ՌԴ֊ն և Թուրքիան պատերազմելու են Արցախում, և մենք պէտք է պատրաստ լինենք՝ ազատագրելու գրաւուածը
Արցախեան վերջին պատերազմից յետոյ Այսրկովկասում իրավիճակը կտրուկ փոխուել է։
Ինչպիսի՞ փոփոխութիւններ են տեղի ունեցել, և այդ փոփոխութիւններն ինչպէ՞ս կ’անդրադառնան Հայաստանի հետագայ զարգացման վրայ. այս հարցերի շուրջ զրուցելու ենք լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկեանի հետ։
-Պարո՛ն Հոխիկեան, ուժերի ինչպիսի՞ դասաւորութիւն է տարածաշրջանում Արցախեան վերջին պատերազմից յետոյ: Մասնաւորապէս, Թուրքիան, կարծես, բաւականին ամրացրել է դիրքերը:
– 2020 թ․ 44 օրեայ պատերազմից յետոյ Թուրքիային յաջողուեց իր զօրքերը տեղակայել Իրանի գրեթէ ողջ հիւսիսային սահմանին մօտ և շրջափակել Հայաստանի հարաւային և կենտրոնական շրջանները։ Միաժամանակ տարածաշրջանում հաստատուեցին ռուսական զօրքերը, որոնք լաւագոյն դէպքում Հայաստանի և Թուրքիայի սահմանին էին, իսկ պատերազմից յետոյ հաստատուեցին նաև Արցախում և Սիւնիքում։ Կարող ենք նշել, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայութիւնը ուժեղացրեց նաև Իրանը՝ զօրքեր կուտակելով հիւսիսային շրջաններում՝ նկատի ունենալով Ջրականի և Կովսականի հատուածներում ադրբեջանաթուրքական զօրքի հնարաւոր ագրեսիան։ Դրան զուգահեռ՝ տեղեկութիւններ կան, որ Արցախի հարաւային գրաւեալ շրջաններում են տեղակայուել իսրայէլական զինուած ուժեր՝ գործելու ընդդէմ Իրանի։
– 《Զանգեզուրի միջանցքի》 բացման պարագայում Թուրքիան կարո՞ղ է իրագործել իր դարաւոր երազանքը։ Խօսքը պանթուրքիզմի ծրագրի մասին է։
– Ես առաջարկում եմ զերծ մնալ ադրբեջանաթուրքական տերմիններից։ Թէպետ Զանգեզուրը բուն հայկական տեղանուն է, բայց «Զանգեզուրի միջանցք» արտայայտութիւնը գործածութեան մէջ է դրուել մեր թշնամու կողմից, և եթէ այն մտնի մեր բառապաշար, ապա դա կը նշանակի, որ մենք կամայ թե ակամայ ընդունում ենք թշնամու խաղի կանոնները։
Վերադառնալով հարցին։ Եթէ տեսականօրէն համարենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած միջանցքը կեանքի կոչուի, ապա Հայաստանի հարաւը կարճ ժամանակ անց կ’անջատուի մեր պետութիւնից, իսկ Թուրքիան կը դառնայ տարածաշրջանային գերտերութիւն՝ ձգտելով աւերիչ հարուած հասցնել նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականութեանը։ Չմոռանանք, որ հէնց Հայաստանն է խանգարում Թուրքիային՝ ցամաքային կապով հասնելու մինչև Ուրալեան լեռներ, Ղազախստան և Տիբեթ՝ թուրքական նախահայրենիք։
– Հայաստանեան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանութիւնը այլ բան է պնդում։ Մենք նաեւ ականատեսն ենք, թէ ինչպէս է Ադրբեջանի նախագահը սպառնում Երեւանին, և Սիւնիքի հանդէպ իր ոտնձգութիւններն ու մնացած ամէնը մնում են անպատասխան: Ի՞նչ զարգացումներ էք կանխատեսում, որքանո՞վ են մեր շահերը ոտնահարուած նման պարագայում:
– Ադրբեջանն, իհարկէ, չի կարողանայ միայնակ կամ նոյնիսկ Թուրքիայի օգնութեամբ գրաւել ՀՀ Սիւնիքի մարզը, եթէ չլինեն տարածաշրջանային պայմանաւորուածութիւններ։ Այս պահին Հայաստանի պետական շահերը ամբողջովին ոտնահարուած են, քանի որ չկայ այդ շահերը սկզբունքօրէն առաջ տանող իշխանութիւն, և հայկական հարցերը քննարկում ու որոշում են տարածաշրջանային ու համաշխարհային գերտերութիւնները։
-Պատկերացնենք, եթէ կոմունիկացիաների ապաշրջափակում, այնուամենայնիւ, լինի, և ըստ Ադրբեջանի պահանջների, նրան յանձնուեն ,այսպէս կոչուած, անկլավները, ինչպիսի՞ լուրջ խնդիրների առջև է կանգնում Հայաստանը։
– Նախ այդ դէպքում Հայաստանը վերջնական կը կորցնի իր անկախութիւնը և ինքնիշխանութիւնը։ ԽՍՀՄ տարիներին այդ անկլավները յատուկ են նշուել այդ հատուածներում, որպէսզի վերահսկող դեր կատարեն Հայաստանի միջազգային մայրուղիների վրայ։ Եթէ մի պետութեան հիմնական մայրուղիները հսկում է այլ պետութիւն, ապա դա նշանակում է, որ տուեալ պետութիւնը չունի ինքնիշխանութիւն։ Անկլավները Ադրբեջանին յանձնելը անթոյլատրելի է։ Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցութեան վերականգնելուն, ապա դա նորմալ և ցանկալի երևոյթ է, բայց քիչ հաւանական։
Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է վերջնական մեկուսացնել և ծնկի բերել Հայաստանը, դուրս մղել Ռուսաստանը մեր տարածաշրջանից, տիրանալ Իրանի հիւսիսային շրջաններին։ Տրանսպորտային հաղորդակցութիւնը թոյլ չի տայ, որ իրականութիւն դառնան մեր թշնամու նպատակները։
-Ռուս-թուրքական յարաբերութիւնները վերջին տարիներին բազմաթիւ լարուած պահեր են ունեցել, բայց վերջին զարգացումների ֆոնին, կարծես, նոր մերձեցման ենք ականատես լինում: Թէպետ այս ամէնը կարող է նաեւ թուացեալ մերձեցում է՝ ակնյայտ է, որ ամէն մէկն իր շահն ունի մեր տարածաշրջանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը:
– Այս պարագայում Ռուսաստանը և Թուրքիան խաղում են Նապոլէոնի սիրած քաղաքական խաղը՝ թշնամուն խեղդիր սեփական գրկի մէջ։ Երկու մրցակից պետութիւնները լուրջ նկրտումներ ունեն մեր տարածաշրջանում, երկուսն էլ ձգտում են հնարաւորինս շատ ռեսուրսների տիրանալ, բայց վախենում են միմեանցից, ահա թէ ինչու փորձում են միմեանց ժպտալու և կարծեցեալ համագործակցութեան անուան տակ թիկունքից ոչնչացնել միմեանց։ Վստահ եմ, որ հէնց Արցախում կարճ ժամանակ անց Ռուսաստանը և Թուրքիան կը սկսեն պատերազմել միմեանց դէմ։ Գուցէ դա լինի հիբրիդային, այլ ուժերի օգտագործելով, բայց որ դա կը լինի յանուն ռեսուրսների ու տարածքների պայքարի, կասկածից վեր է։ Այդ պարագայում մենք պէտք է հնարաւորինս արագ զինուենք, ինքնակազմակերպուենք և պատրաստուենք առաջիկայ մարտահրաւէրներին։ Դա մեզ կ’օգնի անհրաժեշտութեան դէպքում ոչ միայն պաշտպանել սեփական տարածքը, այլև ազատագրել այն, ինչ գրաւել է թշնամին։ Դա հնարաւոր է։
Լենա Կարապետեան