«Շարժման նպատակն է՝ կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները»․ Իշխան Սաղաթելեան

Յունիսի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում հանդէս է եկել մամուլի ասուլիսով։

Մինչեւ լրագրողների հարցերին պատասխանելը, նա մէկ անգամ եւս ամփոփ ներկայացրեց երկու ամիսների ընթացքում «Դիմադրութիւն» շարժման գործունէութիւնը, անցած ճանապարհը, յստակ ձեռքբերումները, խօսեց շարժման կառուցուածքի, մարտավարութեան փոփոխութիւնների եւ անելիքների մասին։

Ըստ Իշխան Սաղաթելեանի՝ մինչ շարժումը տպաւորութիւն կար, որ օրուայ իշխանութեան՝ երկիրը նոր կապիտուլեացիայի տանելու նկատմամբ ժողովրդի կողմից կայ համակերպում, այլեւս Արցախի, Հայաստանի անվտանգութեան հարցերը հետաքրքիր չեն հանրութեանը, ժողովուրդը համակերպուել է առկայ իրավիճակի հետ, Հայաստանից հնչում էր միայն պարտութեան ու յարմարուողականութեան ձայն, որն արձանագրուել էր միջազգային հանրութեան կողմից։

«Փոխուեց իրավիճակ։ Հայ ժողովուրդը ցոյց տուեց, որ օրուայ իշխանութիւնը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Հայ ժողովուրդը միջազգային հանրութեանը յստակ կոչ յղեց, որ օրւայ իշխանութիւնների կողմից վարուող քաղաքականութիւնը մերժւում է հայ ժողովրդի կողմից։ Շարժման կոչը, որ ժողովուրդ, լաօ, զարթնիր, տէր կանգնի քո երկրին, այդ իրավիճակը մեր երկրում ստեղծուել է»,- ասաց նա։

Նրա խօսքով, իրենց առջեւ խնդիր կայ օր առաջ հասնել իշխանափոխութեան, այդ ուղղութեամբ բոլոր քայլերն արել են, բայց գլխաւոր խնդիրը մնում է չլուծուած։

«Դրա համար անհրաժեշտ է շարժման վերափոխման ու մարտավարութեան նոր մօտեցումներ։ Շարժումը պէտք է տարածենք ողջ Հայաստանով մէկ, շարժումը պէտք է իր օջախները ձեւաւորի մարզերում, Արցախում ու Սփիւռքում, դրա նախադրեալներն արդէն կան։ Շարժման դադարի, յետքայլի մասին խօսակցութիւններն ընդամէնը խօսակցութիւններ են, երկու օր առաջ յայտարարել ենք ոչ թէ դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագրի մասին, եւ աշխատանքներն ամբողջութեամբ մեկնարկած են»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Անդրադառնալով վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու որոշման մասին հարցին, քաղաքական գործիչն ասաց՝ ոչ թէ շարժումն էր վրանների համար, այլ վրաններն էին շարժման համար։

«Մենք որոշում ենք կայացրել, որ հրապարակում պէտք է ստեղծենք դիմադրութեան առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, հսկայական արդիւնք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով։ Եկել էր մի պահ, երբ պէտք է գնահատէինք ստեղծուած իրավիճակի եւ վրանների արդիւնաւէտութեան հարցը»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց, թէ լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը։

«Մեր խնդիրը ոչ թէ վրաններով մեր վճռականութիւնը ցոյց տալն էր, այլ այս պայքարը արդիւնաւէտ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդիւնքի համար, գոյութիւն ունէր նպատակայարմարութեան եւ արդիւնաւէտութեան հարց»,- ասաց Սաղաթելեանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք մտածում են, թէ պայքարը կարող է թուլանալ, Սաղաթելեանն ասաց, որ կը համոզեն հակառակը.

«Վրանները իրենց գործը կատարել են, մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պէտք, կը համոզուէք, որ պայքարի արդիւնաւէտութիւնը պայմանաւորուած չէր վրաններով»։

Իսկ շարժումը, ըստ Սաղաթելեանի, յետքայլ չի անում, չի դադարում, դրանք միայն խօսակցութիւններ են, պարզապէս մարտավարութիւնն է փոխում։

1,5 տարի ամէն օր Նիկոլը խօսել է տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու օրակարգից. ինքը խոստացել է խաղաղութիւն, դրա հիման վրայ է եկել իշխանութեան, խօսել է Արցախի ինքնորոշման մասին, բայց երէկ ԱԺ-ում յայտարարեց, որ չկայ երաշխիք, որ խաղաղութեան օրակարգը կարող է յաջողել․ ասաց նա՝ անդրադառնալով յունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի ելոյթին։

«Հիմա ասում է, որ չկայ երաշխիք, որ խաղաղութեան օրակարգը կարող է յաջողել, չկայ երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովուի արցախահայութեան անվտանգութեանը: Եթէ կայ խելամիտ մարդ, որ մտածում է, որ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարաւոր է ապահովել արցախցիների անվտանգութիւնը, դա կամ պետական դաւաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի:

Նա երէկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղութեան օրակարգը՝ յստակ ասելով, որ այս իմաստով էլ որեւէ երաշխիք չկայ: Եթէ անվտանգութեան առումով երաշխիք չկայ, խաղաղութեան առումով երաշխիք չկայ, էդ մարդը մնում է այլեւս, որ ի՞նչ անի: Ակնյայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացոյց, պայմանաւորուածութիւն երկիրը յանձնելու:

Ակնյայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացոյցը խախտուել է, բայց պրոցեսը չի դադարել: Քանի սրանք կան, այդ վտանգը կախուած է երկրի գլխին»,- ասաց նա:

Ես շարժման առաջին օրերից յայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինուորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդիւնքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատուութիւն․ ասուլիսի ժամանակ նշեց Իշխան Սաղաթելեանը:

Հարցին, թէ հնարաւո՞ր է, որ օգոստոսի 2-ից յետոյ «Դիմադրութեան» շարժումը որպէս վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածութիւնը, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց. «Որեւէ մէկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատուութիւնը դրուած է եղել ինձ վրայ: Այդ համաձայնութեանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց յետոյ:

Ինչ վերաբերում է հետագայ պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հէնց առաջին օրուանից ասել ենք՝ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մէկին վարչապետ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինեանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխաւոր օրակարգը, բայց օգոստոսից յետոյ այդ գործիքակազմին աւելանում է եւս մէկը՝ պաշտօնանկութեան գործընթացը: Դրա համար պէտք է երկու ուղղութեամբ աշխատանք։ Առաջին՝ պաշտօնանկութեան համար քաղաքական եւ իրաւական հիմքերի ստեղծում, որն առկայ է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում եւ երկրորդ՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում:

Մենք այս գործընթացը կը մեկնարկենք այն ժամանակ, երբ յաջողութեան հասնելու բաւարար հիմքեր կը լինեն: Այդ ժամանակ, օրէնքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտօնանկութեան գործընթացով, պարտաւոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահութիւն վայելող թեկնածու: Երբ կը մտնենք այդ օրակարգի մէջ, այդ ժամանակ կը քննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մէջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»:

Այդ մանդատները իրենց հօր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տուել է ժողովուրդը․ ասաց Իշխան Սաղաթելեանը

Leave a Comment

You must be logged in to post a comment.