ՀՕՄ-ի՝ Արցախում իրականացրած ծրագրերի մասին

Յուլիսի 2-ին Ստեփանակերտում կայացել է Հայ Օգնութեան Միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի 18-րդ տարեկան ընդհանուր անդամակցական ժողովը։ Արցախի շրջափակման ու տարբեր խնդիրների առկայութեան պարագայում հրաւիրուած ժողովը քննել է միաւորի վարչութեան 21-ամսեայ գործունէութիւնը, նախանշել առաջիկայ գործունէութեան հիմնական ուղղութիւնները։ Ժողովին առցանց մասնակցում էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ ընկ. Համեստ Պէօճէքեանը։ Հաշուետու ժողովին ներկայ էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկ. Ալիոնա Գրիգորեանը։

Ժողովի վերջում ընտրուել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան նոր կազմ` Լիլիթ ՄարտիրոսեանՄելանիա Բալայեան, Տաթեւիկ Յովհաննիսեան, Իրինա Գրիգորեան, Անահիտ Գասպարեան։

«Ապառաժ»-ը ՀՕՄ-ի Արցախի միաւորի գործունէութեան ու կատարած աշխատանքների մասին զրուցել է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանի հետ: Նրա խօսքով՝ շրջափակման պայմաններում շատ դժուար էր նոյնիսկ անդամակցական ժողովի կայացումն ապահովել, քանի որ վառելիքի սղութեան պատճառով մի շարք բնակավայրերի ընկերուհիներ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ, իսկ ԿՎ անդամ Համեստ Պէօճէքեանը ժողովին առցանց է մասնակցել:

Լիլիթ Մարտիրոսեանը նշել է, որ ՀՕՄ-ի Արցախի միաւորը՝ որպէս Արցախում գրանցուած եւ գործող բարեսիրական-հասարակական կազմակերպութիւն, պետական կառոյցների կողմից ճանաչուած է եւ համագործակցում է ԱՀ կառավարութեան, տարբեր նախարարութիւնների, պետական ու հասարակական կազմակերպութիւնների հետ։ «ՀՕՄ-ի Արցախի Միաւորը որպէս ուղեկից կազմակերպութիւն համագործակցել է ՀՅԴ Արցախի կառոյցի հետ, ինչի արդիւնքում կազմակերպուել են համատեղ միջոցառումներ, վարչութիւնը ստացել է փոխադարձ գործակցութիւն ու օժանդակութիւն», ասել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին՝ աւելացնելով, որ մի շարք ծրագրեր են իրականացրել նաեւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան հետ:

Լ․ Մարտիրոսեանի խօսքով՝ հաշուետու ժամանակաշրջանում ՀՕՄ-ը Արցախում շարունակել է իրականացնել կրթութեան ոլորտի զարգացմանը միտուած իր մնայուն ծրագրերը: «2021-2022 ուսումնական տարուայ համար ՀՕՄ-ի կրթաթոշակին արժանացել է Մարտունու քաղաքի բնակչուհի, Երեւանի պետական համալսարանի «Եւրոպական լեզուներ եւ հաղորդակցութիւն» ֆակուլտետի ուսանողուհի Անի Մկրտչեանը: 2022-2023 ուսումնական տարուայ համար Կենտրոնական վարչութեան գնահատանքին են ներկայացուել երկու ուսանողների դիմումնագրեր՝ Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գիւղից Պաւել Աւագիմեանին եւ նոյն շրջանի օկուպացուած Ակնաղբիւր գիւղից Սօսէ Մարգարեանին, ընդ որում՝ երկու ուսանողներն էլ բարձր առաջադիմութեամբ սովորում են Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական համալսարանում»։

ՀՕՄ-ը Արցախում իրականացնում է նաեւ «Ուսանող» ծրագիրը։ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան մտայղացումով 2020-2022 ուսումնական տարուայ համար ծրագրի շահառուներն Արցախի բոլոր համալսարանների 105 ուսանողներ էին, ովքեր մասնակցել են Արցախի 44-օրեայ պատերազմին: Արցախի պետական, «Մեսրոպ Մաշտոց» «Գրիգոր Նարեկացի», ինչպէս նաեւ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանների որոշ ուսանողներ 100-ական ԱՄՆ տոլար դրամական պարգեւ են ստացել:

Արցախի դէմ սանձազերծուած պատերազմի հետեւանքով Արցախում գործող ՀՕՄ-ի 8 «Սօսէ» մանկապարտէզներից 4-ը՝ Մեծ Թաղերի, Շուշիի, Տողի եւ Քարէգահի մանկապարտէզներըգտնւում են թշնամու կողմից օկուպացուած տարածքներում: Ներկայումս գործում են ՀՕՄ-ի 4՝ Ստեփանակերտի, Խնձորիստանի, Աշանի եւ Ակնաբերդի «Սօսէ» մանկապարտէզները: «Պատերազմում կրած մեծ կորուստներով հանդերձ՝ «Սօսէ» մանկապարտէզները շարունակում են գործել ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան եւ աշխարհասփիւռ ՀՕՄ-ուհիների հոծ բանակի, ինչպէս նաեւ իրենց աշխատանքին ու առաքելութեանը նուիրուած ընկերուհիների, աշխատակիցների շնորհիւ», ասում է ատենապետուհին:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին հակիրճ խօսել է իրականացուած այլ ծրագրերի մասին եւս։ 2021 թուականի Դեկտեմբերին ՀՕՄ-ի Գանատայի միաւորի հանգանակած գումարով հակառակորդի անմիջական ազդեցութեան տակ գտնուող Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի շրջանների 22 համայնքների 1190 երեխաներ ստացել են 20 ԱՄՆ տոլարին համարժէք ամանորեայ նուէրներ եւ 581 ընտանիք՝ 20-ական ԱՄՆ տոլար դրամական նուէր: Ծրագիրն իրականացուել է ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան հետ համագործակցութեամբ:

Արցախի 44-օրեայ պատերազմից անմիջապէս յետոյ «Նահատակուած հերոսների զաւակներ» ծրագրի շրջանակներում հաւաքագրուել է Արցախից 662 երեխայի մասին տեղեկութիւն: 2021-2023 թթ․ ծրագրի շրջանակներում փոխանցուել է 411 երեխայի գումար:

2022 թուականի Օգոստոսի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գիւղի դպրոցականների համար ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութիւնը դպրոցի տնօրէնութեան հետ համատեղ 50 երեխայի համար կազմակերպել է մէկօրեայ հանգստի ծրագիր։

«2023 թուականի Փետրուարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ահաւոր երկրաշարժի հետեւանքով առաջացած մարտահրաւէրներին դիմակայող մեր հայրենակիցներին օժանդակելու համար արձագանգելով ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան կոչին՝ ՀՕՄ-ի Արցախի միաւորը ԱՀ Կառավարութեան հետ համագործակցութեամբ կազմակերպել է դրամահաւաք, որին իրենց ակտիւ մասնակցութիւնն են ունեցել պետական կառոյցների աշխատակիցները, ՀՅԴ Արցախի կառոյցը, ՀՕՄ-ի ընկերուհիները, աշխատակիցները, մանկապարտէզների սանիկների ծնողները, Արցախի տարբեր համայքների բնակիչներ», տեղեկացրել է Լ․ Մարտիրոսեանը՝ աւելացնելով, որ Սիրիայի հայ համայնքը բարձր է գնահատել այս դժուարին վիճակում Արցախից իրենց հասած օժանդակութիւնը:

2022 թուականին /Սեպտեմբեր-Դեկտեմբեր/ ՀՕՄ-ի «Թիկունք կանգնենք արցախահայ ընտանիքին» ծրագրի շրջանակներում աջակցութիւն է տրամադրուել Քաշաթաղի շրջանից 2022 թ. Օգոստոս ամսին հարկադրաբար տեղահանուած Աղաւնոյ գիւղի այն 6 ընտանիքներին (թուով 21 շունչ), ովքեր բնակութիւն են հաստատել Արցախի տարբեր բնակավայրերում: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան, ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան եւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի որոշմամբ չորս ամիս շարունակ, ըստ ընտանիքների շնչերի, /իւրաքանչիւրին՝ 40.000 ՀՀ դրամ/ աջակցութիւն է տրամադրուել Աղաւնոյ գիւղի մեր հայրենակիցներին:

2022 թուականի Սեպտեմբերի 23-ին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան միջոցով ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտեան շրջանի շրջանային վարչութեան կողմից նուիրատուութեամբ Արցախեան 44-օրեայ պատերազմում վիրաւորուած եւ հաշմանդամութեան խումբ ստացած 52 վիրաւորների տրամադրուել է 200-ական ԱՄՆ տոլար /80.000 ՀՀ դրամ/ ֆինանսական աջակցութիւն: Ծրագիրն իրականացուել է ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի հարցերի նախարարութեան եւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցութեամբ:

Յետպատերազմեան շրջանում Արցախում իրականացուած ամենամեծ ծրագրերից է ՀՕՄ-ի «Արեւային Արցախ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել արցախահայութեան կեանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրայ: ՀՕՄ-ի «Արեւային Արցախ» ծրագրի շրջանակում 101 արեւային ջրատաքացուցիչներ տեղադրուեցին սոցիալապէս խոցելի խաւերի եւ Արցախի 44-օրեայ պատերազմում նահատակ ունեցած ընտանիքների համար։ Սարքաւորումների որոշ դետալների ներմուծման դժուարութիւնների, տների տանիքների հետ կապուած խնդիրների պատճառով որոշ առանձնատներում տեղադրման աշխատանքներն աւարտին չեն հասցուել: Արցախի ՀՅ Դաշնակցութեան Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէի նախաձեռնութեամբ կազմաւորուել է յանձնաժողով՝ ՀՅԴ կուսակցութեան ուղեկից կառոյցների, այդ թուում՝ ՀՕՄ-ի վարչութեան անդամների հետ։ Յանձնախումբը Ապրիլի 7-ին Ստեփանակերտում կազմակերպել էր միջոցառում՝ նուիրուած մայրութեան եւ գեղեցկութեան, Սուրբ Աստվածածնի Աւետման տօն օրուան: Միջոցառմանը մասնակցում էին Արցախեան պատերազմներում նահատակուած ՀՅԴ եւ ուղեկից կառոյցների անդամների կանայք, մայրեր, ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչներ եւ ՀՕՄ-ի Արցախի միաւորի անդամներ: Յանձնախմբի յաջորդ ձեռնարկը նուիրուած էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան տօնին: Հայոց պետականութեան վերականգման՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 105 ամեակի առթիւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ եւ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան աջակցութեամբ Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում Մայիսի 29-ին կազմակերպուել է տօնական միջոցառում, որտեղ երկու համարներով հանդէս են եկել նաեւ ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի սաները: Ծրագրերը ֆինանսաւորուել են ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտեան շրջանի Շրջանային վարչութեան կողմից:

«1992 թուականին մուտք գործելով Արցախ՝ ՀՕՄ-ն իր հետեւողական, յամառ աշխատանքով իրականացրել է բարեսիրական, հասարակական ու մարդասիրական մի շարք ծրագրեր եւ նպաստել կրթութեան, մշակոյթի, առողջապահութեան, սոցիալական ու տնտեսական այլ ոլորտների զարգացմանը: ՀՕՄ-ն իր կամաւոր անդամուհիներով 44-օրեայ պատերազմի օրերին եւ դրան յաջորդած տարիներին անգնահատելի ծառայութիւններ է մատուցել հայրենիքին, թիկունք կանգնել մեր հայրենակիցներին, սատարել զոհուած ազատամարտիկների ընտանիքներին, վիրաւորներինտեղահանուածներին, սահմանում կանգնած հայ զինուորին եւ առ այսօր էլ աջակցում է արցախցուն՝ թշնամու կողմից շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամի յաղթահարման գործում: Վստահ ենք, որ Հայ Օգնութեան Միութիւնը հաւատով եւ նուիրումով կը շարունակի իր առաքելութիւնը՝ հաւատարիմ մնալով ՀՕՄ-ի կարգախօսին՝ «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար», յաւելել է ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին։

Տաթեւիկ Աղաջանեան

Comments are closed.