Արդարացումների ժամանակն աւարտուել է, Փաշինեանը պէտք է հեռանայ. Վարդան Օսկանեան
- (0)

Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարումը որպէս Հայաստանի ղեկավար այլ բառով, քան ազգային աղէտ, դժուար է նկարագրել։ Վեց տարուայ ընթացքում նրա ամբարտաւան ոչ կոմպետենտութիւնը եւ քաղաքական կարճատեսութիւնը հպարտ ազգից թողել են նուաստացուած ստուերը։ Այս մասին իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:
Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմութեան ամենակործանարար պարտութիւնը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչութեան տեղահանութիւն եւ հազարաւոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմութիւն է, այլ պարտութիւն մի ղեկավարի, որի ամբարտաւանութիւնը, տգիտութիւնը եւ խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։ Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Պաքուում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջուած է, եւ նոր զիջումների պահանջներ են սպասւում, Փաշինեանը կորցրել է կառավարելու բարոյական եւ քաղաքական որեւէ լեգիտիմութիւն։ Երկրի գոյատեւումը պահանջում է նրա անյապաղ հեռացումը։
Փաշինեանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողութեան աննախընթաց ցուցադրութիւն է։ Պաշտօնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգաւոր անտեղեակութիւն արտաքին քաղաքականութեան եւ ռազմական հարցերում։ Ի տարբերութիւն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդութիւնները կառավարում էին զգուշութեամբ եւ ռէալիզմով, Փաշինեանի մօտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշութեան «վարպետութիւն»։
Նրա սադրիչ հռետորաբանութիւնը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ատրպէյճանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղէտը հարուածեց, նրա որոշումները՝ յանդուգն յամառութեամբ, այլ ոչ թէ իմաստնութեամբ, երաշխաւորեցին մեր ջախջախիչ պարտութիւնը։ Նրա անձեռնհասութեան համար հինգ հազար հայ զինուոր վճարեց սեփական կեանքով, եւս տասը հազարը դարձաւ վիրաւոր՝ բեկուած ապագայով։
Այս աղէտից դասեր քաղելու փոխարէն, Փաշինեանը կրկնապատկեց իր սխալները։ Արժանապատուութեամբ հրաժարականի փոխարէն նա կառչեց իշխանութեանը՝ մերժելով պատասխանատուութիւնը։ Նրա կառավարութիւնը ներգրաւուեց քաւութեան նոխազներ որոնելու ցինիկ արշաւի մէջ՝ մեղադրելով նախկին կառավարութիւններին, արտաքին դաշնակիցներին եւ նոյնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմութիւնը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ յանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան աննախադէպ քայքայմանը։
Նուաստացումը սրանով չի դադարում։ Փաշինեանի օրօք Հայաստանը վերածուել է վասալական պետութեան՝ մշտապէս հարկադրուած տարածքային, պատմական, սահմանադրական եւ դիւանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականութիւնը եղել է անկայուն եւ ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի եւ հակառակորդների ողորմածութեան ներքոյ։ Նոյնիսկ հիմա, երբ հայ բանտարկեալները ատրպէյճանական բանտում են, նրա կառավարութիւնը չունի կամք կամ իրաւասութիւն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։
Ամենաամօթալին թերեւս այն է, որ Փաշինեանը վերջերս Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան ապշեցուցիչ մեկնաբանութիւններ արեց՝ անհասկանալի դաւաճանութիւն սեփական ազգի պատմութեան հանդէպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգութեան նուաստացումը եւ խեղաթիւրումը անընդունելի է։ Սա ծայրայեղ վիրաւորանք է մի երկրի համար, որն արդէն չափազանց մեծ գին է վճարել նրա աղէտալի ձախողումների համար։
Բայցեւայնպէս, Փաշինեանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լաւ գիտեն, որ նրա հռետորաբանութիւնն ու գործողութիւնները պաշտպանելի չեն։ Առաջնորդուելով անձնական եւ միգուցէ նիւթական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ եւ ծուռումուռ լեզու եւ միջոցներ՝ նրան արդարացնելու համար։ Այդ անհատները հաւասարապէս վտանգաւոր են, քանի որ նրանք հնարաւոր են դարձնում Փաշինեանի կործանարար քաղաքականութիւնը եւ խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դէմը պէտք է առնել եւ դրանք ի ցոյց դնել։
Փաշինեանի հետագայ պաշտօնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նուաստացման, պարտութեան եւ անկման ժամանակաշրջան։ Նա կառավարում է ոչ թէ որպէս ղեկավար, այլ որպէս մարդ, որը յուսահատ կառչած է իշխանութեանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թէ ազգային շահի հիման վրայ։ Հայաստանը այլեւս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնայ պաշտօնում, այնքան մեծ վնաս կը հասցնի։ Արդարացումների ժամանակն աւարտուել է։ Փաշինեանը պէտք է հեռանայ՝ յանուն Հայաստանի արժանապատուութեան, անվտանգութեան եւ ապագայի։