Սերգէյ Վարդանեան. պայծառ մարդու, գիտնականի յիշատակին

Մայիսի 30-ին կեանքին հրաժեշտ տուեց արձակագիր, ազգագրագէտ, բանահաւաք, բանագէտ, համշէնագէտ, հրապարակախօս, ՀԳՄ անդամ Սերգէյ Վարդանեանը։

Կեանքը եւ գործը՝ համառօտ

Ծնուել է 1952 թ. Նոյեմբերի 9-ին Երեւանում։ 1969 թուականին աւարտել է Երեւանի Յակոբ Պարոնեանի անուան թիւ 59 դպրոցը, 1974 թուականին՝ Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է նոյն համալսարանի հոգեբանութեան ամպիոնում, այնուհետեւ՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբիւր»), «Սովետական արուեստ», «Մշակոյթ» ամսագրերի խմբագրութիւններում, Հայ ճարտարապետութեան թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, 1991-2002 թուականներին եղել է ՀՀ կառավարութեանն առընթեր կրօնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը։
2009 թուականից գիտաշխատող էր ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում։ 1978 թ. մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահաւաքչական շարժում, որին մասնակցել են Խորհրդային Հայաստանի, Վրաստանի, Ատրպէյճանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոտարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հաւաքած բանահիւսական նիւթերով լոյս է ընծայել «Հրեղէն ձին» (1981) եւ «Թագաւորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրուած հեքիաթները «Փրկուած հեքիաթներ» վերնագրով լոյս են տեսել Երեւանում անգլերէն («The salvaged tales», 2007) եւ գերմաներէն («Gerettete Marchen», 2009)։

Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նիւթերով հարստացուած՝ «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակուել է 1995 թուականին եւ արժանացել «Թեքէեան» մշակութային միութեան «Հայկաշէն Ուզունեան» մրցանակին։

Համշէնի եւ համշէնագիտութեան նուիրեալը

Մեծանուն ազգագրագէտը Համշէնի պատմութեան, համշէնահայ բանահիւսութեան, բարբառի, նիստուկացի, սովորույթների ու մշակոյթի եզակի ուսումնասիրողներից էր, ով նշուած թեմաներով տասնամեակների ընթացքում հրատարակել է հարիւրաւոր գիտական, հրապարակախօսական յօդուածներ, ակնարկներ ու յուշագրութիւններ, մենագրութիւններ ու այլեւայլ արժէքաւոր գործեր:

1992 թուականից եղել է Հայաստանի «Համշէն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալը, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով եղել է նոյն ՀԿ-ի «Ձայն համշէնական» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրը։ Յաւելենք, որ ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանւում էր հայրենիքում եւ սփիւռքում, յատկապէս՝ Սեւ ծովի առափնեայ հայաշատ շրջաններում (Աբխազիա, ՌԴ Կրասնոտարի երկրամաս եւ այլն)։

2009 թուականին համշէնագիտութիւնը հարստացաւ Սերգէյ Վարդանեանի «Կրօնափոխ համշէնահայերի բարբառը, բանահիւսութիւնը եւ երգարուեստը (նիւթեր եւ ուսումնասիրութիւններ)» վերտառութեամբ բացառիկ արժէք ներկայացնող ուսումնասիրութիւնը:

Աւելի քան մէկ տասնամեակ անց՝ 2022 թ., նուիրեալ գիտնականը հրապարակի վրայ հանեց իր նոր գիրքը՝ «Բանահիւսական պատումի միջավայրը (Կրօնափոխ համշէնահայերի մի զուարճապատումի տարբերակները»), (Եր., ՀԱԻ հրատ., 2022, 351 էջ) վերտառութեամբ:

Եզակի ուսումնասիրութեան մէջ ներկայացուած են նաեւ հաւաքուած նիւթերի բնագրերն ու թարգմանութիւնները, որտեղ, բացի մեծ տարածաշրջաններ ու վայրեր ընդգրկող շրջագայութիւնների ժամանակ նիւթերի մէկտեղումից ու հետազօտութիւնից, ուսումնասիրուել են նաեւ հատորի աւելի քան չորս տասնեակ էջերը զբաղեցնող արխիւային նիւթեր (11 միաւոր), դասական ու ժամանակակից գրքեր եւ ժողովածուներ (271 միաւոր), հայերէն պարբերականներ (198 միաւոր), ռուսերէն, սլովակերէն, ֆրանսերէն, սպաներէն, անգլերէն, գերմաներէն, ատրպէյճաներէն, թուրքերէն գրքեր եւ պարբերականներ, յունարէն յօդուած, թուրքերէն երեք խտասկաւառակ (153 միաւոր):

Իր համշէնի գիւղեր, հարաւային Ռուսաստան, Աբխազիա, Միջին Ասիա եւ այլուր կատարած ճամբորդութիւնների ժամանակ Սերգէյ Վարդանեանը ոչ միայն հաւաքում, փրկում եւ գիտական ուսումնասիրութեան էր ենթարկում համշէնահայերի հոգեւոր ժառանգութիւնը, այլ նաեւ դարձել էր համշէնահայերի իսկական բարեկամն ու հարազատը, խնդիրների բարձրաձայնողն ու հազարաւոր ընտանիքների սպասուած հիւրը:

Կասկած չունենք, որ առաջիկայում հանրութեանը կը ներկայացուի Սերգէյ Վարդանեանի գիտական պատկառելի վաստակը ներկայացնող ուսումնասիրութիւնը, մի գուցէ՝ ուսումնասիրութիւնները:

Մեծանուն գիտնականը ողջ կեանքում ծառայեց իր պաշտելի հայրենիքին՝ Հայաստանին, իր սիրելի հայ ժողովրդին: Հայաստան, որը նրա պատկերացումներում մեծ էր ու չէր աւարտւում Արաքսի ափին, հայ ժողովուրդ, որի անբաժան մասն էր նաեւ ձուլման զոհ դարձած, բայց եւ համշէնի ժայռերից կառչած, հայի աղաղակը այդ ծերպերում անթեղած համշէնահայութիւնը:

Սերգէյ Վարդանեանի լուսաւոր հետագիծը միշտ փայլելու է հայ ազգագրութեան անդաստաններում, նրա թողած գիտական, բանահաւաքչական պատկառելի ժառանգութիւնը անփոխարինելի շտեմարան է դառնալու ուսումնասիրողների համար:

Մեծանուն գիտնականի յիշատակին նուիրուած այս ակնարկն ուզում եմ աւարտել մի պատմութեամբ: Ուսանող ժամանակ մի օր, երբ «Ձայն համշէնական» ամսաթերթի հերթական համարն էի վերցնում Սերգէյ Վարդանեանից, ակամայից հարցրի՝ ինչի՞ համար է այսքան չարչարւում համշէնի պատմութեան ու համշէնագիտութեան համար: Նա մի քանի վայրկեան լռեց ու ասաց. «Վահէ, լսիր ուշադիր. եթէ 100 տարի անց էլ ծնուի մէկը, ով կարդայ այս ամէնը, հասկանայ եղելութիւնը, լծուի գործի ու իրագործի մեր երազանքը, ես ինձ իմ նպատակին հասած կը համարեմ, հասկացա՞ր»: Ես ամօթից գլուխ կախեցի, հրաժեշտ տուեցի ու արագ հեռացայ:

Այո, Սերգէյ Վարդանեանի գործը դարերի համար է…

Վահէ Սարգսեան
Yerkir.am-ի խմբագիր