Ազգային կոմիտէի յայտարարութիւնն ապօրինի ձերբակալուածների վերաբերեալ

Արցախահայութեան կեանքի իրաւունքը պաշտպանելու հրամայականով դրդուած ժողովրդային լայն զանգուածներ ս.թ. Սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարութեանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողութիւններ:

Հայաստանի գործող իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետեւանքով տարբեր անհնազանդութեան ակցիաների ընթացքում 700-ից աւելի անձինք բերման են ենթարկուել ոստիկանութեան բաժիններ՝ ճնշող դէպքերում նրանց նկատմամբ կիրառուել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին եւ անգամ ակցիաների հետ առնչութիւն չունեցող բազմաթիւ քաղաքացիների պատճառուել է ֆիզիքական վնաս: Ոստիկանութեան եւ իշխանութեան սադրիչների հրահրուած բախումներով բազմաթիւ անձինք ստացել են մարմնական վնասուածքներ:
Կամակատար քննչական մարմինների եւ դատաւորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկուել են ապօրինի ձերբակալութիւնների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանաւորուել են կամ սահմանափակուել է նրանց ազատութիւնը՝ արգելելով կալանաւորուածներից շատերի հետ տեսակցութիւնները:

Կամաւոր հիմունքներով ձեւաւորուած փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապէս եղել են նրանց կողքին, ցուցաբերել են եւ շարունակում են ցուցաբերել իրաւական, հաղորդակցութեան ապահովման եւ այլ աջակցութիւն՝ հայրենադաւ իշխանութեան դէմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:

Ազգային կոմիտէն երախտագիտութիւն յայտնելով փաստաբաններին ու իրաւապաշտպանութեան մէջ ներգրաւած անձանց շարունակում է իր համակարգուած աջակցութիւնը ապօրինութիւնների ենթարկուած անձանց:

28 Սեպտեմբերի 2023

Երեւան

Comments are closed.