Փորձառու սպաներին հեռացնելն էր Փաշինեանի բարեփոխումը, որպէսզի հայրենադաւ որոշումներն ի կատար ածեն․ Արտաշէս Մխիթարեան
Գաղտնի տեղեկատուութիւնը թշնամուն փոխանցելը, միանշանակ, յանցագործութիւնն է, և այդ յանցագործութիւնն կատարողը պէտք է անպայման պատասխանատուութեան ենթարկուի՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազօրային գնդապետ Արտաշէս Մխիթարեանը՝ խօսելով հայ գերիների դիմաց Վարանդայի, Կովսականի, Ակնայի ականապատ հատուածների քարտէզները թշնամուն յանձնելու մասին։
«Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ առանց որևէ նախապայմանի նշուած էր գերիների վերադարձի պարտաւորութիւնը՝ բոլորը բոլորի դիմաց։ Իհարկէ, այնտեղ ժամկէտ չկար նշուած՝ դա ևս այս մեր դաւաճան իշխանութիւնների բացթողումն էր, որովհետև պէտք է նշուած լինէր, որ նրանք անյապաղ պէտք է վերադարձուեն»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։
Նա չի կարծում, թէ ականապատ դաշտերի քարտէզը թշնամուն յանձնելով՝ նրանք ինչ-որ մի մեծ արդիւնքի կարողանան հասնել, որովհետև տարբեր ժամանակներում ականապատուել են այդ տարածքները դեռևս 92-94 թուականներից։
«Այն ժամանակ, իհարկէ, ականապատ դաշտերի քարտէզի մասին մտածելը անիմաստ էր, որովհետև մարտական ակտիւ գործողութիւններ էին ընթանում, և երբ դու տարածքը ազատագրում ես՝ առաջնագիծը ականապատում ես, և այդ ակտիւ գործողութիւնների ժամանակ նոյնիսկ ժամանակ չես ունենում կոնկրետ ականների տեղը նշելու»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։
Այսուհանդերձ, քարտէզներն Ադրբեջանին յանձնելով՝ բաւականին հեշտանալու է նրանց գործը այդ տարածքները վերաբնակեցնելու համար, քանի որ ականազերծելուց յետոյ կը վերաբնակեցնեն։
«Էականն այն է, որ մեր թշնամիները Յայտարարութեամբ ամրագրուած իրենց պարտաւորութիւնը կատարելու համար ինչ-որ պահանջներ են ներկայացնում, զիջումներ են պահանջում մեր այս ապիկար, դաւաճանական ընթացք վերցրած իշխանութիւններից։ Եւ սրանք էլ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար գնում են այդ զիջումներին՝ չհասկանալով, որ Ադրբեջանի և Թուրքիայի ջրաղացին ջուր են լցնում։ Գուցէ և լաւ էլ հասկանում են, ու իրենց նպատակը հենց դա է՝ ձերբազատուել այն բոլոր վտանգներից, որոնք առաջ կը գան Ադրբեջանի և Թուրքիայի հետ չհամաձայնելու դէպքում»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։
Հատկանշական է, որ ՀՀ կառավարութեան յայտարարութեան մէջ Արցախի Վարանդա և Կովսական բնակավայրերի անունները նշուած էին ադրբեջանական ձևով՝ Ֆիզուլի և Զանգելան։ Արտաշէս Մխիթարեանի համար սա զարմանալի չէ, քանի որ այս 3 տարիներին, ինչ նրանք եկել են իշանութեան, Մխիթարեանի համոզմամբ, հետևողական քաղաքականութիւն են վարում, որ ձերբազատուեն Արցախից, իսկ դրանից յետոյ էլ անցնելու են Տաւուշի գիւղերը յանձնելուն։
«Կազմաքանդում են բանակը, զօրացրում են բոլոր գիտակ սպաներին, վարկաբեկում, խայտառակում, քրէական գործեր են հարուցում։ Ամենայայտ օրինակը Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը չերկարացնելն է, որը նշանակում է, որ նա պատրաստւում է նաև Տաւուշի մարզի տարածքները յանձնելու, և մենք պարտաւոր ենք, որպէս ՀՀ քաղաքացի, պաշտպան կանգնել մեր սահմաններին և չթողնել, որ ինչ-որ ստահակ իր դաւաճանական ընթացքը շարունակի»,-ասաց նա։
Հանրությունը ահազանգում է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զօրացրել, պատժել ու մեկուսացնել Տաւուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ յանձնելու հրամանը չկատարելու համար։
Արտաշէս Մխիթարեանն ընդգծեց, որ մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի անյապաղ հեռացնել այս սրիկաներին և մեր երկրի անվտանգութիւնը ապահովել սեփական ուժերով։
Նա Գրիգորի Խաչատուրովի օրինակով ցոյց տուեց՝ որքան երկար ժամանակ է պահանջւում մէկ սպայ կրթելու համար, և ինչու է անընդունելի այդքան հեշտութեամբ հեռացնել համակարգից։
«Խաչատուրովի օրինակը․ 16 տարեկանում ընդունուել է Վազգէն Սարգսեանի անուան ինստիտուտ, աւարտելուց յետոյ զբաղեցրել տարբեր հրամանատարական պաշտօններ, գումարտակի հրամանատարից յետոյ գնացել է ռազմական ակադեմիայ, աւարտելուց յետոյ ստացել զօրամասի հրամանատարի տեղակալի պաշտօն, հրամանտարի պաշտօն, կորպուսի շտաբի պետի պաշտօն, կորպուսի հրամանատար․․․ ամենաքիչը 20-25 տարի ծառայութիւն է դա։ Մեղրիի գնդի հրամանատարինը նոյնպէս 20-25 տարուայ ծառայութիւն է, որին նոյնպէս հեռացրին աշխատանքից»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։
Այսպիսի 200 սպայի վեջին 2 տարում հեռացրել է Փաշինեանի թիմը։ Արտաշէս Մխիթարեանը փաստեց, որ գիտակ, հայրենանուէր գեներալական կազմը հեռացուել է բանակից․ որոշ ժամանակ առաջ էլ հեռացրին ինժեներական զօրքերի պետին, ՀՕՊ զօրքերի պետին։
«2-ին էլ ճանաչում եմ, երկուսի հետ էլ երկար ժամանակ ծառայել եմ․ բաւականին բարձրակարգ սպաներ, գեներալներ են, գործին, հայրենիքին նուիրուած։ Եւ ես չեմ հաւատում, որ պատահական էր նրանց զօրացրումը, ոնց որ չեմ հաւատում, որ պատահական է Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագրի չերկարացնելը»,-ասաց նա։
Նա ոչ միայն Խաչատուրովի մասին ցաւով խօսեց, այլև մարտական փորձ ունեցող, Զինուած ուժերի կայացման գործում մեծ ներդրում ունեցող սպաների ու գեներալների մասին, որովհետև համոզուած է, որ նրանց հեռացնում են բանակը վերջնականապէս ջարդելու, կազմալուծելու համար։
Արտաշէս Մխիթարեանը նշեց, որ, ամենայն հաւանականութեամբ, այն բարեփոխումները, որոնց մասին Փաշինեանի թիմը յաճախ բարձր ամբիոններից խօսում է, այդ փորձառու սպաներին բանակի համակարգից հեռացնելն է, որպէսզի կարողանան դարձնել իրենց խամաճիկը, որպէսզի կարողանան իրենց բոլոր հայրենադաւ որոշումներն ու հրամանները ի կատար ածել իրենց նման խեղկատակների միջոցով։
Աննա Բալեան