Ատրպէյճանը շարունակելու է ոչնչացնել հայկական յուշարձանները, սակայն անհրաժեշտ է նաեւ ոչնչացման իւրաքանչիւր փաստ ներկայացնել միջազգային կառոյցներում. Րաֆֆի Քորթոշեան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ օրերս լոյս տեսաւ «Արցախ. Վտանգուած ժառանգութիւն» եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորը, որը ամբողջացնում է Արցախի վտանգուած ժառանգութեան պատկերը։ Ժառանգութիւն, որն այսօր Ատրպէյճանի կողմից ենթարկւում է մշակութային ցեղասպանութեան։

Պատկերագրքի կազմող Րաֆֆի Քորթոշեանի հետ մեր զրոյցը` ստորեւ.

– Ձեզ համար այս պատկերագիրքը աւելի շատ փաստագրութի՞ւն է, թէ՞ դիմադրութեան մշակութային ձեւ։

– Անհերքելի է այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի ինքնորոշման իրաւունքի դէմ Ատրպէյճանի Հանրապետութեան սանձազերծած եւ էթնիկ զտումներով զուգակցուող պատերազմները (1991-1994, 2016, 2020, 2023 թթ.) նաեւ մեր մշակոյթի դէմ են, որոնք ուղեկցւում են մշակութային ցեղասպանութեամբ: Առկայ են հսկայածաւալ փաստեր, որոնք վկայում են, որ 1991 թուականից առ այսօր Ատրպէյճանի իրարայաջորդ իշխանութիւնները հայկական յուշարձանների (յատկապէս՝ պաշտամունքային եւ գերեզմանական) ոչնչացման քաղաքականութիւն են վարում։ Ցաւօք, հայկական յուշարձանների ոչնչացման ատրպէյճանական քաղաքականութիւնը նոր թափ է ստացել 2020 թ. Սեպտեմբերի 27-ին սանձազերծուած 44-օրեայ պատերազմից եւ 2023 թ. էթնիկ զտումներից յետոյ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) այն տարածքներում, որոնք անցան Ատրպէյճանի վերահսկողութեան ներքոյ։

Նկատի ունենալով վերոնշեալները` այս պատկերագրքի երկու մասերի հրատարակման նպատակը փաստագրումն ու դիմադրութիւնն է։ Միջազգային հանրութեանը ներկայացնելով Արցախի վտանգուած պատմամշակութային ժառանգութեան լաւագոյն նմոյշները՝ փորձում ենք դրանք պաշտպանել ահագնացող ոչնչացման վտանգից:

Ի դժբախտութիւն հայ ժողովրդի եւ համամարդկային արժէքներին հաւատարիմ քաղաքակիրթ հասարակութիւնների` Ատրպէյճանը շարունակում է պղծել եւ ոչնչացնել հայկական ժառանգութիւնը։

Արդէն պարզ է, որ մի շարք յուշարձաններ, որոնց վտանգուած լինելն ահազանգել էինք պատկերագրքի առաջին մասում, հիմնայատակ ոչնչացուել են 2023-2024 թթ.:

– Մշակութային ժառանգութիւնը թիրախ դարձնելով` ի՞նչ է Ատրպէյճանն իրականում փորձում ջնջել ՝ յուշարձա՞նն ու եկեղեցի՞ն, թէ՞ պատմական յիշողութիւնը։

– Ատրպէյճանի Խորհրդային Հանրապետութեան ղեկավարութիւնն իր գոյութեան առաջին իսկ տարիներից անարդար դիրքորոշում է ցուցաբերել հայկական քրիստոնէական յուշարձանների նկատմամբ: Դրա հետեւանքով 1920-1940-ական թուականներին, երբ աթէիստական գաղափարախօսութիւնը տարածուեց ողջ ԽՍՀՄ-ում, ոչ մի մզկիթ չաւերուեց Ատրպէյճանում, մինչդեռ բազմաթիւ միջնադարեան հայկական եկեղեցիներ ու վանքեր ոչնչացուեցին:

1950-1960-ական թուականներին, երբ խորհրդային իշխանութիւնները վերջ դրեցին կրօնական յուշարձանների դէմ պայքարին, Ատրպէյճանում շարունակուեց միջնադարեան հայկական քրիստոնէական յուշարձանների զանգուածային ոչնչացումը։ Ատրպէյճանի Խորհրդային Հանրապետութիւնում հայկական յուշարձանների ոչնչացման պետական քաղաքականութեան իրականացումը չդադարեց, ոչ էլ նուազեց 1960-ականներից յետոյ, երբ յանկարծ Ատրպէյճանի որոշ ճարտարապետների եւ պատմաբանների կողմից մինչեւ 20-րդ դարը կառուցուած բազմաթիւ հայկական յուշարձաններ, այդ թուում՝ Նախիջեւանում, միտումնաւոր պիտակաւորուեցին որպէս «կովկասեան ալպանական» :

Երբ 1991 թուականին Ատրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը, հայկական մշակութային հետքի ջնջումը շարունակուեց աւելի մեծ մասշտապով։ Կարեւոր է նշել, որ նոյնիսկ այն հայկական յուշարձանները, որոնք գտնւում էին ակտիւ ռազմական գօտիներից հեռու, լուրջ վնասներ են կրել կամ էլ` ամբողջութեամբ աւերուել։

Հարկ է նշել նաեւ, որ այդ գործընթացը չդադարեցին անգամ 1994 թուականի զինադադարից յետոյ։ Ոչնչացման քաղաքականութիւնն այսօր իրականացւում է 2020 եւ 2023 թուականների պատերազմներից յետոյ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ գտնուող Արցախի տարածքներում: Այստեղ պէտք է նշել, որ Ատրպէյճանում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման վկայութիւնները ճնշող են եւ յուշում են պետութեան կողմից միտումնաւոր քաղաքականութիւն վարելու մասին։ Այդ քաղաքականութիւնը միանգամայն նման է 1923 թուականից ի վեր Թուրքիայի Հանրապետութիւնում հայկական մշակութային ժառանգութեան հետ կապուած քաղաքականութեանը։ Այս ամէնը յուշում է, որ Ատրպէյճանը փորձում է էթնիկ զտումներով բռնագաղթի ենթարկուած արցախցու կապը խզել իր պատմական բնօրրանի հետ, ջնջել մեր ինքնութիւնը եւ պատմական յիշողութիւնը:

– Որքանո՞վ էր դժուար փաստերի հաւաքագրումն ու համակարգումը մի պայմաններում, երբ Արցախի մշակութային ժառանգութիւնը ոչ միայն վտանգուած, այլեւ ֆիզիքապէս անհասանելի է դարձել։

– Մեր կազմակերպութիւնը Արցախի յուշարձաններն ուսումնասիրում է արդէն 45 տարի, որի շնորհիւ ունենք հսկայական արխիւ՝ լուսանկարներ, չափագրութիւններ, տեսահոլովակներ եւ այլ նիւթեր: Այլեւս դաշտային ուսումնասիրութեան միջոցով նոր նիւթեր հնարաւոր չէ հայթայթել: Մեզ մնում է.

1. գիտական հրապարակումներով հանրահռչակել Արցախի պատմական յուշարձանների խնդիրը:

2. հետեւել ատրպէյճանցիների` հայկական յուշարձանների աւերման կամ պղծման հրապարակումներին եւ ահազանգել:

Ձեր գնահատմամբ՝ նման փաստագրական գրքերը կարո՞ղ են գործնական ազդեցութիւն ունենալ միջազգային իրաւական կամ դիւանագիտական գործընթացների վրայ։

– Մենք պէտք է գիտակցենք, որ Ատրպէյճանը շարունակելու է ոչնչացնել հայկական յուշարձանները, սակայն անհրաժեշտ է նաեւ ոչնչացման իւրաքանչիւր փաստ ներկայացնել միջազգային համապատասխան կառոյցներում` հնարաւոր չափով դանդաղեցնելու Ատրպէյճանի մշակութակործան գործողութիւնները: Այստեղ կարեւոր է 2021-ի Դեկտեմբերի 7-ի Հաագայի դատարանի որոշումը, որը Ատրպէյճանին պարտաւորեցրեց ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի դրսեւորումները «հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ, ներառեալ` պաշտամունքի վայրերի, յուշարձանների, գերեզմանոցների եւ այլն»։ Հետեւաբար, պէտք է օգտուել դատարանի կողմից մեզ տրուած իրաւունքից եւ Ատրպէյճանի իւրաքանչիւր վանդալական գործողութիւն դիտարկելով որպէս քաղաքակիրթ մարդկութեան դէմ ուղղուած ոճիր` ներկայացնել միջազգային ատեաններ։

Զրուցեց` Հերմինէ Աւագեանը