Անհրաժե՞շտ է արդեօք սփիւռքի նախարարութիւնը

– Նախ և առաջ, յունուարին պէտք է գումարուէր խորհրդարանի նիստը, ընտրուէր վարչապետը, ՀՀ Սահմանադրութեան 150-րդ յօդուածի պահանջներով վարչապետը նախագահի հաստատմանը ներկայացներ կառավարութեան նոր կազմը, և այս փուլում է, որ պէտք է կրճատուէին կամ վերակազմաւորուէին նսխարարութիւնները: Այստեղ պարզորոշ է, որ նախարարի պաշտօնակատարն այսքան շտապ հրաժեշտ տալով իր աշխատակիցներին, առաջնորդուել է ոչ թէ սահմանադրութեամբ, այլ` սեփական կուսակցութեան գրասենեակի որոշմամբ:

– Փաշինեանի իշխանութիւնը լայնատարած կրճատումների գործընթացը սկսում է սոցիալական անորոշութեան, սպասուելիք թանկացումների, այլընտրանքային աշխատատեղերի լիակատար բացակայութեան պայմաններում: Կրճատուող նախարարութիւնների աշխատակիցների զանգուածային դժգոհութիւնները ՀՀ-ում հաստատուած քաղաքական մենիշխանութեան հաստատման հետևանքների առաջին ծիծեռնակներն են:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Խնդրի ազգային-քաղաքական կողմը

Պատմական իրադարձութիւնների բերումով հայութեան հատուածները տարբեր պատմափուլերում հեռացել են հայրենիքից և հաստատուել ամենուր: 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանութեան ու հայրենազրկման հետևանքով առաւել ստուարացաւ հայոց ներկայութիւնը աշխարհի տարբեր երկրներում: Հայոց պետականութեան բացակայութեան պայմաններում, ինչպէս և խորհրդային իշխանութեան հակասական տարիներին, սփիւռքահայ կեանքը կազմակերպել են հայկական աւանդական կուսակցութիւնները, զանազան միութիւններն ու կրթամշակութային կազմակերպութիւնները:

Այսօր, անխօս, որևէ մէկը չի կարող ժխտել, որ, բացի նշեալ կազմակերպութիւնների ազգանուէր աշխատանքից, պետականութեան գոյութեան պայմաններում անհրաժեշտ է սփիւռքահայ կեանքը կազմակերպող և համակարգող պետական հաստատութիւն, մի կառոյց, որը կը գործէր հայեցակարգային ուղենիշով և իրապէս կը դառնար մի կողմից սփիւռքահայ ներուժը հայրենիքին ծառայեցնող, միւս կողմից` հայրենիքի հոգևոր ներուժը սփիւռքի պահպանմանն ու զարգացմանը մղող լայն հարթակ: Այդպէ՞ս էր, արդեօք, ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն անցած տասը տարիներին: Որքան էլ գնահատելու լինենք նախարար Հ. Յակոբեանի կազմակերպչական մեծ ջիղը, նախարարութեան, նրա տարբեր օղակների կայացման գործում նրա ունեցած ակնյայտ ներդրումը, այդուհանդերձ, պէտք է փաստել, որ այն, անկախ նախարարի կամքից, այդպէս էլ չգործեց վերոնշեալ հայեցակարգի հենքի վրայ` շահագրգիռ տարբեր շրջանակների կողմից շատ անգամներ արժանանալով ծանր քննադատութեան:

ՀՀ նոր իշխանութիւնները, փաստօրէն, գնացին ոչ թէ նշեալ հայեցակարգի մշակման և առաջադրման, այլ նախարարութիւնը վերացնելու և այն արտաքին գործոց նախարարութեան կազմում վարչութեան վերածման ճանապարհով: Ինչ-որ իմաստով տեղի ունեցաւ վերադարձ դեպի խորհրդային շրջան:

Խնդրի իրաւական կողմը

ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Մ. Հայրապետեանն օրերս հանդիպել է նախարարութեան աշխատակիցների հետ և հրաժեշտ տուել: Նախարարի պաշտօնակատարի խօսքերից յայտնի է դարձել, որ ինքը ոչ միայն այլևս չի պատրաստւում Ամանորից յետոյ ձևաւորուելիք կառավարութեան կազմում աշխատել որպէս նախարար (վերջինս նորընտիր խորհրդարանում հանդիսանալու է պատկան յանձնաժողովի նախագահը), այլև աւելին` քննարկւում է սփիւռքի նախարարութեան կրճատման հարցը: Նախարարութեան աշխատակիցները լաւ հասկանալով, որ իրենց հիմնարկութիւնն ապրում է աշխատանքային վերջին տասնօրեակը, արդէն դիմել են բողոքի զանգուածային գործողութիւնների և, յայտարարելով զանգուածային գործադուլ, կրճատուող այլ նախարարութիւնների աշխատակիցների հետ դուրս եկել փողոց:

Այն, որ նախարարութեան կրճատումն ունի որոշակի ընթացակարգ, ոչ-ոքի համար գաղտնիք չէ: Նախ և առաջ, յունուարին պէտք է գումարուէր խորհրդարանի նիստը, ընտրուէր վարչապետը, ՀՀ Սահմանադրութեան 150-րդ յօդուածի պահանջներով վարչապետը նախագահի հաստատմանը ներկայացներ կառավարութեան նոր կազմը, և այս փուլում է, որ պէտք է կրճատուէին կամ վերակազմաւորուէին նսխարարութիւնները: Այստեղ պարզորոշ է, որ նախարարի պաշտօնակատարն այսքան շտապ հրաժեշտ տալով իր աշխատակիցներին, առաջնորդուել է ոչ թէ սահմանադրութեամբ, այլ` սեփական կուսակցութեան գրասենեակի որոշմամբ: Իսկ ինչն այսօր որոշւում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գրասենեակում, բոլորի համար պարզ է, որ շուտով դառնալու է իրականութիւն, և այստեղ նախկինում իշխող ՀՀԿ-ի հետ տարբերութիւնը միայն գրասենեակի հասցէների մէջ է. ՀՀ-ում ոչ միայն չի աւարտուել քաղաքական մենիշխանութեան դարաշրջանը, այլև գնալով ամրապնդվում են վերջինիս հիմքերը:

Իրականում` սփիւռքի նման նախարարութեան գոյութեան նպատակայարմարութեան հարցը, որը հայութեան համար ունի ընդգրկուն նշանակութիւն, պէտք է որոշուէր ոչ թէ իշխող կուսակցութեան գրասենեակում (համեմատիր ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի որոշումների հետ) կամ կառավարական մէկ-երկու փորձագէտների կարծիքի հիման վրայ, այլ հասարակական-քաղաքական և, յատկապէս, սփիւռքի բոլոր շահագրգիռ կազմակերպութիւնների և շրջանակների հետ լայն քննարկումների և լսումների արդիւնքում: Սա նաև պետութիւն-սփիւռք յարաբերութիւնները համակարգող պետական գերատեսչութեան գործունէութեան համար յստակ հայեցակարգի մշակման առիթ կը ծառայէր: Միւս կողմից` հարցը կը նետուէր ոչ թէ փողոց, ինչպէս այս օրերին է դա տեղի ունենում, այլ կ՚արժանանար բովանդակային և մասնագիտական խորը քննարկման:

Հարցի սոցիալական կողմը

Պարզորոշ է, որ Փաշինեանի իշխանութեան կողմից իրականացուող լայնատարած կրճատումներն ու օպտիմալացումները, որոնք իրականացւում են կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման քողի տակ, իրենց խորքում արտացոլում են նաև պետական միջոցների սղութեան կամ բացակայութեան փաստը: Վերջին իրողութիւնն անգամ յայտարարւում է բացէ ի բաց. պետութիւնը միջոցներ չունի: Իրականում այս բեռնաթափումն այնքան էլ անսպասելի չէր հանրութեան համար և դրա մասին խօսակցութիւնները սկսուել էին նախորդ իշխանութիւնների օրոք: Այդուհանդերձ մարդիկ յոյս էին տածում, որ Փաշինեանը չի գնայ կտրուկ քայլերի և կրճատումների այդ քաղաքականութիւնը միս ու արիւն կը ստանայ կոռուպցիայի կրճատմամբ տնտեսուած միջոցների աճին, համատարած ներդրումներին, այլընտրանքային աշխատատեղերի ստեղծմանը, կարճ ասած` տնտեսութեան արագընթաց վերելքին զուգահեռ: Այդ պայմաններում, բնականաբար, պետական ուռճացուած համակարգից անցումը կառավարման արդիւնաւէտ համակարգի կը լինէր անցնցում:

Ամփոփենք.

Ինչպես շատ ոլորտներ, այնպէս էլ սփիւռքի հետ համակարգող գերատեսչութեան աշխատանքները կարիք ունեն հայեցակարգային հենքի: Չտեսնելով որևէ հակակշիռ Փաշինեանի կառավարութիւնը համազգային շահերին առնչուող կարևորագոյն որոշումներն ընդունում է ոչ թէ հանրային լայն քննարկումների արդիւնքում, այլ սեփական կուսակցութեան գրասենեակում` համախոհների տուած կարծիքների հենքի վրայ: Փաշինեանի իշխանութիւնը լայնատարած կրճատումների գործընթացը սկսում է սոցիալական անորոշութեան, սպասուելիք թանկացումների, այլընտրանքային աշխատատեղերի լիակատար բացակայութեան պայմաններում: Կրճատուող նախարարութիւնների աշխատակիցների զանգուածային դժգոհութիւնները ՀՀ-ում հաստատուած քաղաքական մենիշխանութեան կամ, աւելի ճիշդ կը լինի ասել, կուլտի (Խ.- Cult-աղանդ) հաստատման հետևանքների առաջին ծիծեռնակներն են:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.