Առանց հանրաքուէի եւ ժողովրդի կամքի արտայայտման նոր տարածքներ թշնամուն յանձնելը պետական դաւաճանութիւն է
Փաշինեանը շարունակում է յանձնել Հայաստանի տարածքները եւ ոչ թէ գնում է խաղաղութեան, այլ նոր ականներ է դնում մեր պետականութեան տակ։ Այս մասին Հայոց ցեղասպանութեան տարելիցին նուիրուած աւանդական Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով Տաւուշում սահմանազատման գործնական փուլի մեկնակին եւ սպասուող տարածքային զիջումներին։
«Առանց հանրաքուէի եւ ժողովրդի կամքի արտայայտման նոր տարածքներ թշնամուն յանձնելը պետական դաւաճանութիւն է», նշեց նա։
Ըստ Սաղաթէլեանի՝ հետագայ զիջումներն ու կորուստները կանխելու միայն մէկ տարբերակ կայ՝ համահայաստանեան ընդվզումը։
«Հակազդեցութիւն կայ, բայց դրա բաւարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպէսզի կանխենք այս շղթան, յոյս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տաւուշում, առաջիկայ օրերին կը դառնայ համաժողովրդական։ Այս ամէնը կանխելու տարբերակը մէկն է՝ համահայաստանեան եւ համահայկական դիմադրութիւն լինի միակողմանի զիջումներին եւ վերածուի դաւաճան ու հակահայ իշխանութիւններից ազատուելու գործընթացի։ Երկու տարի առաջ այս նոյն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարի, ցաւօք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի յանձնումների շղթան սրանով չի սկսուել եւ սրանով չի աւարտուելու։ Երկիրը փրկելու շանս կայ՝ սրանց հեռացնելով», ասաց Սաղաթէլեանը։
Comments are closed.