Յայտարարուել է «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման կազմաւորման մասին

Մայիսի 18-ին հրաւիրուել է մամուլի ասուլիս՝ «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման կազմաւորման մասին հանրութեանն իրազեկելու նպատակով։

Հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ռուբէն Վարդանեանը, Զոյա Սարգսեանը, Կարէն Բազեանը, Դաւիթ Մանուկեանը, Դաւիթ Բաղրեանը եւ Նարինէ Աղաբալեանը խօսել են նախաձեռնութեան մասին ու պատասխանել լրագրողների հարցերին։

Իր խօսքում Նարինէ Աղաբալեանը նշել է, որ նախաձեռնութեանը միացել է՝ գիտակցելով պահի լրջութիւնը, հայրենիքը կորցնելու սպառնալիքը եւ իր անձնական պատասխանատուութիւնը հայրենիքի հանդէպ։

Շարժման համակարգող Ռուբէն Վարդանեանը տեղեկացրել է, որ Արցախի ապագան ինքնուրոյն որոշելու գաղափարի շուրջ միաւորուել են տարբեր տարիքի, տարբեր ճանապարհ անցած, տարբեր փորձով մարդիկ, որը գաղափարի շուրջ միաւորման կարեւոր օրինակ է։ «Մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար։ Առաջին կարեւոր քայլն այն էր, որ կարողացանք իրար աչքերի մէջ նայելով խօսել անցեալի մասին, խօսել գաղափարի մասին։ Առանց գաղափարի գործողութիւններ անելը շատ վտանգաւոր է։ Ուրախ եմ, որ բոլորս միաւորուել ենք նպատակի եւ գաղափարի շուրջ, կարողացել ենք անձնական, կուսակցական տարբեր շահերը թողնել մի կողմ եւ իրար լսել, ձեւաւորել ընդհանուր ճակատ, որն ամէն ինչ անելու է, որ Արցախը լինի անվտանգ, հայկական եւ ազատ», ասել է Ռ․ Վարդանեանը՝ վստահութիւն յայտնելով, որ շարժմանը կը միանան հազարաւոր մարդիկ Արցախում, Հայաստանում եւ հայկական աշխարհում։

Նա ասել է, որ «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատի» շրջանակում կազմուել է ծաւալուն փաստաթուղթ, որը ներառում է աշխատանքային քարտէզ ու 77 կէտ։

Վարդանեանի խօսքով՝ անցել է կիսաքայլերի, կիսատ գործողութիւնների ժամանակը եւ միաւորուելով պէտք է ցոյց տալ, որ պատրաստ են մինչեւ վերջ գնալու յանուն իրենց հայրենիքի։

Շարժման նախաձեռնողներից Դաւիթ Մանուկեանը նշել է, որ ապրելով Արցախում՝ երբեւիցէ չի պատկերացրել, որ կ’ընդգրկուի շարժման, գործընթացի մէջ, որը կը պարունակի քաղաքական, հասարակական ենթատեքստ, որովհետեւ ունեցել է նեղ կոնկրէտ մասնագիտութիւն։ «Այս գործընթացը պարտադրուած է Ատրպէյճանի իշխանութեան, Հայաստանի իշխանութեան կողմից վարուող հակաարցախեան քաղաքականութեամբ, ինչու չէ նաեւ Արցախում փոքր խմորումներով։ Այս ճակատի հայեցակարգը, գործելակերպը իրականացրել են մարդիկ, կուսակցութիւններ, հասարակական կառոյցներ, անհատներ, որոնք իրենց աշխատանքի արդիւնքում ձեւաւորել են այն տեսլականը, ծրագրերը, որոնք պէտք է համատեղ իրականացնենք։ Պայքարը չի ենթադրում միայն քաղաքական ոլորտը, այլեւ տնտեսական, անվտանգային համակարգի հետ առնչուող հայեցակարգ ունի։ Յոյսով եմ՝ այն մարդիկ, որոնց հետ առիթ ենք ունեցել յանուն Արցախի Հանրապետութեան պայքարելու, կը վստահեն մեր խօսքին, մեր անցած ճանապարհին եւ կը միանան այս գործընթացին, որն ուղղուած չէ ինչ-որ մէկի դէմ, այլ յանուն Արցախի է», ասել է նա։

«Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագրում նշւում է, որ այն համաժողովրդական շարժման ձեւաչափով ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ եւ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ գաղափար-նպատակի շուրջ կամաւոր հիմունքներով միաւորում է, որում ներգրաւուած են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպութիւններ եւ անհատ քաղաքացիներ:

Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականութիւնն ու սուբյեկտայնութիւնն ապահովելու գերխնդրի իրագործման համար Շարժումն իր առջեւ նպատակ է դրել համախմբել հայութեան բոլոր հատուածներին եւ առաջին հերթին, Արցախի հանրային, քաղաքական, մտաւորական, մասնագիտական եւ այլ շրջանակների:

Նման իրավիճակում մենք իրաւունք չունենք անտարբեր հետեւելու եւ դիտորդի դերում մնալու։ Պահն օրհասական է եւ իր երկրի ճակատագրով մտահոգ իւրաքանչիւր հայորդուց, Արցախի հանդէպ համակրանք ունեցող ամէն մի բարեկամից պահանջում է հայրենասիրական մղումները, կարողութիւններն ու նուիրումի պատրաստակամութիւնն ուղղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի համար պայքարին՝ բոլոր հնարաւոր միջոցներով։

Մեր նախնիներից ստացած հարազատ ու ծաղկուն Արցախը հայկական պահելու սուրբ նպատակի համար մենք, հրաժարուելով նեղ անձնական շահերից, վեր կանգնելով կուսակցական, պաշտօնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպէս համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի եւ վճռականութեան դրսեւորում:

Բոլոր նրանք, ովքեր ընդունում են մեր կողմից յայտարարուած գաղափար-նպատակը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատուութիւնը Հայրենիքի հանդէպ, ում համար թանկ են հայկական արմատներն եւ մեր երեխաների ապագան՝ կարող են միանալ մեզ՝ անդամակցելով հանրային շարժմանը եւ ուժեղացնելով Արցախի անվտանգութեան ու զարգացման ճակատը»:

Comments are closed.