Պէտք է պահպանել Արցախի պետական կառոյցներն ու պայքարել արցախցիների իրաւունքների համար
Մարդու իրաւունքների պաշտպանութեան, ցեղասպանութեան կանխարգելման միջազգային օրուայ, Արցախի Սահմանադրութեան, Անկախութեան հանրաքուէի օրուայ կապակցութեամբ Երեւանում «Մարդու իրաւունքների ոտնահարումը Պաքուից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողով էր կազմակերպուել, որին մասնակցում էին պետական այրեր ու իրաւապաշտպաններ:
Յիշեցնենք՝ 1991-ի Դեկտեմբերի 10-ին Արցախում Անկախութեան հանրաքուէ անցկացուեց: Ընտրողների ցուցակներում ընդգրկուած էր քուէարկութեան իրաւունք ունեցող 132,328 մարդ։ «Համաձա՞յն էք, որպէսզի հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը լինի անկախ պետութիւն, որն ինքնուրոյն կ’որոշի այլ պետութիւնների հետ համագործակցութեան ձեւերը» հարցին «Այո» քուէարկեց 108,615 մարդ, կամ քուէարկութեանը մասնակցածների 99,89%-ը, «Ոչ» քուէարկեց ընդամէնը 24 մարդ կամ 0,02%-ը։
2006-ի Դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացուեց Սահմանադրութեան ընդունման հանրաքուէ: Արցախի Հանրապետութիւնում 2006 թուականի Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ համապետական հանրաքուէ՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրութեան նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրութեան ընդունմանը կողմ քուէարկեց ընտրողների մեծամասնութիւնը:
Արցախի Հանրապետութեան անկախութիւնը հռչակուեց 1991-ի Սեպտեմբերի 2-ին։
«Մարդու իրաւունքների ոտնահարումը Պաքուից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովին ներկայ՝ Հայաստանի առաջին օմբուդսմէն Լարիսա Ալավերդեանն ասաց՝ մերժում է բոլոր փորձերը, որոնք միտուած են ցոյց տալու, որ Արցախի Հանրապետութիւնն այլեւս չկայ։ Ըստ իրաւապաշտպանի՝ քանի դեռ մարդը կայ, նաեւ նրա իրաւունքները կան, եւ հարկ է պայքարել այդ իրաւունքների համար:
«Մարդու իրաւունքների այս ամբողջ հայեցակարգը, մօտեցումը հիմնուած է մարդու արժանապատուութեան յարգման վրայ: Եւ մենք չպէտք է թոյլ տանք, որ երկրի իշխանութիւններն այնպէս գործեն, որ մեզ փաստացի ստիպեն հրաժարուել նման արժէքներից», ասաց Լարիսա Ալավերդեանը։
Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար, նախկին օմբուդսմէն Արտակ Բեգլարեանն էլ նշեց՝ այժմ առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի վերադարձն է հայրենիք եւ արցախցիների համար այնտեղ ապահով ու արժանավայել կեանքի ապահովումը։
«Մենք պէտք է պահպանենք մեր պետական ինստիտուտները՝ ներկայացուցչական, ժողովրդավարական կերպով ժողովրդի կողմից ընտրուած, եւ պիտի մեր ինքնութիւնը պահպանենք: Մեր ներկայացուցչական ինստիտուտների հիման վրայ կը կարողանանք շարունակել մեր պայքարը», ասաց Արտակ Բեգլարեանը:
Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ու իրացման գործում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պիտի աջակցի, միջազգային յարաբերութիւններում տէր կանգնի եւ չպէտք է խանգարի պետական ինստիտուտների պահպանմանը:
«ՀՀ իշխանութիւններն իրաւատէր չեն լինում (այդ թւում՝ Ատրպէյճանի հետ յարաբերութիւններում, բանակցութիւններում), Արցախի ժողովրդի իրաւունքների հարցը չեն բարձրացնում: Աւելին՝ առնուազն հրապարակային յայտարարութիւններով ու գործողութիւններով խանգարում են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը, դրանց գործունէութեանը եւ ինքնութեան պահպանմանը: Այստեղ, կարծում եմ, մենք բաւական շատ անելիք ունենք, որպէսզի բաւարար հանրային ճնշում լինի ՀՀ իշխանութեան վրայ, որ այս փուլում, եթէ անգամ չեն օգնում, ապա գոնէ չխանգարեն», ասել է Բեգլարեանը։
Յիշեցնենք՝ Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի 2023-ի Սեպտեմբեր 28-ին ստորագրած հրամանագրով մինչեւ 2024 թուականի Յունուարի 1-ը կը լուծարուեն Արցախի Հանրապետութեան պետական բոլոր կառոյցները եւ Արցախի Հանրապետութիւնը կը դադարի գոյութիւն ունենալուց։
Բեգլարեանը շեշտեց՝ դա ուժի կիրառման ազդեցութեամբ է եղել, ուստի ակնյայտ է, որ այդ հրամանագրի ստորագրումը հակասահմանադրական եւ ապօրինի է:
Նա յոյս յայտնեց, որ Արցախի նախագահի ստորագրած այդ հրամանագիրը մինչեւ 2024-ի Յունուարի 1-ը կը չեղարկուի։
Ըստ Բեգլարեանի՝ պէտք է բաւարար, թէկուզ նուազագոյն ռեսուրսներ հայթայթել, որպէսզի ոչ թէ ֆորմալ, այլ առնուազն արտաքին քաղաքականութեան, մարդու իրաւունքների տեսանկիւնից գործեն ԱԺ քաղաքական, ներկայացուցչական առաքելութիւնները, եւ այս տեսանկիւնից պէտք է ակտիւ գործունէութիւն շարունակուի, թէ՛ նախագահի ու ԱԳՆ-ի կողմից, թէ՛ մարդու իրաւունքների պաշտպանի կողմից:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն էլ նշեց՝ Արցախի հարցը փակուած չէ, ու այժմ մեր առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի սուբիեկտայնութեան պահպանումն է։
Քրիստինէ Վարդանեանն ասաց՝ կայ մի կեղծ թեզ, այն է՝ «Արցախը չի պայքարել»: Մինչդեռ պաշտօնական վիճակագրական տուեալները հակառան են ցոյց տալիս:
«44-օրեայ պատերազմի ընթացքում Ատրպէյճանում զոհերի թիւը եղել է 2908 (թէեւ Ատրպէյճանը թաքցնում է զոհերի իրական թիւը). սա նշանակում է՝ 66 զոհ օրական, իսկ 2023 թուականի Սեպտեմբերի 19-ի մէկօրեայ պատերազմի ընթացքում Արցախում 205 հայ է զոհուել: Հայկական կողմի՝ մէկ օրուայ ընթացքում 205 զոհ ունենալն աւելի մեծ է, քան Ատրպէյճանի վերջին երեք տարիների վարած ցանկացած պատերազմում օրական գրանցուած զոհերի թիւը:
Ա՛յ այսպէս են պայքարել արցախցիներն իրենց հողի համար՝ մնալով լրիւ մենակ: Այս փաստերը կարող էք օգտագործել որպէս հակափաստարկ այն մարդկանց համար, որոնք կարող են իրենց թոյլ տալ ու այդպիսի թեզ առաջ քաշել», ասաց Քրիստինէ Վարդանեանը:
Պատգամաւորն ընդգծեց՝ Արցախի ժողովուրդը գոյութիւն ունի որպէս սուբիեկտ, գոյութիւն ունի թէկուզ այն պայմաններում, երբ նրա պետութեան տարածքն ամբողջութեամբ օկուպացուած է: Վարդանեանը շեշտեց՝ Արցախի ինստիտուտների գործունէութիւնը ապահովելն անհրաժեշտութիւն է:
Քրիստինէ Վարդանեանն արձանագրեց՝ պայքար է ընթանում երկու քաղաքական ծրագրերի միջեւ։
«Դրանցից մէկի համաձայն՝ ասւում է, որ Արցախի հարցը փակուած է, եւ այն ամբողջովին անջատուած է հայկական հարցից, ուստի դրանք երկու հարցեր են, որոնք իրար հետ կապ չունեն։
Սա, ի հարկէ, հակասում է ոչ միայն մեր պետական հիմնարար փաստաթղթերին, այլեւ այն տրամաբանութեանը, որով մենք առաջնորդուել ենք անցած 30 տարուայ ընթացքում», ընդգծեց պատգամաւորը:
Իսկ միւս ծրագիրը պնդում է՝ Արցախի հարցը փակուած չէ, ուստի պէտք է պայքարել Արցախի ժողովրդի սուբիեկտայնութեան ու նրանց իրաւունքների համար, պահպանել Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտները:
Comments are closed.