Աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրութիւն եւ ի պաշտպանութիւն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի. Իշխան Սաղաթէլեան

Մատրի 3-ին Նոր Ջուղայում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 133-ամեակին նուիրուած հանդիսաւոր տօնակատարութիւնը, որին ներկայ էին Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի հոգեւորական դասի եւ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, մի շարք այլ հրաւիրեալներ: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելոյթի տեսանիւթն ու բնագիրը`ամբողջութեամբ:

Գերաշնորհ Սրբազան Հայր, ազգային իշխանութիւնների յարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ.

Այսօր մենք Նոր Ջուղայում նշում ենք ՀՅԴ հիմնադրման 133-րդ ամեակը։

1890 թուականին հիմք դրուեց մի կազմակերպութեան, որին վճռորոշ դեր էր վիճակուած կատարել հայ ժողովրդի պատմութեան մէջ։ Դաշնակցութեան պատմութիւնը անհնար է տարանջատել մեր ժողովրդի պատմութիւնից։ Պայքարի ու անմնացորդ նուիրումի 100 եւ 33 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին ծառայելու իր առաքելութեանը։

Երկար կարելի էր խօսել մեր անցած պատմութեան, մեր ձեռքբերումների, հայ ժողովրդի կեանքում ՀՅԴ ունեցած դերակատարութեան մասին։

Սակայն այսօր մեր ժողովուրդը, որին մենք միաձուլել ենք սեփական ճակատագիրը, դիմագրաւում է ծանր մարտահրաւէրներ։ Մեր հայերնիքը, որի ազատագրութեան դատին ծառայելու երդում ենք տուել մենք, ենթարկւում է թշնամական յարձակումների։ Այս ծանր մարտահրաւէրների պայմաններում մեզ անհրաժեշտ է յոյս եւ ուժ։ Անհրաժեշտ է, որ միասնական կամքով մենք վերահաստատենք ՀՅԴ ծրագրում եւ կանոնագրում ամրագրուած արժէքներին եւ սկզբունքներին մեր հաւատարմութիւնը։

Ուստի սիրելի հայրենակիցներ, ես այսօր ցանկանում եմ խօսել Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակից եւ մեր անելիքներից։

Սիրելի հայրենակիցներ.

2020 թ․ պատերազմից յետոյ փոխուել է տրամաբանութիւնը, որով մինչեւ այդ, շուրջ 30 տարի ապրել եւ արարել է մեր ժողովուրդը։

Մինչեւ 2020 թ․ մենք թշնամուն յաղթած, ազգային արժանապատուութիւնը վերականգնած, անցեալ ունեցող, բայց վստահ ապագային նայող ժողովուրդ էինք, որ աշխարհին էինք ներկայանում զոյգ հայկական պետութիւններով եւ մեզ մի քայլ աւելի մօտ էինք զգում մեր համազգային երազանքների իրականացմանը։

Հայաստանում թշնամական ուժերի շահերը սպասարկողների իշխանութեան գալով փոխուեց մեր ճակատագիրը, մեր երկրի դարպասները թշնամու առջեւ լայն բացուեցին հենց երկրի ներսից եւ շատ կարճ ժամանակահատուածում մենք յաղթանակած, սեփական անվտանգութիւնը պաշտպանել կարողացող պետութիւնից վերածուեցինք պարտուած երկրի։

Ծանր պարտութիւնից յետոյ մեր թշնամիներն աւելի սանձարձակ դարձան, նրանց պահանջները գնալով աւելանում են, իսկ մեր դիմադրողականութիւնը հետեւողաբար թուլացւում է Հայաստանում իշխանութիւնը զաւթածների կողմից։

Եւ այսօր մենք եկել հասել ենք մի հանգրուանի, որտեղ ծանր եւ ճակատագրական ընտրութիւն պէտք է կատարենք։ Մենք պէտք է ընտրենք պետութիւնից հրաժարուելու, կամ ամէն գնով մեր այդքան երազած պետականութիւնը պահպանելու, հայրենիքը վաճառելու, կամ այն ունենալու բախտին արժանանալու, ծնկած ապրելու, կամ ոտքի կանգնելու, յանձնուելու կամ պայքարելու միջեւ։

Եւ հենց այստեղ է Դաշնակցութեան եւ օրուայ իշխանութեան հակադրութեան բուն պատճառն ու էութիւնը։

Մեր եւ Հայաստանում այսօր իշխանութեան գտնուողների հակադրութիւնը պայմանաւորուած է ոչ թէ անձնական հակակրանքով, այլ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, Սփիւռքի ներկային ու ապագային վերաբերող տեսլականներով:

Ըստ էութեան սա պայքար է երկու տեսակների միջեւ. մարդկանց ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետութիւն, հայրենիք, ապրել արժանապատիւ եւ մարդկանց, ովքեր առանց դրա էլ եոլայ կը գնան: Եւ այստեղ մենք գտնւում ենք պայքարի տարբեր բարիկադներում։

Սիրելի հայրենակիցներ.

Մեր թշնամիները մեզ առաջարկում են յանձնուել իրենց գթասրտութեանը, մեր ճակատագիրը դնել մեզ ցեղասպանած պետութիւնների սեղանին եւ հրաժարուել մեր երազանքներից։

Հայաստանում իշանութեան գտնուողները մեզ համոզում են, որ միայն թշնամական այս կամքը կատարելով է հնարաւոր շարունակել գոյութիւնը։

Եւ հենց այստեղ է, որ բոլորի հայեացքը յառում է մեզ՝ Արցախում, Հայաստանում, Սփիւռքում ապրող հայերիս։ Մենք է, որ պէտք է պատասխանենք, արդեօք պատրաստւում ենք յանձնուել թշնամիների գթասրտութեանը, թէ ուժ ենք գտնում շարունակելու մեր արդար պայքարը:

Նախքան այս հարցին պատասխանելը սակայն շատ կարեւոր եմ համարում անդրաառնալ երկու հանգամանքի.

Մեզ կենասական զիջումներ պարտադրելու համար մեր թշնամիները համոզում են, որ մենք սպառել ենք մեր բոլոր ուժերը, որ չունենք այլեւս որեւէ ուժ եւ հնարաւորութիւն ինքներս մեզ պաշտպանելու համար։

Սիրելի հայրենակիցներ, բոլոր այդպէս ասողները ստում են։ Մեր համազգային կարեւորագոյն ուժը մշտապէս եղել է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ապահովման մէջ։ Այն ժամանակ երբ մենք կարողացել ենք ապահովել այս եռամիասնութիւնը, ստացել ենք ուժ դիմագրաւելու բոլոր մարտահրաւէրներին։

Երբ թշնամիներին յաջողուել է պառակտել մեզ, մեզ զրկել մեր ուժի աղբիւրից, մենք նահանջել եւ ընկրկել ենք։

Ուրեմն մեր ուժի աղբիւրը պարզ է, դա մեր միասնականութիւնն է։ Միասնականութիւն ոչ թէ անձերի, այլ հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ։

Արցախում այսօր 120000 մարդ չի յանձնւում եւ շարունակում է պայքարը, դա հսկայական ուժի աղբիւր է:

Հայաստանում միլիոնաւոր մարդիկ դէմ են Արցախի յանձնմանը, իսկ տասնեակ հազարաւորները դուրս են գալիս փողոցներ եւ հրապարակներ իրենց ապրելու իրաւունքը պաշտպանելու համար։ Սա եւս ուժի հսկայական աղբիւր է։

Եւ վերջապէս սփիւռքում հազարաւոր հայեր ամէն կերպ իրենց զօրակցութիւնն են յայտնում մայր հայրենիքին, պատրաստ են անել ամէն ինչ, անհնարին թուացողը հնարաւոր դարձնելու համար։ Սա ուժի եւս մէկ աղբիւր է։

Մէկտեղելով մեր ուժերը մենք ոչ միայն կարող ենք դիմագրաւել թշնամական հարուածներին, այլեւ կարող ենք նորից վերածնուել, ինչպէս դա արել ենք մեր հազարամեակներ ձգուող պատմութեան ընթացքոմ բազմաթիւ անգամներ։

Երկրորդ հանգամանքը, որին եւս ցանկանում եմ անդրադառանալ մեր մենակ չլինելու փաստն է։ Այստեղ էլ թշնամական ուժերը դարձեալ փորձում են մեզ համոզել, որ մենք մենակ ենք հսկայական ուժերի դէմ, որ չունենք դաշնակիցներ։ Նրանք այս հարցում եւս ստում են։

Տարածաշրջանն ապակայունացնող պետութիւնները եւ ուժերը այս պատերազմը միայն Հայաստանի դէմ չէ, որ վարում են։

Իրականում մենք մասն ենք աւելի մեծ կռուի, արժէքային աւելի մեծ բախման։ Սա բախում է ինքնութիւնը պահպանել ցանկացողների եւ ցանկացած իւրայատկութիւն ոչնչացնողների, հաւաքականութիւնը պաշտպանողների եւ անհատին կուռք դարձնողների միջեւ։ Այս բախման մէջ մենք միայնակ չենք, մենք ունենք դաշնակիցներ որոնց հետ մեր ստրատեգիական շահերը համընկնում են եւ որոնց հետ համագործակցութեան լայն դաշտ ունենք։

Ասածիս վկայութիւնն է յատկապէս վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետութեան յայտարարութիւնները եւ գործողութիւնները, որոնք միանշանակ դրական եւ կարեւոր ազդեցութիւն են ունեցել տարածաշրջանն ապակայունացնել փորձող ուժերի զսպման գործում։

Յետեւապէս վերականգնելով մեր ուժի աղբիւրը, ամրապնդելով մեր յարաբերութիւնները դաշնակիցների հետ, մենք կարող ենք ոչ միայն դիմագրաւել թշնամիներին, այլեւ արժէքաւոր դերակատարութիւն ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան հաստատման գործում։

Ուրեմն ուժեղ եւ միասնական հայ ժողովուրդ ունենալով շահագրգռուած են Հայաստանի բոլոր դաշնակիցները, թոյլ, պարտուած եւ ամբողջութեամբ կախման մէջ գտնուող Հայաստան ցանկանում են տեսնել մեր թշնամիները։ Եւ հենց այստեղ է, որ մենք պէտք է կատարենք մեր բախտորոշ ընտրութիւնը։

Սիրելի հայրենակիցներ.

Աշխարհում հեշտ ճանապարհներ եւ կախարդական փայտիկներ խոստացող պոպուլիստների յաղթարշաւ է։ Բայց որքան էլ գայթակղիչ լինի այդ ճանապարհը, ես չեմ կարող ազնիւ չլինել ձեր հետ։ Մենք հեշտ լուծումներ չունենք, մեզ հեշտ ճանապարհներ չեն սպասւում։ Ցանկացած ընտրութեան դէպքում մենք ծանր գին ենք վճարելու։

Մի դէպքում մեզ սպասւում է Արցախի հայաթափում եւ Հայաստանի պետականութեան կորստի իրական վտանգ, միւս դէպքում՝ դժուարին եւ արժանապատիւ պայքար, որը պէտք է ապահովի մեր ազգի յարատեւութիւնը։

Եւ հենց այստեղ է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, կրկին, ինչպէս շատ անգամներ, պէտք է ունենայ իր վճռորոշ դերակատարութիւնը։

Եթէ մեր ժողովուրդը յուսահատւում եւ տատանւում է, ուրեմն մենք պէտք է լոյսի եւ յոյսի ճրագ դառնանք նրա համար։

Եթէ մեր ժողովուրդը նետւում է մարտի, ուրեմն մենք պէտք է լինենք նրա առաջնորդողը։

Եթէ մեր ժողովուրդը շարժւում է դէպի անդունդ, ուրեմն մենք պէտք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը։

Հենց սա է եղել մեր պատմական առաքելութիւնը, սա է մեր խնդիրը նաեւ այսօր։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հաւատալու, մեր ինքնավստահութիւնը նորոգելու, մեր միասնութիւնը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրայ։ Մտածում են, որ այս ամէնը մեծ տէրութիւնների խաղ է, որի վրայ ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպէս չէ: Մենք պէտք է ապացուցենք, որ իրադրութեան տէրը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը եւ մենք ժողովրդին պէտք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփիւռքում աւելի լայն թափով նոր մօտեցումներով պէտք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասուող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը եւ ՀՀ իշխանութիւնները նոյնը չեն, ՀՀ իշխանութիւնները Հայաստան չեն, հետեւաբար Հայաստանից պէտք չէ հիասթափուել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփիւռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգեւոր համայնքը, պահանջատէր երիտասարդութիւնը պարտաւոր են հայոց պետականութեան անկումը կասեցնելու եւ Հայ ժողովրդի արժանապատուութիւնը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի յանուն Արցախի, յանուն Հայաստանի։

Եւ չնայած աղէտալի պարտութեանը, մեծ կորուստներին եւ ցաւին, միեւնոյնն է, սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսներին լինելով Հայաստանում, Արցախում, Սփիւռքի տարբեր համայնքներում, վստահաբար կարող եմ ասել․ մեր բազմաթիւ հայրենակիցների աչքերի մէջ ես տեսել եմ պայքարի կրակ, յաղթանակի ոգի եւ սեփական ճակատագիրը կռուով որոշելու կամք։

Հենց այդ կամքն ու ոգին էլ պէտք է առաջիկայում դառնան մեր ժողովրդի շարժիչ ուժը։

Դաշնակցութիւնը յարատեւ պայքարի կուսակցութիւն է։

Դաշնակցականները պայքարի համար զինուորագրուած եւ պայքարով ապրող տեսակ են։

Մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը՝ ի բարօրութիւն եւ ի պաշտպանութիւն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։

Կեցցէ՛ Հայաստանը,

Կեցցէ՛ Արցախը,

Կեցցէ՛ Հայ ժողովուրդը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.