«Մենք  կը շարունակենք արարել նաև այստեղ՝ Հայաստանում, բայց վստահ ենք՝ դեռ վերադառնալու ենք Շուշի»․  Հայկ Պապեան

«Նարեկացի» արուեստի միութեան Շուշիի մասնաճիւղի տնօրէն Հայկ Պապեանը վերջին վեց տարիների ընթացքում բնակուել է Շուշիում։ Այսօր նա շարունակում է ապրել արուեստով  և արարել Երևանում գտնուող «Նարեկացի» արուեստի միութիւնում։

Խօսելով Շուշիում գտնուող պատերազմի մասին՝ Հայկ Պապեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց՝ միշտ էլ սպասել է, զգացել է, որ պատերազմ լինելու է, բայց այն, ինչ տեսան այդ օրերին, հնարաւոր չէ նկարագել․․․

«Մենք առաւօտեան արթնացանք, տեսանք՝ պատերազմ է։ Մեր դիմացի բլրի վրայ երևում էին առաջին ռմբակոծութիւնները, որոնք իրենք  առաջին րոպէներում իրականացրին։ Բոլորս հասկացանք՝ պատերազմ է, և պատկերացրինք դրա լրջութիւնը ռմբակոծութիւնների  աստիճանից», — պատմում է Հայկ Պապեանը։

Իր սիրտն ու հոգին Շուշիում՝   «Նարեկացի» արուեստի միութեան Շուշիի մասնաճիւղում թողած Հայկ Պապեանը ցաւով ասում է՝ այնտեղից, ցաւօք,  արուեստի նմուշները, թանկ մասունքները չկարողացանք բերել։

«Ես չորրորդ տարին է, ինչ այդ կենտրոնում տնօրէն էի, և մինչև իմ՝ տնօրէն լինելն էլ այնտեղ շատ գործեր էին  ստեղծուել։ Իմ՝ տնօրէն լինելու օրօք՝ այս չորս տարիների ընթացքում, երկու սիմպոզիում է եղել՝ խեցեգործութեան հետ կապուած․ եղել են տարբեր քանդակներ, աշխարհի տարբեր երկրներից եկած արուեստագէտներ են ներկայ եղել այդ սիմպոզիումին։ Մեր սաների ստեղծած կարպետները, նկարները և արուեստի գործերը մնացին այնտեղ, քանի որ մինչև վերջ էլ մենք չէինք համարում, որ Շուշին պիտի  տան, և չէինք հաւատում, որ կարող է այլևս Շուշի չվերադառնանք»,- պատմում է Հայկ Պապեանը։

Նրանք Շուշիում ապաստանարան չեն ունեցել, բայց պատսպարուելու տեղ են գտել ու արուեստի կենտրոնի բոլոր աշխատակիցների, սաների հետ մի ընտանիքի պէս դիմակայել  պատերազմի չարիքներին։

«Հոկտեմբերի 28-29-ին արդէն  լուրջ ռմբակոծումներ էին այնտեղ՝ ինքնաթիռներով, անօդաչու  թռչող սարքերով ու այլ զինատեսակներով․․․ Մեր սաներից մի երեխայ ալիքից ընկաւ գետնին, ու մենք որոշում ընդունեցինք գոնէ աղջիկներին հանել այնտեղից։ Աղջիկները երկար պայքարում էին, չէին ուզում Շուշիից հեռանալ, բայց այլ ելք չկար։ Հոկտեմբերի 29-ին ես  դուրս եկայ այնտեղից․  այդ օրն աղջիկներին հանեցի այնտեղից։ Յետոյ կրկին ուզում  էի կրկին գնալ այնտեղ, բայց տղաները  համոզում էին, որ չգնամ։  Մեր տղաները վերջին անգամ նոյեմբերի 3-ին մտան Շուշիում գտնուող  «Նարեկացի»  արուեստի կենտրոն․․․», — պատմում է Հայկ Պապեանը՝ աւելացնելով՝ այնտեղից վերցրել են  մէկ տրօն (քաղաքացիական), մէկ տեսախցիկ և մէկ լուսանկարչական ապարատ։

 

Հայկ Պապեանն այս օրերին էլ արարում է։  Արարելու տենչը նրա մէջ չի մարել։

«Չեմ կարող ասել՝ ինչն է ինձ ստիպում արարել, պէտք է զբաղուածութիւն ունենանք։ Մենք պէտք է մեր գործը շարունակենք այստեղ։ Իհարկէ, մենք մի օր կը վերադառնանք Շուշի, բայց մինչ այդ  այստեղ՝ Հայաստանում կը հիմնենք կենտրոն՝  նոր մտքերով։

Մենք այնտեղ ունէինք ոչ միայն «Նարեկացի»   արուեստի միութիւն, այլև «Հեքիաթների տուն», համաշխարհային սիմպոզիում։ Որոշել ենք  ադ սիմպոզիումը պահպանել։ Երկու անգամ Շուշիում սիմպոզիում եղել է, երրորդ անգամն էլ այստեղ՝ Հայաստանում կը լինի։ Այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ սիմպոզիումին, անպայման ուզում են կրկին մասնակցել», —  ասում է Հայկ Պապեանը՝ վստահեցնելով՝ նոյն ջանքերով ու եռանդով աշխատելու են այստեղ՝ վստահ լինելով՝ դեռ վերադառնալու են Շուշի։

ՅԱՍՄԻԿ  ԲԱԼԷԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.