ԱՄՆ կառավարութիւնն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին Արցախում կանխելու ցեղասպանութիւնը. Եղիսաբէթ Չուլճեան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի Ուաշինկթընի գրասենեակի խօսնակ Եղիսաբէթ Չուլճեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

Նիկոլ Փաշինեանի ապրիլքսանչորսեան ուղերձը լսելուց յետոյ տպաւորութիւն ստացանք, թէ նա Ցեղասպանութեան հարցի վերաբերեալ ներկայացնում է Թուրքիայի կամ Ատրպէյճանի կառավարութիւնների տեսակէտները, եւ ոչ թէ՝ հայ ժողովրդի արդարութիւն հաստատելու իղձերը։ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Թուրքիայի իշխանութիւնները ոչ միայն մերժում են Ցեղասպանութիւնը, այլեւ օժանդակում են Ատրպէյճանին նոր ցեղասպանութիւն իրականացնելու համար՝ արդէն 2023 թուականին Արցախում։ Ուստի, յատկապէս հիմա լռելու կամ Հայոց ցեղասպանութեան հարցը մի կողմ դնելու ժամանակը չէ, ընդհակառակը, դրա մասին աւելի շատ պէտք է խօսուի, քանի որ, եթէ Թուրքիան Ցեղասպանութիւնը ճանաչած լինէր, Արցախում երկրորդ ցեղասպանութիւնը տեղի չէր ունենայ: ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ջանքերով Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար լուրջ գործ է կատարուել, որի նպատակն է՝ հայ ժողովրդի իրաւունքը պաշտպանել: 2021-ին Հայ Դատի յանձնախմբի ջանքերով, ի վերջոյ, ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Եթէ արդարութիւնը չհաստատուի, եթէ թուրքական կառավարութիւնը շարունակի մերժել Ցեղասպանութիւնը, Հարաւային Կովկասի տարածաշրջանում իրական խաղաղութիւն չի լինի: Իրական խաղաղութիւնը պէտք է հիմնուած լինի արդարութեան վրայ:

Հայաստանի վարչապետը պէտք է ներկայացնի հայ ժողովրդի իղձերը, եւ ոչ թէ՝ տեղի տայ օտար երկրների քմահաճոյքներին: Ի հարկէ, Ցեղասպանութեան ճանաչումը ճանապարհ է դէպի հարցի արդար լուծում, բայց միայն ճանաչումը բաւարար չէ:

Եթէ Հայաստանի քաղաքական ղեկավարներն ասում են, թէ պատմական այդ էջը պէտք է մի կողմ դրուի, եւ, որ Ցեղասպանութեան մասին այլեւս չպէտք է խօսել, ապա դրանով փակւում է դուռը յաջորդ սերունդների համար՝ խնդրի արդար լուծման առումով, դա հնարաւորութիւն է տալիս Ատրպէյճանին եւ Թուրքիային շարունակելու ցեղասպանական արարքները։ Ատրպէյճանը քայլ առ քայլ առաջ է գալիս, խօսում է Արեւմտեան Ատրպէյճանի, Սեւանայ լճի, Երեւանի մասին եւ մտնում է Հայաստանի տարածք, մաս առ մաս Հայաստանը հասցնում են այնպիսի վիճակի, որ չկարողանայ ինքն իրեն պաշտպանել։
Հայ Դատի թիւ մէկը գործը Հայաստանի լինելիութիւնն ամրապնդելն է, եւ դա կարող է լինել ներկայիս Հայաստանը պաշտպանելը՝ Արցախի ժողովրդի՝ իրենց պապական երկիր վերադառնալու հարցն ապահովելու միջոցով:

Հայաստանի իշխանութիւնը ցեղասպանութեան մասին չի խօսում, իսկ Ալիեւը Հայաստանից պահանջում է Խոճալուի համար ներողութիւն խնդրել։ Ալիեւի խօսքերին տեղի տալ պէտք չի, քանի որ այս կերպ նա շարունակելու է ափեղ-ցփեղ խօսել։

Հայ Դատի յանձնախումբն աշխատում է, որ յստակ պատժամիջոցներ լինեն Ալիեւի կառավարութեան դէմ՝ կատարուած յանցագործութիւնների համար։ Աշխատում ենք տարբեր իրաւաբանների եւ ԱՄՆ կառավարութեան հետ, որպէսզի յստակ իրաւաբանօրէն հաստատուած պատժամիջոցներ կիրառուեն Ալիեւի կառավարութեան նկատմամբ՝ կատարած ոճիրների համար:

2023-ին Արցախում կատարուած ցեղասպանական արարքներում ԱՄՆ կառավարութիւնն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին կանխելու ցեղասպանութիւնը։ ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն իր քաղաքական աշխատանքներով ամէն ինչ անելու է, որպէսզի Հայաստանի անվտանգութեան, Արցախի եւ Ցեղասպանութեան հարցը ներառուած լինեն ԱՄՆ նախագահական ընտրութիւնների օրակարգում։

Նման դիւանագիտական զիջումները պարտութիւն են, յատկապէս, երբ դիմացդ նստած է ցեղասպանութիւն իրականացրած երկրի ղեկավարը եւ քեզ միակողմանի զիջումներ է պարտադրում։

Հայ Դատի յանձնախումբը ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում աշխատում է, որպէսզի արդարութեան հիման վրայ իրական երկխօսութիւն լինի, որպէսզի վերացուի Հայաստանի գլխին կախուած զէնքը, դրանից յետոյ միայն երկխօսենք սահմանների շուրջ, միայն այդ դէպքում է հնարաւոր գտնել դիւանագիտական լուծումներ:

Միջազգային հանրութիւնը եւ Կառավարութիւնները կարեւոր դեր կարող են խաղալ Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով 2020-ի, 2023-ի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայիս միակողմանի զիջումների համար։

Մայիսի 28-ը սրբութիւն է, որովհետեւ, եթէ այդ պայքարը չլինէր 1918-ին, ապա այսօր ազատ-անկախ Հայաստան չէինք ունենայ, իսկ այդ պայքարում շատ կարեւոր դեր է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Հայ Առաքելական եկեղեցին: Գէորգ 5-րդ Կաթողիկոսի շնորհիւ հայ եկեղեցու դերը հայ ազգի ինքնութիւնը պահելու հարցում չափազանց կարեւոր է։ Եւ այսօր ամբողջ հայ ժողովուրդը պէտք է մասնակից լինի Սեպտեմբերի 28-ի միջոցառմանը՝ յիշելով նաեւ Գէորգ 5-րդ Կաթողիկոսին: Հայ ժողովուրդը պէտք է ամուր մնայ՝ իմանալով եւ պաշտպանելով մեր պատմութիւնը, այդպէս կարող ենք հզօրացնել մեր երկիրը։

Դժուար օրեր ենք ապրում եւ պէտք է կարողանանք պաշտպանել մեր մշակոյթը, պատմութիւնը, ինչում մեծ դեր կարող է խաղալ հայկական սփիւռքը, որպէսզի մեր թշնամիների՝ Թուրքիայի եւ Ատրպէյճանի կատարած գործողութիւնները միջազգային հանրութեանը ներկայացուեն:

Յատկապէս վերջին օրերին ոստիկանութեան գործողութիւնները ժողովրդավարութեան դէմ քայլեր էին։ Փաստ է, որ ԱՄՆ կառավարութեան տրամադրած միլիոնները՝ Հայաստանում ժողովրդավարութիւնն ամրապնդելու համար, իրենց նպատակին չեն ծառայել: Ամերիկահայ գաղութը եւ Հայ Դատի յանձնախումբը կոչով դիմել է ամերիկեան կառավարութեանը, որպէսզի ճիշդ քայլեր անեն, որպէսզի ժողովրդավարութեանը չվնասեն։ Պէտք է վերարժեւորեն իրականացուող ծրագրերը, որպէսզի իրական ժողովրդավարութիւն հաստատուի, որպէսզի չկատարուի այն, ինչ տեղի ունեցաւ Հայաստանում այս շաբաթ:

Ամերիկահայ համայնքն Արցախի ժողովրդի կողքին է, արդարութիւն է պահանջում արցախցիների համար եւ շարունակում է պահանջել պատժամիջոցներ Ատրպէյճանի նկատմամբ 2020-ի եւ 2023-ի ցեղասպանական արարքների համար։ Եթէ ուզում ենք խաղաղութիւն, պէտք է արդար հիմքերի վրայ լինի, ոչ միակողմանի զիջումների՝ ի վնաս Հայաստանի։ Եթէ արդարութիւն չլինի, եթէ տեղի տան Ատրպէյճանի պահանջներին, իրական խաղաղութիւն չի լինի:

Յանձնախումբն աշխատում է ԱՄՆ կառավարութեան հետ, որպէսզի մօտեցումներում փոփոխութիւն լինի, որովհետեւ պէտք է վերանայուեն ԱՄՆ յարաբերութիւններն Ատրպէյճանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ։ Պէտք է կարողանանք, որ խաղաղութիւնը հաստատուի արդարութեան հիմքով։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակուել Լիլիթ Մակունցը, որը դիւանագիտական անցեալ չունի, նշանակուել է զուտ քաղաքական նկատառումներով։ Իսկ իւրաքանչիւր երկիր պատրաստ է առիթն օգտագործել իր շահերը պարտադրելու այլ երկրի կառավարութիւններին, Հայաստանն էլ պէտք է օգտուի իւրաքանչիւր առիթից՝ իր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու համար՝ այն, ինչը չի կատարւում։ Բայց Հայ Դատի յանձնախումբը ներկայացնում է հայ համայնքին, եւ ով էլ լինի դեսպանը՝ պէտք է շարունակի աշխատանքը: Հայ Դատի ուղին չի փոխւում, այն շարունակում է մնալ ի նպաստ Հայաստանի անվտանգութեան, Արցախի ինքնորոշման, Հայոց ցեղասպանութեան հարցի արդար լուծման:

ԱՄՆ նախագահական ընտրապայքարն առիթ է հայ համայնքին բացատրելու համար, թէ ինչ կեցուածք ունեն նախագահի թեկնածուները Հայկական հարցի վերաբերեալ, միւս կողմից՝ սա առիթ է, որ թեկնածուները հաշուետուութիւն տան, թէ ինչ են արել։

Նախագահ Պայտընը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը՝ իր ելոյթում արտաբերելով այդ բառը, բայց մէկ օր առաջ ռազմական օժանդակութեան ճանապարհ բացեց դէպի Ատրպէյճան։ Ցեղասպանութիւնը ճանաչելով՝ ԱՄՆ Կառավարութիւնը նաեւ պատասխանատուութիւն է վերցնում կանխելու ցեղասպանութիւնները, իսկ երբ Պայտընի կառավարութիւնը ռազմական օժանդակութիւն է տալիս Ատրպէյճանին, նպաստում է նոր ցեղասպանութեանը։

Պայտընի վարչակազմը յստակ քայլեր կարող է անել մինչեւ Նոյեմբեր՝ Ատրպէյճանի դէմ պատժամիջոցներ սահմանելու առումով։ Ամերիկահայ գաղութը բանալի դեր կարող է խաղալ ընտրութիւններին, ուստի երկու թեկնածուներն էլ պէտք է բացատրեն իրենց դիրքրոշումները Հայաստանի, Արցախի վերաբերեալ՝ Ատրպէյճանի հանդէպ պատժամիջոցներ սահմանելու առումով, եթէ ուզում են շահել ամերիկահայ գաղութի քուէները։

Արցախահայութեան՝ Արցախ վերադարձի համար պէտք է ապահով երաշխիքներ լինեն: ԱՄՆ կառավարութիւնը չի խառնւում խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու հարցում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւններին, այնինչ պէտք է ճնշումներ բանեցնի Ատրպէյճանի վրայ, որպէսզի միակողմանի զիջումներ չլինեն։ Հայաստանի տարածքները միակողմանի զիջումների չեն կարող ենթարկուել։ Կեղծ խաղաղութեան բանակցութիւններ են տեղի ունենում։

Մեծ ամօթ է ԱՄՆ կառավարութեան համար, որ Ատրպէյճանում ԱՄՆ դեսպանը գնաց Շուշի, առիթն օգտագործելով՝ նա պէտք է գնար Ղազանչեցոց եկեղեցի եւ Կանաչ ժամ, որպէսզի տեսնէր, թէ ինչպէս են աւերել ատրպէյճանցիները։ Դեսպանը սխալ հունի մէջ է, եւ Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց այդ քայլը։

ՆԱՏՕ-ի անդամակցութեան հարցը կարող է Հայաստանի կառավարութեան համար հեռանկարային ծրագիր լինել եւ մաս կազմել դիւանագիտութեան, բայց դա շուտ չի կարող լինել, այսօր առաջնայինը Հայաստանի անվտանգութիւնն է, եւ մէկ երկիր չի կարող երաշխաւորել այդ անվտանգութիւնը, պէտք է աշխատել տարբեր երկրների, քաղաքական ուժերի եւ կազմակերպութիւնների հետ, որպէսզի երաշխաւորուի այդ անվտանգութիւնը:

Հայաստանին ռազմական օժանդակութիւն չի ցուցաբերում ԱՄՆ-ը, բայց, դժբախտաբար, Ատրպէյճանին օգնում է։ ԱՄՆ կառավարութիւնը պէտք է սանձի Ատրպէյճանին, որը շարունակում է իր յարձակողական դիրքորոշումը Հայաստանի հանդէպ: ԱՄՆ Կառավարութիւնը կարող է յստակ դիրքորոշում ունենալ՝ յստակ պատժամիջոցներ սահմանելով Ատրպէյճանի նկատմամբ։ Հայ Դատի յանձնախումբը միշտ զօրակցել է հայ ժողովրդին, հիմա էլ պաշտպանում է հայ ժողովրդի իրաւունքը։

Մանրամասները՝ տեսանիւթում.

Comments are closed.