Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Հայաստանի, Ատրպէյճանի եւ Միացեալ նահանգների ղեկավարների միջեւ Ուաշինկթոնում կայացած հանդիպման արդիւնքների կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրութեան կողմից Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման ուղղութեամբ տարուող բազմամեայ ջանքերը։ Որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարեւոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում, ինչը ըստ արժանւոյն է գնահատուել Արցախի ժողովրդի ու նրա իշխանութիւնների կողմից:

Տարիների ընթացքում եւ հետեւողական ու համբերատար աշխատանքի արդիւնքում Ամերիկայի Միացեալ Նահանգները միւս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսայի եւ Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին ներկայացրել են միջազգային իրաւունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգաւորման մի բանաձեւ՝ Մատրիտեան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթոյլատրելիութիւնը, ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ամբողջականութիւնը։ Մինչեւ 2020 թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում եւ այն իրականացուելու է վերոնշեալ սկզբունքների հիման վրայ:

Ամէն ինչ փլուզուեց 2020 թ. Սեպտեմբերի 27-ի ատրպէյճանական լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով, իսկ դրա դատապարտաման բացակայութիւնը յանգեցրեց աւելի մեծ ողբերգութեան, երբ հազարամեայ հայկական Արցախի 150 հազար բնակչութիւնը, ցեղասպանուելու սպառնալիքի տակ, տեղահանուեց իր հայրենիքից եւ ապաստան գտաւ Հայաստանի Հանրապետութիւնում:
Ակնկալւում էր, որ գոնէ այդ մեծ արհաւիրքից յետոյ միջազգային ազդեցիկ կեդրոնները եւ, ի հարկէ, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտաւոր էին արագ արձագանգել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցաւով պէտք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրուակներով հրաժարուեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտաւորութիւններից եւ նոյնիսկ, փաստացի քաջալերելով մարդկութեան դէմ յանցագործութիւնը, անտեսեցին Արդարադատութեան միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ եւ երաշխաւորուած վերադառնալու Արցախի ժողովրդի իրաւունքը վերահաստատող պարտադիր որոշումը:

Խաղաղութեան եւ կայուն զարգացման նշանակութիւնը ոչ ոք աւելի լաւ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրաւունքների պաշտպանութեան համար անցել է բազում զրկանքների ու զոհողութիւնների միջով, դիմակայել է Ատրպէյճանի կազմակերպած մօտ տասը ամսուայ համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մօտեցնել այն սպասուած խաղաղութեանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

Հաւատացած ենք, որ Հայաստանի իշխանութիւնների կեցուածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների անտեսման հարցում միայն թուացեալ յաջողութեան պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում եւ առաջիկայում խորը հիասթափութեան առիթ է դառնալու իրական խաղաղութեամբ շահագրգիռ դերակատարների համար:

Համոզուած ենք, որ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման փաթեթն անպայման պէտք է ներառի.

  • Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքն իր պատմական հայրենիք եւ մշտական բնակութեան վայրեր,
  • Արցախի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցը, որն արդէն խիստ վտանգուած է ատրպէյճանական բռնագրաւումի հետեւանքով,
  • Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թուում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի չլուծուած հարցերը, որոնք յանգեցնում են Պաքուի բանտերում նրանց իրաւունքների ոտնահարման եւ անօրէն դատական գործընթացների:

Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացայայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականութեան ոչ հետեւողական լինելը, խաթարում է նրանց հեղինակութիւնը եւ ստանձնած պարտաւորութիւնների հանդէպ առաջացնում անվստահութիւն եւ փաստում, որ փոքր կամ «նուազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպէս մանրադրամ օգտագործուել քաղաքական մեծ խաղերի համար:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարութեան առաքելութիւնը տապալած դերակատարների պատասխանատուութիւնը քօղարկելու փորձերի մասին եւ վերահաստատում է իր հաւատարմութիւնը իրական խաղաղութեան գաղափարին՝ հիմնուած արդարութեան, իրաւունքի եւ փոխվստահութեան վրայ։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական հայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

12.08.2025 թ.
Երեւան