Աշխարհում գէթ մէկ հայ չկայ, որ կասկածի տակ կը դնի Հայոց ցեղասպանութիւնը՝ բացառութեամբ Փաշինեանի ու իր գործընկերների
- (0)

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը Alpha News-ի հետ զրոյցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի սկանդալային յայտարարութիւնները:
«Փաշինեանը գրեթէ 7 տարի ճիգեր է գործադրում տկարացնելու հայկական կողմին: Սա անհասկանալի է եւ պէտք է ասել, որ ինքը դա անում է փայլուն ձեւով՝ Հայաստանը, Սփիւռքը տկարացնելով այնպէս, ինչպէս արեց Արցախի դեպքում»,- ասել է Փափազեանը ու յիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարեանն էր այդպիսի յայտարարութիւններ արել՝ կասկածի տակ առնելով 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգութիւնը:
«Յիշու՞մ էք՝ մի որոշ ժամանակ առաջ Անդրանիկ Քոչարեանը յայտարարեց, որ «մենք պէտք է հաշուենք զոհերի թիւը, կարող է 1,5 միլիոնից աւելի շատ է կամ քիչ»: Սա նշան էր, որ հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանութիւնը: Սա համաձայնեցուած քաղաքականութիւն է Էրտողանի հետ, ինչպէս Արցախի հարցն էր համաձայնեցուած Ալիեւի հետ»,- ընդգծել է Մուրատ Փափազեանը:
Նա այս ամէն ինչին յաւելել է նաեւ Սահմանադրութեան ու Անկախութեան հռչակագրի հարցերը, որոնց փոփոխութեան մասին խօսում են միայն Ալիեւը, Էրտողանը, ապա նրանց յաջորդում է Փաշինեանը: Փափազեանի խօսքով՝ ամբողջ աշխարհում բացի Փաշինեանից ուրիշ հայ չկայ, որ կասկածի տակ կարող է դնել Հայոց ցեղասպանութիւնը:
«Այս ընդհանուր յայտարարութիւններին կարող ենք աւելացնել նաեւ Սահմանադրութեան հարցը: Փաշինեանն ուզում է փոփոխութիւններ մտցնել Սահմանադրութեան մէջ: Երբ Փաշինեանը հարցականի տակ է դնում ու քննադատում Անկախութեան հռչակագիրը, երբ տեսնում ենք, որ Փաշինեանը չի պաշտպանում Հայաստանի սահմանները՝ 2021-ից ի վեր, Հայաստանի ինքնիշխան տարածքից ունենք օկուպացուած տարածքներ ու երբ տեսնում ենք, որ Փաշինեանը փորձում է տկարացնել հայկական Սփիւռքը, եզրակացնում ենք, որ հենց դա է իր առաքելութիւնը: Աշխարհում գէթ մէկ հայ չկայ, որ հարցականի տակ կը դնի Հայոց ցեղասպանութիւնը, չկայ, չէք կարող գտնել այդպիսի մէկին՝ բացառութեամբ Փաշինեանի ու իր գործընկերների»,- եզրափակել է Մուրատ Փափազեանը: