«Սիւնիքում ամենամեծ խնդիրը վաղուայ ագրեսիային պետականօրէն դիմագրաւելն է, ինչի շունչը ես չնկատեցի». Աշոտ Սիմոնեան

Սիւնիքի վերջին ագրեսիային հայկական կողմից ադեկվատ արձագանգի բացակայութիւնը իրօք մտահոգիչ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աշոտ Սիմոնեանը։

Նա ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ-ի պատասխանատուների հետ եղել է Իշխանասարի հատուածում, տեսել կատարուածը, հետեւութիւններ արել։

«Երբ գնահատում ենք տարբեր ռազմական գործողութիւններ՝ ականատես ենք լինում փաստի, որ թշնամին լկտի պահուածք է ցուցաբերում մեր սուվերեն տարածքի նկատմամբ, իսկ մեր արձագանգը որպէս այդպիսին համահունչ չէ։ Սա ունի մէկ պարզ բացատրութիւն, որ այս իշխանութիւնը ի վիճակի չէ ո՛չ ռազմական, ո՛չ դիւանագիտական առումով դիմագրաւելու այն մարտահրաւէրները, որոնք այսօր մեր առջեւ են։ Սիւնիքում ամենամեծ խնդիրը վաղուայ միւս օրուայ հերթական ագրեսիային դիմագրաւելն է, ինչի շունչը՝ պետական մակարդակով կազմակերպուած, ես Սիւնիքում չնկատեցի»,- ասաց Աշոտ Սիմոնեանը։

Սա, ըստ նրա, ամենակործանարար հետեւանքը կարող է ունենալ, որովհետեւ երկրի ղեկավարի համար ամենաէականը իր իշխանութիւնը պահելն է. զինուորի կեանքը, առողջութիւնը, անյայտութեան մէջ գտնուող 10-ից աւելի մարդու ճակատագիր այդ մարդկանց չի հետաքրքրում, նրանք ամէն անգամ իրենց ձախողումների բուն պատճառը փորփրելու եւ հասկանալու փոխարէն ամէն ինչ անում են, որ արդարացնեն դա։

Սիւնիքի գերակայ բարձունքները ադրբեջանցիներին զիջելու դիմաց Տաւուշի գիւղերը կամ դէպի Նախիջեւան ճանապարհը հայկական պահելու վարկածները, Աշոտ Սիմոնեանի դիտարկմամբ, կեանք ունենալու իրաւունք ունեն, որովհետեւ երբ իշխանութիւնները չունեն յստակ պլանաւորած գործողութիւններ, թէ ինչ են ուզում, երբ բանակցում են իրենց զրոյական կէտից եւ միայն իրենց է հասու, թէ դա որն է, երբ յայտարարում են, որ ինչի շուրջ ուզում՝ դրա շուրջ են բանակցում, երբ բազմաթիւ դրուագներ փաստում են, որ 44-օրեայ պատերազմին ինչ-ինչ հարցեր այն չեն եղել՝ այդ վարկածները գոյութիւն ունենալու իրաւունք են ստանում։

Այս ամենից յետոյ օրուայ իշխանութիւնները փորձում են իրենց աթոռը ամրապնդել նաեւ տեղական իշխանութիւնների մակարդակով եւ վարչական լծակներով միջամտում են ՏԻՄ ընտրութիւններին։

«Ինչո՞ւ, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը, հաւանաբար, իր 2018 թ-ի փորձը օգտագործելով՝ հասկացաւ մի բան. եթէ ես կարող եմ զբաղեցնել վարչապետի աթոռը եւ որոշ ժամանակ անց, օգտուելով վարչական ռեսուրսներից, գնալ ընտրութիւնների եւ այդ ընտրութիւններում յաղթել, ինչո՞ւ դա չանել նաեւ տեղական ինքնակառավարման մակարդակով»,- ասաց Աշոտ Սիմոնեանը։

Ըստ էութեան, նա արեց դա. գործող ՏԻՄ մարմինները, որոնք ընտրուած էին եւ 2021 թ-ի հոկտեմբերին դրանց 90 տոկոսից աւելիի լիազօրութիւնները դադարում էին, սպասեց մինչեւ այդ մարմինների լիազօրութիւնները դադարեն, աւագանիներին թողեց դադարած եւ որեւէ քայլ չձեռնարկեց, իսկ համայնքի ղեկավարների շրջանում ազատուեց իր համար անցանկալիներից եւ նշանակեց ժամանակաւոր պաշտօնակատարներ, որ այդ ժամանակահատուածում ձեւաւորի իր թիմն ու գնայ ընտրութիւնների։

«Անցնող ամիսներն էլ ցոյց տուեցին, որ նա ազատուեց գործող գրեթէ բոլոր համայնքի ղեկավարներից, նշանակեց իր ցանկալի ԺՊ-ներին, եւ, եթէ նայելու լինենք դեկտեմբերի 5-ի ընտրութիւնները, 37 համայնքներից գրեթէ բոլորում աւագանու իրենց ցուցակները գլխաւորում են այդ ժամանակաւոր պաշտօնակատարները։ Ցուցակների անդամներն էլ այն բնակավայրերի համայնքապետերն են, որոնք միացուել են եւ խոշորացուել։ Օգտագործելով վարչական մեքենայի ամբողջ կարողականութիւնը՝ մէկին վախեցնելով, մէկին համոզելով, շատերը նաեւ ինքնակամ այդ ցուցակներում յայտնուելով՝ ձեւաւորել են ցանկեր, որոնցում կա՛մ այդ համայնքների համայնքապետերն են, կա՛մ այդ համայնքներում գործող դպրոցների եւ պետական այլ ոչ առեւտրային կազմակերպութիւնների ղեկավարները, միւս կողմից էլ մանրադիտակով նայում են՝ ովքեր են ընդգրկուած ընդդիմադիր ուժերի ցանկում, որ հետապնդումներ սկսեն»,- ասաց Աշոտ Սիմոնեանը։

Այս պայմաններում ՀՅԴ-ն՝ միայնակ կամ դաշինքով, մասնակցում է 37 համայնքներից 20-ի ՏԻՄ ընտրութիւններին։

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրութիւնները մեզ համար կարեւոր են՝ անկախ նրանից, որ իշխանութիւնը «հաւասար մրցակցային պայմաններ» կոչուածը ոտնահարել է եւ սրբելով առաջ է ընթանում։ Մենք այս ընտրութիւններին վճռական մասնակցելու ենք, որովհետեւ վստահ ենք, որ եթէ չունենանք առողջ եւ պրոֆեսիոնալ ձեւով ընտրուած աւագանու անդամներ եւ համայնքի ղեկավարներ, չենք կարողաանալու զարգացնել տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը»,- ասաց Աշոտ Սիմոնեանը։

Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն ունի քաղաքականապէս հասուն կադրեր՝ կուսակցական ընկերներ ու համակիրներ, որոնք կեանք են դրել, գործ են արել այդ համայնքներում, եւ որոնք դեռեւս խօսք ունեն ասելու այդ համայնքներում։ Նա համոզուած է, որ, անկախ ճնշումներից, որոշ տեղերում նաեւ բռնաճնշումների հասնող գործելաոճից, մեր համայնքների բնակիչները կը կատարեն ճիշտ ընտրութիւն, եւ մենք կ’ունենանք աւելի արդիւնաւէտ տեղական ինքնակառավարման մարմիններ, քան իր առջեւ նպատակ է դրել այս իշխանութիւնը։

 https://youtu.be/0NzLUe3reW8

Աննա Բալեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.