Արցախի Կիչան գիւղի խաչքարադաշտը

Տեղադրութիւնը

Կիչան գիւղի խաչքարադաշտ յուշարձանը գտնւում է Մարտակերտի շրջանի Կիչան գիւղից հարաւ-արեւմուտք, Խաչենագետի ձախ ափին, Հիւսիս-հարաւ ճանապարհի եզրին: Գերեզմանոցը տեղադրուած է երկայնակի ձգուող ձուաձեւ բարձունքի արեւմտեան լանջին, երեւում է հեռուից եւ ձեւաւորում է տարածքի մշակութային լանդշաֆտը: Բոլոր կոթողները պատրաստուած են տեղական կրաքարից, ինչը սպիտակ տեսք է հաղորդում ողջ խաչքարադաշտին: Այն զբաղեցնում է շուրջ 1 հեկտար տարածք: Վերաբերում է հիմնականում 12-13-րդ դարերին, թէեւ կան նաեւ աւելի վաղ օրինակներ:

Բռնագրաւուած է Ատրպէյճանի կողմից:

Իմաստային-պատկերագրական-արձանագրական քննութիւն

Արցախի խաչքարերը խաչքարային մշակոյթի անկապտելի մասն են կազմում: Վանքերում, գիւղատեղիներում, հին գերեզմանոցներում, ճանապարհների խաչմերուկներում, աղբիւրների մօտ, բարձունքների վրայ եւ այլուր պահպանուած հազարաւոր խաչքարերը մեր լեռնաշխարհի հայկականութեան ամենավառ վկայութիւններից են:

Դրանք երեւան են բերում դաւանական լիակատար նոյնականութիւն հայ խաչքարային ողջ մշակոյթի հետ: Ասուածի լաւագոյն վկայութիւններն են Արցախի խաչքարերի` Հայաստանի այլ տարածքների խաչքարերի հետ նոյնացող գործառոյթները, քանդակային յօրինուածքի սկզբունքօրէն նոյն կառուցուածքային լուծումները, համանման քրիստոնէական-կանոնիկ պատկերագրական թեմաներն ու կերպարները, նոյն կառուցուածքը, անուանաբանութիւնն ու իմաստաբանութիւնն ունեցող հայերէն հարիւրաւոր արձանագրութիւնները: Արցախի խաչքարերը վկայում են, որ խաչքարակերտման գործընթացի նկատմամբ այստեղ եղել է եկեղեցական-կանոնիկ վերահսկողութեան աւելի թոյլ աստիճան, ինչը պայմանաւորել է ժողովրդական պատկերացումների աւելի ընդարձակ դրսեւորումներ: Տեղական բուսաշխարհը, մահկանացուներին ներկայացնող զանազան քանդակային թեմաներն ու կերպարները առանձնայատուկ հմայք են հաղորդում Արցախի խաչքարային մշակոյթին, այն դարձնում տարազը, ռազմարուեստը, ընտանեկան յարաբերութիւնները, զանազան ծէսերն ու հաւատալիքներն արտացոլող հարուստ ու եզակի պատկերասրահ (մանրամասն տե՛ս Պետրոսեան, Երանեան 2022, 23-48):

Կիչանի խաչքարային դաշտն Արցախի շարքային խաչքարերի յաջողուած դրսեւորումներից մէկն է: Արցախում նման խաչքարադաշտերը շատ են, բայց, որպէս կանոն, սալերն ընկած են, մամռակալած, պատուած թփերով ու մացառով: Կիչանը եզակիներից մէկն է, որ Արցախի մշակութապահպան կազմակերպութիւնների կողմից մաքրուել է, խաչքարերը կանգնեցուել են եւ ստացել նախնական մօտաւոր դիրքը: 10-13-րդ դարերին պատկանող աւելի քան քսան խաչքարերը երեւան են բերում այդ մշակոյթի համայնական դրսեւորումները, վկայում այստեղ այդ ժամանակներում ընդարձակ եւ բարեկեցիկ բնակավայրի գոյութեան մասին: Առանձին խաչքարերի իւրօրինակ հմայք են հաղորդում եզակի հանդիպող նռան քանդակները, թռչնապատկերները, երկրաչափական բազմահիւս ու ճկուն քանդակները, յիշատակային արձանագրութիւնները:

Խաչքարադաշտի հնագոյն կոթողն մի խարիսխ է, որը բերուել է գերեզմանոց, բարձակի մէջ խաչքարի ելուստի համար փորուել է ուղղանկիւն փոսորակ եւ վերածուել պատուանդանի:

Գերեզմանոցի 10-11-րդ դարերի մի քանի օրինակներ աչքի են ընկնում բաւականին պարզ պատկերագրութեամբ, երբ ելնդաւոր խաչերն աւարտւում են երկբլթակ թեւերով, իսկ քանդակն իրականացուած է ետնախորքի հեռացման ու/կամ խոր ակօսների օգնութեամբ:

12-13-րդ դարերի խաչքարերն առանձնանում են համեմատաբար աւելի հարուստ մանրամասներով՝ եզրագօտի, քանդակային քիւ, խաչին ուղեկցող թռչնազարդեր եւ բուսական յաւելումներ, ինչքը «դրախտային» իմաստ է հաղորդում խաչի օգնութեամբ սպասուելիք փրկութեանը:

Նկարը՝ 10-րդ դարու խաչքար, Կիչանի Խաչքարադաշտ

Մոռացուած չեն նաեւ արձանագրութիւնները: Խաչքարերից մէկի վրայ, որը խաչքարադաշտի ամենզարդարուն կոթողն է, յօրինուածքից ներքեւ փորագրուած է. «Թւ[ի]ն: ՈԽԸ: (1199), ես Իշխան կ/անգեցի զխաչս ի տա/պանի հաւր իմոյ Վարհա/մ[ա]: Յաղաւթս [յիշ]էք» (հրապարակւում է առաջին անգամ): Նկատենք, որ Իշխան անձնանունը հասկանալի է միայն հայերէն (Արցախի խաչքարային արձանագրութիւններում հայերէն անձնանունների մասին տե՛ս Պետրոսեան, Երանեան 2022, 44-45), իսկ Վահրամ-Վարհամը սիրուած անուն էր Խաչենի մի շարք իշխանական տներում:

Երկրորդ արձանագրութիւնը պահպանուել է մի բեկորային խաչքարի աջ կողին, որի յօրինուածքից միայն կեդրոնական խաչի հորիզոնական աջ թեւի եռաբողբոջ երկելուստն է տեսանելի: Արձանագրութիւնը հողմահարուած է, որոշ հատուածներ դժուար ընթեռնելի: Այն յայտնում է. «Ես Սահլ/ուն որդի Ճ/արին կանգ/եցի զխ/աչս … /իմոյ: Որք/ երկիր/[պագանէք] /[յա]ղաւթս յ/իշեցէք :ՈՁ»: (1231)» (հրապարակւում է առաջին անգամ): Սահլուն անունը վկայուած է նաեւ Առաջաձորի 1257 թուականի մի ուշագրաւ արձանագրութեան մէջ, ուր Սահլունը ներկայանում է որպէս մոնղոլական զօրքերի կազմում հեռաւոր ռազմական արշաւանքների մասնակից զօրական (մանրամասն տե՛ս Петросян 1991, Պետրոսեան 2023, 205-206): Առաջաձորն ու Կիչանը շատ մօտ են իրար, ինչպէս տեսնում ենք իրար մօտ են նաեւ արձանագրութիւնների տարեթուերը: Թերեւս երկու դէպքում էլ խօսք է գնում նոյն անձնաւորութեան մասին: Եթէ հայերի մէջ այդ ժամանակ Ճար անձնանունը Դեղ անձնանուան բարբառային մի տարբերակն է (Աճառեան 1946, 158), ապա պակաս հաւանական չէ, որ Սահլունն էլ Սահլ անուան փաղաքշական տարբերակն է եւ վկայում է 9-րդ դարի առաջին կէսի արցախահայ յայտնի քաղաքական ու ռազմական գործիչ Սահլ (Սահակ) Սմբատեանի անուան կիրառման երկարակեցութեան մասին:

Վիճակն արցախեան պատերազմների ժամանակ եւ յետոյ:

Արցախեան պատերազմների ժամանակ յուշարձանը չի տուժել: Ատրպէյճանական բռնագրաւումից յետոյ խաչքարադաշտի մասին տեղեկութիւններ չկան:

Գրականութիւն

  1. Աճառեան 1946 – Աճառեան Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. 3, Երեւան, ԵՊՀ հրատ.:
  2. Պետրոսեան, Երանեան 2022 – Պետրոսեան Հ., Երանեան Ն., Արցախի կոթողային մշակոյթը, Երեւան, Անտարես:
  3. Պետրոսեան 2023 – Պետրոսեան Հ., Ինչպէս յաղթել։ Կռուի թեման եւ ռազմիկի կերպարն Արցախի խաչքարային պատկերաքանդակում, Պատմութիւն եւ մշակոյթ, թիւ 1 (19), էջ 200-212:
  4. Петросян 1991 – Петросян Г., Новонайденный хачкар из Арачадзора, Вестник общественных наук АН Армении, N 4, с. 147-152.

Monument Watch

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը նախաձեռնել են Համլետ Պետրոսեանը (Երևանի պետական համալսարան) և Աննա Լեյլոյեան-Եկմալեանը (Արևելեան լեզուների և քաղաքակրթութիւնների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ): Խմբի մէջ ներգրաւուած են հնագէտներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագէտներ, թարգմանիչներ:

MONUMENT WATCH անկախ ակադեմական հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգութեան վիճակն ու փոփոխութիւնները,