Ռուս-ուքրանական «հակամարտութեան» եւ դրա ակունքների շուրջ

Գայիանէ Մանուկեան

Այսօր արեւմտեան ԶԼՄ-երը բարձրաձայնում են ռուս-ուքրանական պատերազմի եւ, ընդհանրապէս, պատմական հակամարտութեան մասին, բայց հայ ընթերցողի համար տուեալ պարագայում թէ «հակամարտութիւն», թէ առաւել եւս «ռուս-ուքրանական» արտայայտութիւններն ունեն բացատրութեան լուրջ կարիք։

Եթէ շատ հակիրճ, ապա, նախեւառաջ, ինքնին աբսուրդ է «ռուս-ուքրանական» բառակապակցութիւնը, քանզի ուքրանականն ու ռուսականը միմիանց յարաբերւում են, ինչպէս մասն ու ամբողջը, ինչպէս չի կարող լինել հայ-արցախեան հակամարտութիւն, այնպէս էլ չի կարող լինել ռուս-ուքրանական։

Երկրորդ, պատմականօրէն «հակամարտութիւնն» ընթանում է ոչ թէ Ռուսաստանի եւ Ուքրանիայի միջեւ, այլ Արեւմուտքի եւ ռուսական աշխարհի, որի ներսում, ցաւօք, գտնուեցին արեւմտամէտ դաւաճաններ։

Փոքրիկ անդրադարձով անհնար է ներկայացնել հարցի համբողջ էութիւնը, սակայն կարելի է այն ուրուագծել՝ անդրադառնալով պատմութեանն ու աշխարհաքաղաքականութեանը։

Սկսենք պատմութիւնից։ Դեռ 10րդ դարի վերջին քրիստոնէութեան ընդունումից կարճ ժամանակ անց, միասնական պետութեան մէջ միաւորուած արեւելասլաւոնական ցեղերը համախմբուեցին նաեւ ազգովի, եւ կազմաւորուեց ռուս ժողովուրդը։ Քիեւը հանդիսանում էր այդ պետութեան մայրաքաղաքը եւ ռուս ժողովրդի հոգեւոր կենտրոնը։ Քիեւը ռուսական հոգեւոր պատմութեան ակունքն է, նրա պատմական յիշողութեան առաջին կարեւոր օճախը։ Թերեւս սխալ չի լինի ասել, որ Քիեւի՝ որպէս հոգեւոր եւ պատմական կենտրոնի դերը ռուս ժողովրդի համար նոյնքան է, որքան Անիինը եւ Էջմիածնինը միասին վերցրած՝ հայերիս համար։ Քիեւը ռուսական քաղաքների մայրն է։

Միասնական հին ռուսական պետութեան մասնատումից յետոյ ու հարեւան ժողովուրդների նուաճումների արդիւնքում՝ 14-15րդ դարերում ստեղծուեց մի իրավիճակ, երբ արեւմտեան եւ հարաւային ռուսական հողերը (ներառեալ Քիեւը) յայտնուեցին լեհ-լիտուական նուաճողների իշխանութեան տակ, մինչդեռ արեւելեան ու հիւսիսային հողերում պահպանուեցին ռուսական իշխանութիւնները, որոնք աստիճանաբար միաւորուեցին Մոսկուայի շուրջ։

Նման իրավիճակը յանգեցրեց ռուս ժողովրդի ներսում ազգագրական առումով առանձնայատկութիւններ ունեցող ենթախմբերի ձեւաւորմանը, որոնք, այնուամենայնիւ, շարունակում էին իրենց գիտակցել որպէս հաւաքական ռուս ժողովրդի մասեր։ Նոյնիսկ այդ ենթախմբերի անուանումները կոչուած էին հաստատելու դա՝ վելիկոռուսներ (Մեծ Ռուսիայի բնակիչներ), մալոռուսներ (Փոքր Ռուսիայի), բոլոռուսներ (Սպիտակ Ռուսիայի), այսինքն՝ ռուսներ, ռուսներ, ռուսներ… Յատկանշական է, որ 17րդ դարում, երբ ներկայիս կենտրոնական Ուքրանիայի բնակչութիւնը Բոգդան Խմելնիցկու գլխաւորութեամբ ապստամբեց լեհական զաւթիչների դէմ եւ դիմեց Մոսկովեան ռուսական թագաւորութեանը՝ միաւորման խնդրանքով, այդ միաւորումը հիմնաւորում էր ազգային ընդհանրութեամբ։ Յաջորդ՝ 18րդ դարի ընթացքում, հին ռուսական գրեթէ բոլոր հողերը միաւորուեցին Ռուսական կայսրութեան կազմում՝ բացառութեամբ ներկայիս Ուքրանիայի արեւմուտքում գտնուող Գալիցիայի՝ Լվով քաղաքով, որը յայտնուեց Աւստրիական կայսրութեան մէջ։ Ինչ վերաբերում է ներկայիս Ուքրանիայի հարաւային եւ հարաւ-արեւելեան հատուածին, որոնք յայտնի են հաւաքական Նովոռոսիա անուամբ, ապա այդ տարածքները բուն Ուքրանիայի հետ պատմականօրէն թոյլ կապ ունեն։ Մինչեւ 18րդ դարը դրանք եղել են գրեթէ անմարդաբնակ, գտնւում էին Օսմանեան կայսրութեան ու Ղրիմի խանութեան վերահսկողութեան տակ եւ վերջիններիս ձեռքից գրաւուել են Ռուսական կայսրութեան կողմից։ Վերջինս հիմնել է այդ վայրերում քաղաքներ՝ Օտեսա (1794թ.), Նիկոլաեւ՝ 1789թ., Խերսոն՝ 1778թ., Մելիտոպոլ՝ 1784թ., Բերդիանսկ՝ 1827թ., Դոնեցկ՝ 1869թ., Լուգանսկ՝ 1795թ., Դնեպրոպետրովսկ՝ 1776 թուականին, պատմական անունը՝ Եկատերինոսլաւ եւ այլն, եւ այլն։ Դեռեւս 17րդ դարում ռուսական պետութեան կողմից սեփական տարածքում հիմնադրուել էր Խարկովը։ Նովոռոսիայի բնակեցումն ու իւրացումը տեղի է ունեցել ոչ միայն Ռուսական կայսրութեան եւ ապա ԽՍՀՄ կազմի մէջ լինելու շնորհիւ, այլեւ հիմնականում այսօրուայ Ռուսաստանի տարածքից տեղափոխուած բնակչութեան ուժերով։ Աւելորդ չի լինի նաեւ նշել, որ ընդհանրապէս Ուքրանիան իր վերջին 150-200 տարուայ տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտա-տեխնիկական մեծ վերելքի համար պարտական էր մասամբ ցարական Ռուսաստանի, բայց առաւելապէս ԽՍՀՄ կազմի մէջ լինելուն։

Գայիանէ Մանուկեան

Մի քանի խօսք Ուքրանիա, ուքրանացիներ հասկացութիւնների մասին։ Այս բառն ունի ռուսական ծագում՝ միջնադարից նշանակելով ռուսական հողերի ծայրագաւառ։ Յատուկ անուն Ուքրանիան դարձել է միայն 16րդ դարում, երբ լեհ զաւթիչներն այդպէս են կոչել իրենց ամենաարեւելեան, համեմատաբար ոչ մեծ տիրոյթները Դնեպր գետի երկայնքով՝ Քիեւից մինչեւ ներկայիս Զապորոժէ։ «Ուքրանացի» հասկացութիւնն էլ լեհական կայսրութիւնում նշանակում էր այդ տարածքում մշտական ռազմական ծառայութիւն անցնող՝ լինէր դա լեհ թէ տեղական կազակ։ Ժամանակի հետ «ուքրանացի» հասկացութիւնը ձեռք է բերում նաեւ աշխարհագրական իմաստ, այսինքն՝ որոշակի տարածքում բնակուող, բայց ոչ էթնիկ իմաստ։ Օրինակ, Տարաս Շեւչենկոյի ստեղծագործութիւններում, որը հանդիսանում է նոր ուքրանական գրականութեան հայրը, չկայ ուքրանական էթնոսի կամ ազգի մասին պատկերացում։ Դա նոյնն է, թէ Խաչատուր Աբովեանը չիմանար հայ ազգի գոյութեան մասին։ Ուշագրաւ է, որ ինքը՝ Տարաս Շեւչենկօն, իր իսկ գրած ու 1861 թուականին տպագրած այբբենարանն անուանել է «Հարաւռուսերենի այբբենարան» (Букварь Южнорусский) այն պարզ պատճառով, որ ուքրաներէն լեզու հասկացութիւնն իրեն անծանօթ էր։

Ուքրանիայի, որպէս լայն աշխարհագրական հասկացութեան եւ ուքրանական ժողովրդի մասին արհեստական պատկերացումներն ի յայտ են գալիս միայն 19րդ դարում առանձին գիտնականների աշխատութիւններում, ինչպէս օրինակ, պոետ, փիլիսոփա եւ պատմաբան Պանտելէյմոն Կուլիշը (1819-97թթ.) կամ պատմաբան, տնտեսագէտ Միխայիլ Դրագոմանով (1841-95թթ.)։ Դարեվերջին այդ տերմինները սկսում են գործածել ցարական իշխանութիւնների նկատմամբ քաղաքական ընդդիմութեան մէջ գտնուող հարաւ-ռուսական անջատողական շարժման ներկայացուցիչները։ Եւ միայն 1917թ. Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ ձեւաւորուած երկու զուգահեռ կազմաւորումների ստեղծմամբ Ուքրանիան, որպէս պաշտօնական անուանում, առաջին անգամ ստացաւ իր գրանցումը։ Այդ կազմաւորումներն էին ազգային անջատողական ուժերի հռչակած Ուքրանական Ժողովրդական Հանրապետութիւնը (1917-20թթ.՝ ընդմիջումներով) եւ պոլշեւիկների հռչակած Ուքրանական սովետական ժողովրդական (ապա սոցիալիստական) հանրապետութիւնը, որը ստեղծուեց 1917թ.-ին, ապա 1922-1991թթ.-ին հանդիսացաւ ԽՍՀՄ մասը, իսկ 1991թ.-ին դարձաւ առանձին պետութիւն։ Ուքրանիայի ստեղծմամբ իրենց պաշտօնական գրանցումը ստացան նաեւ ուքրանական ժողովուրդ եւ ուքրաներէն հասկացութիւնները։ Առաջին մարդահամարը, որի ժամանակ ռուս ժողովրդի մալոռուս հատուածը գրանցուեց (հարկադրաբար) որպէս ուքրանացի, 1926 թուականին էր։ 1920-1930-ական թուականներին այսպէս կոչուած կուլտուրական շինարարութիւնն Ուքրանիայում ընթանում էր коренизация-ի (արմատականացման) կարգախօսով, որը ենթադրում էր Ուքրանական ԽՍՀ բնակչութեան մէջ արհեստականօրէն ուքրանական ազգային գիտակցութեան սերմացում։ Դա հեշտացւում էր մինչ այդ մալոռուսական (եւ ընդհանրապէս ռուսական) բնակչութեան մէջ զանգուածային անգրագիտութեան տարածուածութեամբ։ 19րդ դարում ուքրանական էթնոսի բացակայութեան վկայութիւնն է այն, որ ցարական ժամանակներում Մալոռուսիայից ներկայ Ռուսաստան տեղափոխուածների սերունդները (օրինակ՝ Կուբանի կազակները) առ այսօր իրենց էթնիկ իմաստով ուքրանացի չեն համարում։

Ուքրանական անջատողականներին ստորեւ կ’անդրադառնանք։ Բայց մինչ այդ մի երկու խօսք այն մասին, թէ ինչու էին պոլշեւիկեան իշխանութիւններն իրագործում ազգային գիտակցութեան ձեւաւորման քաղաքականութիւնը։ Դա դիւրին բացատրութիւն ունի. 1) Պոլշեւիկներն առաջնորդւում էին այն պատկերացմամբ, որ որքան շատ լինի սոցիալիստական հայրենիքի շինարարութեան մասնակից ժողովուրդների քանակը, այնքան լաւ։ 2) Պոլշեւիկեան իշխանութեան գոյութեան ինքնաարդարացումներից էր այն դրոյթը, թէ ցարական Ռուսաստանը հանդիսանում էր ժողովուրդների բանտ, եւ միայն սովետական իշխանութիւնը ժողովուրդներին տուեց ազգային-մշակութային մեծ վերելքի հնարաւորութիւն։ Բնականաբար, դրա ամենավառ եւ ընդգծուած ցուցադրական օրինակը պիտի ծառայէր ուքրանականը՝ որպէս ԽՍՀՄ-ում ռուսներից յետոյ ամենախոշոր էթնիկ խմբի օրինակ եւ միաժամանակ ամենահեշտ իրագործելի օրինակ։ 3) Եւս մէկ պոլշեւիկեան դրոյթի համաձայն՝ սոցիալիստական ազգերը սոցիալական առումով պէտք է իրենց մէջ պարտադիր ընդգրկէին բանուոր դասակարգը։ Իսկ ուքրանական սոցիալիստական ազգի համապատասխան մոտելի ամենաարագ ստեղծման ձեւը Դոնբասի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի արդիւնաբերական գօտիների բնակչութեան արհեստական ուքրանացումն էր։ Ուշագրաւ է, որ 1917թ.-ին ստեղծուած Ուքրանիան թուարկուած այդ հողերը չէր ընդգրկում, ինչպէս եւ չէր ընդգրկում նաեւ Օդեսան ու Խարկովը։ Այդ տարածքները Խորհրդային Ռուսաստանի կազմից անջատուեցին եւ նորաստեղծ Ուքրանիայի մէջ մտցուեցին աստիճանաբար՝ 1919-25թթ. ընթացքում, ի հարկէ, առանց տեղի բնակչութեան կարծիքը հարցնելու։ Հետաքրքիր զուգահեռ Արցախի եւ Ուտիքի 1921 թուականի ճակատագրի հետ։ 4) Վերջապէս, բովանդակութեամբ սոցիալիստական եւ ձեւով ազգային Ուքրանիայի կազմաւորումը, պոլշեւիկեան պատկերացմամբ, մէկընդմիշտ պէտք է կտրէր ուքրանական ազգայնական շարժումն իր արեւմտեան  արմատներից։

Եւ այստեղ գալիս ենք մեր թեմայի գլխաւոր գաղտնիքի բացայայտմանը, որ իրապէս ուքրանական ազգային շարժումն ու անջատողականութիւնն ունեն արտաքին ծագում։ Առանց դա հասկանալու՝ անհնար է ըմբռնել այսօրուայ կոնֆլիկտի էութիւնը։

Հետաքրքիրն այն է, որ ուքրանական ազգայնականութեան հիմքը դրել են լեհերը։ Բանն այն է, որ 1793-95թթ. Լեհական կայսրութեան (Ռեչ Պոսպոլիտայի) բաժանման արդիւնքում, ներկայիս արեւմտաուքրանական տարածքները յայտնուեցին Ռուսական կայսրութեան կազմում, սակայն իրական տէրուտնօրէնն այդ տարածքներում մնացին լեհական ծագմամբ տեղական կալուածատէրերը, որոնք չէին կորցնում յոյսը ձերբազատուելու ռուսական իշխանութիւնից։ Լեհերը մալոռուսների անջատումը Ռուսաստանից դիտում էին որպէս իրենց նպատակներին հասնելու միջոց։ Հենց իրենք էլ 18-19րդ դարերի սահմանին (ի դէմս լեհ ազնուական գրողներ եւ գիտնականներ Եան Պոտոցկիի ու Տադէուշ Չացկիի) առաջ քաշեցին օդից վերցրած մի անհեթեթ դրոյթ՝ թէ Մալոռուսիայի բնակիչները ռուսներ չեն, այլ առանձին ժողովուրդ։ 1863-64թթ. լեհ ազնուականութիւնը փորձել է ապստամբելով անջատել Ռուսաստանից լեհական հողերը (այսպէս կոչուած Ցարստվօ Պոյլսկոյէ-Царство Польское) եւ Մալոռուսիայի առեւմտեան մասը, սակայն ապստամբութիւնը խեղդուել է։

Արեւելեան Մալոռուսիայում աստիճանաբար լեհական անջատողական շարժմանն են յարել հին կազական տոհմերից նրանք, ովքեր այս կամ այն պատճառով մնացել էին չբաւարարուած ցարական վարչակարգով։ Իրենց անջատողական նկրտումների պատմական յենարան են ծառայել 16-17րդ դարերում կազակական թուացեալ ազատութեան հերոսացումը, որի սկիզբը ռուս գրականութեան մէջ դրել է դեկաբրիստ (այսինքն հակացարական) Ռիլէեւը եւ նոյնքան հակացարական Շեւչենկօն։ Այսպիսի պատկերացումների կրող են եղել հին կազակական տոհմիկ գործիչները (Գուլակ, Բելոզերսկի, Կուլիշ, Անդրուզսկի եւ այլն), որոնք ունեցել են լիբերալ, արեւմտամէտ ու հակառուսական-հակակայսերական տրամադրութիւններ եւ 1846ին ստեղծել են Կիրիլ-Մեֆոդիեւեան ընկերութիւն (Кирилло-Мефодиевское общество)` առաջին ուքրանական ազգայնական կազմակերպութիւնը Ռուսական կայսրութիւնում, որի նպատակն է եղել ի շահ արեւմուտքի պայքարել Ռուսական ցարական իշխանութեան դէմ, կազմալուծել կայսրութիւնը եւ այն փոխարինել «ազատ» «դեմոկրատական» հանրապետութիւնների դաշնութեամբ։ Այդ կազմակերպութեան գաղափարախօսութեան պատմական հիմնաւորում պիտի ծառայէր նոյն 1846թ.-ին Կուլիշի գրած «Повесть об украинском народе» (Ուքրանական ժողովրդի մասին վէպը)  եւ Շեւչենկոյի պոեզիան, որտեղ գովերգւում էր անցեալի կազակական պետականամերժ ազատութիւնը։ Բնականաբար, այս ամէնի յետեւում, ինչպէս ժամանակին դեկաբրիստների թիկունքում, կանգնած էր Մեծ Բրիտանիան, որը հետապնդում էր վտանգաւոր հակառակորդի վերացման խնդիր։

1863 թուականի լեհական ապստամբութեան ճնշումից յետոյ ուքրանական սեպարատիզմի կենտրոնը դառնում է աւստրիական տիրապետութեան տակ եղած Լվովն ու Գալիցիան։ Բայց, ինչպէս դժուար չէ կռահել, այդ սեպարատիզմն ունէր ոչ թէ հակաաւստրիական, այլ հակառուսական ուղղուածութիւն։

Հետաքրքիր է, որ Լվովում ուքրանական ազգային շարժման հիմնադիր, նոյնպէս լեհ ազնուականութեան ներկայացուցիչներն են, օրինակ, յանձինս 1863թ.-ի լեհական ապստամբութիւնից յետոյ, Մալոռուսիայից Գալիցիա գաղթած Պաուլին Սվենցիցկին, որը դեռ Ռուսաստանում աչքի էր ընկել գիւղացիութեան լուսաւորման անուան տակ Շեւչենկոյի ստեղծագործութիւնները ժողովրդականացնելով։ Լեհ կալուածատէրերի շերտից դուրս եկած հասարակական գործիչների, գրողների ու հրապարակախօսների երազանքն էր երբեւէ  ոտքի կանգնեցնել մալոռուսական բնակչութեանն ընդդէմ Ռուսական կայսրութեան եւ վերստեղծել Ռեչ Պոսպոլիտան։ Այսպիսի գործիչները ստացան աւստրիական իշխանութիւնների աջակցութիւնը, որը մտավախութեամբ էր վերաբերւում Ռուսաստանի հարեւանութեամբ իր իշխանութեան տակ եղած Գալիցիայում ռուսական բնակչութեան գոյութեանը եւ 19րդ դարի երկրորդ կէսից պլաններ էր մշակում քաղաքական ու գաղափարախօսական ճնշմամբ սերմանելու ռուս հպատակների մէջ ոչ ռուսական գիտակցութիւն։ Այս նպատակներով 1868թ.-ին Լվովում հիմնադրւում է ազգային-լուսաւորչական «Պրոսվիտա» ընկերութիւնը, որի կողքին 1873թ.-ին ի յայտ է գալիս աւելի հիմնաւոր կազմակերպական հիմքերի վրա դրուած՝ Շեւչենկոյի անուան գիտական ընկերութիւնը։ Ընկերութեան խնդիրների մէջ էին մտնում արհեստական ճանապարհով մալոռուսական բարբառների հիման վրայ ուքրանական գրական լեզուի ստեղծումը, համեմուած հնարաւորինս շատ լեհական բառերով, մալոռուսական/ուքրանական ազգային գիտակցութեան ձեւաւորմանն ուղղուած գրական, ազգագրական ու պատմագիտական ստեղծագործութիւնների հրապարակումն ու տարածումը, հակառուսական քաղաքական հրապարակախօսութիւնը, գիտական կամ կեղծ գիտական պարբերականների թողարկում։ Յատկապէս բուռն գործունէութիւն ընկերութիւնը ծաւալեց 1897-1916թթ.` կազակական ծագում ունեցող պատմաբան, ուքրանական պատմահայր Միխայիլ Գրուշեւսկու ղեկավարութեամբ, որի օրօք այն ձեռք բերեց գիտութիւնների ակադեմիայի բնոյթ։ Բնականաբար, ընկերութեան գլխաւոր ֆինանսաւորողն աւստրիական կառավարութիւնն էր։

Պրոսվիտայի, ապա Շեւչենկոյի անուան ընկերութեան կեանքում լեհերն ունեցան կարեւոր ուղղորդող դեր՝ յանձին վերը յիշատակուած Պաուլին Սվենցիցկու, մէկ այլ լեհ կալուածատէր ընտանիքից սերուած Վիաչեսլաւ Լիպինսկու եւ այլն։ Առաջնորդւում էին նրանք այն պատկերացմամբ, որ մալոռուսներն ու վելիկոռուսները ոչ միայն տարբեր ժողովուրդներ են (տես վերեւում լեհեր Չացկի եւ Պոտոցկի), այլեւ հակոտնեա։ Մասնաւորապէս, պրոպագանդւում էր մէկ այլ լեհ ազնուականի՝ Ֆրանցիշեկ Դուխինսկիի առաջ քաշած անհեթեթութիւնը՝ թէ վելիկոռուսները ընդհանրապէս ռուս էլ չեն, այլ ունեն թուրանական ծագում։

Նոյն Գալիցիայում 1885թ.-ին ստեղծուեց առաջին քաղաքական կազմակերպութիւնը՝ «Նառոդնայա ռադան», որը բացայայտ յայտարարում էր ռուսներից առանձին մի ժողովրդի գոյութիւնը, որը պէտք է կոչուի ոչ թէ մալոռուս, այլ ուքրանացի։ Ղեկավարն էր «Պրոսվիտայի» հիմնադիր անդմաներից մէկը՝ գրող եւ լրագրող Յուլիան Ռոմանչուկը, որը 1899թ.-ին Գրուշեւսկու հետ միասին հիմնեց Ուքրանական ազգային-դեմոկրատական կուսակցութիւնը։ Աւստրիական պառլամենտի գրեթէ մշտական պատգամաւոր Ռոմանչուկը 1890թ․-ին հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որ Աւստրո-Հունգարիայի ռուսական (ռուսինական) բնակչութիւնն իրականում առանձին ուքրանական ժողովրդի մասն է։ Այս կազմակերպութիւնների խնդիրն էր աւստրիական իշխանութիւնների հովանու տակ խեղդել Գալիցիայում ռուսամէտ տրամադրութիւնները, որոնք տակաւին 19րդ դարակէսին տիրապետող էին այնտեղ։

Բնականաբար, Գալիցիայում ուքրանական ազգայնական շարժման գլխաւոր թիրախը Ռուսական կայսրութեան կազմում եղած Մալոռուսիան էր։ Այստեղ այդ պրոպագանդան իր պտուղները սկսեց տալ 20րդ դարասկզբին, երբ Գրուշեւսկու ու Ռոմանչուկի գաղափարակից Նիկոլայ Միխնովսկու (հին լեհական ազնուական ընտանիքից) գլխաւորութեամբ հիմնուեցին նախ Ուքրանական յեղափոխական կուսակցութիւնը (1900-1905թթ․), ապա Ուքրանական ժողովրդական կուսակցութիւնը (1902-07թթ․)` առաջին քաղաքական հակառուսական կազմակերպութիւններն արդէն Ռուսական կայսրութեան տարածքում։ Ուշագրաւ է Միխնովսկու հեղինակած «Ուքրանական անկախութեան մանիֆեստը» (1900թ․), որտեղ խօսւում էր Կարպատներից մինչեւԿովկասեան լեռներ Ուքրանական պետութեան ստեղծման անհրաժեշտութեան մասին։ Մանիֆեստի վերտառութիւնն էր՝ «Ուքրանան ուքրանացիենրի համար»։ Եթէ նայենք քարտէզին՝ կը հասկանանք, որ դա նշանակում էր Ռուսաստանը կտրել Սեւ ծովից։ Ի տարբերութիւն Գալիցիայի՝ ցարական Մալոռուսիայում  հակառուսական-հակակայսերական (թե լիբերալ, թե տեղական ազգայնական, թե սոցիալիստական-յեղափոխական) արտաքին կուրատոր հանդէս էր գալիս Մեծ Բրիտանիան՝ լեհական կալուածատիրութեան ակտիւ ներգրաւմամբ։

Առաջին համաշխարհայինի վերջում՝ 1918թ․-ին ուքրանական ազգայնականների նկատմամբ շէֆութիւնն իր վրայ վերցրեց Կայզերական Գերմանիան մինչեւ սեփական կապիտուլացիան։ Պատերազմից յետոյ ուքրանական ու լեհական ազգայնականների ճանապարհները բաժանուեցին իրարից, քանզի արեւմտաուքրանական հողերը՝ Լվովով հանդերձ, յայտնուեցին նորաստեղծ լեհական պետութեան կազմում, որն այնտեղ իրականացնում էր ուքրանական ազգայնական շարժման ցանկացած դրսեւորման խեղդում։

Ընդհակառակը, ԽՍՀՄ-ում ուքրանական ազգայնականութիւնը գնաց փոխզիջման խորհրդային իշխանութեան հետ հետեւեալ կարգախօսով՝ «թէկուզ սովետական, միայն թէ ուքրանական»։ Այդ փոխզիջման մարմնացումն էր Գրուշեւսկու վերադարձը սովետական Ուքրանիա՝ դառնալով Քիեւի ԳԱԱ պատմա-բանասիրական բաժնի ղեկավար։ Սովետական Ուքրանիայում ազգային շինարարութեան մասին մի փոքր վերեւում արդէն անդրադարձանք։

Վերոշարադրեալը ցոյց է տալիս, որ ուքրանական «ազգային ինքնագիտակցութեան» ստեղծումն ունեցել է արհեստական բնոյթ, առաջնորդուել կամ հովանաւորուել է արտաքին (լեհական, աւստրիական, անգլիական) ուժերի կողմից։ Եւ այս ամէնի նպատակն է եղել կազմալուծել Ռուսաստանը, պոկել նրա սեփական հողերից մի մեծ կտոր, եւ ամենակարեւորը, ուղղել այդ կտորը մնացած Ռուսաստանի դէմ՝ հրահրելով պատերազմ ու փոխադարձ ոչնչացում ռուսական աշխարհի մէջ։ Ակնյայտ է, որ ուքրանական գիտակցութիւնը կարող էր կրել միայն հիւանդ ազգայնականութեան բնոյթ, իսկ իր աւարտուն տեսքը կարող էր ունենալ միայն ի դէմս ուքրանական ֆաշիզմի։ Պատահական չէ, որ ներկայ ուքրանական ազգայնականութեան ամենամեծ հերոսներն են Ստեփան Բանդերան ու Ռոման Շուխեվիչը՝ անթաքոյց նացիշտներ, որոնք Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել են ուքրանական ազգայնական շարժումը եւ Հիտլերեան Գերմանիայի աջակցութեամբ ոչ այնքան պայքարել են Խորհրդային պետութեան ու Կարմիր բանակի դէմ, որքան իրականացրել այլախոհ (կոմունիստ) ու այլացեղ (հրեայ, լեհ) խաղաղ բնակչութեան կոտորածներ։ Ստեփան Բանդերան իր, այսպէս կոչուած, ուքրանական նացիոնալիստների կազմակերպութեան ղեկավարումը ստանձնել է 1940թ․-ին՝ արմատաւորուելով հիտլերական Գերմանիայի կողմից զատուած Լեհաստանի տարածքում, որտեղ իրականացուել է ԽՍՀՄ-ի դէմ դիւերսիոն պայքարի համար գրոհայինների եւ ահաբեկիչների պատրաստում, եւ դա դեռեւս ԽՍՀՄ-ի դէմ Գերմանիայի յարձակումից առաջ։ Թող չշփոթեցնի այն հանգամանքը, որ 1941-44թթ․ Բանդերան գտնւում էր գերմանական բանտում՝ ի դէպ ապրելով հիւրանոցային յարմարաւէտ պայմաններում։ Բանդերայի ձերբակալումը միայն նպատակ ունէր անմիջական վերահսկողութեան տակ պահել Բանդերայի ղեկավարած կազմակերպութեան ու դրա գրոհայինների գործողութիւնները եւ առաւելագոյնը ծառայեցնել Գերմանիային։ Ի դէպ, աւելորդ չի լինի յիշատակել, որ այդ ազգայնականներին գերմանական իշխանութիւնների կողմից հովանաւորում էր Երրորդ ռեյխի զինուորական հետախուզութեան ու հակահետախուզութեան ծառայութեան («Աբվեր») կողմից, որի ղեկավար Կանարիսը, ըստ որոշ պատմական տեղեկութիւնների, կապուած էր բրիտանական հետախուզութեան հետ։ Այս հանգամանքը ինչ-որ չափով կարող է բացատրել նացիստական Գերմանիայի հետ բանդերականների ոչ հետեւողական պահուածքը։ Բանդերականների կողմից 1942թ.-ի վերջին սկսեց կազմաւորուել այսպէս կոչուած «Ուքրանական ապստամբական բանակը»։ Ու թէեւ այն օգտագործւում էր հիտլերականների կողմից Կարմիր բանակի թիկունքում դիւերսիաներ կազմակերպելու, խորհրդային պարտիզանների դէմ պայքարելու եւ օկուպացուած տարածքներում ոստիկանական ծառայութեան համար, սակայն առաւել աչքի ընկաւ լեհերի, ռուսների եւ հրեաների էթնիկ զտումների ու կոտորածների կազմակերպմամբ։ Առաւել յայտնի է Վոլինան կոտորածը 1943-44թթ․-ին, երբ Վոլինի մարզում (Արեւմտեան Ուքրանիա) կոտորուեց, ըստ տարբեր հաշուարկների, 50-60 հազար լեհ։

1945 թուականից սկսած ուքրանական ազգայնականութեան ու ֆաշիզմի նկատմամբ շեֆութիւնն իրենց վրայ են վերցրել անգլո-սաքսոնական երկրները՝ ոչ միայն ԱՄՆ եւ Անգլիան, այլեւ Գանատան, որտեղ 20-րդ դարում կազմաւորուել է բաւական ագրեսիւ եւ ռուսատեաց ուքրանական գաղութ, որն ամուր ազդեցութիւն է ձեռք բերել այդ երկրի քաղաքական ու հասարակական կեանքում։ Անգլոսաքսերի ուքրանական քաղաքականութեան բնոյթն է կտրել Ուքրանիան մնացեալ Ռուսաստանից, անցկացնել նրա դեռուսիֆիկացիա, վերածել Ուքրանիան մի խոշոր (30-40 միլիոնանոց) հակառուսաստանի եւ ամէն ինչ անել՝ միմիանց հետ բախելու ռուսական աշխարհի երկու խոշոր հատուածներ ու դրանով արիւնաքամ անել։ Բաւական է ծանօթանալ Բժեզինսկու մտքերին, որպէսզի հասկանալի դառնան Ռուսաստանի եւ Ուքրանիայի հարցում Արեւմուտքի ծրագրերը (http://ilinalexey.ru/2019/07/07/bzhezinskij-ob-ukraine/

Ուստի պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից (1991թ․) յետոյ արեւմտեան հովանաւորութեան տակ յայտնուած Ուքրանիայի քաղաքական զարգացման վեկտորն էր աստիճանական հեռացումը Ռուսաստանի հետ սերտ յարաբերութիւններից, նէոնացիստական ուժերի ամրապնդումն ու ազդեցութեան աճը, Բանդերայի ու բանդերականների հերոսացումը պետական մակարդակով, Ռուսաստանի, ռուս ժողովրդի եւ ամէն ռուսականի նկատմամբ թշնամութեան սերմանումը հասարակութեան մէջ, նացիստական գաղափարախօսութեամբ զինուած մարտական գրոհային խմբերի ստեղծումն ի դէմս «Ազով», «Պերվի սեկտոր» խմբաւորումների, ռուս ուղղափառ եկեղեցու դէմ հալածանքները։ Այս ամէնը տրամաբանօրէն պէտք է յանգեցնէր 2014 թուականի արիւնոտ պետական յեղաշրջմանը՝ Արեւմուտքի ակտիւ աջակցութեամբ, արդիւնքում՝ Ուքրանիայի վերածմանն անթաքոյց նացիստական երկրի, որի գոյութեան իմաստը պիտի դառնայ Ռուսաստանի դէմ պատերազմը։

«Դրօշակ»

Թեմատիկ յղումներ

https://iz.ru/1424966/2022-11-14/amerikanskii-razvedchik-obvinil-ssha-v-podderzhke-natcionalistov-na-ukraine

https://katehon.com/ru/news/kak-ssha-podderzhivayut-ukrainskih-neonacistov-azova

https://rossaprimavera.ru/news/0dd01401

https://www.fondsk.ru/news/2022/04/03/75-letnjaja-istoria-tajnogo-sojuza-mezhdu-anglosaksami-i-ukrainskimi-nacistami-55907.html

https://skeptimist.livejournal.com/4471223.html

https://skeptimist.livejournal.com/4471223.html

https://rg.ru/2022/04/06/pochemu-nacizm-vozrodilsia-na-ukraine-a-ne-v-germanii.html

Украинских неонацистов финансируют и воспитывают США

https://yandex.ru/video/preview/5189323328776436815

https://yandex.ru/video/preview/18092201389216291507

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.