Ազգային կոմիտէն քննարկում է նախաձեռնել
Ս.թ. Հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտէի նախաձեռնութեամբ կազմակերպուել էր «Հայաստանի անվտանգութեան սպառնալիքները, դրանց չէզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագայ կազմակերպումն ու գործունէութիւնը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնեակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Քննարկմանը Ազգային կոմիտէի համակարգող Վազգէն Մանուկեանը հանդէս է եկել ներածական ելոյթով:
Քննարկումն ընթացել է հետեւեալ հարցերի շրջանակում.
1.Արտաքին եւ ներքին միջավայրից բխող անվտանգութեան սպառնալիքներ
2.ՀՀ ապագայ իշխանութիւնների հրատապ առաջնահերթութիւններն ազգային խնդիրների լուծման եւ անվտանգութեան սպառնալիքների դիմակայման գործում
3.Ընդդիմադիր շարժումների գնահատականը եւ հանրային պահանջներն ընդդիմութիւնից
4.Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակէտեր եւ գործառնական առաջարկութիւններ
5.Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցութեան թեզեր, սկզբունքներ եւ եղանակներ
6.Ազգային կոմիտէի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձեւաչափի սահմանում։
Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերեալ գնահատականներին զուգահեռ նաեւ մեծաթիւ արժէքաւոր առաջարկութիւններ են ներկայացրել, որոնք ամփոփուել են Ազգային կոմիտէի աշխատանքային խմբի կողմից՝ հետագայ գործողութիւնները կազմակերպելու նպատակով:
Ստորեւ ներկայացնում ենք Վազգէն Մանուկեանի ելոյթը Ազգային կոմիտէի նախաձեռնած քննարկմանը․
«Մեր առջեւ դրուած 4 խնդիրները
Ողջ աշխարհի աչքի առաջ՝ ռուս խաղաղապահ զօրքերի ներկայութեամբ (որոնց Արցախում գտնուելու միակ նպատակը տեղի բնակչութեան պաշտպանութիւնն էր), Ատրպէյճանի կողմից տեղի ունեցան յարձակումներ բնակչութեան վրայ, ունեցանք բազմաթիւ զոհեր, տեղի ունեցաւ ցեղասպանութիւն, եւ Արցախի ողջ բնակչութիւնը բռնագաղթեց Հայաստան։
Բայց եթէ որեւէ մէկը մտածում է, որ դրանով Արցախի հարցը լուծուեց, չարաչար սխալւում է։ Այս հարցը մնում է որպէս չլուծուած կոնֆլիկտ միջազգային քաղաքականութեան հարթակում:
Մեր նպատակն է.
Խնդիր 1-ին՝ վերադարձնել արցախահայութեանը Արցախ, որտեղ բնակչութիւնը պէտք է գտնուի ՄԱԿ-ի մանդատով միջազգային ուժի պաշտպանութեան տակ: Վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Մինչ այդ Արցախը չի ենթարկուելու Ատրպէյճանի օրէնքներին, այլ ապրելու է ինքնուրոյն կեանքով: Մենք ամէն ինչ անելու ենք, որ հասնենք դրան։ Նաեւ գիտենք, որ ներկայ իշխանութիւնը ոչ միայն չի զբաղուի դրանով, այլեւ կը լինի մեծ խոչընդոտ այդ ծրագիրն իրագործելու ճանապարհին, հետեւաբար պէտք է ազատուել այդ իշխանութիւնից։
Ոմանց թւում է, թէ Արցախի հարցը այս կամ այն ձեւով լուծուեց, եւ Հայաստանը կարող է հանգիստ ապրել։ Նորից ասեմ, որ չարաչար սխալւում են։ Հայաստանին սպասւում է նոյնը, ինչ տեղի ունեցաւ Արցախում։
Այն չարաբաստիկ փաստաթուղթը, որն անուանում են խաղաղութեան պայմանագիր, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքն անընդհատ մեր դիմաց են դնում, թէ կնքէք այդ պայմանագիրը, եւ խաղաղութիւն կը լինի, այդ պայմանագիրը, ընդհակառակը, նոր պատերազմի սկիզբ է նշանակում։ Այդ պայմանագրի մէջ կայ անկլաւների հարցը։ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները հասկանում են, որ անկլաւ՝ նշանակում է պատերազմ՝ լինի դա Պաղեստինում, Քոսովոյում, թէ մէկ այլ տեղ։
Բացի դրանից, Ատրպէյճանը Հայաստանի ներսում եւ Հայաստանի սահմանների վրայ վերցրել է ամենաստրատեգիական նշանակութիւն ունեցող բարձունքները։ Այսինքն մենք ամբողջութեամբ գտնուելու ենք Ատրպէյճանի վերահսկողութեան տակ՝ ե՛ւ անկլաւներով, ե՛ւ այդ գրաւեալ բարձունքներով։ Դրանցից իւրաքանչիւրը բաւարար է սպառնալիքի տակ պահելու Հայաստանը եւ սպասելու յարմար պահի:
Կարող է հարց հնչել՝ բայց ինչո՞ւ Ատրպէյճանը պէտք է պատերազմ անի։ Անելու է։ Իրենց նպատակները շատ հեռուն գնացող են։ Ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ատրպէյճանում ստեղծում են Հայաստանի տեղանքների անուններով հայրենակցական միութիւններ։ Նրանք ուզում են ապացուցել, որ հայերը եկուոր են եւ այստեղ պետութիւն ունենալ չեն կարող։
Նիկոլ Փաշինեանը ոչ միայն ջնջեց 1988 թուից եկած յաղթանակները, այլեւ մեզ հետ է մղում 150 տարի։ Ինչպէս 150 տարի առաջ, Ատրպէյճանի եւ Թուրքիայի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որտեղ կը լինեն հայկական համայնքներ, բնակավայրեր, որտեղ հայերն ապրում են, բայց չի լինի հայկական պետութիւն, եւ հայութիւնը հետզհետէ կը վերանայ ոչ միայն ֆիզիքապէս, այլեւ որպէս պատմական, մշակութային քաղաքակրթութիւն:
Այս խնդիրն արդէն որեւէ քաղաքական կուսակցութեան խնդիր չէ։ Սա ամբողջ հայութեան գոյութեան հարցն է։ Հետեւաբար ամբողջ հայութիւնն իր բոլոր կարողութիւններն աշխարհով մէկ պէտք է գումարի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալ։
Խնդիր 2-րդ՝ պէտք է ստեղծել համահայկական ճակատ, որտեղ կը ներգրաւուի ոչ միայն Հայաստանի բնակչութիւնը, այլեւ Սփիւռքը, ազգային կառոյցները, եւ տեղի կ’ունենայ համահայկական կարողութիւնների գումարում: Դրանով պէտք է զբաղուել անյապաղ։
Եթէ պատերազմ սկսուի, մենք ունե՞նք դաշնակիցներ։ Ոչ, մենք չունենք դաշնակիցներ, մենք ունենք պոտենցիալ դաշնակիցներ։ Սիւնիքի, Սիւնիքի միջանցքի համար Իրանը բնական դաշնակից է, բայց ո՛չ մնացած արհաւիրքի համար, որը մեզ սպասւում է։
Ճակատ ստեղծելու հետ մեկտել հայ ժողովուրդը պէտք է յայտարարի, որ պատրաստ է մինչեւ վերջ պայքարել իր հայրենիքի համար։ Պատերազմել, պայքարել մինչեւ վերջ, ոչ թէ անընդհատ խուսափել պատերազմի մասին խօսելուց։ Եթէ մենք չկարողանանք մեր հայրենիքը պաշտպանել, ոչ մի դաշնակից էլ չենք ունենայ։ Հենց որ մենք ցոյց տանք մեր կամքը, մեր վճռականութիւնը, մենք կ’ունենանք բազմաթիւ դաշնակիցներ։
Պոտենցիալ դաշնակիցներ շատ ունենք, որոնք իրական դաշնակից կը դառնան միայն այդ դէպքում։
Խնդիր 3-րդ՝ Հայաստանում եւ Սփիւռքում պէտք է լինի ազգային, ռազմահայրենասիրական հոսանք։ Մենք ունենք բանակ, բայց ժողովուրդն էլ պիտի պատրաստ լինի պայքարել իր հողի, իր պետականութեան, իր անվտանգութեան, իր ապագայի ու բարեկեցութեան համար։
Այս բոլոր հարցերի լուծման համար պէտք է փոխել իշխանութիւնը։ Ընդհանրապէս աշխարհի համար այնքան անբնական է այն, ինչ կատարում է Հայաստանի իշխանութիւնը։ Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ղեկավարներն արհամարհանքով են վերաբերւում անձամբ Նիկոլ Փաշինեանին եւ մասամբ նաեւ մեզ, որ ունենք այդպիսի ղեկավար։
Փորձեր կատարուեցին իշխանութիւնը փոխելու, ոչ մէկը յաջողութեան չբերեց։ Վերջին փորձն այս պոռթկումն էր, որ տեղի ունեցաւ Արցախում վերջին իրադարձութիւնների ֆոնին։
Ոտքի վրայ կազմաւորուեց մի կոմիտէ, փորձ արուեց մի քանի օրում իշխանութիւն փոխել՝ ժողովրդին ոտքի հանելով, չյաջողուեց։ Ինչքանով էր մեղաւոր կոմիտէն, ինչն էր իրականութիւնը, դեռ մի կողմ դնենք։ Առջեւում մեզ սպասում են այնպիսի իրադարձութիւններ, որ մենք իրաւունք չունենք սպասելու, մենք պէտք է աշխատանքներ տանենք եւ ամեն պահի պատրաստ լինենք փոխել իշխանութիւնը, ոչ թէ սպասենք պոռթկումների:
Այս պահից Հայաստանի բոլոր բնակավայրերում, բուհերում, բոլոր պետական եւ ոչ պետական կառոյցներում, ամէն տեղ պէտք է ստեղծուեն մարմիններ, որոնք համագործակցում են իրար հետ՝ պատրաստ լինելով միաժամանակ ոտքի կանգնել եւ փոխել իշխանութիւնը:
Մինչեւ մենք մեծ աշխատանք չկատարենք այդ ուղղութեամբ, հնարաւոր չէ իշխանութիւնը փոխել։ Եթէ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի, իշխանութեան փոփոխութիւնը իրաւաբանօրէն կը ձեւակերպուի իմպիչմենթով, Նիկոլն ինքնակամ հրաժարական կը տայ-կը գնայ, թէ ժողովուրդը նրան կը վռնտի այլ եղանակով, դա արդէն ժամանակը ցոյց կը տայ:
Խնդիր 4-րդ՝ հիմա հարցը ոչ թէ խօսելն է, թէ ինչպէս է վերջում իշխանափոխութիւնը լինելու, այլ թէ ոնց ենք կազմակերպելու, որ X օրը ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի եւ 1-2 օրում հարցը լուծի։ Կը կարողանա՞նք այդ խնդիրը լուծել, Հայաստանը կը փրկուի, չկարողանանք, ուրեմն ի զուր տեղը ժամանակ ենք կորցնում։
Թուարկուած խնդիրների լուծումն այժմ գուցէ թւում է անիրատեսական, բայց նախ կարեւոր է այդ խնդիրների ձեւակերպումը, եւ երբ մեզ յաջողուի ձեւաւորել աշխարհը հասկացող, ժամանակի մարտահրաւէրները կանխատեսող ազգային իշխանութիւն, որն ապահովի նաեւ ժողովրդի միասնութիւնը եւ ստեղծի արդար պետութիւն, այդ խնդիրների լուծումը կը դառնայ ընդամէնը ժամանակի հարց:
Երբ այս կոմիտէն ստեղծուեց, յաւակնութիւն չունէր ներկայացնելու ողջ ժողովրդի պահանջներն ու կարծիքները։ Մենք ինքներս այժմ քննարկում ենք կա՛մ ձեւափոխել կոմիտէն, կա՛մ լուծարել, ստեղծել նորը՝ ներգրաւելով նոր ուժերի։
Հիմա Հայաստանում մի նոր պրոցես է գնում՝ Հայաստանի ապագայով մտահոգ եւ ուղիներ փնտռող երիտասարդական խմբեր կան, ինքս անձամբ եւ կոմիտէի միւս անդամները հանդիպել ենք այդ խմբերի հետ: Ապագայ ունեցող երիտասարդական հոսանք է գնում, եւ մենք պէտք է ժամանակակից երիտասարդութեանը ներգրաւենք այդ նոր մարմնի մէջ, որը կը ղեկավարի շարժումը։
Այսօրուայ խորհրդակցութեան նպատակն այն չէ, որ ընդունենք ինչ-որ փաստաթուղթ կամ յայտարարութիւն, նպատակն այն չէ, որ ամփոփենք ինչ-որ արդիւնքներ, նպատակն այն է, որ այս քննարկմամբ սկսուի մի նոր էտապ՝ կազմակերպական, քաղաքական, քարոզչական նոր էտապ։ Մենք դրա հիմքը պիտի դնենք»։
Comments are closed.