Պարտութիւնը կարող է շրջուել յաղթանակի, եթէ կայ միասնութիւն, նպատակ եւ ազգանուէր առաջնորդութիւն

ՀՅԴ Հայասատանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի ելոյթը Հայաստանի առաջին Հանրապետութեան 107-րդ ամեակին նուիրուած միջոցառմանը.

«Յարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ․

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի կողմից շնորհաւորում եմ հայ ժողովրդին՝ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ յաղթանակի կապակցութեամբ:

Մայիսի 28-ը ոչ միայն անցեալի արժեւորման, այլեւ այսօր հետեւութիւններ անելու, պայքարի ճիշդ ռազմավարութիւն ընտրելու օր է:
Ի՞նչ տեղի ունեցաւ 107 տարի առաջ.

Արեւմտեան Հայաստանում ցեղասպանութիւնից յետոյ, ոգեւորուած աշխարհաքաղաքական նպաստաւոր պայմաններով, թուրքական կանոնաւոր զօրախմբերը մի քանի ուղղութիւններով ներխուժեցին Արեւելեան Հայաստան՝ փորձելով վերջնականապէս բնաջնջել հայ ժողովրդին եւ ի սպառ փակել Հայկական հարցը:

Բայց Թուրքիան հաշուի չէր առել կարեւոր մի հանգամանք. ժամանակի հայկական էլիտան՝ քաղաքական վերնախաւը, Արամ Մանուկեանները, հոգեւոր հայերը գիտակցեցին, որ, եթէ չկանգնեցնեն թուրքական կանոնաւոր զօրքերի ընթացքը, հայ ժողովուրդը կարող է այլեւս գոյութիւն չունենալ:

Եւ տեղի ունեցաւ Մեծ շրջադարձը: Մի քանի ճակատներում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում կասեցուեց թշնամու ընթացքը, յետ շպռտուեցին թուրքական զօրախմբերը, թշնամին չհասաւ իր նպատակին։ Արդիւնքում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գաւառների միակ եւ գերագոյն իշխանութիւն»:

Տեղի ունեցաւ դարերով սպասուած հրաշքը․ վերականգնուեց հայոց պետականութիւնը, սկիզբ դրուեց Հայաստանի Առաջին Հանրապետութեանը։
Հետեւաբար, Մայիսի 28-ը պարզապէս ինչ-որ մի ճակատամարտում յաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմութիւնը բեկելու, մեր մահուան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնութեան, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։

Մայիս 28-ը ապացոյց է, որ պարտութիւնը կարող է շրջուել յաղթանակի, եթէ կայ միասնութիւն, կայ նպատակ, եւ կայ ազգանուէր առաջնորդութիւն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձի առջեւ ենք։ 1918 թ․ Մայիսը սովորեցրեց մեզ, որ ճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չեն ենթարկւում վախին, թուլութեանը, թշնամու հրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտը ծնուեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլեւ ժողովրդական ընդվզումով՝ յանուն ազգի փրկութեան։

Այո՛, մենք այսօր պարտութիւն ենք կրել։ Այո՛, ցաւը եւ կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որն ունի Սարդարապատ եւ ապրում է այդ ոգով, չի՛ կարող յանձնուել, չի՛ յանձնուելու։

Ինչպէս 107 տարի առաջ, հիմա էլ Դաշնակցութեան նպատակը իշխանութիւնը չէ, այս կամ այն ուժին յաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդի յարատեւումն է, մեր ազգի ապագան է, մեր ազգային ինքնութեան պաշտպանութիւնն է։

Մենք ունենք առաքելութիւն՝ ոչ թէ բաժանելու, այլ միաւորելու։ Ոչ թէ յոյսը մարելու, այլ հաւատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու:

  • Հայաստան, որն ապրում է խաղաղութեան մէջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։
  • Հայաստան, որն առաջնորդւում է ազգային շահերով եւ տէր է իր ազգի հաւաքական իրաւունքներին։
  • Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմութեամբ եւ վճռական իր ապագայի հարցում:
  • Հայաստան, որի հիմքը արդարութիւնն է, արժանապատիւ կեանքը, ազգային ինքնութիւնը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դաշնակցութիւնը, որպէս ազգային անկախութեան գաղափարի կրող եւ իրագործող քաղաքական ուժ, 1918 թուականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականութիւն։ Այս է մեր առաքելութիւնը նաեւ այսօր։

Այո՛, մենք ծանր մարտահրաւէրների առջեւ ենք։ Արցախը բռնագրաւուած է, պետականութեան հիմքերը խարխլուած են։ Բայց մենք չենք համակերպուել ու չենք համակերպուելու։

Մեր պատմութիւնը եւ յատկապէս Մայիսի 28-ը մեզ սովորեցնում է, որ հենց դժուարութիւնների պահին է բացայայտւում մեր ներքին իրական ուժը։ Որ մենք կարող ենք պարտուել, բայց պարտութիւնը վախճան չէ, այն հազարամեակների մեր պատմութեան ընդամէնը մէկ էջն է, որը մենք կարող ենք ու պարտաւոր ենք շրջել։

Ի վերջոյ՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թէ նրանց կրած պարտութիւնները, այլ դրանից յետոյ վերականգնուելու կամքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր այստեղ՝ մեր յիշողութիւնների եւ հերոսական յաղթանակների տաճարում, մենք պէտք է խոստանանք յաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դաւաճաններին, այլեւ ամենակարեւորը՝ ինքներս մեզ, մեր յուսալքութեանը, մեր անվստահութեանը, մեր պառակտուածութեանը։ Մայր Հայրենիքը, առաւել քան երբեւէ, ունի այդ հաւատքի, այդ ուժի կարիքը։

Այս պայքարում մեզանից իւրաքանչիւրի մասնակցութիւնը գերկարեւոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշուելու է առաջիկայում։
Ինչպէս 107 տարի առաջ, այնպէս էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջութիւնը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կայ յաղթելու մէկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականութիւնն ու համախմբումը՝ յանուն մեր պետականութեան, անկախութեան եւ ինքնութեան պաշտպանութեան։

Միայն այդ դէպքում մեզ կ’ընդունեն աշխարհում, կը յարգեն, հաշուի կը նստեն:

Ի վերջոյ Սարդարապատը ապացուցեց, որ գոյութեան պայքարում վճռականութիւնը, համախմբուածութիւնն ու ազգային ինքնագիտակցութիւնը կարող են յաղթել ցանկացած գերազանցող թշնամու։

Սարդարապատը մեզնից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլեւ՝ պայքար։

Սարդարապատում չզոհուեցին յանուն յիշատակի, զոհուեցին յանուն ապագայի։ Եւ այսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտաւոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին՝ մեր խօսքով, գործով ու պայքարով։

Այո՛, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատը միայն յիշողութիւն չէ, այլեւ՝ քաղաքական ուղեցոյց։ Այսինքն, ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնայ քաղաքական շարժում, ռազմավարութիւն, յաղթանակի հիմք ներկայում ու ապագայում։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա մենք այստեղ ենք, հիմա մենք նայում ենք Արարատին, եւ ես ձեզ ասում եմ՝

Մենք կարո՛ղ ենք:

Մենք ժառանգներն ենք նրանց, ովքեր, կանգնելով անյաղթահարելի թուացող փորձութիւնների առաջ, եղան յաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատ կերտողների, Արցախն ազատագրողների ժառանգութիւնը։ Մենք նրանց սերունդներն ենք։

Փառք ու խոնարհում մայիսեան յաղթանակներ, պետականութիւն կերտող հերոսներին։

Շնորհաւո՛ր Մայիսի 28:

Այո, մենք կարող ենք եւ անելու ենք»։