Նոր գիրք կորած թէ մոռացուած հայերի միջավայրի մասին

Սեղանիս է Սերգէյ Վարդանեանի նոր լոյս տեսած «Բանահիւսական պատումի միջավայրը (Կրօնափոխ համշէնահայերի մի զուարճապատումի տարբերակները)» գիրքը, որի շնորհիւ յաջողուեց մի շաբաթով կտրուել մեր օրերի ճնշող իրադարձութիւններից, հեռանալ ոչ շատ վաղ անցեալ եւ նոր գիտելիք ձեռք բերելու հաճելի պահեր ապրել:

Ինչպէս բոլոր գիտական գրքերի դէպքում, այս գրքի անոտացիայում էլ գրուած է, որ այն հասցէագրուած է ոչ միայն ակադեմիական շրջանակներին, այլեւ «թեմայով հետաքրքրուող ընթերցողներին»: Ընդունուած կարգ է կարծես, թէպէտ այդպէս գրողների համար գաղտնիք չէ բնաւ, որ գիտական գրքերի մեծ մասը, բացի նեղ մասնագէտներից, ոչ ոք չի կարդում: Բայց տուեալ դէպքում «թեմայով հետաքրքրուող ընթերցողների» ակնկալիքը ոչ միայն իրատեսական է, այլեւ աւելին կարելի է ասել՝ այն ընթերցանութեան եւ ճանաչողութեան լաւ առիթ է նաեւ թեմայով չհետաքրքրուողների համար:

Ես լաւ գիտեմ հեղինակին, նրա հետ ժամանակին աշխատել եմ նոյն խմբագրութիւնում, տեսել եմ նրա գործելաոճն ու գիտելիքների պաշարը, կարդացել եմ նրա «Հայաստանի մայրաքաղաքները», միւս գրքերը, յօդուածները, միշտ հիացել եմ նրա պրպտելու, փաստեր հաւաքելու ջանասիրութեամբ ու այդ փաստերն իրար կապելու, բացայայտումներ անելու կուռ տրամաբանութեամբ, կարծրատիպեր կոտրելու համարձակութեամբ, ընթերցողին կլանող շարադրանքի պարզութեամբ եւ կարծում էի, որ այս նոր գիրքն այլեւս ոչնչով չի զարմացնելու, պարզապէս հերթական հաճելի ու օգտակար ընթերցանութիւն է լինելու: Բայց եւ այնպէս այս անգամ էլ զարմացայ:

Ինչի՞ մասին է գիրքը

Հեղինակն այս անգամ խնդիր է դրել պարզել, թէ կրօնափոխ համշէնահայերից գրի առած պատումները փոփոխակներ ունե՞ն արդեօք հայ ժողովրդի այլ հատուածների բանարուեստում: Նա վերցրել է 1987 թ. Ղազախստանում մի մահմէտական համշէնահայից իր գրառած «Արդելեցիք՝ աւջի» («Արդալացիները՝ որսորդ») զուարճապատումը եւ դրա 36 փոփոխակ է գտել, որոնք ամբողջութեամբ ներկայացւում են ու վերլուծւում: Դրանցից 5-ը գրի է առել հեղինակը կրօնափոխ համշէնցիներից 2010-2014 թուականներին Թուրքիայի Արդուինի նահանգի Խոփայի գաւառում, մէկ տարբերակ էլ կրօնափոխ համշէնցուց ձայնագրել եւ տպագրել են ԱՄՆ-ի Հարուարդի համալսարանի երեք աշխատակիցներ: Մնացած 30 փոփոխակները, որոնք գրի են առնուել Հայաստանի եւ հարեւան երկրների հայերից (Արցախ, Նախիջեւան, Փերիա, Ղարադաղ, Շատախ, Մոկս, Ջաւախք, Լոռի, Տաւուշ, Վան, Մուշ, Կեսարիա, Պէյրութ, Հալէպ եւայլն), հեղինակը որոնել ու գտել է տպագիր աղբիւրներում ու արխիւներում:

Փաստօրէն այս աշխատութիւնը հայ բանագիտութեան մէջ մահմետական եւ քրիստոնեայ հայերի բանահիւսութիւնը համեմատելու եւ մի պատումի փոփոխակները մէկտեղելու առաջին փորձն է:

Եւ յայտնաբերուած նիւթի վերլուծութիւնը հնարաւորութիւն է տուել հեղինակին ապացուցելու, որ կրօնափոխ հայերի զուարճապատումները, որոնք պատմուել են հայերէն՝ համշէնի բարբառի Խոփայի խօսուածքով, հիմնաւորապէս հաստատում են այն համոզմունքը, որ դրանք հայկական բանահիւսական ժառանգութեան անբաժանելի մասն են:

Սա շատ կարեւոր եզրայանգում է, քանի որ քիչ չեն թուրք եւ նոյնիսկ Թուրքիայում ապրող հայկական ծագումով հեղինակները, որոնք ամէն կերպ փորձում են զատել համշէնահայերին հայութիւնից եւ թուրքական ծագում վերագրել, անգամ բարբառն են փորձում հայերէնից օտարել: Ահա բանահիւսական միջավայրի պատկերն էլ գալիս է ապացուցելու, որ մահմետականացած, բայց, ի դէպ, բազմաթիւ քրիստոնէական սովորոյթներ ու ծէսեր պահպանած նոյն հայ ժողովրդի հետ գործ ունենք՝ նոյն մտածելակերպով:

Աշխատութեան բանագիտական արժէքին, անշուշտ, ճշգրիտ, գիտականօրէն գնահատական կը տան համապատասխան մասնագէտները: Ինձ՝ ոչ մասնագէտ ընթերցողիս, այս հրատարակութիւնը գրաւեց յատկապէս իր երկու առանձնայատկութեամբ:

Մարդիկ. ակնածանքն ու երախտագիտութիւնը նախորդների նկատմամբ

Առաջին իսկ էջերից նկատեցի, որ այս կամ այն գիտնականին, բանահաւաքին կամ ասացողին յիշատակելիս հեղինակն անպայման նշում է նրանց տարիքը, թէ որ տարիքում է կատարուել տուեալ գործը: Եւ հակառակ տարածուած սովորութեան, երբ ուրիշ աշխատութիւններում նշւում են միայն յիշատակուող ասացողի կամ բանահաւաքի ազգանունն ու անուան սկզբնատառը, նա իր պարտքն է համարում առատ կենսագրական տուեալներ զետեղել, աւելի յաճախ՝ բառի բուն իմաստով դրուագ առ դրուագ յայտնաբերել դրանք ժամանակի աշխատութիւններում, արխիւներում ու մամուլի նիւթերում՝ ինչպէս ասում են, սրբելով այդ երախտաւորների վրայից մոռացութեան փոշին, համոզուած, որ «ինչ էլ գրում ենք, ի վերջոյ, այդ ամէնը մարդկանց մասին է»:

Ահա այս աշխատութեան շնորհիւ իմանում ենք, օրինակ, ամենաառաջին բանահաւաքներից մէկի՝ շուշեցի Առաքել Պահատրեանի մասին, որն իր գրառումներն արել է Սրուանձտեանի «Գրոց ու բրոցից» դեռ շատ առաջ՝ 1860 թ. եւ ընդամէնը 12 տարեկանում, իմանում ենք, որ հայ բանահիւսութեան առաջին հրատարակիչներից Տիգրան Նաւասարդեանն իր գրառումները տպագրելիս հազիւ 20 տարեկան էր, իսկ «Հայ ժողովրդական հեքիաթների» առաջին հատորը լոյս ընծայելիս՝ 21 տարեկան, որ Յովսէփ Օրբելին իր առաջին ծանրակշիռ ուսումնասիրութիւնները գրել է արդէն 24-25 տարեկանում, որ Գարեգին Սրուանձտեանը 3 ամիս ապրել է Շուշիում եւ մամուլում հետաքրքիր հիացական տպաւորութիւններ է թողել տեղի բնակչութեան ու մտաւոր կեանքի մասին, կամ կարդում ենք մի երախտաւոր կնոջ՝ շուշեցի Մարգարիտ Գրիգորեան-Սպանդարեանի անձնուէր բանահաւաքչական գործունէութեան յուզիչ պատմութիւնը եւայլն: Փաստերը, ընդ որում նորայայտ, արխիւներից ու անցեալի մամուլից քաղուած, շատ-շատ են, եւ թուարկել կամ մէջբերել դրանք, կը նշանակի վերաշարադրել գրքի զգալի մասը:

Բացի այդ, հեղինակը խնդրոյ առարկայ զուարճապատումի այս կամ այն փոփոխակը քննարկելիս տեղին է համարել ոչ միայն տեղեկութիւններ հաղորդել ասացողի մասին, այլեւ մէջբերումներ անել այլ հեղինակներից տուեալ բնակավայրերի բնակչութեան խառնուածքի, առանձնայատկութիւնների, նիստուկացի մասին՝ այդպիսով ամբողջացնելով  միջավայր ասուածը, պատկերացում տալով, թէ վերջապէս ով էինք մենք, ինչպիսին էինք մենք՝ հայերս, երբ զանազան պատումներ էինք հիւսում ու դրանց մէջ ամփոփուած իմաստութիւնը խնամքով փոխանցում յաջորդ սերունդներին:

Օրինակ՝ շատ տպաւորիչ է մէջբերումը Գարեգին Սրուանձտեանի ակնարկից Արցախում Մկրտիչ Խրիմեանի անցկացրած օրերի մասին: «Դու նստար Ղարաբաղում ութ օր եւ քարոզեցիր էնտեղ ամէն օր: Դու գտար էնտեղ մի խումբ ժողովուրդ, որոյ մէջ անարատ եւ առատ կը փայլէր Հայութեան ձիրքեր եւ բնաւորութիւն եւ սովորութիւն: Նոցա մէջ տեսար ըստ ամենայնի ընդունակութիւն. արի ու անվեհեր էր նոցա բազուկն եւ արիւն. իրաւ անուսում էին, բայց զգացող եւ շատ հասկացող, նոցա մանկունք ուշիմ, նոցա ծերեր առոյգ մարմին, խելացի հանճարով, փորձեալ գլուխներով, նոցա երիտասարդք հզօր եւ հնազանդ, միշտ պարկեշտութիւն իրենց քաջասրտութեան քօղ կը պահէին» (էջ 105, «Մեղու», Կ. Պոլիս, 1862, 10 Նոյեմբ.):

Կամ մէջբերումը ժամանակի լրագրող Արշակ Եդիգարեանի (Պիրօ) «Տաճկացած հայեր» յօդուածից, որում, նկարագրւում է, թէ ինչպէս են թուրքական բռնակալութեան սարսափելի ժամանակներում բռնի կրօնափոխուած համշէնահայերը պահպանել բուն հայկական սովորութիւնները, եւ մանաւանդ այս վկայութիւնը. «…Մայրերն աւելի հայ են մնացել, քան թէ հայրերը. հայ կինը միշտ աւելի սրբութեամբ է պահպանել իւր նախնիքներից իրեն աւանդած հաւատը, քան թէ հայ մարդը: Նրանք մինչեւ այժմ պաշտում են հայ վանքերը եւ եկեղեցիները եւ եթէ եկեղեցու ծառերից մի ճիւղ անգամ ընկած լինի ճանապարհին, նրանք վերցնում են եւ առանձին տեղ դնում, որ գնացող եկողը կոխ չտայ, ասել է, որ նրանք իբրեւ սրբութիւն պաշտում են եւ եկեղեցու ծառերն անգամ, շատ մայրեր խնդրում են իրենց որդոց տանել իրենց Երուսաղէմ երկրպագութիւն տալու համար սուրբ վայրերին: Այդպիսի տաճկացած շատ հայերի հայրերը մահմետական են, իսկ մայրերը քրիստոնեայ» (էջ 223, «Նոր-Դար», Թիֆլիս, 1893, 21 Դեկտ.):

Հոգատարութիւնը յետնորդների նկատմամբ՝ գրքի մատենագիտական արժէքը

Գիրքն ուղեկցւում է մօտ հազար տողատակերի յղումներով, մեծ մասամբ՝ ընդարձակ մեկնաբանութիւններով:

Եւ գրքի վերջում էլ հեղինակը զետեղել է իր օգտագործած արխիւային նիւթերի, գրքերի ու ժողովածուների, մամուլի նիւթերի ընդարձակ ցանկը: Փաստօրէն կրօնափոխ համշէնահայերի մասին բանագիտական, ազգագրական, պատմագիտական, բարբառագիտական գրականութեան մատենագիտական ցանկը: Մի հանգամանք, որ կրկնակի է դարձնում աշխատութեան արժէքը:

Եւ դա արուել է՝ ելնելով ապագայ մասնագէտների նկատմամբ հոգատարութիւնից, որպէսզի չանցնեն որոնումների այն նոյն դժուարին ճանապարհը: Ինքը՝ հեղինակն էլ խոստովանում է. «Ի դէպ, ներկայ ու ապագայ բանագէտներին, բանահաւաքներին, բարբառագէտներին, ազգագրագէտներին, պատմաբաններին, համշէնագէտներին ու թուրքագէտներին, երգիչ-երգչուհիներին, երաժիշտներին ու երաժշտագէտներին օժանդակելու նպատակով սոյն մենագրութեան մէջ, ինչպէս հաւանաբար նկատել են ընթերցողները, աշխատել ենք բազմաթիւ աղբիւրների գոնէ մի մասը յղել, ինչի շնորհիւ գիրքը, որոշ չափով ստանալով մատենագիտական գործառոյթ, ներկայացնում է նաեւ հետազօտութեան միջավայրը»:

Սեփական անխելքութեան ծաղրն ու ցաւը

Գիրքը փակելուց յետոյ բազմաթիւ հարցեր են առաջանում, եւ անցեալի միջավայրին ծանօթանալուց յետոյ ակամայ զուգահեռներ են գծւում ներկայի հետ: Ինչպէ՞ս է, որ բռնի կրօնափոխուելով՝ թուրքական դաժան ճնշումների տակ մարդիկ պահպանել են լեզուն ու ազգային սովորութիւնները, նոյնիսկ ծածուկ իրենց հայ են համարել: Իսկ այսօր Հայաստանում բնակչութեան մի հատուածը, գնահատելով մի շարք անհատների ու նրանց համակիրների խօսքն ու գործը, խիստ համոզուած նրանց ոչ աւելի, ոչ պակաս «թուրք» է համարում: Սա փաստ է: Ինչո՞ւ է բռնի թուրքացուած հայը տարիներ շարունակ տանը սրբօրէն հայկական ձեռագրեր պահում, իսկ ժամանակակից հայաստանցի հայը՝ հրապարակաւ կասկածի տակ առնում բաներ, որոնք մինչ այս սրբութիւն ու անձեռնմխելի են համարուել:

Կամ այսօր անընդմէջ մի հարց ես լսում. «Այսքան անխելք մարդիկ մեզանում ե՞րբ առաջացան, մենք էլ կարծում էինք, թէ խելացի ազգ ենք»:

Հետաքրքիր է, որ գրքում քննարկուող զուարճապատումը հենց անխելքութեան մասին է: Ընդհանուր բովանդակութիւնը սա է: Մի քանի հոգի գնում են արջ որսալու եւ արջին չհանդիպելով՝ մտածում են, որ որջում է: Նրանցից մէկը մտնում է որջը, որ համոզուի: Արջը պոկում է նրա գլուխը: Մարդուն դուրս են քաշում ու տեսնում են, որ գլուխը չկայ, եւ մտածում են՝ նա գլուխ ունէ՞ր, թէ ոչ: Եւ որպէսզի պարզեն այդ հանելուկը, գնում հարցնում են կնոջը: Կինն էլ պատասխանում է, որ չգիտի՝ ունէր, թէ ոչ, բայց առաւօտեան նախաճաշելիս շրթունքները շարժւում էին:

Փաստօրէն մեր ժողովուրդը միշտ է զարմացել սեփական անխելքութեան վրայ՝ դա երգիծանքի առարկայ դարձնելով, ինքն իր վրայ ծիծաղելով: Սակայն, իմ համեստ կարծիքով, սեփական արատի վրայ հնարաւոր է ծիծաղել, երբ այն արդէն մերժել ու յաղթահարել ես: Ժամանակակից հայութեան միջավայրում առայժմ միայն ցաւի նկարագրութիւններ են: Բայց սա արդէն այլ խօսակցութեան նիւթ է:

Անահիտ Յարութիւնեան

Բանասիրական գիտ. թեկն.

Յ.Գ. Տասնամեակներ անց ի՞նչ կը գրի ապագայ ուսումնասիրողը սոյն գրքի հեղինակի մասին՝ ունենալով նրա՝ նախորդների մասին լիարժէք տեղեկութիւններ տալու նախանձախնդրութիւնը: Հաւանաբար այսպէս: Բանասէր, պատմաբան, ազգագրագէտ, բանահաւաք, բանագէտ, բարբառագէտ, լրագրող, հրապարակախօս, արձակագիր, խմբագիր Սերգէյ Վարդանեանը սկսել է հետաքրքրուել բանահաւաքչութեամբ եւ կրօնափոխ հայերի ճակատագրով երիտասարդ տարիքից՝ յետագայ ողջ կեանքի ընթացքում, ի թիւս այլ գործերի, զբաղուելով դրանցով եւ մանաւանդ համշէնագիտութեան ոլորտում թողնելով շատ մեծ աւանդ…

Comments are closed.