ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2021 թուականի կրօնական ազատութիւնների յանձնաժողովի տարեկան զեկոյցի անդրադարձը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացուած տարածքներում հայկական մշակութային ժառանգութեան աւերածութիւններին

2022 թուականի ապրիլ ամսին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի  կրօնական ազատութիւնների միջազգային յանձնաժողովի տարեկան զեկոյցն Ադրբեջանում 2021 թուականին կրօնական ազատութեան պայմաններն ընդհանուր առմամբ գնահատել է բացասական միտումներով՝ դիտարկուող խնդրի շրջանակ ներառելով նաև Արցախում (Լեռնային Ղարաբաղ՝ ըստ փաստաթղթի)  կրօնական և մշակութային ժառանգութեան արժէքների պահպանութեան հարցերը (աւերածութիւնները, ոչնչացումներն ու պատմական փաստերի խեղաթիւրումը),   որոնք աւելի մտահոգիչ են դարձել  2020 թուականի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքուած հրադադարի արդիւնքում Ադրբեջանի վերահսկողութեան տակ  անցած տարածքներում (https://www.uscirf.gov/annual-reports):

Թէև ադրբեջանական մամուլը վերջին օրերին ջանք չի խնայում խեղաթիւրել զեկոյցի ողջ բովանդակութիւնը՝ տարածելով ապատեղեկատուութիւն (https://www.youtube.com/watch?v=1fytAP6j4q4), այնուամենայնիւ, զեկոյցի հրապարակուած ինչպէս հակիրճ, այնպէս էլ ամբողջական տեքստում մանրամասն նշուած են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժէքների աւերածութիւնների և դրա շուրջ պետական քաղաքականութեան դրսևորումները, անդրադառնալով թէ՛ պատմութեանը, թէ՛ մեր օրերին (https://www.state.gov/reports/2021-report-on-international-religious-freedom/azerbaijan/?fbclid=IwAR3CqfgrWvAeRTb62s_J8tWNW1u3I8s6v04AfFESUUgDSZfyjiWZitR67YY)։

Մասնաւորապէս, ԱՄՆ-ի կրօնական ազատութիւնների միջազգային յանձնաժողովի տարեկան զեկոյցի առանցքում Caucasus Heritage Watch-ի (https://caucasusheritage.cornell.edu/) արբանեակային պատկերների փաստագրումներն են, որոնք վկայում են հայկական երկու գերեզմանոցների, մզկիթի, մի քանի եկեղեցիների աւերումների մասին, որոնք թէև որպէս միջազգային յանցագործութուն արդէն փաստագրուած են (ԵԽԽՎ բանաձևեր, Հաագայի արդարադատութեան միջազգային դատարան), այնուամենայնիւ անպատժելի են հէնց Ադրբեջանի կողմից։ Թէև Ադրբեջանի կառավարութիւնը 2020 թուականին յայտարարեց, որ երկու զինուորի մեղադրանք է առաջադրուելու հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու համար, սակայն իշխանութիւնները հրաժարւում են այդ դէպքերի վերաբերեալ որևէ տեղեկութիւն հրապարակել։ Զեկոյցը փաստագրել է CHW-ի արբանեակային լուսանկարների հաւաստմամբ  յունիս և սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած հայկական մշակութային և կրօնական վայրերի ոչնչացումները և ներկայացրել, որ շինարարութեան պատճառով դրանք այսօր ևս գտնւում են վտանգի տակ։

Զեկոյցն անդրադարձել է վերջին շրջանում միջազգային կարևոր ատեաններից հնչող եզակի նախադէպերին՝ կարևորելով թէˊ Արդարադատութեան միջազգային դատարանի դեկտեմբերեան որոշումը, որով յորդորուել էր Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողութիւնները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգութեանը, ներառեալ . . . եկեղեցիները և այլ պաշտամունքային վայրերը, …գերեզմանատները»,  և թէ՛ ԵԽԽՎ  մի քանի բանաձևերին «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութան ոչնչացման հետ կապուած»։ Զեկոյցը մէջբերելով ԵԽԽՎ բանաձևի կարևոր հատուածները, վերահաստատել է դրանց նշանակութիւնը․ յատկապէս․ «6- շաբաթեայ պատերազմի ընթացքում մշակութային ժառանգութեանը միտումնաւոր պատճառուած վնասը, ինչպէս նաև Շուշիի [Սուրբ Ամենափրկիչ տաճարի] միտումնաւոր գնդակոծութիւնը և այլ եկեղեցիների ու գերեզմանատների ոչնչացումը կամ վնասումը հակամարտութեան ընթացքում և դրանից յետոյ»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2021 թուականի միջազգային կրօնական ազատութեան մասին զեկոյցը որպէս միջազգային եզակի նախադէպ առաջին անգամ փաստում է Ադրբեջանի կողմից հայկական յուշարձանների շարունակական ոչնչացումը: Մասնաւորապէս, այն քննադատում է Արցախի քրիստոնէական ժառանգութեան, հայկական ինքնութիւնը ժխտելու Ադրբեջանի «աղուանականացման» քարոզչութիւնը։ Այս ամէնի հետ կապուած կազմակերպութիւնն առաջարկել է ԱՄՆ-ի կառավարութեանը ֆինանսաւորում յատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեանը (USAID) և Բաքուում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և յարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրօնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար (https://www.state.gov/reports/2021-report-on-international-religious-freedom/azerbaijan/?fbclid=IwAR3CqfgrWvAeRTb62s_J8tWNW1u3I8s6v04AfFESUUgDSZfyjiWZitR67YY)։

Զեկոյցը, դատապարտելով հայկական եկեղեցիներն աղուանականացնելու ադրբեջանական քաղաքականութիւնը, որպէս օրինակ մէջբերել է  մայիսի 4-ին Ադրբեջանի  Արտաքին գործերի նախարարութեան այն յայտարարութիւնը, որով  ադրբեջանական կողմից ֆինանսաւորուող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վերակառուցումը պէտք է «համապատասխանէր բնօրինակ ճարտարապետական ​​ոճին», բայց արդիւնքում պարզ դարձաւ, որ տաճարը նոյնպէս վերագրւում է «աղուանական» ժառանգութեանը։ Զեկոյցը նշում է, որ հայկական կողմը համոզուած է, որ նման յայտարարութիւններով փորձ է արւում թաքցնել եկեղեցու հայկական արմատներն ու կառուցուածքը, ներառեալ բնօրինակ գմբէթը: ԵՈՒՆԵՍԿՕ-ին ուղղուած նամակում Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարարի պաշտօնակատար Վահրամ Դումանեանը մեղադրել է Ադրբեջանին ակտիւօրէն «պատմական փաստերի կեղծման քաղաքականութիւն» իրականացնելու մէջ՝ երբ գրաւեալ տարածքների հայկական մշակութային ժառանգութեան վայրերը հռչակում են  «կովկասեան-աղուանական»։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զեկոյցում մտահոգութիւն է յայտնել նաև 2020 թուականի նոյեմբերի հրադադարից յետոյ հայ ուխտաւորների՝ Դադիվանք այցելութեան հետ կապուած խնդիրներին և փաստել, որ դժուարացել է հայ ուխտաւորների այցը ամբողջ տարույ ընթացքում, իսկ փետրուար և ապրիլ ամիսներին ուխտաւորների երկու խմբերին արգիլուել է մուտք գործել վանք։

Յատկապէս ուշագաւ է այն, որ զեկոյցն անդրադարձել է ոչ միայն պատերազմի ընթացքում և դրանից յետոյ հայկական մշակութային արժէքների ոչնչացման դէպքերին, այլև ներկայացրել Նախիջևանի ոչնչացումները։

Յունիսին The Art Newspaper-ը հրապարակեց մի զեկոյց՝ օգտագործելով արբանեակային պատկերներ, որոնք մանրամասնում էին Նախիջևանի Ագուլիսի միջնադարեան հայկական եկեղեցիների աւերածութիւնների մասին: Եկեղեցիները առկայ են եղել  1977 թուականին արուած  նկարներում, սակայն բացակայում էին 2016 և 2019 թուականների պատկերներում: Դրանցից են Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Թովման,  Սուրբ Քրիստափորը, Սուրբ Յովհաննէս Մկրտիչը, Սուրբ Աստուածածնի Մեծ Անապատը և Սուրբ Յակոբ Հայրապետը։

The Art Newspaper-ը նաև պատմել է Նախիջևանի ողջ տարածքում հայկական ժառանգութեան ոչնչացման մասին, որը ժամանակին ներառում էր 89 եկեղեցի, 5840 խաչքար և աւելի քան 22000 տապանաքար՝ անկախ հետազոտող Արգամ Այվազեանի կողմից հաւաքուած 1964-87 թթ. փաստաթղթերի համաձայն:

Leave a Comment

You must be logged in to post a comment.