ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԲԱՂՒԱԾՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԵԳ ԵՒ ՀՅԴ ԱԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ 2020թ. մարտ ամսին մեկնարկած Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման դասընթացները եւ «Վերելք» բիզնես ճամբարը եզրափակիչ փուլ են մտել: Դասընթացներից, բիզնեսի նրբութիւններին երիտասարդներին ծանօթացնելուց յետոյ եզրափակիչ փուլ անցած լաւագոյն 13 թիմերը ժիւրիին են ներկայացրել իրենց բիզնես-նախագծերը, որոնց մշակման համար շուրջ 4 ամիս մասնակիցները մասնակցել են տարաբնոյթ դասընթացների։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Յունիսի 18-ին այդ նախագծերից երեքն արժանացել էին ժիւրիի հաւանութեանը, իսկ երեքը որոշակի շտկումներից յետոյ էին էին հաստատուել: Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում էին հաւաքուել կազմակերպիչները եւ յաղթող նախագծերի հեղինակները: Նպատակը կողմերի միջեւ պայմանագրերի կնքումն է:
Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցների հետ աշխատած «Riviera Capital» ընկերութեան աւագ վերլուծաբան Հրայր Բարսումեանն այժմ մասնակցելու է մշտադիտարման փուլին: Նա սկզբում որպէս դասախօս մասնակիցներին ֆինանսական հմտութիւններ է փոխանցել, որպէսզի կարողանան իրենց ծրագրերը կառուցել ճիշտ հիմքերի վրայ, ծախսերը, ներդրումային ակնկալիք գումարները հաշուարկել, նաեւ հասկանալ ծրագրի եկամտաբերութիւնն ու իրատեսութիւնը: «Մշտադիտարկման փուլը եւս կարեւոր է, որովհետեւ անհատ ձեռներեցները երիտասարդներ են եւ հնարաւոր է, որ սա բիզնեսի իրենց առաջին փորձն է: Մենք նրանց հետ զուգահեռ քայլելու ենք ամբողջ գործընթացի ընթացքում, հարցը միայն ֆինանսաւորումը չէ: Պայմանագրի ստորագումից անմիջապէս յետոյ սկսուելու է իրագործումը: Ֆինանսական միջոցները տրամադրւելու են փուլային տարբերակով՝ ըստ նախագծերի»,- նշել է Հրայր Բարսումեանը:
«Վերելք» ծրագրի համակարգող, «REvolve consulting» գործակալութեան հիմնադիր Տաթեւ Պետրոսեանի խօսքով ծրագրի երրորդ փուլում ներառուած խորհրդատուական ընկերութիւնները նախաձեռնող թիմի հետ պէտք է օգնեն մասնակիցներին հասնել շուկայ: Իսկ Արցախում ամիսներ առաջ սկսուած ծրագիրը հիմա նախատեսում են իրագործել նաեւ Սիւնիքում: «Երեք օր առաջ Սիւնիքում մեկնարկեց առաջին թրէյնինգը: Այնտեղ ծրագիրը խտացուած է, հինգ շաբաթուայ ընթացքում թրէյնինգներ կը լինեն եւ լաւագոյնները կը զտուեն բիզնես ծրագրերի միջոցով»,- ասել է Տաթեւ Պետրոսեանը՝ յաւելելով, որ նախատեսում են այս տարուայ ընթացքում իրագործել նաեւ Սիւնիքի ծրագիրը:
Լաւագոյն նախագծերի ընտրութեանը մասնակցած «Riviera Capital» ներդրումային հիմնարկի հիմնադիր եւ գործադիր տնօրէն Կարէն Մկրտչեանի խօսքով մշտադիտարկումն անհրաժեշտ է, որպէսզի ծրագրերը ֆինանսական ճիշտ ձեւով ընթանան, եռամսեակային, տարեկան հաշուետուութիւնները կազմուեն, նաեւ խորհրդատուական կամ մասնագիտական օգնութեան ցուցաբերեն: «Մշտական կապի մէջ ենք լինելու ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան եւ «Արցախֆոնդ»-ի ներկայացուցիչների հետ: Մշտադիտարկումը կարող է 2-5 տարի տեւել, իսկ ֆինանսաւորումներն անտոկոս փոխատուութեան հիմքով են: Յետ վերադարձուելուց յետոյ դրանք կ’ուղղուեն այլ ծրագրերի»,- ասել է նա:
Կարէն Մկրտչեանի կարծիքով ֆինանսաւորման համար ընտրուած բոլոր նախագծերն էլ հետաքրքիր ու խոստումնալից են, իսկ թիմերը սովորելու եւ աշխատելու ցանկութիւն ունեն: «Եթէ մենք ճիշտ ձեւով մօտենանք ներդրումային նախագծերին, ընտրենք նրանք, որոնք իրական պոտենցիալ ունեն եւ ուժեղ թիմեր են, հնարաւորութիւն կ’ունենանք Արցախի արտադրանքները ներկայացնել հայաստանեան եւ արտերկրի շուկաներ»,- նշել է նա:
Ժիւրիի հաւանութեան են արժանացել ազնուամորու, մոմերի, հագուստի արտադրութեան, մեղուաբուծութեան, թէյարանի հիմնման, Արցախեան արտադրանքներով նուէր-տուփերի ստեղծման նախագծերը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի Ագրոբիզնես բաժնի առաջին կուրսի ուսանող Վահէ Մարտիրոսեանի բիզնես-նախագիծը ազնուամորու այգու հիմնումն է: Նա ազնուամորու մշակութեամբ է զբաղւում Մարտակերտի շրջանի Գառնաքար համայքնում եւ նպատակ ունի ընդլայնել այն:
«Ծրագրի մասին լսել եմ ընկերներից, մասնակցել եմ բոլոր փուլերին: Շատ նորութիւններ եմ իմացել այս ծրագրի ընթացքում: Տարբեր ոլորտներ եմ ուսումնասիրել ու քանի որ ազնուամորի շատ եմ սիրում ու Արցախում մեծ այգիներ չկան, որոշեցի դրա մշակութեամբ զբաղուել: Հիմա փոքր տարածութիւնների վրայ եմ մշակում, գիտեմ նրբութիւնները եւ ցանկանում եմ ընդլայնել տարածքը: Նոր սորտեր եմ բերել ու կախուած վաճառքից նպատակ ունեմ ընդլայնել արտադրութիւնը»,- նշել է յաղթող նախագծի հեղինակներից մէկը:
Պայմանագրերի ստորագրման արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալեոնա Դադամեանը, ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի անդամ Ցողիկ Աշըգեանը, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներ, «Վերելք» ծրագրի դասընթացավարներ: