Սասուն 1964. Արխունդ գիւղի զինուած ինքնապաշտպանութիւնը, որի մասին պատմութիւնն այդպէս էլ չխօսեց
Անտոք սար, Սասուն
Սոֆիա Յակոբեան
Արեւմտեան Հայաստանում 1915-ով չսահմանափակուած ու ընդհուպ մինչեւ 20-րդ դարի վերջը շարունակուած հայերի բռնի իսլամացման համատեքստում Սասունի հայութեան ուսումնասիրութիւնն, ինչ խօսք, իւրայատուկ տեղ է գրաւում:
Սասունում 1960-80-ական թուականներին իր «ծաղկուն շրջանն» ապրած այս գործընթացը թէեւ հայերի իսլամացման առումով յաջողութեան հասաւ բաւականին ուշ ու միայն մասամբ, սակայն արդէն վերջնական հարուածով ապահովեց Սասունի հայաթափումը՝ որոշ գիւղացիների մահմետականացմանը զուգահեռ քրիստոնէութիւնից չհրաժարուածների՝ դէպի Կ. Պոլիս զանգուածային արտագաղթը խթանելով:
Հայ մանուկներին թլփատելու համար գիւղացիներին համոզելով գիւղից գիւղ շրջող իմամների, ոչխարներին, այծերին, հողերին ու կանանց խլելու նպատակով հայերին ժայռերից նետող մահմետական հարեւանների, գիշերները զէնքով գիւղի տների մօտ հերթափոխով կանգնող հայ տղամարդկանց ու Սթանպուլի հայկական եկեղեցիների բակում քնող սասունցի գիւղացիների մասին դեռ շատ կը խօսենք:
Սակայն հենց այս անդրադարձով ուզում եմ ուշադրութիւն հրաւիրել այս դէպքերի գլխաւոր գործող անձերի՝ մահմետական բնակչութիւնից մինչեւ թուրքական պետութիւն, գործը յաջողութեամբ աւարտելուց յետոյ իրենց քարոզչամեքենան աշխատեցնելու միջոցների մասին:
Այս ամէնը նաեւ լոյս է սփռում ցեղասպանութեան շրջանում ու դրանից յետոյ հայերի իսլամացման մեթոտների որոշ տարբերութիւնների ու «մարտավարական» մեխանիզմների փոփոխութեան մասին:
Ճիշդ է, ցեղասպանութիւնից յետոյ հայերի իսլամացումը չուղեկցուեց զանգուածային կոտորածներով ու բռնի աքսորով. այլեւս փոքրամասնութեան կարգավիճակ կրողների մաքրման գործընթացն այլ էր՝ դիտաւորեալ հրահրուող հողային վէճեր, հայ աղջիկների առեւանգումներ, եկեղեցիների ու գերեզմանների աւերում, հայկական ծէսերի իրականացման սահմանափակում, կարճ ասած այն, ինչը Թուրքիայում կոչում են «մահալլէ բասքըսը»՝ թաղամասային ճնշում:
Եւ ի հարկէ՝ հոգեբանական ճնշում, որին մասնակցել է նաեւ իշխանական մամուլը:
Այս առումով Սասունի յետցեղասպանական շրջանի բռնի իսլամացման տարեգրութեան մէջ նշանաւոր է Արխունդ գիւղի զինուած դիմադրութեան պատմութիւնը:
Սասունի Արխունդ գիւղի հայ բնակիչների՝ Բաթմանի հոգեւոր առաջնորդ Ալիէտտին Եաւուզի ներկայութեամբ խմբակայնօրէն իսլամ ընդունելու եւ իրենց անունները փոխելու մասին «Հիւրրիէթ» պարբերականի կողմից հրապարակուած լուրը, որը լոյս էր տեսել 1964 թուականի Ապրիլին, վերջերս համացանցի միջոցով կրկին շրջանառութեան մէջ դրուեց որոշ ձախակողմեան քիւրտ ուսումնասիրողների կողմից:
Թուրքական ամենայայտնի ու ամենաընթերցուող թերթն ուրախութեամբ յայտնում էր, թէ 30 ընտանիքից բաղկացած 88 հոգի բնակչութիւն ունեցող Արխունդ (թուրքերէն Աճար) գիւղի հայերը կամովին իրենց եկեղեցին մզկիթի են վերածել, իսկ գիւղի «հոգեւորական» Իսա Տեմիրճին էլ փաստել է, որ իր համագիւղացիներն իր հետ միասին վաղուց էին համակրում իսլամին ու այլեւս խաղաղուած են զգում իրենց:
Լուրը տպագրուելուց ու տարածուելուց յետոյ արխունդցի հայերին՝ արտայայտուելու ու հարցի շուրջ սեփական տարբերակը ներկայացնելու հնարաւորութիւն այդպէս էլ որեւէ լրատուամիջոց չտուեց:
«Տէ՛ թող պատմեն, թող մեծերը նստեն պատմեն, տեսնենք նոյն կե՞րպ կը ստացուի», վրդովւում էր Սասունում ծնուած հայազգի մեր ծանօթներից մէկը, երբ առաջին անգամ հարցրեցի Արխունդի դէպքերի մասին:
Մենք որոշեցինք առաջին անգամ ընձեռել այդ հարթակն Արխունդի դէպքերը վերապրած հայերին, քանի որ համոզուած ենք, որ մարդկութեան դէմ նման յանցանքների մասին խօսել՝ թէկուզ կէս դար անց, ոչ միայն կարելի է , այլեւ պէտք է եւ երբեք ուշ չէ: Ի վերջոյ այն, ինչը առանց հարցնելու փոխել է ճակատագրեր ու մնացել մարդկանց կոկորդին՝ երբեք փակուած թեմայ չէ:
Շաբաթներ տեւած զինուած ինքնապաշտպանութիւն, երեք զոհ հայկական կողմից ու երեք սպանուած քիւրտ յարձակուող կողմից, ինչպէս նաեւ խաբէութեամբ խլուած հողերի շուրջ մինչ օրս չդադարող դատական մի քանի գործընթաց. սրանք այն տուեալներն են, որոնք «շատ պատահաբար» բաց է թողել թուրքական թերթը, եւ որոնք մեզ յաջողուեց ճշդել Սթանպուլում հայկական եկեղեցիներում ծառայող արխունդցի հայերից:
Իրականում Արխունդի դէպքերի ամբողջական պատկերն ու դրա տակ թաքնուած պատճառները պատկերացրածից շատ աւելի պարզ են ու չափից դուրս յստակ. դրա համար բաւական է միայն նայել այս շրջանի պատմութեանն ու տեղի բնակիչների անցեալին (նաեւ մինչ ցեղասպանութիւնը), որից յետոյ հարցեր ու «բայցեր» դժուար թէ մնան:
Տէ ի՞նչ, սիրելի «Հիւրրիէթ»ի թոյլատութեամբ մի փոքր յետ գնա՞նք…
Արխունդ գիւղը, որը Սասունում առաւել յայտնի է քրտերէն Հերենդ անուամբ, գտնւում է ժամանակակից Թուրքիայի Բաթմանի նահանգում՝ Սասոնի (Սասուն անուան վերափոխուած տարբերակը) Եուճեբաղ շրջանում, այս տարածքը հայերն ու քրտերը սովոր են կոչել հին՝ Խիյան կամ Խիյանք անուամբ:
Արխունդը Խիյանքի շրջանի միակ գիւղն է, որտեղ ցեղասպանութիւնից յետոյ հայերը յաջողեցին ինքնակազմակերպուել, տնտեսութիւն վարել, բազմանալ ու չկորցնել ազգային ինքնագիտակցութիւնը:
Խիյանքի կանաչ ու քարքարոտ բարձրունքներին գտնուող Արխունդը նման է մի ամրոցի, որը երկար տարիներ կարծես ինքնիրեն պատսպարել է արտաքին աշխարհից եւ որի ներսում եղածը հետաքրքրել, քննարկուել ու զարմացրել է տարածքում բոլորին. Ի վերջոյ անգամ Սասունի ու սասունցիների ծռութեանն ու անսովոր պատմական վայրիվերումներին քաջ ծանօթները դժուարանում են երեւակայել, թէ այդ ինչպէ՞ս այստեղ հայերը ցեղասպանութիւնից յետոյ գոյատեւեցին Սասունի ամենաանհանդուրժող քրտական ցեղախմբերից մէկի քթի տակ ու անուղղակի շրջափակման մէջ մնալով՝ պահպանուել որպէս տարածքի միակ ամբողջական հայաբնակ գիւղ:
«Մի գիւղ կայ, հայեր են ապրում, մի 50 տարի առաջ պետութիւնը գալիս բոլորի անձնագրերում առանց հարցնելու «Իսլամ» է գրել տալիս, եկեղեցին էլ մզկիթի վերածում: Կռիւներ, արիւնահեղութիւն եղաւ, բարձրացան սարեր, իջան, նորից բարձրացան: Հայերը տեսան ճար չկայ՝ կատաղեցին: Մի հայ զէնքը ձեռքին կողքի գիւղի քրտերին բերում լցնում է այդ մզկիթը, ասում ՝ «Մեզ չթողեցիք մեր եկեղեցին գնանք, տէ՛, եկէք, ձեր նամազը արէք», բռնի ուժող ստիպում է 5 անգամ նամազ անեն». Արխունդի դէպքերի մասին քչփչոցի մակարդակի բազմաթիւ տարօրինակ ու երբեմն սարսուռ առաջացնող պատմութիւններ դեռ շարունակում են պտտուել Սասունի հայ, քիւրտ, արաբ բնակիչների շրջանում:
Քրտական Խիյան աշիրէթը, որն այստեղ է բնակւում շուրջ 5 դարից աւելին, իր ճիւղաւորումներով տարածուել է մինչեւ Տալուորիկ ու Խուլբ:
Եթէ ասենք, որ խիյանցի քրտերը դաժան են, արիւնարբու եւ վայրի` ոչինչ ասած չենք լինի:
Պատմութեան մէջ նրանք յայտնի են որպէս մշտական խռովութեան, արիւնալի միջցեղային կռիւների եւ լայնածաւալ կողոպուտների նախաձեռնողներ: Արաբները նրանց տանել չեն կարողանում մշտական հողային վէճերի, իսկ քրտերը՝ իշխանամետութեան ու ծայրայեղ կրօնամոլութեան համար:
«Աման դրանց անունը մի տուր, Սասունում ինչքան կեղտոտ իմամ կայ բոլորը խիյանցի են պարզւում վերջը», ծիծաղելով ասում են Սասունի բնակիչները, ում խօսակցսութիւններից հեշտ է հասկանալը, որ Սասունում գրեթէ չկայ մէկ ընտանիք կամ ցեղախումբ, որը երբեւէ բախում ունեցած չլինի խիյանցիների հետ:
Հայերի յիշողութեան մէջ խիյանցի քրտերը յիշւում են ոչ միայն իմամներով: Խիյանցիները Սասունում այն քիչ աշիրէթներից են, որոնք չնայած երկար դարեր այստեղ ապրելուն ու վաղուց նստակեցութեան անցնելուն ոչ միայն երբեւէ չհրաժարուեցին քոչուորային վայրի բնազդներից, այլեւ հայերի հետ արիւնալի բախումների առաջամարտիկ էին ե՛ւ մինչցեղասպանական շրջանում, ե՛ւ բուն ցեղապանութեան տարիներին, ե՛ւ դրանից յետոյ:
Հայերը գրեթէ միշտ հաշիւներ են մաքրել նրանց հետ առեւանգուած ոչխարների, գողացուած մեղուի փեթակների ու հայ աղջիկների համար: Ասում են՝ դեռեւս 19-րդ դարում տեղի հայերի ու խիյանցի քրտերի միջեւ ոչխարների գողութիւնների պատճառով այնքան լուրջ ու լայնածաւալ կռիւներ էին տեղի ունեցել, որ տեւել են ամիսներ ու խլել տասնեակ մարդկանց կեանքեր: Սասունցի հայերը, սակայն, սիրուած ու ցանկալի հարեւան չէին ոչ միայն կրօնական տարբերութեան, այլեւ այն յանդգնութեան պատճառով, որը թոյլ էր տալիս նրանց խիյանցի քրտերի գողացուած 5-6 ոչխարի փոխարէն ետ բերել 50-ը:
Միայն այն, որ խիյանցի քրտերից ամէն երկրորդի մեծ մայրը հայ է պարզւում, փաստում է ցեղասպանութեանն իրենց ամենաանմիջական ու շատ աքթիւ մասնակցութեան մասին:
Ի դէպ` բոլորովին չզարմանաք, երբ այս մարդկանց հարցնէք իրենց հայ մեծ մայրերի մասին, եւ նրանք ամենայն սիրով ու ոգեւորուածութեամբ սկսեն հիացական խօսքեր շռայլել այս` արդէն վաղուց մահացած հայ կանանց մասին եւ Աստծուց նրանց համար հոգու հանգստութիւն խնդրելով, ամենայն լրջութեամբ կը պատմեն, թէ այս կանայք խորապէս սիրահարուած են եղել իրենց քիւրտ պապիկներին, որոնք իրականում ոչ թե առեւանգել կամ բռնաբարել են հայ կանանց, այլ ՓՐԿԵԼ, կերակրել, հագցրել, պաշտպանել չար մարդկանցից:
Ինչ-որ տեղ արդէն սա լսել ենք, չէ՞:
Թէ ինչպէ՛ս 8-10 տարեկան որբացած աղջիկները կարող էին սիրահարուել իրենցից տարիքով շուրջ 3 եւ նոյնիսկ 4-5 անգամ մեծ այլակրօն տղամարդկանց ու սեփական ընտանիքի սուգը չանցած նոր երջանիկ կեանք սկսել ցեղասպանների ընտանիքում` նուաստներիս համար անյայտ մնաց:
Եթէ չհաշուենք առեւանգուած ու մահմետականացուած կանանց՝ չենք սխալուի, եթէ նշենք, որ ի տարբերութիւն Սասունի այլ, հիմնականում արաբախօս շրջանների, որտեղ հայ ընտանիքներ հանդիպում են գրեթէ ամէն գիւղում, Խիյանքը Սասունի, թերեւս, այն տարածքն է, որտեղ ցեղասպանութիւնից յետոյ հայկական բնակչութեան թուերն ու աքթիւութիւնն ամենահամեստն էին:
Չեմ կարող չնշել, որ սա Սասունի միակ շրջանն է, որտեղ փրկուած որբերի կորած ազգականներին գտնելու մասնաւոր խնդրանքներին ընդառաջելիս որեւէ հետքի վրայ դուրս գալն ամենահեշտ էր ինձ համար, բաւական էր լինում միայն գիւղի անունը գրանցելը… Բանն այն է, որ փրկուածներին, կարելի էր հաշուել մէկ ձեռքի մատների վրայ:
«Բերմ, գիւղի անունը Բերմ էր, շատ չտատանուես, բերմցի ում էլ գտնես՝ մեր բարեկամն է, գիւղից այլ ընտանիք չի փրկուել…»: Ու այսպէս շարունակ Խիյանքի գրեթէ բոլոր գիւղերում:
«Ծուռ նստենք ուղիղ խօսենք՝ օգնողներ էլ են եղել: Եթէ չլինէին՝ բնաւ չէինք ապրի: Ի հարկէ՝ օգնողն էլ իր շահերն ունէր», յիշեցի Արխունդում մեծացած Արսէնի խօսքը, որից յետոյ նորից ես համոզւում՝ Սասունը աշխարհի ամենահակասական, ամենատարօրինակ ու ամենաբացառիկ տարածքներից է:
Այլ կերպ ինչպէ՞ս բացատրես անձնագրով մահմետական անուն կրող, իսկ Սթանպուլում որպէս Արսէն մկրտուած 36-ամեայ սասունցի հայի՝ խիյանցի քրտերի դաժանութիւնների մասին պատմելիս ամենաարիւնարբու ընտանիքներին մատնանշելիս «Հա՛, ի դէպ դրանք էլ են մեզ ազգական» մէջբերումները:
«Բարեկամութիւնն» այստեղ նոյնպէս պարտադրուած էր, օրինակ՝ երբ 1930-ականներին խիյանցի քրտերի մի ընտանիք բռնի կերպով առեւանգեցին Արսէնի աւագ հօրաքրոջը՝ մեխանիկօրէն դարձան ազգական ու սկսեցին սիրով «քեռիներ» անուանել հայերին:
Ըստ Արսէնի՝ 1964-ի դէպքերը մանրակրկտօրէն ծրագրաւորուած, պետութեան աջակցութեամբ իրականացուած յարձակում էին եւ նման չէին շարքային բախման, որին այստեղ սովոր էին:
Ճնշումներից ու սպառնալիքներից փրկուելու համար աստիճանաբար իսլամին անցնելու որոշում կայացրեց գիւղի հայ ընտանիքների մի մասը միայն, շատերն էլ շարունակեցին ապրել որպէս քրիստոնեայ՝ ժամանակ առ ժամանակ ծպտեալ, երբեմն էլ բացայայտ կերպով. Ինչպէս որ ներէին պայմաններն ու ժամանակները:
Ոչ միայն քիւրտ հարեւանների, այլեւ «Հիւրրիէթ» պարբերականի կողմից յիշատակուած հայազգի Իսա Տեմիրճիի պէս հայրենակիցների շնորհիւ էր, որ Արսէնը, ով ծնուել էր գիւղի զանգուածային իսլամացումից շուրջ երկու տասնամեակ անց, այդպէս էլ չտեսաւ գիւղի միակ եկեղեցին, որն իր մանկութեան տարիներին վաղուց մզկիթի էր վերածուել:
Ավելի ուշ Սթանպուլում գործող «Հերենդցի/արխունդցի հայերի միութիւնում» պէտք է տեղեկանայինք, որ թուրքական մամուլում ամբողջ գիւղի անունից նման յայտարարութիւնների դիմաց Տեմիրճին քիչ վարձատրութիւն չի ստացել. դրանք Սասունում սովոր են հաշուել ոչ թէ դրամով, այլ հողատարածքով: Յետագայում գիւղից դուրս եկած հայերի հողատարածքների անօրինական վերաձեւակերպումների հետ կապուած դատական գործընթացների մասին, սակայն, «Հիւրրիէթ», ի հարկէ, չգրեց:
Թէեւ Արսէնն իր սերնդակիցների պէս իրենց գիւղի եկեղեցին տեսնել չհասցրեց, սակայն իր հայ լինելու մասին տեղեկացաւ մօտ 6 տարեկանում՝ Սթանպուլի Գարակէօզեան դպրոցի դռների դիմաց, երբ ծնողները բերել էին նրան այստեղ գրանցելու: Յետոյ Սկիւտառի Սուրբ Խաչ Դպրեվանքն էր, իսկ աւելի ուշ հայաստանեան առաջին ու ոչ վերջին այցելութիւնը, կորած ազգականների յայտնաբերումն ու ցեղասպանութեան ժամանակ պառակտուած ընտանիքի վերամիաւորման գործը, որն Արսէնը նոյնպէս յաջողութեամբ աւարտեց:
Այժմ հրաշալի արեւմտահայերէն խօսող Արսէնը կեանքում միայն մէկ բանի համար է ափսոսում.
«Երանի մեր մեծերը բարբառը պահած լինէին: 1964-ի դէպքերից յետոյ հայերէն այլեւս չխօսեցին: Յիշում եմ երկու պապիկներս միայն, երբ հանդիպում էին՝ մի անկիւնոմ առանձնանում էին ու միմեանց մէջ մեր բարբառով խօսում, ինձ էլ քաղցր շարան՝ ընկոյզով սուճուխ էին բերում, որ զբաղուեմ ու իրենց հանգիստ թողնեմ», յիշում է Արսէնը, ով ցաւով հաստատում է այն նկատառումս, որ ի տարբերութիւն Սասունի այլ հատուածների ու յատկապէս արաբացած հայերի գիւղերի, որտեղ հայերէն խօսում են մինչ օրս, արխունդցիները մայրենիի կորուստ ունեցան շատ աւելի վաղ:
Այնումենայնիւ, փաստ է, որ 1960-ականների դէպքերը բեկումնային եղան Արխունդի համար խոշոր արտագաղթի մեկնարկով, որը ընդհանուր առմամբ պարբերական ընդհատումներով տեւեց ընդհուպ մինչեւ 1990-ականների վերջ, եւ ինչի արդիւնքում նախ աստիճանաբար դուրս եկան քրիստոնեաները:
Հետաքրքական է, որ 1980-ականներին Արխունդից դուրս եկած հայերի համար ճակատագրական եղաւ «Քրտստանի բանուորական կուսակցութիւն» խմբաւորման ՝ PKK-ի աքթիւացումը: Մեզ հետ զրուցած արխունդցիներից ոմանք փաստում են, որ իրենցից շատերը մանուկ հասակում հայ լինելու մասին իմացան, երբ քրտական շարժման զինեալները սկսեցին մէկը միւսի ետեւից գրոհել Սասունի գիւղերի վրայ, սակայն Արխունդը շրջանցեցին՝ իմանալով, որ հայաբնակ գիւղ է: Աւելի ուշ Արխունդի հայերից շատերը դուրս եկան գիւղից, երբ տեղի բնակիչներին պարտադրւում էր համալրել իշխանամէտ գիւղական պահակախմբերի շարքերը եւ կռուել քիւրտ զինեալների դէմ: Արխունդի հայերի զգալի հատուածը հրաժարուեց PKK-ի դէմ զէնք բարձրացնել ու հեռացաւ Սասունից: Տեղի խիյանցի քրտերը, սակայն, ամբողջական գերդաստաններով համալրեցին իշխանամէտ պահակախմբերն ու մինչ օրս շարունակում են բախուել PKK-ական հայրենակիցների դէմ:
Արխունդցի հայերը Սթանպուլ հասնելուն պէս վերամկրտուեցին, ուղարկեցին իրենց երեխաներին հայկական դպրոցներ եւ միմեանց կողքին տեղաւորուեցին Սթանպուլի հայաշատ մի քանի թաղամասերում:
Արխունդի հայութիւնը, սակայն, գիւղի հետ կապն ամուր է պահել մինչ օրս. Սասունում իրականացուող տարբեր ուխտագնացութիւններին, տօներին սթանպուլաբնակ արխունդցիներն անպայման այցելում են գիւղ, նրանցից գրեթէ բոլորն այստեղ մնացած մահմետականացուած ազգականներ ունեն, որոնց հետ կապն, անկախ կրօնական տարբերութիւնից, չեն խզել:
«Մարդիկ ասացին՝ թէկուզ ձեւական ընդունենք, միեւնոյնն է՝ մենք մեր մէջ մեզ գիտենք, էլի իրար մէջ աղջիկ կ’առնենք-կը տանք», պատմում է 60-ամեայ Սապրիէն (անունը փոխուած է անվտանգութեան նկատառումներով), ով դեռ յիշում է ամէն շաբաթ իրենց գիւղ եկող Շէյխ Քասըմ Բադոյին, ով համոզում էր տեղացիներին «Ճիշդ ուղին ընտրել»՝ դարձի գալ իսլամ ընդունելով, սակայն ամէն անգամ Ղուրանը նեարդայնացած թափ տալով դուրս գալիս գիւղից:
Այդ ժամանակուանից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած երկու ռազմական յեղաշրջում, փոխուեց քաղաքական ուժերի պալանսը, փոխուեցին հասարակութեան մէջ կրօնական պատկանելիութեան դրսեւորման շուրջ մի շարք առանցքային պատկերացումներ, ի վերջոյ՝ փոխուեց իշխանութիւնը:
Բայց չենք կարող չփաստել. ե՛ւ քեմալական, ե՛ւ նոր՝ ԱԶԿ-ական (Էրտողանի հիմնած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը) շրջանում, որը յայտնի է իր ժողովրդավարական բարեփոխումների մի քանի աղմկահարոյց փաթեթներով, իշխանամէտ մամուլը չի դադարել աջակցել «թաղամասային ճնշմանը»:
Կարող ենք արձանագրել, որ այժմ Սասունի հայաբնակ գիւղերում իմամներն այլեւս նոյն յաճախականութեամբ ու նպտականերով չեն յայտնւում, իսկ հայերի հետ զինուած բախումներն էլ մնացել են անցեալում եւ դրա պատճառը մէկն է. հայերն այստեղ այլեւս կա՛մ արդէն իսլամացուած են, կա՛մ արտագաղթել են Սթանպուլ, իսկ լեռնային գիւղերում մնացած քրիստոնեայ սասունցիներն իրենց քանակով այլեւս չեն գերազանցում 4-5 ընտանիքը:
Յատկապէս Սասունից Սթանպուլ արտագաղթած քրիստոնեայ սասունցիները, որոնք դեռ ամուր պահում են կապը գիւղի հետ, մինչ օրս շարունակում են ուղղակի կերպով բախուել «թաղամասային ճնշման»՝ Սասունում շատ տարածուած տեսակի՝ թաղման ծիսակարգերի արգելքի ու քրիստոնէական գերեզմանների պղծման հետ:
Կասկած չկայ, որ Սասունից փախած սթանպուլաբնակ սասունցիների՝ իրենց հարազատ գիւղերում յուղարկաւորուելուն խոչընդոտող այս արշաւները քրիստանեայ մնացած հայերի` Սասունի հետ կապը վերջնականապէս խզելուն ուղղուած լայնածաւալ աքթ է, որն, ի հարկէ, մամուլում գրեթէ չի լուսաբանւում կամ խեղաթիւրւում է Արխունդի դէպքերի պէս ու հոգեբանական ծանր ճնշման տեսքով փշրւում այս հայ ընտանիքների գլխին:
Ընդամէնը երեք տարի առաջ մամուլում մեծ աղմուկ հանած լուրը, որը խօսում էր տեղի հայերից մէկի թաղման ծիսակարգի խառնաշփոթի մասին եւ մեծ աղմուկ հանեց մամուլում, դրա եւս մէկ վառ ապացոյցն է:
Սասունի Հազզօ շրջանի Կուսգետ գիւղի քրիստոնեայ հայերից մէկի` սթանպուլում մահանալուց յետոյ մահացածի մարմինը բնականաբար բերուեց գիւղ: Հենց այստեղ էր, որ «սրտացաւ» հարեւանները շտապում են կազմակերպել մահացածի՝ մահմետական ծիսակարգով թաղումը, մինչդեռ մահացածի երեխաներն ու կինն այլ կարծիքի էին եւ տրամադրուած չէին տեղի տալ նման միջամտութեանը:
Տան վրայ գրոհից մինչեւ արիւն թափելու սպառնալիքներ. սպիտակ մածունը սեւ դարձնել փորձող մահմետական հարեւանները չյաջողեցին ու կուսգետցի հայերը նրանց իրենց հօր գլխին «Ալ Ֆաթիհա» կարդալու առիթ այդպէս էլ չընձեռեցին, ինչից յետոյ մահմետական հարեւանները դիմեցին աւանդական միւս մեթոտներից մէկին ու մամուլի միջոցով մեղադրեցին հայ ընտանիքին սրբապղծութեան մէջ՝ պնդելով, թէ մահացողը կամովին իսլամի էր անցել եւ նամազ էր անում, իսկ երեխաներն ու կինը փորձում են պարտադրել քրիստոնէական ծեսերը:
Սրանից 5 տարի առաջ նոյն տրամաբանութեամբ տեղի իմամը եկաւ ու տնկուեց Փիրշենք գիւղից հայ Արուշ պապի գերեզմանին՝ մահմետական կարգով թաղման ծէս իրականացնելու: Երբ Արուշի թոռները միջամտեցին ասելով, թէ իրենք իմամ չեն կանչել, եւ իրենց պապը քրիստոնեայ էր, հարեւանները փոթորկեցին. «Դուք չգիտեք, նա մահից առաջ մեզ խնդրել է իրեն այսպէս թաղել, ինքը մահից առաջ մահմետականութիւն է ընդունել»:
Դուք կ’ասէք, որ սա բութ «զոռպայութիւն է» կամ խելքի պառկելիք բան չէ, իսկ ես աւելին կ’ասեմ՝ սա դարձաւ լրջագոյն քարոզչական մեխանիզմ, որը «կանաչ լոյսի» նշան ստացաւ հենց պետութեան կողմից եւ աքթիւ դրուեց շրջանառութեան մէջ իշխանամէտ մամուլի միջոցով, իսկ Արխունդը դրա միայն քիչ թէ շատ աւելի մեծ աղմուկ հանած օրինակն է միայն:
«Հիւրրիէթի» լուրից անցել է աւելի քան 50 տարի, իսկ Սասունում նման դէպքերը՝ թէկուզ առաւել փոքր մասշտապներով, բայց շարունակւում են տեղի ունենալ…