Յանձնուողը չի կարող օրակարգ թելադրել. Իշխան Սաղաթէլեան

Յանձնուողը չի կարող օրակարգ թելադրել

Ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկւում է երկու ճանապարհ:

Առաջինը գործող իշխանութեան զիջումների ճանապարհն է։

Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բաւարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչեւ ինչ-որ կէտ, կնքել պայմանագիր եւ դրանով երաշխաւորել անվտանգութիւն կամ բացել, այսպէս կոչուած, «խաղաղութեան դարաշրջանը»։ Սա իշխանութեան ձեւակերպուած առաջարկն է մեր ժողովրդին, որն ամէն օր քարոզւում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։

Միջանկեալ յիշեցնենք երկու աբսուրդ:

Առաջին. իշխանութիւնն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել թէ որտեղ է վերոնշեալ «զիջման կէտը» թէ՛ աշխարհագրական, թէ՛ ժամանակային իմաստով: Աւելի պարզ՝ իշխանութիւնը չգիտի, թէ մինչեւ որտեղ եւ որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպէս «խաղաղութեան դարաշրջանի» նախապայման:

Երկրորդ. կրկին իշխանութեան խոստովանութեամբ՝ որեւէ երաշխիք չկայ, որ այդ զիջումներից յետոյ կնքուած ինչ-որ պայմանագիր կ’երաշխաւորի մատնանշուած «խաղաղութեան դարաշրջանը»:

Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղութիւնը դարձնել նպատակ, առանց անվտանգութեան երաշխիքի։

Ցաւօք, զիջելու եւ խաղաղութեան հասնելու իշխանութեան բանաձեւը հասարակութեան ինչ-որ հատուածի մօտ ընկալում ունի, քանի որ իշխանութիւնները քարոզում են այլ ելք չկայ: Մարդիկ մտածում են` եթէ ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնէ խուսափենք նոր մարդկային կորուստներից։

Բայց փաստն այն է, որ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանի մատուցած խաղաղութեան օրակարգը բազմիցս ձախողուել է: Արդիւնքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի աւելի մօտեցող պատերազմ:

Դատէք ինքներդ։ Յանուն կեղծ խաղաղութեան դարաշրջանի, անզօրութեան քարոզով՝ 2020 թ․ Նոյեմբերի 9-ից յետոյ թշնամուն զիջեցին Քարվաճառը, թշնամին չկանգնեց եւ Քարվաճառից յարձակուեց Վարդենիսի ու Ջերմուկի վրայ։ «Բանաւոր ըմբռնումներ» գործարքի արդիւնքում Նոյեմբերի 9-ից յետոյ յանձնուեցին Սիւնիքի անառիկ դիրքերը, եւ թշնամին՝ գրաւեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասաւ Տեղ գիւղ, ի վերջոյ՝ յայտարարեցին Արցախը Ատրպէյճանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդէն 9 ամիս պատանդ պահելով արցախահայութեանը։

Այժմ Ատրպէյճանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցուող գործարանի վրայ։

Ատրպէյճանի գործողութիւնները ցոյց են տալիս, որ չկայ կարմիր գիծ, որտեղ Ալիեւը կանգ է առնելու։ Ակնյայտ է, որ Արցախը Թուրքիայի եւ Ատրպէյճանի համար ընդամէնը պլացդարմ է Հայաստանի վրայ յարձակման, հայոց պետականութեան կործանման ու հայ ժողովրդի ի սպառ բնաջնջման համար։

Հետեւաբար, օրուայ իշխանութեան առաջարկը սնանկ է, սպառուած եւ կործանարար։

Կայ երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամէտ ուժերը. հրաժարուել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգութեան ապահովման, պաշտպանունակութեան բարձրացման վրայ, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդիւնաւէտ միջոցն է։ Այսինքն` ոչ թէ յանձնուել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կենսական զիջումների, որոնք անդառնալի կը լինեն մեր հետագայ գոյութեան, անվտանգութեան եւ զարգացման համար։

Յանձնուելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարաւոր չէ, մենք թոյլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրութիւն է, դա կը բերի նոր պատերազմի եւ կը կորցնենք ամէն ինչ: Սա եւս սնանկ թեզ է, դրա արդիւնքը այսօրուայ վիճակն է:

Իրականում մենք լայնածաւալ պատերազմից կարող ենք խուսափել մի դէպքում միայն, եթէ Ատրպէյճանը հասկանայ, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետեւաբար՝ պատերազմը եւ կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։

Իսկ ի՞նչ է անում իշխանութեան ղեկին յայտնուած խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մէջ սերմանում է վախ, յուսահատութիւն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պէտք է անի թշնամի պետութիւնը մարտից առաջ հակառակորդ երկրում։

Մեր երկրում այլեւս չպէտք է լինի բանավէճ՝ յանձնուե՞լ, թէ՞ պայքարել: Պէտք է խօսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պէտք է խօսենք այն հայրենակիցների հետ, ովքեր յանձնուելու կողմնակից են (իշխանութեան մասին չի խօսքը, այլ մոլորուած քաղաքացիների): Մենք պէտք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մօտ խաղաղ ապրելու ձգտումն է, միւս մասի մօտ՝ ցածր գիտակցութեան ու իշխանական քարոզչական վիշապի երախում յայտնուելու արդիւնք:

Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, մենք բիզնեսմեն ենք, մտաւորական կամ սպորտսմեն, պէտք է յիշեցնել փաստերով, որ Արեւմտեան Հայաստանում մենք ունէինք աւելի մեծ կարողոթիւններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցուածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտաւորականներին գլխատեցին:

Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկութեան մէկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չյանձնուելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանութիւն մեր ինքնութեան, մեր հայրենիքի, պետականութեան։

Հայ ժողովուրդը պէտք է մերժի օրուայ իշխանութեան յանձնուելու քաղաքականութիւնը եւ որոշի, որ տէր է իր հայրենիքին, պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ իւրաքանչիւր հայ պէտք է զէնք վերցնի, գնայ սահման. ամէն մէկը իր տեղում, իր կարողութիւններով պէտք է նպաստի հայրենիքի պաշտպանութեանը՝ ուսուցչից մինչեւ գործարար, շինարարից մինչեւ գիտնական, մտաւորականից մինչեւ ուսանող: Ամէն մէկը եւ բոլորն իրենց տեղում իրենց լուման պէտք է դնեն այս գործին։

Մենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտաքին ճակատում ունենք չօգտագործուած հնարաւորութիւններ, որոնք էլ հենց ստեղծուած իրավիճակի մէջ բեկում մտցնելու գրաւականն են։

44-օրեայ պատերազմի ժամանակ ընդամէնը 3 շաբաթուայ ընթացքում շուրջ 200 միլիոն տոլար գումար հաւաքուեց, 100-աւոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրուայ ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից աւել մայրաքաղաքներում Արցախի դրօշներով բազմահազարանոց ցոյցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկութիւն, հիասթափութիւն: Ինչո՞ւ, որովհետեւ պայքար չկայ, յանձնուելու շուրջ համախմբում չի լինում, համախմբւում են յանունի, պայքարի, յաղթանակի շուրջ։

Սա միայն մէկ, փոքր օրինակ է այն բանի, թէ ինչի է ընդունակ մէկ գաղափարի շուրջ միաւորուած եւ կազմակերպուած ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանութիւնը մսխեց կամ օգտագործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկայ, սակայն չօգտագործուած, աւելին՝ իշխանութեան կողմից դիտաւորութեամբ ոչնչացուող ներուժը։

Երբ խօսում ենք չյանձնուելու եւ պայքարը շարունակելու տրամաբանութեան մասին, մենք պէտք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղութեամբ.

1. Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որեւէ փաստաթղթի ստորագրումը եւ վաւերացումը բացառող համազգային դիմադրութեան ճակատի ձեւաւորում:

2. Արտաքին թշնամու դէմ պաշտպանութեան կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակութեան բարձրացում:

3. Ձեւաւորել կենսական զիջումները բացառող քաղաքականութեան սպասարկմանն ուղղուած արտաքին քաղաքական զօրակցութեան ճակատ:

Բայց նախեւառաջ, կրկնում եմ, պէտք է համազգային կոնսենսուս յանձնուելու օրակարգի մերժման շուրջ։

Մեր երկրում «յանձնուե՞լ, թէ՞ պայքարել» բանավէճը պէտք է արագօրէն փոխակերպուի պայքարի ձեւերի քննարկման օրակարգի։

Հետեւաբար՝ ինքնութիւնը պահպանելու , պետութիւն ունենալու գիտակցութիւնը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանութիւններին եւ նրանց յանձնուելու օրակարգը, ձեւաւորել նոր ու ազգային իշխանութիւն, ով կը համախմբի մեր ժողովրդին, կը վերականգնի պետութեան պաշտպանունակութեան եւ անվտանգութեան համակարգը, սթափ իրատեսական քայլեր կը ձեռնարկի՝ բերելով արժանապատիւ խաղաղութիւն:

Այս ողջ ընթացքի որոշիչ գործօնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփիւռ հայութեան ճակատագիրը որոշուելու է Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցութիւնը։ Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում պէտք է ձեւաւորուի իշխանութիւնների համար անյաղթահարելի Դիմադրութիւնը, որը նոր իրավիճակ եւ հնարաւորութիւններ կը բացի մեր խնդիրների լուծման համար։

Հայաստանի ազգային ուժերի ամենակարեւոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականութեամբ եւ տոկունութեամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։

Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթէ մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականութիւն, պէտք է անցնենք այս ճանապարհով: Վստահ եմ ՝ անցնելու ենք:

Շարունակելի…

Իշխան Սաղաթէլեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Comments are closed.