Սուտը Արարատի փէշերին կամ պատմութեան կեղծումը՝ որպէս փրկօղակ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Ակնյայտ երևակւում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկութիւնը տեսնում են անցեալը կեղծելու մէջ։ Եւ դա անում են (և անելու են) ագրեսիւ ու առանց կարմիր գծերի։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը:

Յայտարարութիւնում նաեւ ասւում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եւ ահա, ֆանտաստիկ զուգադիպութեամբ, գրեթէ նոյն բաները ժամեր յետոյ կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենեա՞կ ունեն, ընդհանուր ուղեցոյցնե՞ր։ Արդէն չես հասկանում։

Ձևակերպում առաջին. «Այն արհաւիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբէութեան արդիւնք է…Պէտք չի՝ գնալ բանակցել, ինչպէս եղել է տարիներ շարունակ, մի բան, յետոյ գալ՝ տանը յայտարարել բոլորովին ուրիշ բան»։

Կարելի է այս կամ այն կերպ վերաբերուել երկրի նախկին նախագահներին, ընդունել կամ չընդունել նրանց շատ տեսակէտներ, բայց պատմութիւնը կեղծել կտրականապէս չի կարելի թոյլ տալ։ Դա շատ վտանգաւոր է ապագայի համար։

Առաջին նախագահ Լ. Տէր-Պետրոսեանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները, երբեք չի փոխել դրանք, և իր գաղափարների համար հրաժարական է տուել։ Հետևաբար՝ չունէր այլ բան բանակցելու, այլ բան ներկայացնելու խնդիր։ Իր կառավարման տարիներին ռազմական յաջողութիւնների ամենաթէժ պահերին կարողացել է Հայաստանը զերծ պահել դրսի կոշտ քայլերից։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանը որպէս Արցախի ղեկավար  յաղթել է պատերազմում, իսկ որպէս Հայաստանի նախագահ՝ արել ամէն ինչ՝ խաղաղութեան հասնելու համար։ Պաշտօնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթեան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղութիւն և Արցախի անկախութիւն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալուել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ Պաշտօնավարման վերջում Քոչարեանը ստացել է Մադրիդեան սկզբունքները, որոնցով ենթադրւում էր խաղաղութեան մեծ ճանապարհային քարտէզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչութեան ազատ կամարտայայտման միջոցով։ Պաշտօնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողութիւնների ընթացքում հայկական կողմը տուել է 92  զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբիւրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մօտ 500։ Սա է կոչւում խաղաղութիւն պարտադրել և խաղաղութեան ձգտել։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, ունենալով զգալի մասնակցութիւն յաղթանակի հարցում, պաշտօնավարման ողջ ընթացքում հանդէս է եկել խելամիտ զիջումների և երկարաժամկէտ խաղաղութեան օգտին։ Շատ աւելի վաղ, քան նախագահ դառնալը «Աղդամը մեր հայրենի՞քն է» հռետորական հարցի դէմ «Հայկական Ժամանակը» երևի մի 100 յօդուած գրած կը լինէր։ Արդէն որպէս նախագահ՝ Ս. Սարգսեանը փորձել է հակամարտութիւնից տարանջատ լուծում գտնել Թուրքիայի հետ յարաբերութիւններում, իսկ Ադրբեջանի հետ գնացել է Կազանեան պայմանագրի ստորագրմանը, որը ենթադրում էր խելամիտ զիջումներ, բայց և՝ երկարատև խաղաղութեան մեխանիզմներ և հեռանկար։ Այն չի ստորագրուել վերջին պահին՝ Ալիևի պատճառով։ Ս. Սարգսեանը հրապարակաւ ներկայացրել է փաստաթղթի էութիւնը և պաշտպանել իր տեսակէտը։ Ապրիլեան պատերազմի ընթացքում մեծաթիւ զոհեր չտալու համար հեռու է պահել բանակը աւելորդ «ֆիդայականութիւնից» և արժանացել ընդդիմութեան և ընդդիմադիր մամուլի կոշտ յարձակումներին։

Հայաստանի ոչ մի նախագահ իրեն թոյլ չի տուել ցուցադրական, գռեհիկ «հայրենասիրութիւն» Շուշիում և հակառակորդի համար այլ զգայուն վայրերում, երբեք զինուորի կեանքը և բանակը չի դիտարկել որպէս հոբբի, չի վիրաւորել հակառակորդ երկրի ղեկավարի արժանապատուութիւնը և փոխադարձաբար ստացել է նոյն վերաբերմունքը։

Ձևակերպում երկրորդ. «Ընդդիմութիւնից հետաքրքրուէք՝ ինչպէս է եղել, որ 90-ականների վերջերից, որևէ տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխօսութեան ուղղութեամբ որևէ բանակցութիւն, քննարկում, նամակագրութիւն, կոնտակտ չլինի։ Այնպէս  որ հեքիաթները դրէք մի կողմ…»։

Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, որը կոնտակտը կամ երկխօսութիւնը չի տարբերում բայրաքթարներով յարձակումից։

Բայրաքթարները, թուրքական զինուած ուժերի բացայայտ ներգրաւուածութիւնը, վարձկաններին Սիրիայից տեղափոխումը առաջնագիծ հնարաւոր եղան հէնց հարևան երկրների հետ երկխօսութեան բացակայութեան պատճառով։

1992-ին՝ փակ սահմանների և ընթացող պատերազմի պայմաններում Հայաստանում հացի պաշարը հաշուած օրերի էր մնացել։ Վարչապետ Խոսրով Յարութիւնեանին յաջողուել է գաղտնի նամակագրութեան, յետոյ՝ հեռախօսային բանակցութիւնների արդիւնքում Թուրքիայի վարչապետ  Դեմիրելին (նախագահը Թ. Օզալն էր) համոզել  Հայաստան ուղարկել մեծ քանակութեամբ հացահատիկ։ Երկաթուղով թուրքերը հացահատիկն ուղարկել են մինչև Ախուրեան, այնտեղից բեռնատարաներով այն հասցուել է ալրաղացներ։

2005-ին Ռ. Էրդողանը նամակ է ուղարկում նախագահ Քոչարեանին՝ առաջարկներով ու հետագայ երկխօսութեան հեռանկարով։ Նոյն Էրդողանը, որն այս իշխանութեան օրոք բայրաքթարներ ուղարկեց մեր բնակավայրերի վրայ։ Բացատրե՞նք նամակի և բայրաքթարի տարբերութիւնը։ Քոչարեանը պատասխանում է նամակին՝ զուսպ և արժանապատիւ։ Դա այն փուլն էր, երբ աշխարհում ցեղասպանութեան ճանաչման շքերթ էր՝ մօտ 13 պետութիւն այդ տարիներին ճանաչեց հայոց ցեղասպանութիւնը։ Բացատրե՞նք տարբերութիւնը՝ այդ փուլի և այսօրուայ։

2008-ից Ս. Սարգսեանը սկսեց հայ-թուրքական երկխօսութեան փուլը։ Որպէս նախագահ՝ նա այդպէս էր տեսնում տարածաշրջանային դեէսկալացիայի հնարաւորութիւնը։ Չէր թաքցնում, չէր կեղծում իր քաղաքականութիւնը, հասաւ Ցիւրիխի արձանագրութիւններին՝ աշխարհի բոլոր ազդեցիկ կենտրոնների անմիջական մասնակցութեամբ։

Ի՞նչ արեց այս իշխանութիւնը. տապալեց բոլոր ուղղութիւններով աշխատանքը։ Տապալեց բանակցութիւնները անմիջական հարևանների հետ, վատացրեց յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, զրոյական մակարդակի հասցրեց ԵՄ և ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները։ Ու ստացաւ պատերազմ, ստացաւ մի վիճակ, երբ որևէ մէկը չդատապարտեց պատերազմը սկսողին։ Ստացաւ մի վիճակ, երբ հայ-թուրքական յարաբերութիւնները և սահմանային հարցերը կարգաւորւում են Հայաստանի՝ որպէս պարտուած կողմ հակառակորդին վճարուող ռազմատուգանքի շրջանակներում։ Բացատրե՞նք տարբերութիւնը»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.