Ատրպէյճանի սանձարձակութիւնը կապուած է պատասխան չստանալու հետ

Մենք վերջին 100 տարում Ատրպէյճանի գործողութիւններում փոփոխութիւն չենք տեսնում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։

«Իրավիճակը ողբերգականօրէն փոխուել է, ամէն ինչ շուռ է եկել մեր դէմ, ամէն անգամ վնասները կրում ենք մենք, տարածքային կորուստները, զոհերը, վիրաւորներն ու գերիները ունենում ենք մենք, կապուած է հայկական կողմում տեղի ունեցած փոփոխութիւնների հետ 2018 թուականին եւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ից յետոյ դրանք արտայայտուած են աւելի դրամատիկօրէն։ Ինչո՞ւ է Ատրպէյճանը հիմա կրակում Սոթքում, ինչո՞ւ է անցակէտ դնում Լաչինում, ինչո՞ւ է շրջափակած պահում միակ ճանապարհը Արցախի հետ կապող, որովհետեւ ո՛չ գետնի վրայ, ո՛չ դիւանագիտական դաշտում հակազդեցութեան չի հանդիպում։ Այո, բանակի զինուորները, սպաները հերոսական դիմադրութիւն են ցոյց տալիս, բայց համակարգային հակազդեցութիւն դիւանագիտական դաշտում՝ բացակայում է։ Մարդիկ, թող տեսնեն, թէ իշխանութիւնն ինչպէս է ամէն անգամ հակազդում ցանկացած ցոյցի, որեւէ գործողութեան, որն անգամ ամենափոքր սպառնալիքը կարող է ներկայացնել իր համար, եւ թող տեսնեն, թէ ինչպէս չի հակազդում որեւէ դէպքում Հայաստանի շահերի հետ կապուած գործողութիւնների դէպքերում։ Ատրպէյճանի սանձարձակութիւնը կապուած է պատասխան չտեսնելու հետ։ Նրանց գործողութիւններից չպէտք է զարմանանք մենք, նոյնիսկ պէտք է դադարենք զարմանալ հայկական կողմի գործողութիւններ չանելու համար», ասաց նա։

Պատգամաւորը նշեց, թէ ինչ պայմանաւորուածութիւնների մասին է խօսում Փաշինեանը մենք բոլորով պէտք է իրեն հարցնենք․

«Որովհետեւ իրենից բացի որեւէ մէկը տեղեակ չէ, թէ ինչ են բանակցում կամ պայմանաւորւում, բայց տեսնում ենք դրա արդիւնքները եւ կարող ենք կասկածներ ունենալ, որ կարո՞ղ է հենց դա էլ պայմանաւորւում են, որ Փաշինեանի իշխանութեանը որեւէ վտանգ չսպառնայ եւ այսպէս հոգեբանական ճնշում բանեցնեն հասարակութեան նկատմամբ եւ առանց որեւէ թղթի ստորագրման կամ գաղտնի պայմանաւորուածութեամբ տան, ինչ պահանջում է Ատրպէյճանը։ Մենք տեսել ենք Գորիս-Կապան ճանապարհը, որեւէ մէկս ապահովագրուած չէ, որ նոյն պայմանաւորուածութիւնը չկայ Սոթքի, Վարդենիսի, Տաւուշի գիւղերի նկատմամբ։ Ես մի բան կարող եմ ասել, որ Փաշինեանն ինչ էլ պայմանաւորուի եւ խօսք տայ՝ դրանք անվաւեր են, որովհետեւ դրանք բոլորը ձեռք են բերւում ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման պարագայում, այնպէս որ այս պայմանաւորուածութիւնները չեն կարող որոշել մեր ճակատագիրը, խնդիրը դիմադրութիւն կազմակերպելն է», ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հարց ուղղեց, արդեօ՞ք մեր հասարակութիւնը տեղեակ է, որ Երեւանից Պաքու օդային բեռնափոխադրումների ճանապարհը բաց է հենց հիմա․ «Իսկ ո՞վ գիտի՝ ինչ են փոխադրում այդ ճանապարհով։ Կարո՞ղ է զէնք են տեղափոխում, որը հենց այսօր, վաղը կրակելու է Սոթքի ուղղութեամբ։ էլ ի՞նչ դրուագներով ցոյց տանք համագործակցութիւնն իրենց։ Ինչպէս է ստացւում, որ իրենք այդքան ապաշնորհ են երկիրը պաշտպանելուց եւ այդքան շնորհալի եւ կամակերպուած են իրենք իրենց պաշտպանելուց։ Ես բացառում եմ տեղեակ չլինելու տարբերակը։ Նրանք ոչ միայն տեղեակ են, այլ նաեւ համագործակցում են Ատրպէյճանի հետ», ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ատրպէյճանական կողմը Սոթքն ու Վարդենիսը այլ տեղանուններով է ներկայացնում, պատգամաւորը նշեց, որ Ատրպէյճանի գործողութիւններում որեւէ բան թաքուն չէ․

«Նայէք քարտէզները որոնք իրենք տարածում են։ Նրանց ուզածը Հայաստանն է։ Իրենց նպատակն է Հայաստանի համար ստատեգիական նշանակութեան ռեսուրսներին տիրանալը, դրանք ե՛ւ հանքերն են, ե՛ւ ջրային ռեսուրսներն են, ե՛ւ ստրատեգիական ճանապարների վերհսկողութեան հաստատումն է։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անուան տակ Հայաստանն ընկնում է ամբողջական շրջափակման ներքոյ։ Ատրպէյճանն այնպիսի տարածքներ է ուզում, որոնց տիրապետելով ինքը վերահսկողութիւն է սահմանում Երեւանից դէպի հարաւ եւ հիւսիս միջպետական մայրուղիների վրայ եւ ի հարկէ Հայաստանի ընդհանուր առմամբ սուբեկտայնութիւնն է, այսինքն հայկական պետականութեան գոյութիւնը հարցականի տակ դնելը, դրա համար էլ պահանջում է ատրպէյճանցիների բնակեցում Հայաստանի տարբեր վայրերում, որպէսզի կարճաժամկէտ հեռանկարում իրենք գործօն դառնան Հայաստանի ներսում։ Ատրպէյճանը երբեք չի թաքցրել իր պահանջները։ Հայկական կողմն է, որ 30 տարի կարողացել է դիմագրաւել, հիմա չունենք հայկական շահերը պաշտպանող իշխանութիւն, դրա համար Հայաստանի դարպասները ներսից եւ դրսից բացուել են Ատրպէյճանին եւ Թուրքիայի համար։ Թուրքիան է որոշում՝ Հայաստանում ինչ արձան դրուի, կամ չդրուի, Ատրպէյճանն էլ որոշում է, որ վանքը, որ գիւղը իրենը պէտք է լինի, սա է պատկերը», ասաց նա։

Լ․Ա․

Comments are closed.