Պաշտպանական գիծը մնացել էր, բայց թշնամին արդէն մեր թիկունքում էր․ Տարօն Տօնոյեան

Լաւ հրամանատարը կարող է պարտուող զօրքին հերոսութեան տանել և դարձնել յաղթողների բանակ,  իսկ վատ հրամանատարը կարող է մեր քաջ տղաների մէջ խուճապ առաջացնել և դարձնել փախչողների բանակ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը՝ համեմատելով Արցախեան առաջին և երրորդ պատերազմները։

Այս պատերազմում պարտութիւնը, նրա համոզմամբ, տգիտութեան, խուճապի, ղեկավարել չկարողանալու, անընդունակութեան, հիստերիայի մէջ ընկնելու հետևանք էր, իսկ այս ամէնին «դաւաճան» որակումը տալը դատարանի գործն է։

Նա առաջին օրից էր Արցախ գնացել՝ Ջրական (Ջաբրայիլ), և շատ բաներ այդպէս էլ անհասկանալի է մնացել, օրինակ, ինչպէ՞ս եղաւ, որ պաշտպանական գիծը մնացել էր, բայց թշնամին արդէն իրենց թիկունքում էր և տղերքը երեք կողմից շրջափակման մէջ էին։

«Պատերազմի լուրը առաւօտեան լսեցինք՝ ժամը 7։30-ի սահմաններում։ Անմիջապէս վեր կացայ, ուղևորուեցի հիւանդանոց, և ի ուրախութիւն ինձ պիտի ասեմ, որ մեր բժիշկներն արդէն այնտեղ էին։ Եւ հաշուի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին մեծածաւալ գործողութիւնների ժամանակ դեռևս մինչև թիկունքից դեղորայքի իմաստով, բժշկական պարագաների իմաստով օգնութեան հասնեն, մենք մեր պահեստային միջոցներով, դեղորայքներով անմիջապէս ուղևորուեցինք և արդէն երեկոյեան 5։30-ի շրջանում մտանք Ջաբրայիլ։ Բանակի բուժծառայութեան հետ մեր գործողութիւնները համադրեցինք և մեր բժիշկները բաժանուեցին երկու խմբի՝ կէսը ուղևորուեց Հադրութ, իսկ միւս կէսը Խնձորեսկով իջանք դէպի Ջաբրայիլ»,-վերյիշեց Տարօն Տօնոյեանը։

Այդ օրը նա չէր պատկերացնում պատերազմի մասշտաբները, բայց քանի որ տեսել էր Արցախեան առաջին պատերազմը, տեսել էր Քառօրեայ պատերազմը, արդէն սեպտեմբերի 29-30-ին նրա համար հասկանալի էր, որ սա լրիւ այլ պատերազմ է, իսկական, ծայրայեղ ծանր պատերազմ էր սպասւում մեզ, որի մասին, իհարկէ, զգուշացրեց թիկունքում գտնուող իր ընկերներին, ովքեր հնարաւորութիւն ունէին ազդելու քաղաքական գործընթացների վրայ։

«Ասացի, որ չափազանց ծանր պատերազմ է սպասւում մեզ, պէտք է պատրաստ լինենք, բայց, անկեղծ ասած, որ այսպէս պիտի վերջանար, այսքան մարդկային կորուստներով, այսպիսի տարածքային կորստով, անկեղծ ասած, չէի պատկերացնում»,-ասաց Տարօն Տօնոյեանը։

Բժիշկն առաջինն էր, որ հրապարակային խօսեց կամաւորներին առանց սաղաւարտ ու զրահաբաճկոն առաջնագիծ ուղարկելու հանցագործութեան մասին։

«Պատերազմի առաջին  օրերին, երբ կռւում էր կանոնաւոր պաշտպանութեան բանակը, մեր կամաւորները հիմնականում վերջոյթների վնասուածքներով էին գալիս և փոքր տոկոս էին կազմում կրծքավանդակի, որովայնի և գլխի վիրաւորումները։ Բայց երբ կամաւորները եկան՝ շատերը գալիս էին ոգևորուած, բոլորը հերոսներ էին իհարկէ, բայց այս պատերազմը 90-ականների պատերազմը չէր, այստեղ այնպիսի զէնքեր կիրառուեցին, այնպիսի ծանր մարտեր էին ընթանում, որ շատ մեծ կորուստներ ունեցանք արդէն յետոյ կամաւորների մէջ սաղաւարտներ և զրահաբաճկոններ չլինելու պատճառով։ Սրա գնահատականը յետոյ պէտք է տան անպայման։ Գնահատական ես հիմիկուանից կարող եմ տալ․ սա յանցագործութիւն է»,-ասաց Տարօն Տօնոյեանը։

Աննա Բալեան

Ամբողջական հարցազրոյցը՝ տեսանիւթով

https://youtu.be/Xq0lqVvSapM

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.