Արցախահայութիւնը իր բնօրրանը վերադառնալու իրաւունքն ունի՝ պատմականօրէն, փաստացի, թէ իրաւական տեսանկիւնից

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինեանը խօսում է Արցախ վերադարձի անհնարինութեան մասին

«Նման տեսակէտներն ընդունելի չեն, եւ արցախահայութիւնը իր բնօրրանը վերադառնալու իրաւունքն ունի՝ պատմականօրէն, փաստացի, թէ իրաւական տեսանկիւնից։ Ու մարդիկ, յամենայնդէպս, ձգտում են վերադառնալ հայրենի օճախներ», «Առաւօտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը:

«Եթէ ամէն հարց պէտք է լուծել ագրեսորի ցանկութեամբ, դա դեռ չի նշանակում՝ «խաղաղութեանը խաթարել»։ Ատրպէյճանն անընդհատ նոր պահանջներ է դնում. երէկ Արցախն են ուզել, միւս օրը Սիւնիքի նկատմամբ յաւակնութիւններ ունի, այսօր՝ Երեւանի… դու չես կարող անընդհատ քո թշնամու, հակառակորդի քմահաճոյքները բաւարարել ու ասել՝ խաղաղութեան օրակարգ եմ հաստատում։ Ի հարկէ, խաղաղութիւնը անհրաժեշտութիւն է, բայց դա ճանապարհ չէ, դրանից թշնամու ախորժակն աւելի է բացւում։ Նման տեսակէտներն ընդունելի չեն, եւ արցախահայութիւնը իր բնօրրանը վերադառնալու իրաւունքն ունի՝ պատմականօրէն, փաստացի, թէ իրաւական տեսանկիւնից։ Ու մարդիկ, յամենայնդէպս, ձգտում են վերադառնալ հայրենի օճախներ», ասաց Վահրամ Բալայեանը:

Յիշեցնենք, ԵԽԽՎ ամպիոնից Նիկոլ Փաշինեանը յայտարարեց. «Մեր ընկալումն այն է, որ մեր եւ միջազգային հանրութեան աջակցութեամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պէտք է տնաւորուեն ՀՀ-ում։ Մենք նրանց արդէն բնակապահովման ծրագիրն ենք սկսել, որը դժուարութեամբ, բայց սկսում է աշխատել։ Մենք մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիութեամբ։ Մարդիկ ասում են՝ վերադարձի հարց։ Ես դա իրատեսական չեմ համարում։ Կարեւոր եմ համարում մարդկանց ազնիւ այդ մասին ասելը. մարդիկ իրենց պլանները պիտի կառուցեն։ Ընդհանրապէս փախստականների վերադարձի թեման, այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգաւոր խաղաղութեան գործընթացի համար։ Կոնֆլիկտները՝ այդ թուում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսուել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերածուել երկարատեւ կոնֆլիկտի։ Առաջիկայ տասնամեակներում ՀՀ-ն եւ Ատրպէյճանը պէտք է իրար հանգիստ թողնեն, կեդրոնանան տնտեսական համագործակցութիւն եւ քայլ առ քայլ երկխօսութիւն կառուցելու վրայ։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պէտք է տնաւորուեն ՀՀ-ում, որպէս ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցութիւնը կառուցեն ՀՀ-ում։ Սա է մեր ռազմավարութիւնը»։

Վահրամ Բալայեանը ՀՀ իշխանութիւններին յիշեցնում է, որ այս ընթացքում միջազգային կառոյցները՝ միջազգային քրէական դատարանը, Զուիցերիայի Խորհրդարանը, Գանատայի իշխանութիւնները, տարբեր քաղաքական դերակատարներ յայտարարում են, որ արցախահայութեան նկատմամբ ցեղասպանական գործողութիւններ են կատարուել եւ վերադարձն էլ Արցախ՝ արցախահայութեան իրաւունքն է։ Նիկոլ Փաշինեանին նաեւ իր՝ աւելի վաղ արած յայտարարութիւնն է յիշեցնում. «Նախկինում ինքը միշտ պնդում էր, որ ՀՀ վարչապետն է, եւ արցախցիները պէտք է իրենց խնդիրները լուծեն։ Ինքը, կարծում եմ, դա պէտք է յիշի եւ այդ տեսանկիւնից հարցին մօտենայ»։

Նկատեցինք՝ Փաշինեանի տեսակէտին անգամ հակադարձումներ չեղան, խօսակցութիւնների մակարդակում, արցախցիներն անհամաձայնութիւններ են յայտնում այդ մօտեցման հետ, սակայն, իրական քաղաքական գործընթացներում, ինչպէս հիմա ընդունուած է ասել «գետնի վրայ», Նիկոլ Փաշինեանի «ձեռքը ոչ ոք չի բռնում» եւ գործընթացները գնում են հենց այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանն է ցանկանում։

Վահրամ Բալայեանը պատասխանեց. «Յաւերժական ոչինչ չի լինում։ Ի վերջոյ, ժողովուրդը լեթարգիական քնից կը զարթնի եւ կը հասկանայ, թէ ինչ է կատարւում։ Հասարակ քաղաքացին միշտ հարցը դիտարկում է իր անձնական խնդիրների տեսանկիւնից եւ եթէ այսօր Երեւանում, Գիւմրիում ինքն ապահով է, լաւ է, ուրեմն ամէն ինչ լաւ է։ Բայց, հանրութեան մի զգալի մասը տգէտ չէ, եւ մարդիկ հասկանում են, որ ի վերջոյ ո՞րն է սահմանը, որո՞նք են կարմիր գծերը, եւ սա ցոյց են տալիս սոցիոլոգիական հարցումները։ Ճիշդ է հանրային դժգոհութիւններ, մեծ ցոյցեր, ճանապարհներ փակել եւ այլն, չեն լինում, բայց երբ շփւում ես մարդկանց հետ՝ հասկանում ես, որ դժգոհութիւնները կուտակուել են։ Ես մի հետաքրքիր բան եմ նկատել՝ երբ հանդիպում ես մարդկանց հետ եւ սովորական, առօրեայ հարցեր ես քննարկում, այսպէս թէ այնպէս, իրենք հարցը հասցնում են քաղաքական այն հանգամանքներին, որոնք կան։ Հասարակական զարգացումներն այդպէս են լինում՝ լիցքերը կուտակւում են եւ մի գեղեցիկ օր դրանք պայթիւնի են հասցնում։ Իմ կարծիքով, հասարակական-քաղաքական ուժերը, մտաւորականները հասարակութեանը պէտք է ամէնը ներկայացնեն, բացատրեն՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի շահը, ըստ այդմ էլ՝ խաղաղութեան հասնելու իսկական ճանապարհը»։

Աշխարհաքաղաքական եւ ի մասնաւորի տարածաշրջանային զարգացումները մեր զրուցակցի մօտ դեռ յոյս թողնում են, որ կը գտնուեն այնպիսի դերակատարներ, որոնք երաշխաւոր կը կանգնեն արցախահայութեան անվտանգ եւ ապահով վերադարձի համար։ 44-օրեայ պատերազմով մեր տարածաշրջանում սկսուած երրորդ համաշխարհային պատերազմի ակտիւ փուլը, ըստ Վահրամ Բալայեանի, փոխել է տարածաշրջանում ուժերի բալանսը՝ ՌԴ-ին փոխարինելով Թուրքիայով եւ ՆԱՏՕ-ով. «Դրանից յետոյ մէկը միւսին յաջորդեցին դաժան պատերազմներ՝ ռուս-ուքրանական, սիրիական, Փաքիստան, Հնդկաստան, Իսրայէլ, Իրան … բոլորը շաղկապուած են, ու Արցախի Հանրապետութեան գոյութեան պայմաններում այս ամէնն աւելի քիչ էր արտայայտուած, նուազ դրսեւորումներ ունէր։ Կարծում եմ, որ միջազգային դերակատարները գիտակցում են՝ ուժերի հաւասարակշռութիւնը խախտուելու հետեւանք է ամէնը։ Աշխարհի վերաբաժանում է կատարւում, եւ այդ զարգացումների ընթացքում մենք մեր տեղն ու դերը պէտք է ունենանք՝ մեր ազգի, պետութեան՝ տուեալ պարագայում Հայաստանի Հանրապետութեան շահերը կարողանանք պաշտպանել եւ անվտանգութեան իրական հարցերը փորձենք լուծել»։

Այդ ամէնը ՀՀ-ում գործող իշխանութեան հետ հնարաւոր չի լինելու անել, բայց Վահրամ Բալայեանը չի ցանկանում սրել իրավիճակը՝ միմեանց ոչնչացնելու, իրար դէմ դուրս գալու կոչերով. «Մարդիկ, եթէ հասկանում են, որ ի զօրու չեն հարցերը լուծել, պիտի ասեն՝ կը ներէք, մենք չենք կարող այս հարցերը լուծել։ Մենք, ի վերջոյ, այդ ճանապարհով պէտք է գնանք, այդ գիտակցումը պէտք է լինի, որ եթէ այլ մարդիկ կարող են, նրանց պէտք է հնարաւորութիւն տալ։ Իսկ հայ ժողովրդի արգանդը չի չորացել, կան գործիչներ, մարդիկ, ուժեր, որոնք ի զօրու են նման հարցերը լուծել»։

Նելլի Գրիգորեան

«Առաւօտ» օրաթերթ