ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի նամակը կը փոխանցուի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին

Ինչպէս հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակուող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան երկու պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջնորդութեամբ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի նամակը փոխանցուելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը նամակներ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի խօսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրէնսդիր իշխանութիւնների կողմից սպասուող հնարաւոր արձագանգներին ծանօթանալու նպատակով հեռախօսազրոյց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ եւ նրանից հետաքրքրուել, թէ արդեօք Դաւիթ Իշխանեանի կիրառած նոր գործելաձեւը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ատրպէյճանական արգելափակման վերացման եւ Իրանի կողմից միջամտութեան տեսանկիւնից:

Արա Շահվերդեանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում յանձնուել է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ արդէն այստեղ երկուսով պատրաստւում են այն յանձնել Իսլամական խորհրդարանի խօսնակ Մուհամմատ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամաւորն ընդգծել է, որ այսօրուայ դրութեամբ շատ կարեւոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը եւ ըստ պատգամաւորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան առումով:

«Չնայած տարբեր անձանց ու կառոյցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Պաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ատրպէյճանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգութեան խորհրդի, Եւրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի եւ Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառոյցների պահանջները, իրագործելով արցախահայութեան էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականութիւնը», նշել է Շահվերդեանը, ընգծելով, որ Արցախի 120,000 քաղաքացիներ զրկուած են ազատ տեղաշարժի հնարաւորութիւնից եւ ապրում են աղէտալի պայմաններում, ոտնահարւում են նրանց հիմնարար իրաւունքները, իսկ Ատրպէյճանին միջազգային հանրութեան ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը, թէ ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչութեամբ, Արա Շահվերդեանը նշել է, որ իրենք պատրաստւում են որպէս միջնորդ հանդէս գալ նամակի յանձնման ուղղութեամբ, որը նշանակում է, որ ուղղակիօրէն այն կը ստանայ խորհրդարանի խօսնակը:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորը շեշտել է, որ որպէս իրանահայութեան զոյգ պատգամաւորներ, անպայման կը շարունակեն հետեւողական լինել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպէս երկրի օրէնսդիր իշխանութեան մէկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիւանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ատրպէյճանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու եւ Արցախի էթնիկ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:

Արա Շահվերդեանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպէսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանեանի յղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խօսնակի կողմից հասցէական եւ համապատասխան արձագանգ ստանայ:

Comments are closed.