ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի ելոյթը «Վերադարձ» խորագրով միջոցառմանը.
Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ, Գերաշնորհ սրբազան հայրեր, սիրելի ընկերներ, յարգելի ներկաներ,
Մեզ համար դժուար է այսօր նշել եւ արժեւորել Արցախի հանրապետութեան օրը, երբ Արցախը հայաթափուած է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը՝ Պաքուի բանտերում։ Բայց մենք պէտք է արժեւորենք այս օրը, որովհետեւ մեզ համար Արցախի Հանրապետութեան եւ Արցախի էջը փակուած չէ։
Նախ դիմում եմ արցախցիներին։ Սիրելի՛ արցախահայեր, այսօր թշնամական քարոզչութիւնը թիրախաւորել է ձեզ, ցաւօք, նաեւ Մայր հայրենիքում։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել ձեր՝ չպայքարելու եւ զէնքը վայր դնելու արդիւնք։
Շատ յստակ ուզում եմ ասել, դուք չէ՛ք պարտուել, դուք դաւաճանուե՛լ էք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը յանձնուե՛լ է։ Արցախը յանձնուել է Ատրպէյճանի մաս ճանաչելով, մնալով մենակ, Արցախը յանձնուել է Փաշինեան-Ալիեւ-Էրտողան համագործակցութեամբ եւ յանցաւոր համաձայնութեամբ։
Արցախցին երեք պատերազմներում կռուած, քաջութեան անպատկերացնելի օրինակներ դրսեւորած ժողովուրդ է։ Դուք մեր հայրենիքի սահմանները սեփական արեամբ գծած ժողովուրդ էք։ Դուք ժողովուրդ էք, որի ամէն ընտանիք զոհ եւ զինուոր ունի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շատ անկեղծ զրոյցի կարիք ունենք։ Մենք պարտաւոր ենք հասկանալ մեր այս ծանր կացութեան պատճառները, գտնենք վերականգման ուղիները։
Այսօր է պահը վերաիմաստաւորելու մեր մօտեցումները, մեր ուղենիշերը սահամանելու ինքներս մեզ համար ե՛ւ անձնական, ե՛ւ ազգային մակարդակներում, քանզի ոչ թէ աղէտների քանակը կամ մասշտապը, այլ դրանցից յետոյ ոտքի կանգնելու ունակութիւնն է որոշում ազգերի ճակատագիրը։
Այսօր հայկական աշխարհում բախւում են երկու արժեհամակարգեր՝ հայակեդրոն ու օտարահպատակ։
Այսօր մեզ անընդհատ ասում են, թէ ցանկանում են խաղաղութիւն բերել, բայց սրանց բերածը նոր պատերազմ է՝ ամէն անգամ աւելի մօտ մեր տներին։ Եւ ցանկացած ուժ, որն ընդդիմանում է կապիտուլիացիային՝ յայտարարւում է ռազմատենչ։
Այսօր մեր պետութիւնը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները։ Նոյնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ։ Եւ ամէն օր վախի նոր չափաբաժին է ներարկւում հանրութեանը, որպէսզի կապիտուլիացիային ընդդիմացողները յայտարարուեն արկածախնդիրներ, իսկ կապիտուլիացիան ներկայացուի միակ ու անխուսափելի ելք։
Իրականում, սակայն, Հայրենիքի համար անզիջում պայքարը, այդ ճանապարհին զոհողութիւնները երկիրը ոչ միայն փորձութիւնների եւ արկածախնդրութեան տանել չէ, այլ ստեղծուած իրավիճակից միակ ելքն է։
Մենք ուզում ենք Հայաստանը ոտքի կանգնի այս ծնկած վիճակից, իրենք ուզում են բոլորին իրենց պէս ծնկի իջեցնել, որպէսզի ստացուի, որ միայն իրենք չեն ծնկած, այլ ողջ հայութիւնը։
Մենք ասում ենք՝ նոր որակի ազգային պետութեան կառուցումն այլընտրանք չունի, նրանք պնդում են, որ մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու կենացային։
Մենք ասում ենք՝ ճիշդ առաջնորդութեան դէպքում մեր ժողովուրդը կարող է պայքարել իր ազատութեան համար, ապահովել երկրի անվտնագութիւնը, նրանք, թշնամու հետ համահունչ, մեզ յայտարարում են ռեւանշիստներ։
Մենք պնդում ենք՝ ոչ մի արտաքին ուժ չի՛ կարող որոշել, թէ մենք ինչ սահմանադրութիւն պէտք է ունենանք, մեր երեխաները հայոց պատմութիւնն ինչ դասագրքերով պէտք է սովորեն, մեր զինանշանի վրայ ինչ պէտք է պատկերուի։ Նրանք մեզ ասում են՝ եթէ չփոխենք, կը յարձակուեն։
Մենք ասում ենք՝ խաղաղութիւն անհրաժեշտ է ապահովել, բայց չես կարող խաղաղութիւն ակնկալել մէկից, ում նպատակը քեզ ոչնչացնելն է։ Խաղաղութիւնը պէտք է նուաճուի, խաղաղութիւնը պէտք է պարտադրուի, ինչպէս եղել է երկու տասնամեակների ընթացքում։ Նրանք շարունակում են մուրալ խաղաղութիւն՝ բերելով նոր պատերազմ եւ նոր կորուստներ։
Սիրելի հայրենակիցներ,
միմեանց հակասող այս աշխարհայեացքների բախման կիզակէտում է մեր ժողովուրդը։ Ուրեմն հենց հիմա է պահը համատեղ ուժերով ձեւակերպելու թշնամական եւ ինքնաոչնչացման առաջարկի մեր այլընտրանքը, որը պէտք է դառնայ պայքարի ու ապաքինման նոր ուղենիշ։ Ու հենց այստեղ է, որ մենք կրկին մեր հայեացքը յառում ենք դէպի Արցախ։ Արցախեան շարժումը ծնունդ տուեց երկու հայկական պետութիւնների, տարածաշրջանում ապահովեց ուժերի բալանս, մեզ աշխարհում դարձրեց գործօն։
Արցախ ունենալը ոչ միայն պատիւ էր, այլեւ անվտանգութիւն։ Արցախ կորցնելը խարան է, որը խոցելի է դարձնում հայկական սահմաններն ու Հայաստանին զրկում բանակցային ուժից։
Ուստի, եթէ ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը եւ հայկական շահը, ապա Արցախեան օրակարգն այլընտրանք չունի։
Ուրեմն, Արցախն է՝ վերականգնուելու, նորից գործօն դառնալու, հայրենիքը պաշտպանելու մեր բանալին։
Բոլորս գիտենք՝ ինչ է այսօր մեր ազգին առաջարկւում Ատրպէյճանի բռնապետի եւ Հայաստանի կառավարիչների կողմից, բազմիցս ներկայացրել ենք, այսօր էլ խօսուեց այդ ճանապարհի կործանարար լինելու մասին։ Ուրեմն, կործանման այդ ճանապարհը մերժելուն զուգահեռ, հրամայական է ազգային նոր այլընտրանքային առաջարկի ձեւաւորումը։ Այլընտրանք, որը կը դառնայ համազգային նոր ուղենիշ։ Այդ այլընտրանքը պէտք է հիմնուած լինի աշխարհաքաղաքական իրավիճակի իրատեսական գնահատման, սեփական կարողութիւնների հաշուարկման վրայ, բայց միաժամանակ պէտք է համահունչ լինի մեր ժողովրդի նպատակադրումներին։
Դրա համար անհրաժեշտ է վերադառնալ մեր պայքարի ակունքներին։
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան լինելիութիւնը փոխշաղկապուած է, առանց Արցախի Հայաստանի անվտանգութեան համակարգը խիստ խոցելի է, դա տեսնում ենք Տաւուշում, Գեղարքունիքում, Ջերմուկում, Սիւնիքում։
Հետեւաբար, չկայ առանձին Արցախի հարց եւ առանձին Հայաստանի հարց, դրանք փոխկապակցուած են։ Աւելին՝ նոյն հարցն է։
Հենց այստեղից էլ բխում է այլընտրանքային հայեցակարգի առաջին դրոյթը, առաջին բանը որ մենք, որպէս ազգ եւ պետութիւն, պէտք է ասենք աշխարհին․ Արցախեան հակամարտութիւնը կարգաւորուած չէ՛, Ատրպէյճանը չի՛ կարող ուժով եւ ուժի սպառնալիքով հարցեր լուծել տարածաշրջանում, մենք երբեք չե՛նք հաշտուելու դրա հետ։
Պատերազմական յանցագործութիւններով զուգորդուած ագրեսիան միջազգային հանրութիւնը չի կարող ընկալել հակամարտութեան կարգաւորման ընդունելի միջոց։
Այսօր աշխարհի միայն երկու՝ Ալիեւի եւ Փաշինեանի կառավարութիւններն են շարունակ խօսում Արցախի Հանրապետութեան լուծարման, Արցախեան հարցի փակուած լինելու մասին:
Ի միջ ի այլոց, մէկ անգամ եւս ուզում եմ յայտարարել՝ հայ-ատրպէյճանական բանակցութիւններում Արցախի հարցը ներառուած չէ։ Քանի դեռ Արցախի ռազամաքաղաքական ղեկավարութիւնը գտնւում է Պաքուում, իսկ Ատրպէյճանի զօրքերը՝ ՀՀ ինքինիշխանութեան տարածքում, հայ-ատրպէյճանական բանակցութիւններն անուանել խաղաղութեան բանակցութիւն, դա սուտ է եւ կեղծիք, դա ըստ էութեան՝ նոր եւ աւելի խորը կապիտուլիացիայի մասին բանակցութիւններ են։
Երկրորդ հիմնադրոյթը, որը պէտք է դառնայ համազգային նոր ուղենիշ` արցախահայերի հայրենիք վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնն է։
Արցախցին իրաւունք ունի ապրելու սեփական հայրենիքում։ Հենց այս հարցն է, որ պէտք է ներառել բանակցային օրակարգում։ Դրան զուգահեռ հարկաւոր է՝
● ապահովել արցախցիների կոմպակտ բնակեցումը Հայաստանի Հանրապետութիւնում,
● կանխել արցախցիների արտագաղթը,
● ամէն գնով կանխել ներազգային թշնամանքի սերմանումը,
● տարբեր ատեաններում բարձրացնել արցախցիների բոլոր, այդ թուում՝ գոյքային իրաւունքների հարցը,
● միջազգային հարթակներում հասնել նրան, որ ճանաչուի արցախցիների ցեղասպանութեան, բռնի տեղահանման եւ էթնիկ զտման փաստը՝ դրանից բխեցնելով արցախցիների վերադարձի իրաւունքը։
Այստեղ կարեւոր է նաեւ հասկանալ, որ հարցն օրակարգ բերելով՝ մենք ոչ միայն չենք վնասում Հայաստանին, այլ հակառակը՝ պաշտպանում ենք հայկական շահերը։ Արցախեան հարցը բանակցութիւնների օրակարգից դուրս բերումը, Արցախ վերադարձի իրաւունքը չքննարկելն է յանգեցրել այն իրականութեանը, որտեղ տաւուշեան առաջնագծից զօրքերն են ետ քաշւում կամ քննարկւում է Հայաստանից նոր զիջումների հարցը։
Արցախ վերադարձի օրակարգն է, որ հասկանալի է մեր բոլոր գործընկերներին։ Արցախ վերադարձի իրաւունքից է, որ խօսում են ԵԱՀԿ մինսկի խմբի գրեթէ բոլոր երկրների ներկայացուցիչները։ Նաեւ այս պատճառով է Ալիեւը ցանկանում լուծարել Մինսկի խումբը։ Արցախ վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնն է, որ կարող է թոյլ տալ բանակցային սեղանին բացի հայկական կողմի զիջումներից իսկապէս ունենալ բանակցային օրակարգ։ Ուրեմն Արցախ Վերադարձը պէտք է վերածուի ազգային նոր ուղենիշի։ Արցախ վերադարձին պէտք է ուղղուած լինեն մեր համազգային ջանքերը։ Արցախի եւ Հայաստանի պաշտպանութիւնը նորից պէտք է դրուի մեր մտածողութեան հիմքում, որպէսզի կարողանանք պաշտպանել մեր կենսական շահերը։
Կարեւորագոյն խնդիր է Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցը, առանց որի մենք մի քայլ էլ կը հեռանանք Արցախ վերադարձի նպատակադրումից։ Այստեղից էլ բխում է երրորդ հայեցակարգային դրոյթը․ Արցախի պետական ինստիտուտները պէտք է պահպանուեն, պէտք է ապահովուի Արցախի ժողովրդի ընտրութեան արդիւնքում ձեւաւորած իշխանութեան մարմինների գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում։
Այժմ Արցախը պետութիւն է, որի տարածքն ամբողջութեամբ բռնագրաւուած է, սակայն կայ Արցախի Հանրապետութեան սուբեկտայնութեան հիմքը՝ Արցախի ժողովուրդը։
Արցախի ժողովրդի կողմից ձեւաւորած պետական ինստիտուտներն են, որ պէտք է դառնան Արցախ վերադարձի իրաւունքն առաջ տանող առաջնային սուբիեկտները։ Հենց նրանք պէտք է սահմանեն այն իրաւունքները, որն անհրաժեշտ է արցախցուն իր հայրենիքում ապրելու, եւ այն անվտանգութիւնը, որը բաւարար է այդ իրաւունքների ապահովման համար։
Սիրելի՛ հայրենակիցեր, Արցախեան հարցում եւ արտաքին քաղաքական ոլորտում այլընտրանքային մեր մօտեցումների ներկայացումը մէկ նպատակ է հետապնդում՝ ցոյց տալ, որ կա՛յ ներկայ իշխանութեան առաջ քաշած ինքնաոչնչացման ճանապարհի այլընտրանքը։
Այսօր դուք լսեցիք ուղերձներ տարբեր մայրցամաքներից, որոնք վկայում են, որ սեփական շահերի ձեւակերպման եւ դրանց պաշտպանութեանը միտուած քաղաքականութեան դէպքում մենք հասկանալի եւ ընկալելի ենք աշխարհի համար։
Ուստի կեղծ եւ թշնամական է անզօրութեան այն քարոզը, որն ամէնուր ուղեկցում է մեզ։ Սո՛ւտ է, թէ մենք միայնակ ենք եւ չունենք դաշնակիցներ։
Դաւաճանակա՛ն է թեզը, թէ մենք մեր հարցերը լուծելու եւ մեր կենսական շահերը պաշտպանելու ներքին ուժ չունենք։
Մենք ցեղասպանութիւնից յետոյ պետութիւն կերտած, Արցախեան ազատամարտ յաղթած, հազարամեակների պատմութիւն եւ մշակոյթ ունեցող ժողովրդի զաւակներ ենք եւ այդ հազարամեայ պատմութեան ընթացքում բազմիցս ապացուցել ենք, որ անհնարին ոչինչ չկայ։ Եթէ մենք ունենք ազգային գաղափարախօսութիւն, ազգային երազանք եւ այդ երազանքն իրականացնելու կամք եւ վճռականութիւն։
Մեր անելիքն այսօր՝ այնպէ՛ս ապրել, այնպէ՛ս գործել, այնպէ՛ս պայքարել, որ վաղը լիաձայն կարողանանք ասել՝
կեցցէ՛ Հայաստանը,
կեցցէ՛ Արցախը,
կեցցէ՛ հայութիւնը։
Մանրամասնութիւնները՝ տեսանիւթով.
Comments are closed.