Վարչախմբի անմիջական պատասխանատուութիւնն է, որ դիրքում կանգնած զինուորը գերի է ընկնում. Գեղամ Նազարեան

2020 թուականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի աւարտուել: Ադրբեջանը և Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն աւարտել․ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը:

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանն անդադար, թէ՛ ռազմական սադրանքների, թէ՛ տեղային մարտերի, թէ՛ դիւանագիտական ու  հոգեբանական ճնշումների միջոցով, շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թոյլ իշխանութիւնների վրայ՝ փորձելով համաձայնագրով հասնել նրան, ինչին ուզում են: Իսկ նրանք, Գ. Նազարեանի խօսքով, ոչ թէ ճանապարհ են ուզում, այլ տարածք, որը կ՚անցնի իրենց ամբողջական վերահսկողութեան ներքոյ, որից յետոյ Սիւնիքն ամբողջովին կը կտրուի ՀՀ միւս հատուածներից:

«Նրանք գտել են թոյլ տեղը, այն մարմինը, որին պէտք է ճնշել, այսինքն՝ Հայաստանի գործող ղեկավարներին, որովհետև յաճախ եմ ասել, երբ որ գործ ունենք պարտութեան դէմքի հետ։ Այդ ճնշումները, պարտութիւնը շարունակական է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Ըստ Գ. Նազարեանի՝ այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սիւնիքը յայտնուի թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքոյ, բայց պէտք է հաշուի առնել, որ գործ ունենք երկու նենգ, ցինիկ թշնամիների հետ, գործ ունենք Հայաստանում մի իշխանութեան հետ, որը վախկոտ է:

«Մեր խմբակցութիւնը երեկուանից անդադար աշխատանքների մէջ է, հանդիպումներ է ունենում օտարերկրեայ դիւանագիտական կորպուսի ղեկավարութեան հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու, թէ ինչ կարելի է անել։ Խմբակցութեան անդամներից ոմանք գտնւում են նաև Սիւնիքում»,- յայտնեց Նազարեանը:

Ըստ նրա՝ վարչախմբի անմիջական պատասխանատուութիւնն է, որ դիրքում կանգնած զինուորը գերի է ընկնում. «Ես այդ տղաներին չեմ մեղադրում, քանի որ տեղեակ չենք, թէ ինչ հրամաններ են տալիս»,- նշեց պատգամաւորը:

Ըստ նրա՝ Հայաստանը դեռ պատերազմի ու պարտութեան մէջ է, և դրա թիւ մէկ  պատասխանատուն իշխանութիւնն է, որը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տալու համարձակութիւն չունեցաւ, այսօր էլ չունի այդ համարձակութիւնը, որովհետև առաջնորդւում է ոչ թէ պետութեան, ազգի, ժողովրդի շահով, այլ միայն իր անձնական անվտանգութիւնից ելնելով է որոշումներ կայացնում, այսինքն՝ մտածում է՝ եթէ հրաժարական տայ, բա ինչ է լինելու իր հետ:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.