Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տանում են կործանման ճանապարհով
- (0)

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանութիւնները լայնածաւալ յարձակում են սկսել ընդդիմութեան վրայ։ Այս մասին Յուլիսի 8-ին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։
Նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադէպի մասին խօսելով՝ Մինասեանն ասել է, որ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արթուր Սարգսեանի ելոյթից յետոյ, որում նա քննադատաբար գնահատել է իշխանութիւնների գործողութիւնները եւ ստեղծուած իրավիճակը, իշխող կուսակցութեան անդամները դուրս գալիս սկսել են աղմկել, որին յաջորդել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամների սկսած ծեծկռտուքը։
Ընդդիմադիր գործչի խօսքով՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների վարքագիծը վրդովեցուցիչ է։ «Բռնութիւնը դադարեցնելու փոխարէն՝ նրանք ոչ միայն չեն միջամտել, այլեւ փորձել են զսպել ընդդիմութեանը՝ թոյլ տալով իշխող կուսակցութեան ներկայացուցիչներին շարունակել իրենց ագրեսիան։ Աւելին, ԱԱԾ-ն թոյլ է տուել դահլիճ մտնել քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք նոյնպէս մասնակցել են սադրանքներին եւ անընդունելի կերպով են վարուել», ասել է պատգամաւորը։ Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ իրականում Ազգային ժողովում գործում է որոշակի «պատժիչ աւազակախումբ»։ «Այսօրուայ իրավիճակը լիովին համապատասխանում է «անբարոյ սրիկաների» յայտնի սահմանմանը, որը մի ժամանակ տրուել է», կարծում է ընդդիմադիր գործիչը։
Արծուիկ Մինասեանը ընդգծել է, որ խորհրդարանում տեղի ունեցողը մեկուսացուած դրուագ չէ, այլ աւելի լայն ռազմավարութեան մի մաս։ Մատնանշելով վարչապետի սոցիալական ցանցերում գրառումները, ինչպէս նաեւ ձերբակալութիւնների ալիքը՝ նա նշել է, որ դիմադրութեան բոլոր պոտենցիալ կեդրոնները դառնում են իշխանութիւնների թիրախը։ «Այս ամէնը ցոյց է տալիս, որ իշխանութիւնները պղծում են ոչ միայն մեր սրբավայրերը, այլեւ երկրի բարձրագոյն ներկայացուցչական մարմինը։ Այս մարդիկ մեր երկիրն ու մեր ժողովրդին տանում են կործանման ճանապարհով», ասել է նա։
Բռնութեան եւ ճնշման ներկայիս ալիքը, ըստ պատգամաւորի, կապուած է ինչպէս 2026 թուականի առաջիկայ ընտրութիւնների, այնպէս էլ հայկական կողմի նախատեսուած զիջումների հետ։ Նա վստահ է, որ իշխանութիւնները այնքան ցածր են իջել, որ պատրաստ են ամէն ինչի՝ զանգուածային ճնշումից մինչեւ թուրքական կողմի ոտքերը լիզելը։ «Ես չեմ բացառում, որ այս գործողութիւնների շրջանակներում նրանք աւելի հեռու կը գնան. օրինակ՝ կը բեմադրեն մահափորձ կամ նման մի բան։ Սրանք մարդիկ են, ովքեր ոչ մի սրբութիւն չունեն», նշել է Մինասեանը։
«Նրանք թիւ մէկ ահաբեկիչներն են։ Երկար ժամանակ նրանք ահաբեկում են ե՛ւ ժողովրդին, ե՛ւ ամբողջ պետութեանը։ Այսօր գագաթնակէտն է, երբ նրանք փորձում են սեփական ահաբեկչութեան պատասխանատուութիւնը բարդել ուրիշների վրայ», յաւելել է ընդդիմադիր պատգամաւորը։
Մեկնաբանելով այն հրապարակումները, որ գլխաւոր դատախազը շուտով կը դիմի նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորներ Իշխան Սաղաթէլեանի եւ Գառնիկ Դանիէլեանի դէմ հանրային քրէական հետապնդում սկսելու միջնորդութեամբ, Արծուիկ Մինասեանը նշել է, որ ինքը նման տեղեկատուութիւն չունի, բայց նաեւ ոչինչ չի կարող բացառել։
Մանրամասները՝ տեսանիւթում