«Աղթամար. հայկական ճարտարապետութեան գլուխգործոցը» գիրքը ներկայացւում է նաեւ արտերկրում
- (0)

2025 թուականի Ապրիլի 23-ին Մատենադարանում տեղի ունեցաւ գանատահայ լուսանկարիչ-վաւերագրող Հրայր Բազէ Խաչերեանի եւ գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրեանի համահեղինակած «Աղթամար. հայկական ճարտարապետութեան գլուխգործոցը» գրքի շնորհանդէսը։ Այս ընթացքում գիրքը ներկայացուել է ոչ միայն մեր երկրում, այլեւ արտերկրում, որտեղ եւս մասնագէտներն ու արուեստասէր հասարակութիւնը գնահատել է այն։
Գրքում ներկայացուած է հայկական ճարտարապետութեան գոհար Աղթամարի վանական համալիրի, մասնաւորապէս՝ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման պատմութեանը՝ վնասուած կառոյցների, բարձրաքանդակների ու միւս հատուածների վերականգնուած տարբերակներով, գծապատկերներով, ինչպէս նաեւ ճարտարապետական, մանրանկարչական ու կրօնական առնչութիւնների թեմատիկ համադրումները։
Պատկերագիրքն ամփոփում է Հրայր Բազէ Խաչերեանի եւ ստեղծագործական խմբի 27 տարիների ընթացքում Աղթամարի վանական համալիր կատարած 34 հետազօտական արշաւների արդիւնքները։ Խմբի կազմում շուրջ 10 արշաւներին միացել է նաեւ Լիլիթ Խաչատրեանը։
Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների եւ մանրանկարների թեմատիկ համադրումներով, քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրեանն է։
«Հորիզոն»-ի թղթակիցը զրուցել է գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրեանի հետ, որը ներկայացրել գրքի ստեղծման պատմութիւնը։
Լիլիթ Խաչատրեանը պատմեց՝ դեռ 13 տարի առաջ, երբ Գեղարուեստի Հայաստանի գեղարուեստի պետական ակադեմիայի ուսանող էր, Հրայր Բազէ Խաչերեանին խնդրել է նիւթեր տրամադրել, քանի որ նա վաւերագրական հարուստ արխիւ է ունեցել։ Այդ նիւթերն օգտագործելով՝ Լիլիթ Խաչատրեանը պատրաստուել է քննութեանը եւ գերազանց գնահատական ստացել։ Դեռ այդ տարիներից Լիլիթ Խաչատրեանին գրաւել է Աղթամարը։
«Դեռ այդ ժամանակ Հրայր Բազէն ասաց՝ ա՛յ կը տեսնես՝ տարիներ յետոյ մենք մեր նպատակը կ’իրանացրենք եւ պատկերագիրք կ’ունենանք։ Յետոյ՝ մօտ 13 տարի անց, իսկապէս դարձանք այս գրքի համահեղինակները։ Բայց, առաջ չանցնելով՝ պատմեմ, երբ պէտք է պատրաստէի իմ դիպլոմային աշխատանքը, որը ճարտարապետութեան, արուեստի եւ դիզայնի հարցերի մասին էր, ընտրեցի մի եկեղեցի, որը Արեւմտեան Հայաստանում էր գտնւում՝ Անիում։ Խնդրեցի Հրայր Բազէին, որ ինձ էլ վերցնեն իրենց հետ Արեւմտեան Հայաստան գնալիս։ Ի հարկէ, շատ դժուար էր իրենց համոզելը, որ 22 տարեկան հայ աղջկան իրենց հետ վերցնեն, որը հազիւ էր հասկանում քարտեղից, թէ որտեղից անցանք, որտեղ ենք գնում… Այսինքն՝ իրենց համար մեծ պատասխանատուութիւն էր ինձ իրենց հետ վերցնել։ Բայց, կարողացայ համոզել․ այդ խմբում նաեւ Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանն էր․ նրան համոզելը շատ աւելի դժուար էր։ Ի վերջոյ միացայ իրենց թիմին»,- պատմեց Լիլիթ Խաչատրեանը։
Այդ ժամանակ Աղթամարի վերաբերեալ գիրք հրատարակելու նպատակ չկար, բայց թիմն աշխատում էր, վաւերագրում կոթողներն այնքան, որքան հնարաւոր էր։
«Յետոյ գաղափար յղացաւ, որ գիրք ունենանք Աղթամարի վերաբերեալ, քանի որ այն առանձնայատուկ ճարտարապետութիւն ու զարդաքանդակներ ունի։ Ես լուսանկարներ ու տեսանիւթեր էի նկարահանում։ Բայց գրքի հետ կապուած՝ իմ գործառոյթը աւելի շատ եղաւ գրաֆիկ դիզայնի՝ իմ հմտութիւնները (գրքի համար բոլոր զարդաքանդակները գծագրելու համար պահանջուել է աւելի քան երկու տարի): Որոշեցինք, որ Հրայր Բազէն կը լուսանկարի, իսկ ես ճարտարապետութեան, զարդաքանդակների հիման վրայ կը ստեղծեմ թուային տպագրութիւնները, որն իր հերթին եւս վաւերագրութեան մի ձեւ է»,- պատմեց Լիլիթ Խաչատրեանը։
Նա ընդգծում է՝ դժուար է յստակ ասել՝ որքան են աշխատել գրքի վրայ։ Տարուայ բոլոր եղանակներին գնում էին Աղթամար՝ մօտ 10 տարի շարունակ։ Լիլիթ Խաչատրեանը վստահեցնում է՝ այս հարցում առանձնայատուկ է Հրայր Բազէի դերը, քանի որ նա մօտ 30 տարի է պարբերաբար այցելել Արեւմտեան Հայաստան, աշխատել, վաւերագրել։
«Այսինքն՝ Հրայր Բազէն վերանորոգման ընթացքը, փուլերը եւս վաւերագրել է։ Դա մեզ շատ էր օգնում տպագրական վաւերագրումների ժամանակ։ Օրինակ՝ կային զարդաքանդակներ, որոնք հիմա կոտրուած են ու մենք կարողացել ենք գտնել աւելի վաղ արուած լուսանկարներ, արխիւներ (օրինակ՝ պատմութեան թանգարանից) եւ դրանց հիման վրայ կարողացել ենք ամբողջական պատկերը ներկայացնել»,- մանրամասնեց Լիլիթ Խաչատրեանը։
Նա Հրայր Բազէի հետ միասին եղել է Արեւմտեան Հայաստանի տարբեր մասերում, Կիլիկիայում եւ վաւերագրական աշխատանք կատարել։
Հարցին՝ իսկ վաւերագրական աշխատանքը կատարելիս որքանով է կարեւոր տարբեր եղանակների ու տարբեր ժամերի ընթացքում լուսանկարել ու տեսանկարահանել, Լիլիթ Խաչատրեանը պատասխանեց․ «Լոյսն է փոխւում, նոյնիսկ քարի գոյնն է փոխւում։ Ամրանը մի ամիս կար, երբ գնացինք այնտեղ ու հենց այդ ժամանակ պէտք է լուսանկարէինք, քանի որ հենց այդ ամսին էին յստակ երեւում հիւսիսային ճակատում գտնուող զարդաքանդակները: (Այդ ժամերը, արեւի դիրքերը Հրայրն է հաշուարկում)։ Արեւը դեռ չծագած՝ մենք նաւամատոյցում էինք։ Ոչ մէկը չկար։ Դժուարութեամբ համոզեցինք, որ նաւավարը վարի նաւը եւ մեզ տեղ հասցնի, այլապէս ստիպուած էինք լինելու մէկ տարի եւս սպասել, որ այդ օրն ու այդ ժամը լինէր ու կարողանայինք նկարահանումներ անել»։
Նկարահանումների ընթացքում եղել են շատ դժուարութիւններ յատկապէս պահակների, անվտանգութեան աշխատակիցների հետ։ Եղել են դէպքեր, երբ նրանք թոյլ չեն տուել եռոտանի օգտագործել, բայց ստեղծագործական թիմի անդամները ջանք են թափել, բանակցել նրանց հետ, որ հնարաւորինս լաւ արդիւնք ստացուի։ Կան զարդաքանդակներ, որոնք նկարահանելու համար պէտք է նոյն բարձրութեան վրայ գտնուել․ երբեմն մասնագէտները բաւական հեռու են գնացել, ճիշդ հեռաւորութիւն ընտրել ու ճիշդ օգիոկտիւներ ընտրելով՝ լաւ լուսանկարներ ստացել։ Լիլիթ խաչատրեանն ասում է՝ Հրայր Բազէն ունի համապատասխան բարձրորակ տեխնիկա եւ ի հարկէ մասնագիտական հմտութիւններ․ արդիւնքում ստացուել է գոհացուցիչ արդիւնք։
Լիլիթ Խաչատրեանը Արեւմտեան Հայաստանում ու Կիլիկիայում վաւերագրական մեծ աշխատանքներ է կատարել։ Վստահ է՝ հնարաւոր է վաւերագրական ֆիլմ ստանալ այդ նիւթերից։ Յատկապէս Կիլիկիայի ամրոցների վերաբերեալ ուզում է ֆիլմ նկարահանել, բայց առայժմ միջոցներ չկան։ Ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ ֆիլմի համար երաժշտութիւն գրելու, մոնտաժային աշխատանքները կազմակերպելու եւ բովանդակութեան մշակումներ ու քննարկումներ անելու համար։
«Մօտ մէկ շաբաթ առաջ Գանատայում էի։ Հրայր Բազէի հետ միասին ներկայացրինք գիրքը եւ ոգեւորուած ենք, քանի որ հիանալի ընդունելութեան արժանացաւ։ Գանատայում, ԱՄՆ-ում եւ, ի հարկէ, Հայաստանում այս ընթացքում գիրքը մեծ պահանջարկ ունի։ Մեզ համար կարեւոր է միջազգային հարթակներում այս գիրքը ներկայացնելը։ Մեզ համար կարեւոր է օտարներին ներկայացնել մեր մշակոյթը։ Եւ որ ամենակարեւորն է, մարդիկ ոչ միայն գալիս են ունկնդրելու մեզ, երբ խօսում ենք գրքի մասին, այլեւ գիրքը ձեռք են բերում։ Գրքի միջոցով մենք մեր մշակոյթի մասին ենք խօսում, պրոպագանդում այն»,- եզրափակեց Լիլիթ Խաչատրեանը։
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Խաչատրեանը
Յասմիկ Բալէեան