«Ամենակարեւորը մնում է արցախցիների հայրենիք վերադառնալու հարցը». Արցախի թեմի առաջնորդի նամակը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին
Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Եպս. Աբրահամեանը հանդէս է եկել նամակով՝ ուղղուած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անթոնիօ Գուտերեշին։
Նամակում Արցախի թեմի առաջնորդը դիմում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին` օգտագործել սոյն թուականի Նոյեմբերի 11-22 Պաքուում տեղի ունեցող COP29-ի հարթակում ընձեռուած բոլոր հնարաւորութիւնները՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու համար, եւ կոչ է անում շօշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կ’աջակցեն տարածաշրջանային խաղաղութեանը, կ’ապահովեն մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ կը պահպանեն միջազգային օրէնքների ու նորմերի գերակայութիւնը:
Նամակը, այսօր, ակցիայի շրջանակներում փոխանցուել է ՄԱԿ-ի Երեւանեան գրասենեակի ներկայացուցիչներին։
Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջութեամբ.
«Նորին Գերազանցութիւն Անթոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղար
405 Արեւելեան 42-րդ փողոց
Նիւ Եորք, NY, 10017
ԱՄՆ
Յարգելի Անթոնիո Գուտերեշ,
2024 թ. Նոյեմբերի 11-22–ը Պաքուում նախատեսւում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրաւէր է ուղղուել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտօնական ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների պատասխանատուներին:
Ուղիղ մէկ տարի առաջ՝ այս օրերին, Ատրպէյճանի զինուած ուժերը անկանոն գնդակոծութեան են ենթարկել խաղաղ բնակավայրերը եւ ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրուայ ընթացքում 120 հազար արցախցիներ ֆիզիքական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպուած եղան լքել Արցախը։ Մարդիկ, որոնց նախնիները հազարամեակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրուեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգութիւնը։ Յիշեցնեմ, որ մինչեւ 2020 թ. 44-օրեայ պատերազմը Արցախի բնակչութիւնը կազմում էր 151 հազար մարդ։
Առկայ փաստերն առաւել քան բաւարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարուածը յանցագործութիւն է մարդկութեան դէմ։ Տակաւին վերջերս Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիան իր յայտարարութեան մեջ նշել է, որ այդ իրադարձութիւնները համապատասխանում են Ցեղասպանութեան կոնվենցիայով սահմանուած ցեղասպանութեան յատկանիշներին։
Ցաւօք, արցախահայութեան ողբերգութիւնը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրութեան կողմից։ Բացառութեամբ որոշ միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին քաղաքական առաջնորդների յայտարարութիւնների, որեւէ քայլ չի ձեռնարկուել դադարեցնելու Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութիւնը՝ ուղղուած Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ զտում իրականացնելու եւ նրա ժողովրդի ինքնորոշման արդար ցանկութիւնը ճնշելու համար։
Աւելին, մենք ականատես եղանք, թէ ինչպէս է անպատժելիութեան զգացումը սնուցել Ատրպէյճանի ծաւալապաշտութիւնը, եւ այսօր Ատրպէյճանն արդէն իսկ բռնագրաւել ՀՀ ինքնիշխան տարածքները եւ քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հաւատացեալ զաւակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ նրանց մի ստուար զանգուած՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ու թէեւ այսօր նրանք ազատուած են ֆիզիքական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամէն օր շարունակում են բախուել իրենց իրաւունքների ու ազատութիւնների բազմաթիւ խախտումների հետ։
Արցախից բռնի տեղահանուած հազարաւոր մարդկանց համար ամենակարեւոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը։ Վերադարձի իրաւունքը, որն ամրագրուած էր նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ընդունուած ժամանակաւոր միջոցների մասին որոշման մէջ, շարունակում է անտեսուել միջազգային հանրութեան կողմից։ Թէեւ տարբեր կառոյցներ ու առանձին պետութիւններ երբեմն յայտարարութիւններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկայ։
Վստահ ենք, որ առանց արցախահայութեան՝ հայրենիք վերադառնալու միջազգային անվտանգութեան երաշխիքների, անհնար է հակամարտութեան վերջնական կարգաւորումը եւ խաղաղութեան ու կայունութեան հաստատումը ողջ տարածաշրջանում։
Միեւնոյն ժամանակ, Ատրպէյճանը շարունակում է վերանայել եւ կեղծել պատմութիւնը, ոչնչացնել եւ իւրացնել հայկական մշակութային ժառանգութիւնն ու նիւթական արժէքները՝ ջնջելու հայկական ներկայութեան ցանկացած հետք եւ կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Աւերուել են մի շարք եկեղեցիներ եւ գերեզմանատներ, այդ թւում՝ Շուշիի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ Քարին տակ գիւղը հիմնովին աւերուել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցուել։
Թէեւ իրաւապաշտպան եւ մասնագիտական կազմակերպութիւնները գրեթէ ամէն օր արձանագրում են նման բազմաթիւ օրինակներ, Ատրպէյճանը որեւէ պատասխանատուութիւն չի կրում, ինչը կանաչ լոյս է վառում հետագայ յանցագործութիւնների համար։
Ատրպէյճանը շարունակում է Պաքուի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Ատրպէյճանական բանտերում հայ բանտարկեալների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիւ արձանագրուած փաստեր կան, սակայն Ատրպէյճանը նոյնիսկ թոյլ չի տալիս միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին իրական տեղեկատուութիւն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին։ Աւելին, այս հարցը Ատրպէյճանի կողմից օգտագործւում է որպէս քաղաքական սակարկութիւնների թեմա, ինչը կոպտօրէն խախտում է միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքները։
Ձերդ Գերազանցութիւն,
Պէտք է օգտագործուեն COP29-ի ընթացքում ընձեռուած բոլոր հնարաւորութիւնները՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւ տարածաշրջանային անվտանգութեան խթանումը կարեւոր նշանակութիւն ունեն ժողովրդավարական իտէալներին մեր սեփական հաւատարմութիւնը պահպանելու համար։
Այս կապակցութեամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ատրպէյճանի կառավարութեան վրայ՝ շօշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կ’աջակցեն տարածաշրջանային խաղաղութեանը, կ’ապահովեն մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ կը պահպանեն միջազգային օրէնքների ու նորմերի գերակայութիւնը:
Աղօթքով՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեան
Comments are closed.