձանագրել, որ իրավիճակի վրայ ազդելու ձեր ջանքերն անյաջողութեամբ պսակուեցին։

– 2020 թ․ պատերազմին եւ դրան յաջորդած ժամանակահատուածում մենք ճնշում գործադրեցինք՝ պահանջելով Գանատայի կառավարութիւնից գործուն քայլեր ձեռնարկել Արցախում հայութեան անվտանգութեան ապահովման, արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի մշակութային կոթողների պահպանման եւ այլ կարեւորագոյն հրատապ խնդիրների լուծման հարցում։ Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ հանդիպումների ընթացքում մենք նշել ենք, որ Գանատայի դեսպան նշանակելուց աւելի կարեւոր են արցախահայութեան իրաւունքներն ու շահերը։ Գանատան, լինելով Արեւմտեան օղակի անդամ, պնդում էր, որ չի կարող լուրջ ազդեցութիւն ունենալ այս գործընթացների վրայ՝ արդարանալով, թէ իրենք «միջին քաշի ուժ են» եւ իրենցից շատ բան կախուած չէ։ Գանատայի իշխանութիւնները տարածաշրջան՝ Արեւմուտքի «ներթափանցման» ալիքի տակ հրատապ իրենց ներկայութիւնն ամրապնդեցին Հայաստանում։ Դեսպանատուն բացելու միջոցով այդ երկրի իշխանութիւնները փորձում է նաեւ գոհացնել հայ համայնքին, մինչդեռ իրենք էլ լաւ գիտեն, որ մեզ համար օրակարգում Արցախն է ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեան համար գործուն քայլեր ձեռնարկելը։ Հայ համայնքն ուրախ է, որ Գանատան ներկայացուածութիւն է ունենում Հայաստանում, սակայն ստեղծուած իրավիճակում դեսպանութեան ներկայութիւնը խորհրդանշական բնոյթ է կրելու եւ դրանից ամենեւին էլ պէտք չէ ոգեւորուել։ Մենք մշտապէս յայտարարել ենք, որ եթէ ցանկանում էք դեսպանատուն բացել, մի արէք այդ քայլն ընդդէմ Ռուսաստանի, այլ արէք յանուն Հայաստանի։

– Ինչպէ՞ս կը բնութագրէք Հայաստանում Գանատայի նորանշանակ դեսպան Անտրու Թըրնըրին։

– Թըրնըրը փորձառու դիւանագէտ է, քաջատեղեակ է հայ-ատրպէյճանական կոնֆլիկտից, շատ լաւ հասկանում է, թէ ինչ է կատարւում այս տարածաշրջանում, սակայն որպէս արեւմտեան երկրի դիւանագէտ, բնականաբար ինքը եւս շարունակելու է Արեւմուտքի խօսոյթն առաջ քաշել։ Մենք ուշի ուշով հետեւելու ենք բոլոր զարգացումներին, հաշուի ենք առնելու դեսպանի՝ հայ-ատրպէյճանական կոնֆլիկտի, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նրա՝ նախկինում յայտնած դիրքորոշումները եւ հետեւողական ենք լինելու, որ դեսպանատան գործունէութիւնը միտուած լինի ի շահ մեր երկրների։

– Արդեօք Գանատան ունէ՞ր լծակներ՝ զսպելու Ատրպէյճանի ռազմական նկրտումները եւ կանխելու Արցախի հայաթափումը։

– Հայ-Ատրպէյճանական հակամարտութեան հարցում Գանատան չափազանց զգուշաւոր քաղաքականութիւն է վարում։ Դեռեւս Օգոստոսին մենք Գանատայի արտաքին գործերի նախարարին յայտնել ենք, որ եթէ ցանկանում են իրավիճակի վրայ ազդեցութիւն ունենալ եւ խնդրի հարցում ինչ-որ բան փոխել՝ չպէտք է սահմանափակուեն դատապարտող կոչերով, այլ պէտք է կոնկրետ սանկցիաներ կիրառուեն Ատրպէյճանի նկատմամբ, ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ այն դիտարկելով ոչ թէ միջազգային իրաւունքի համատեքստում բարձրացուած հարց, այլ առաջնորդուեն Քոսովոյի օրինակով՝ «Անջատում յանուն փրկութեան» սկզբունքով։ Փաստացի մեր խօսքն ազդեցութիւն չունեցաւ եւ Գանատան խնդիրը դիտարկեց աշխարհաքաղաքական շահերի բախման համատեքստում՝ մասնակցելով Արցախն Ատրպէյճանի կազմում թողնելու ծրագրին՝ հարկ եղած դէպքում Արցախը հայաթափելու եւ մարդկանց այսօրուայ իրավիճակին հասցնելու գնով։ Մենք այդ ամէնի վրայ, մեղմ ասած, թքած ունենք եւ երբ ընտրութիւնները մօտենան, Գանատայի հայերն իրենց դիրքորոշումը ցոյց կը տան։

– Այս օրերին միջազգային լրատուամիջոցները ողողուած են գաղթական դարձած արցախցիների յուզիչ լուսանկարներով եւ տեղահանութեան մասին վկայող վերնագրերով, մինչդեռ փաստն այն է, որ Արեւմուտքի աչքի առաջ թուրք-ատրպէյճանական տանդեմը ցեղասպանութիւն իրականացրեց եւ բռնի տեղահանեց աշխարհի ամենահին քրիստոնէական համայնքին։ Ի՞նչ կ’ասէք այս մասին։

– Իրաւացի էք, Արցախի հարցում Արեւմուտքը բացի կոչերից, ոչինչ չարեց։ Այժմ Արեւմուտքը՝ այդ թւում Գանատան, Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ արցախահայութեան շահերի պաշտպանութեան հարցում ցուցաբերած անգործութիւնը փորձում է կոծկել Հայաստանին հումանիտար օգնութեան նպատակով գումարներ ուղարկելով։ Սա նման է մարդու մահից յետոյ նրա հոգեհանգստին մասնակցելուն, լաց լինելուն եւ հանգուցեալի հարազատներին նուիրատուութիւն անելուն։

– Մեր ժողովրդի համար պատմական այս ծանր շրջափուլում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Գանատայի հայ համայնքը պատերազմից յետոյ ստեղծուած աղէտի հետեւանքները մեղմելու, Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ թուրք-ատրպէյճանական նոր սպառնալիքներին դիմակայելու հարցում։

– Այս օրերին հանգանակութիւններ ենք անում արցախահայութեանն օգնելու համար, Թորոնթոյում հայերի մասնակցութեամբ բողոքի ցոյցեր տեղի ունեցան, սակայն սրանով չենք սահմանափակուելու։ Հեռանկարում մենք նպատակ ունենք լուրջ ազդեցութիւն ունենալ Գանատայի քաղաքական որոշումների վրայ։ Այսօր պատերազմի մէջ գտնուող Ուկրայինան այստեղ շուրջ մէկմիլիոնանոց համայնք ունի, անգամ Գանատայի փոխվարչապետն է ծագումով ուկրայինացի։ Գանատայում այսօր աւելի քան 100.000 հայ է ապրում, որոնք տասնամեակների ընթացքում հասցրել են լուրջ դերակատարում ունենալ երկրի տնտեսութեան եւ այլ ոլորտներում։ Ճիշդ է, հայերն այսօր ներկայացուած են Գանատայի քաղաքային եւ տեղական իշխանութեան մարմիններում, տարբեր պետական կառոյցներում, սակայն դա բաւարար չէ արդիւնքի հասնելու համար։ Այսօր, առաւել քան երբեւէ պէտք է մեր ներուժն օգտագործենք եւ գալիք տասնամեակներում որոշիչ ազդեցութիւն ունենանք Գանատայի քաղաքական կեանքում՝ փորձելով տուեալ երկրի քաղաքական որոշումները ծառայեցնել ի շահ մեր պետութեան եւ ժողովրդի։

Թագուհի Մելքոնեան

Comments are closed.