«Արցախի հայաթափումից յետոյ ինն ամիս է անցել, եւ ես մտածում եմ՝ ինչպէ՞ս չէինք գժւում»․ Յունան Թադեւոսեան

Երեւանում կազմակերպուել էր «Ինքնապաշտպանութիւն Արցախում․ Սեպտեմբեր-2023» խորագրով քննարկում։
Քննարկման նպատակն էր անդրադառնալ 2023 թուականի սեպտեմբերեան ագրեսիայի ընթացքում Արցախում ինքնապաշտպանութեան կազմակերպման ընթացքին, ռազմական գործողութիւնների մասին ճշմարտութեանը, արցախցիների առջեւ ծառացած անվտանգային մարտահրաւէրներին ու բռնի տեղահանման վերաբերեալ տուեալներին։

Միջոցառումը միտուած էր նաեւ հայ հասարակութեան ներսում արցախցիների դէմ շրջանառուող ու տարածուող կեղծ տեղեկութիւններին հակադրելու իրականութիւնը եւ պայքարելու ատելութեան խօսքի դէմ։

Քննարկմանը մասնակցում էին Մարտական գործողութիւնների մասնակից Արտակ Մկրտչեանը, ռազմական փորձագէտ Գրիգորի Սահակեանը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան խօսնակ Յունան Թադեւոսեանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կեդրոնի անյետաձգելի բուժօգնութեան բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամեանն ու Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը (քննարկման մոտերատոր)։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանն ափսոսանք յայտնեց, որ քննարկման դահլիճում ներկայ անձանց մեծամասնութիւնն արցախցիներ էին: Նա յոյս յայտնեց, որ գոնէ հետագայ քննարկումներին հայաստանցի հայրենակիցներից շատերը ներկայ կը լինեն եւ հնարաւորութիւն կ’ունենան 2023 թուականի սեպտեմբերեան իրադարձութիւնների մասին հաւաստի տեղեկութիւն ստանալու։

«Սկզբում որոշակի մտավախութիւններ կային, որ, մի գուցէ, ճիշդ չէ այս թեմային անդրադառնալը, բայց ես եկել եմ այն համոզման, որ բացի կոնկրետ կեդրոններից ուղղորդուած քարոզչութիւնից՝ կայ նաեւ յստակ տեղեկատուութեան պակաս, եւ մարդիկ կարիք ունեն տեղեկատուութիւն ստանալու: Թերեւս, այսօրուայ քննարկումը հնարաւորութիւն կը ստեղծի մեր մէջ կուտակուած շատ հարցերի պատասխաններ տալու», ասաց Գեղամ Ստեփանեանը:

Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը ցաւով նշեց՝ արցախցիներին յաճախ հարցնում են՝ «ինչո՞ւ չէք կռուել» եւ կամ՝ «ինչի՞ համար էք եկել»։ Ստեփանեանն ընդգծեց՝ նման հարցեր հնչեցնողները հիմնականում ոչ թէ ուզում են Արցախում տեղի ունեցած ողբերգութեան մասին տեղեկութիւն ստանալ, այլ այդ ուղղորդուած հարցերով հերթական անգամ թիրախաւորում են արցախցիներին՝ ցաւ պատճառելով ոչ իրենց ցանկութեամբ ինն ամիս շրջափակման մէջ յայտնուած, պատերազմ ու գաղթ տեսած, բազմաթիւ կորուստներով Հայաստան տեղափոխուած հայրենակիցներին։

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զօրամասի հրամանատար, գնդապետ, ռազմական փորձագէտ Գրիգորի Սահակեանը նշեց՝ որպէսզի անդրադառնայ 2023 թուականի սեպտեմբերեան գործողութիւններին, պէտք է քննարկումը սկսի 2020 թուականից յետոյ ստեղծուած իրավիճակին։

«2020 թուականի պատերազմից յետոյ Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը չէր կարող իր վրայ ամբողջովին վերցնել Արցախի Հանրապետութեան անվտանգային համակարգի պաշտպանութիւնը եւ անվտանգութիւնը, որովհետեւ շատ բաղադրիչներ կային, որոնք համալիր խախտուել էին… 2020 թուականից յետոյ փոխուել էր սահմանների երկարութիւնը», նշեց Գրիգորի Սահակեանը:

Բացի այս՝ այլեւս չկային ինժեներական կառոյցները, պաշտպանուած էին միայն Հաթերքի ուղղութիւնում որոշ դիրքեր:

«Մինչեւ 2023 թուականի Սեպտեմբերը դիրքերի կահաւորման հետ կապուած՝ լուրջ խնդիրներ ենք ունեցել, ինժեներական աշխատանքների կատարմանը խոչընդոտում էին Ատրպէյճանի զինուած ուժերը․ ռուս խաղաղապահ ուժերի համապատասխան պատասխանատուների միջոցով արգելքներ էին ստեղծւում, սպառնալիքներ էին հնչում, որ կը կրակեն կամ կրակում էին ու այլ միջոցներ էին ձեռնարկում: Մենք փորձում էինք յաղթահարել այդ խնդիրը՝ տարբեր հնարքների դիմելով», պատմեց ռազմական փորձագէտ Գրիգորի Սահակեանը։

Նա մի փաստ էլ արձանագրեց․ նախկինում Արցախի պաշտպանութեան բանակի կազմում 20-22 հազար մարդ կար, վերջին ժամանակահատուածում՝ 8-9 հազար:

«2020-ից յետոյ, 2022-ի Մարտ-Օգոստոս ամիսներին, երբ հակառակորդը Փառուխում օպերացիա իրականացրեց, գրաւեց Փառուխի Ասկերանի շրջանի դիրքերը, Օգոստոս ամսին էլ Սարիբաբի դիրքերը, զբաղեցրեց արեւմտեան հատուածի բոլոր բարձունքները: Դրանք նշան էին, որ հակառակորդն այլեւս կանգ չի առնելու եւ բարելաւելով իր դիրքերը՝ ի վերջոյ գնալու է ռազմական գործողութիւնների: Բայց, ռազմական պատասխանատուներս որոշ յոյս ունէինք, որ մինչեւ 2025 թուականը երեւի խաղաղապահ զօրքերը չեն թոյլատրի լուրջ հակամարտութիւն, լուրջ գործողութիւններ, որը կը բերի էթնիկ զտման», նշեց Գրիգորի Սահակեանը։

Փառուխի եւ այլ կարեւոր դիրքերի գրաւումից յետոյ ռազմական գործիչները հասկացան՝ եթէ ռուս խաղաղապահները լիակատար չկատարեն իրենց ստանձնած առաքելութիւնը, կանխատեսելի է ողբերգութիւն:

«Մենք ունեցել ենք համապատասխան զէնք-զինամթերք, անձնակազմ, բայց ինչպէս նշեցի, սահմանները փոխուել էին… 2020 թուականի պատերազմից յետոյ յայտնուել էինք հակառակորդի օղակի մէջ, որը դժուարացնում էր մեր ռազմական գործողութիւնների իրականացումը, խուսանաւումները: Սեպտեմբերի 15–ին մեր հրամանատարները զրկուած են եղել նման գործողութիւններ իրականացնելուց, եւ ով որ դիրքում եղել է, ստիպուած է եղել այդ դիրքում էլ մարտնչել…», բացտրեց Սահակեանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան մամուլի խօսնակ Յունան Թադեւոսեանն ասաց՝ դժուար է նկարագելը, թէ 2023 թուականի Սեպտեմբերին ինչ էր կատարւում, ինչ սարսափելի իրավիճակ էր ստեղծուել յատկապէս Սեպտեմբերի 19-ից յետոյ։

«ֆէյսպուքում մի գրառում էի արել Հոկտեմբերի 2-ին՝ իմ գալուց յետոյ։ Գրել էի՝ ես տեսել եմ դժոխքը, աշխարհի վերջը, եւ բոլորը մեկնաբանութեան բաժնում գրում էին՝ կարո՞ղ էք նկարագրել: Ես նաեւ հարցազրոյցներում նշել եմ, որ չեմ կարող այդ իրավիճակը նկարագրել բառերով», ասաց Յունան Թադեւոսեանը։

Ըստ նրա՝ սկզբնական շրջանում արցախցիների նկատմամբ շատ աւելի ընդգծուած հոգատարութիւն կար, հետաքրքրուածութիւն, լրագրողներն ուզում էին լուսաբանել, զրուցել արցախցիների հետ, իսկի արցախցիները շահագրգռուած ուզում էինք այդ ամէնը ներկայացուէր աշխարհին։

«Բայց մի քանի ամիս անց մարդիկ հարցնում էին՝ վերջը ինչի՞ դուրս եկաք: Ու հասկանում ես, որ հարցնում են՝ ոչ թէ իմանալու համար, այլ հարցնում են՝ քեզ ցաւ պատճառելու համար: Այս ամէնը գիտակցելով՝ ասում էի՝ ես որպէս երկրորդ կեանք ապրող, վերածնուած մարդ՝ թո՛յլ տուէք՝ չպատասխանեմ, որովհետեւ միեւնոյն է, չէք հասկանայ… Նաեւ պէտք է հիացմունքս յայտնեմ մեր այն հայրենակիցներին, որոնք սրտացաւութեամբ էին մօտենում եւ շարունակում են իրենց աջակցութիւնը՝ ֆիզիքապէս ու հոգեպէս», նշեց Յունան Թադեւոսեանը:

Քանի որ 2020 թ. պատերազմի միջով անցել էին, արցախցիները՝ սկսած երեխաներից մինչեւ ծերեր, գիտէին, թէ ինչ պէտք է անել արտակարգ իրավիճակներում: Կարեւորը ազդարարումն էր ժամանակին: Օդային տագնապի ժամանակ բոլորը գիտէին, որ պէտք է ապաստարանում լինեն։ Բայց 2023-ին արդէն ապաստարանում էլ անվտանգ չէր, քանի վտանգների ծաւալներն աւելի էին մեծացել․ է՛լ աւելի վտանգաւոր զէնքեր էին կիրառւում խաղաղ բնակչութեան նկատմամբ։

2023 թուականի Սեպտեմբերին գնալով խորանում էր շրջափակումը, մարդկանց վերջին հնարաւորութիւնները սպառւում էին, օղակը սեղմւում էր, եւ արցախցիները հասկանում էին, որ շուտով պատերազմ է լինելու եւ հոգեպէս, ներքուստ պատրաստւում էին դրան:

«Սեպտեմբերի 19-ի կէսօրին, երբ սկսուեց պատերազմը, մենք աշխատավայրում էինք: Երբեք չեմ մոռանայ դպրոցից տուն վերադարձող երեխաների ձայները: Այդ ժամանակ Ներքին գործերի նախարարութիւնում էինք, եւ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում մարդիկ՝ մայրերը, երեխաները, ծերերը կանգնել ու բղաւում էին: Քանի որ հոսանք չկար, այդ հատուածում նաեւ հովհարային անջատման ժամ էր, օդային տագնապի ձայն չկար, միայն կրակոցներ եւ պայթիւններ էին: Մենք յանձն առանք, որ յատկապէս երեխաներին արագ տեղափոխեցինք ոստիկանութեան ապաստարան: Բոլոր երեխաները լաց էին լինում այդ նկուղում: Ես վերցրել եմ թուղթ եւ գրիչ, բոլորի հեռախօսների համարները գրել, որպէսզի նրանց ընտանիքի անդամներին տեղեկացնէի, որ երեխաները յուսալի ձեռքում են», յիշեց Յունան Թադեւոսեանը։

«Արցախի հայաթափումից յետոյ ինն ամիս է անցել, եւ ես մտածում եմ՝ ինչպէ՞ս չէինք գժւում», ասաց Յունան Թադեւոսեանը։

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կեդրոնի անյետաձգելի բուժօգնութեան բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամեանը շեշտեց՝ յաճախ իրեն հարցնում են՝ իրօ՞ք շրջափակում է եղել, իրօ՞ք խանութներում ոչինչ չկար․․․

«2020 թուականից յետոյ հիւանդանոցում աշխատելիս տեսնում էինք ատրպէյճանական դիրքերը։ Հարկաւոր չէր լինել ռազմական վերլուծաբան՝ հասկանալու համար, որ ամենափոքր տրամաչափի զէնքը կարող էր հասնել հիւանդանոցի բակ: Միաժամանակ հասկանալի էր, որ յարձակման դէպքում պարտութիւնն անխուսափելի էր լինելու։ Պատերազմը սկսելուց րոպէներ անց՝ մենք ընդունեցինք առաջին վիրաւորներին, նրանք քաղաքացիական անձինք էին, նաեւ երեխաներ։ Պատերազմի առաջին զոհը 11 տարեկան երեխայ էր սրտի կանգով։ Յետոյ սկսուեց մղձաւանջը․ դիրքերից, տարբեր բնակավայրերից վիրաւորներ, զոհուածների մարմիններ։ Առողջապահութեան ոլորտն աշխատեց մինչեւ Սեպտեմբերի 29-ը», պատմեց Գրիգորի Առստամեանը։

Քննարկման ընթացքում բոլոր բանախօսներն էլ անդրադարձան այն ցաւոտ հարցին, որ իսկապէս, մինչեւ այսօր հնչում է․ ինչո՞ւ արցախցիները չմնացին, ինչո՞ւ տեղափոխուեցին Հայաստան․․․ Ցաւօք հարցի պատասխանն է՛լ աւելի ցաւոտ է․ Սեպտեմբերի 20-ին եւ 21-ին ընտրութիւնը մեծ չէր, արցախցիներն իրենց կամքին հակառակ գաղթեցին, որ ապրեն․․․

Յասմիկ Բալէեան

Comments are closed.