Ատրպէյճանը նման յայտարարութիւններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարուածելու համար. Արթուր Խաչատրեան

«Առաւօտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

– Պարոն Խաչատրեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ «Արցախը ճանաչում է Ատրպէյճանի մաս», բայց միւս կողմից 44-օրեայ պատերազմի դրուագներով քրէական գործեր են յարուցւում բարձրաստիճան զինուորականների նկատմամբ։ Մասնաւորապէս, կալանքի տակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանը, կալանաւորուեց ԶՈւ Գլխաւոր շտապի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրեանը, ում Հայաստանի ազգային հերոսի կոչում էր շնորհուել։ Ինչպէ՞ս էք գնահատում այս գործընթացները։
– Փաշինեանը պատրաստ կը լինի ճանաչել ցանկացած բան կամ պաշտել ցանկացած սատանայի, որպէսզի պահի իր աթոռը։ Հիմա ինքը հասկանում է, որ իր կառավարութեան գոյութիւնը կախուած է բացառապէս Ալիեւի բարեհաճութիւնից։ Որպէսզի մերկապարանոց չհնչի, հիմնաւորեմ․ ինքը 2021 թուականից յետոյ խօսում է այն մասին, որ «խաղաղութիւն է բերելու»։ Եւ ինքը պատրաստ է ցանկացած զիջման գնալ, որպէսզի ստանայ մի թղթի կտոր, որի վրայ գրուած կը լինի «խաղաղութիւն» բառը, անկախ նրանից, որ դա կը լինի նուաստացուցիչ կապիտուլիացիա։ Դրա համար ինքը պատրաստ է Ալիեւին ցանկացած զիջում անել։ Այսինքն՝ Փաշինեանի խօսքերի ու գործերի մէջ սկզբունքայնութիւն գտնելն աւելի դժուար է, քան դէզի մէջ ասեղ գտնելը։ Ինչ վերաբերում է Տիրան խաչատրեանի եւ միւս զինուորականների նկատմամբ յարուցուած քրէական գործերին, երբ երկու օր առաջ առաւօտեան Փաշինեանը սկսեց փիլիսոփայել հերոսութեան մասին, ակնյայտ էր, որ դա ինքը դա անում է գիտակցաբար եւ փորձ է անում վարկաբեկել մեր հերոսութիւնը։ Այդ փորձերն ինքն էլի է արել, օրինակ, Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին համեմատել է կենցաղային հարկատուների հետ։ Եւ հիմա պարզ է, որ իր սլաքը պէտք է ուղղէր հերոսական անցեալ ունեցող, հերոսական կեանքով ապրող գեներալ Տիրան Խաչատրեանի դէմ։ Երբ ասում ենք՝ լաւ, դու Տիրան Խաչատրեանին հերոսի կոչում ես շնորհել մի բանի համար, որի համար այսօր մեղադրում ես, ինքը առիթ է ստեղծում, որ այդ հարցը տրուի, որպէսզի ասի՝ ես ի՞նչ անեմ, զինուորականներն ինձ խաբեցին։ Սա է՝ մի կողմից վարկաբեկել հերոսութիւնը, զինուորականութիւնը, վարկաբեկել հայրենիքին ծառայութիւն, միւս կողմից, բոլորին մեղաւոր կարգել, իրեն անմեղ համարել։

– Այսինքն՝ Փաշինեանը սրանով նաեւ ֆոն է ստեղծում, որ պատերազմի, պարտութեան, մնացած զիջումների համար մեղաւոր են բոլորը, բացի իրենի՞ց։
– Ի հարկէ։ Այսինքն՝ երկրի գերագոյն գլխաւոր հրամանատարն ասում է՝ ես ի՞նչ անեմ, մեղք չունեմ, ինձ խաբել են։ Եթէ քեզ խաբել են, եթէ դու սխալուել էիր, եթէ մոլորուել էիր, եթէ չէիր հասկացել, ուրեմն այն մարդը, որն այդքան հեշտ խաբւում է, սխալւում է, այդքան հեշտ մոլորւում է, չէր հասկանում ու հիմա էլ չի հասկանում, ինքը ռիսկ է երկրի համար։ Եւ այդպիսի մարդը իրաւունք չունի լինել երկրի գլխին, իրաւունք չունի ղեկավարել երկիրը, այն էլ այս խառը ու դժնդակ պայմաններում։ Ես նկատի ունեմ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային անորոշութիւնները։

– Ատրպէյճանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատուութիւնն է տարածել, թէ հայկական ԶՈւ-ն իբր «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղութեամբ։ Այսինքն՝ լարուածութիւնը պահպանւո՞ւմ է, չնայած Փաշինեանը հասարակութեանը հաւատացնում էր, թէ հնարաւոր է Ատրպէյճանի հետ խաղաղութիւն ունենալ։
– Ատրպէյճանը նման յայտարարութիւններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարուածելու համար։ Սկզբում Փաշինեանն ասում էր՝ «խաղաղութեան պայմանագրի» նախագծում 16 կէտ կայ, 80 տոկոսը համաձայնեցրել ենք եւ այլն։ Հիմա Ատրպէյճանը դարձրեց 17 կէտ, մենք զգուշացնում էինք՝ ինչքան զիջես, այնքան լրացուցիչ կէտեր կ’աւելանան։ Դրանից բացի, երկու նախապայման է առաջ քաշել Ատրպէյճանը, որոնք ես կասկածում եմ, որ կը դառնան այդ խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթի կէտերից մէկը։ Օրինակ՝ համագործակցութիւն Ատրպէյճանի դատախազութեան հետ։ Իրենք ասելու են՝ «յանցագործ» եղել են ոչ միայն գեներալներ Դաւիթ Մանուկեանն ու Լեւոն Մնացականեանը, այլ իրենց յանցակիցները հիմա Երեւանում են։ Եւ Ատրպէյճանը Հայաստանից պահանջելու է արտայանձնել այն մարդկանց, ում Ալիեւը կը մատնանշի։ Որպէսզի պահի իր իշխանութիւնը, Փաշինեանը պատրաստ է դա անել, իսկ Ալիեւը հող է նախապատրաստում, ասում է՝ չտաս, կը խփեմ։ Մանաւանդ, որ ինքը ֆոն է նախապատրաստում, թէ հայերն են իբր «խախտել հրադադարը»։ Թէ՛ 2016 թուականի, թէ՛ 44-օրեայ պատերազմներից առաջ իրենք սկսում են քարոզչական գրոհով, թէ «հայերը յարձակուել են», իրենք հակահարուած են տուել։ Յետոյ իրենք արդէն խոստովանում են, որ Ատրպէյճանը վաղուց էր բլանաւորուել յարձակուել, Թուրքիան է մասնակցել պատերազմին։ Ի դէպ, մի բարատոքս կայ, Փաշինեանը պատրաստւում է Թուրքիայի ու Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները բարելաւել, երկու երկիր, որոնք ցեղասպանութիւն են գործել։ Բարեկամական յարաբերութիւններ ունի Ուքրանիայի հետ, որը 1990-ականների սկզբից Ատրպէյճանին զէնք ու վարձկաններ է մատակարարել, բայց Պելառուսի հետ թշնամանում է։
Ռոզա Յովհաննիսեան

Comments are closed.