Արցախի Հարցը Փակուած է Լոկ ՀՀ Իշխանութեան Համար, Սակայն Ոչ՝ Համայն Հայութեան․ «Ապառաժ»
Այսօր ՀՀ Աժ-ում հնչած իշխանական կողմի տեսակէտները վերահաստատում են այն համոզումը, որ Հայաստանը վերջնականապէս հրաժարուել է Արցախից։ Իշխանութիւններն այնքան վախ ունեն, որ Սեպտեմբերի 2-ին նոյնիսկ ծաղկեպսակ չխոնարհեցին Արցախի պետականութեան ստեղծման ճանապարհին իրենց կեանքը զոհած նուիրեալների շիրիմներին, այդքանն ուրանա՞լ․․․
Արցախի Անկախութեան տօնին նուիրուած Դաշնակցութեան Հայաստանի կառոցի կողմից կազմակերպած միջոցառման ընթացքում հնչած ելոյթներում, նաեւ ոչ իշխանական՝ մտահոգ քաղաքական գործիչների կողմից վերահաստատուել է այն թեզը, որ Արցախի պետականութեան գոյութիւնը կարեւոր է եւ անհրաժեշտ՝ Արցախի հարցը օրակարգում պահելու եւ արցախցիների իրաւունքների իրացման ուղղութեամբ պայքար տանելու համար։
Ցաւալի եւ ողբերգական է, երբ Մայր Հայաստանի բարձրագոյն մարմնի ամպիոնից արդէն քանի անգամ հնչում է Արցախից հրաժարուելու, Արցախի իշխանութիւններին մերժելու թեզեր, աւելի ցաւալի է, երբ դրան հակընդէմ չկայ ժողովրդային լայն արձագանգ, լուռ է նաեւ Սփիւռքը․․․
Արցախից հրաժարումը ազրպէյճանական օրակարգ է։ Չես կարող պատմութիւնից ջնջել յաղթանակդ, անցեալդ, չես կարող հրաժարուել քո ինքնութիւնից, քո իրաւունքից, քո պայքարից, դա կարող է անել թշնամու օրակարգը սպասարկողը միայն։
Հայաստանի ներկայ իշխանութիւնները փաստացի «պատմության աղբաման» են նետում Արցախի հարցը, չեն ընդունում Հայաստանում այլ երկրի իշխանութիւն, չկայ քաղաքական երկխօսութիւն, ո՞վ պէտք է պայքարի Արցախի համար, եթէ ոչ Արցախի իշխանութիւնները, եթէ ոչ Սփիւռքը, եթէ ոչ ամբողջական հայութիւնը։
Արցախի հարցը փակուած է լոկ այս իշխանութեան համար, սակայն ոչ համայն հայութեան համար։
«Ապառաժ»
Comments are closed.