Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով պէտք է ձեւաւորեն համահայկական ընդվզում ընդդէմ Հայաստանի թրքացման օրակարգի. Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Sputnik Արմենիայի հետ խօսել է երկրի առաջ ծառացած կարեւորագոյն խնդիրների մասին, ներկայացրել հետագայ անելիքներն ու պայքարի ձեւերը։

– Պարոն Սաղաթելեան, խմբակցութիւնում քննարկե՞լ էք Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընտրութիւններին մասնակցութեան հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ էք, թէ՞ ոչ։

– Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկայ 2 օրուայ ընթացքում քննարկում կ’ունենանք նաեւ ընդդիմադիր միւս խմբակցութեան` «Պատիւ ունեմ»-ի հետ։ Նախ կը հասկանանք առաջադրելու նպատակայարմարութիւնը, յետոյ կը քննարկենք թեկնածուի հարցը եւ վերջնական դիրքորոշում կը յայտնենք։

– Ո՞ւմ էք տեսնում ՀՀ նախագահի պաշտօնում։ Կա՞յ այնպիսի մէկը, որը կը կարողանայ հաւասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր եւ իշխանական ուժերին։

– Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պէտք է լիարժէք կարողանայ իրականացնել Սահմանադրութիւնից բխող իր պարտականութիւնները, նաեւ լինի այնպիսի մարդ, որը կ’ունենայ մեր հասարակութեանը համախմբելու ու պառակտուած վիճակից դուրս բերելու եւ երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին իրական լուծումներ գտնելու հնարաւորութիւններ։

– Նիկոլ Փաշինեանի ասուլիսին հետեւե՞լ էք։ Ինչո՞վ էր այն տարբերւում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակութեանը։

– Ասուլիսն ամբողջութեամբ չեմ հետեւել, բայց մի քանի դրուագների ծանօթ եմ։ Գիծը յստակ է` հասարակութեանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամէնը վաղուց է որոշուել, եւ իրենք պատասխանատուութեան բաժին չունեն այս ամէն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդէն զզուելի, բայց սա է իրականութիւնը։

Եթէ կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանութիւն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թուականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, վերջացրած միւս խայտառակ հիմնաւորումներով։

– Այդ ամէնը հնարաւո՞ր է կանխել, թէ՞ ամէն ինչ կարելի է աւարտուած համարել։

– Երբեք ամէն ինչ աւարտուած չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրաւէրների առաջ, գործընթացները դեռ առջեւում են, հնարաւոր է պայքարել, եւ նաեւ մեր պարտականութիւնն է այս ամէնի դէմ պայքարել։ Անհրաժեշտ է ձեւաւորել համաժողովրդական դիմադրութիւն այս խայտառակ օրակարգերի դէմ։

– Ի դէպ, պարբերաբար տեղեկութիւններ են շրջանառւում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խօսքը, եւ ի՞նչ էք անելու այս անգամ, որ մինչեւ հիմա չէք արել։

– Մեր տեսակէտը հետեւեալն է` պէտք է ձեւաւորուի դիմադրութիւն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին եւ բոլոր այն ապօրինութիւններին, որոնք տեղի են ունենում այս իշխանութիւնների կողմից։ Այս ուղղութեամբ աշխատանքներ են տարւում, մասնաւորապէս`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացւում։ Յոյս ունենք եւ ամէն ինչ անելու ենք, որ այդ դիմադրութիւնը ձեւաւորուի, որ այդ դիմադրութիւնը վերաճի համազգային դիմադրութեան։

– Ինչպէ՞ս է դա դրսեւորուելու. աւելի վաղ Դուք յայտարարել էիք դիմադրութեան շարժում սկսելու, փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձեւերով էք խոչընդոտելու գործող իշխանութիւնների, ինչպէս Դուք էք նշում, հակապետական գործողութիւններին։

– Թէ ինչպէս է դրսեւորուելու Դուք դրան ականատես կը լինէք, հիմա դետալների մէջ չմտնեմ։ Երբ այս ամէնը գործնական տիրոյթում լինի, վստահ եմ` Դուք կը տեղեկանաք։ Տարբեր դրսեւորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմուած մի ամբողջական գործընթաց պէտք է լինի։

– Այս փուլում իշխանափոխութեան նախադրեալներ կա՞ն։

– Նախադրեալներ, իհարկէ, կան։ Փաշինեանի վերջին ասուլիսն արդէն բաւարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակութիւնում, պետութիւնում իշխանափոխութեան գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրեալ լինի։

– Պարոն Սաղաթելեան, 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ մենք աւելի դժւարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց յաղթահարման ճանապարհը, թւում է` իշխանափոխութիւնն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրութիւնների միջոցով չի յաջողուել այդ հարցը լուծել։

– Եթէ մինչեւ հիմա չենք յաջողել, դա չի նշանակում, որ պայքարն աւարտուել է։ Պայքարը դեռ առջեւում է, որովհետեւ մենք չենք հրաժարուել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին յայտարարութիւններից, մենք չենք համակերպուել ստեղծուած իրավիճակի հետ։ Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը եւ հասնենք իշխանափոխութեան։ Թէ ինչ կը լինի` կախուած է հասարակութեան, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։

– Հետեւութիւններ արե՞լ էք նախկինում ձախողուած փորձերից։

– Հետեւութիւններ միշտ էլ արել ենք, անելու ենք եւ նորից եմ կրկնում` եթէ նախորդ շրջանում չի ստացուել, դա չի նշանակում, որ ապագայում եւս չի ստացուելու։

– Նիկոլ Փաշինեանն անդրադարձաւ նաեւ սահմանադրական փոփոխութիւններին եւ ասաց, որ ամենեւին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխութիւններ տեղի կունենան։ Այս յայտարարութիւնն ինչպէս կը մեկնաբանէք։

– Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին եւ քաղաքական կուսակցութիւններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հէնց դա էր պատճառը, որ մենք հրաժարուեցինք մաս կազմել այդ խեղկատակութեանը եւ շոուին, որն իրենք նախաձեռնել են։

– Ինչո՞ւ է Փաշինեանը մտափոխուել է։ Գուցէ նախագահի հրաժարականով պայմանաւորուած` իրողութիւններն այլեւս այլ հունով են գնում։

– Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որեւէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակութեանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն եւ գլխաւոր հարցերից մեր ուշադրութիւնը շեղելու համար։ Նոյն յաջողութեամբ կարող է 3 օր յետոյ դուրս գալ եւ կարեւորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտութիւնը, անգամ հանրաքւէի օր նշանակել, բայց դրանից մէկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետեւողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։

Այդ նոյն տրամաբանութեամբ ինքը հիմնաւորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն` օրը մի բան կարող է ասել, յաջորդ օրը դա հերքել եւ հակառակը հիմնաւորել։

– Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստւում է կուսակցութեան ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամների փոփոխութիւններ են սպասւում։ Նշւում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհութիւններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսւում կուսակցութեան ընդհանուր ժողովը եւ ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։

– Դրանք ընդամէնը բամբասանքներ են, որոնք իրականութեան հետ կապ չունեն։ Դաշնակցութեան ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, յաջորդ ժողովը երկու տարի յետոյ է։ Շատ յաճախ ամէն մի ապատեղեկատուութեան հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտօնապէս հերքել։ Իսկ կուսակցութեան ժողովը մարտին է։

Դաշնակցութեան ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձեւաւորում, ես այս ամէնը դրանով եմ պայմանաւորում եւ շատ հանգիստ եմ վերաբերւում այդ ամէն ինչին։ Դաշնակցութիւնը շատ պինդ, շատ ամուր է, որեւէ խնդիր չկայ։

– Հայ-թուրքական յարաբերութիւններ. հայ եւ թուրք յատուկ բանագնացների յունուարի 14-ին կայացած առաջին հանդիպումից յետոյ յայտարարուեց առանց նախապայմանների բանակցութիւնների մասին. 90-ականներից ի վեր Թուրքիան մշտապէս նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխուել, կամ ի՞նչ է թաքնուած առանց նախապայմանների ձեւակերպման տակ։

– Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ յստակ է ամէն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով յարաբերութիւնները, Թուրքիան նոյն Թուրքիան է` ինչպէս տարիներ առաջ, իսկ պատերազմից յետոյ Հայաստանն այլեւ նոյն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրուած նախապայմանների գերակայ մասն արդէն փաստացի կատարուած է, կան բաներ, որ արդէն բաւարարուած են։

Իր ասուլիսից ակնյայտ էր, որ իրենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփիւռքի վրայ եւ, ըստ էութեան, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից յայտարարելով կամ առանց յայտարարելու դուրս է գալու այս քաղաքականութիւնը։ Այս իշխանութիւնը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հէնց սա նկատի ունէինք։

– Այս համատեքստում որն է սփիւռքի, մասնաւորապէս Հայ Դատի հիմնական դերակատարումը։

– Ես երբեք չեմ ուզի սփիւռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփիւռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրոյթները։ Կայ մէկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփիւռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգութիւնն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփիւռքի ամրապնդումը։ Միեւնոյն ժամանակ` առանց պետութեան մասնակցութեան այս օրակարգերը չեն կարող յաջողութիւն ունենալ։ Առաջնահերթ պէտք է խուսափել այդ բաժանումից, որը հետեւողական առաջ է տանում այս իշխանութիւնը։

Երկրորդը` հայ-թուրքական յարաբերութիւնների գծով պէտք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփիւռքի խնդիրը չէ, առաջին հերթին հէնց Հայաստանի խնդիրն է։ Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով պէտք է ձեւաւորեն համահայկական ընդվզում ընդդէմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրաւունքներից հրաժարուելու եւ առհասարակ հայկական ինքնութեան ոչնչացման այս գործընթացների դէմ։ Պէտք է համախմբուենք ու միասնաբար պայքարենք այսօրուայ իշխանութեան առաջ քաշած այս կործանարար օրակարգի դէմ։

– ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջոյ նման հանդիպում եղե՞լ է, թէ ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփիւռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։

– Անկեղծ`տեղեակ չեմ` հանդիպել են, թէ ոչ։ Հայ Դատի գրասենեակներն աշխարհում լուրջ առաքելութիւն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կը լինի միջազգային կազմակերպութիւնների, տուեալ երկրների, պետութիւնների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որեւէ մէկի հետ, առնւազն պէտք է բխի Արցախի եւ Հայաստանի շահերից։

Եթէ անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մէջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետեւ վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակէտներն ու մտահոգութիւնները բարձրաձայնած կը լինեն, նաեւ այն, ինչ մտածում են օրուայ իշխանութեան, Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ Արցախի հարցի ուղղութեամբ։

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.