ՀՕՄ-ը եւ Գանատայի հայ համայնքը արցախցի ուսանողների կողքին. Արցախցի 310 ուսանող միանուագ կրթաթոշակ է ստացել
- (0)

ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան եւ ՀՅ Դաշնակցութեան Գանատայի Կեդրոնական կոմիտէի կողմից արցախցի 300 ուսանող միանուագ կրթաթոշակ է ստացել: Աջակցութիւնը ՀՕՄ-ի Արցախի վարչութեան միջոցով տրամադրուել է՝ հաշուի առնելով ուսանողների առաջադիմութիւնն ու կարգավիճակը:
ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ Զոյա Քոչարեանն ուսանողներին ուղղուած իր խօսքում կարեւորել է ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցի գործունէութիւնը, ներկայացրել առաքելութիւնը, որի 115-ամեայ գործունէութիւնը նուիրում է կարիքի մէջ գտնուողին, երիտասարդին, մանուկին։
«ՀՕՄ-ը կարողացել է մի փոքր ազնուացնել աշխարհն իր գթասրտութեամբ, իր սիրով ու նուիրումով։ Շնորհաւորում եմ բոլորիդ եւ ցանկանում եմ, որ բոլորդ լինէք լաւ մարդ, մասնագէտ։ Կ’ուզենայի, որ առաջին հերթին հողից սովորէք գոհացնել մարդուն, ջրից սովորէք լիացնել մարդուն, խղճից սովորէք վեհացնել մարդուն, այնժամ արդէն դուք կը յաղթահարէք բոլոր դժուարութիւնները եւ կեանքը կ’ապրէք աւելի հետաքրքիր ու գեղեցիկ ձեւով», նշել է նա։
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քեշիշեանը յոյս է յայտնել, որ ուսանողների գիտելիքները կը ծառայեն պետականութեան ամրապնդմանը։ Նրա խօսքով՝ համայն հայութիւնը կեդրոնացել է արցախցիների խնդիրների լուծմանը, որի վկայութիւններից է Գանատայի հայ համայնքի նուիրատուութիւնը:
ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Մելանիա Բալայեանն իր խօսքում անդրադարձել է ՀՕՄ-ի ծրագրերին ու մասնաւորապէս Արցախում իրականացուած աշխատանքներին։
«Պատահական չէ, որ Արցախի ազատագրման օրուանից ի վեր ՀՕՄ-ը բազմաբնոյթ խոշոր ծրագրեր է իրականացրել, որոնց թուում են աջակցութիւնը պատերազմում զոհուած հերոսների, բազմազաւակ ընտանիքներին, Արցախում ստեղծուած «Սօսէ» մանսկապարտէզների մեծ ցանցը։ Այս վերջին ցաւալի իրադարձութիւններից յետոյ նորից զօրաշարժի է ենթարկուել աշխարհասփիւռ այս կառոյցը եւ կանգնել արցախցիների կողքին», շեշտել է նա։
Նա յոյս է յայտնել, որ ուսանողներն այսուհետ աւելի պատասխանատուութեամբ են վերաբերուելու ուսմանը, իսկ գիտելիքն ամէն ինչի հիմքն է։
«Ինչո՞ւ է ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցն ուսանողներին ցանկացել սատար կանգնել։ Ձեզ տրամադրուողն օգնութիւն չէ, ներդրում է մեր պետականութեան հիմքերն առողջացնելու, ամրապնդելու համար։ Ես յուսով եմ, որ դուք պատասխանատուութեամբ կը վերաբերուէք դրան։ Մենք պարտադրուած ենք լինել ուժեղ, որի համար պէտք է շատ գիտելիքներ ունենալ», ասել է Մելանիա Բալայեանը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանն իր օրհնութեան խօսքն է յղել ներկաներին:
«ՀՕՄ-ը գիտի հայի զարկերակը, նրա բաբախուն սիրտը եւ կարողանում է ճիշդ ժամանակին իր ձեռքը դնել եւ ինչքանով ունի հնարաւորութիւն, այն ի գործ դնել յանուն այս կամ այն նպատակի։ Այդ նպատակներից մէկն էլ գիտութիւնն է, կրթութիւնն է, գիտելիքն է, իմաստութիւնն է, որը խրախուսւում է ՀՕՄ-ի կողմից», նշել է նա։
Կրթաթոշակի շահառուներն իրենց շնորհակալական խօսքն են ուղղել ՀՕՄ-ին ու գանատահայութեանը՝ դժուար իրավիճակում իրենց կողքին կանգնելու համար:
Շահառու ուսանողներից մէկը, ով տեղահանուել է Ասկերանի շրջանի Խնձորիստան գիւղից եւ յաճախել է տեղի ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզ, մանկուց ծանօթ է այս կառոյցի գործունէութեանը: Այժմ օգտուել է ուսանողների ծրագրից:
Նա իր խորին երախտագիտութիւնն է յայտնել Գանատայի հայ համայնքին, ՀՕՄ-ին եւ ողջ սփիւռքահայութեանը՝ աջակցութեան համար։
Մանուշ Խաչատրեանը սովորում է ԵՊՀ ռուս-բանասիրութեան ֆակուլտետում Ռուսաց լեզու եւ գրականութեան բաժնի երրորդ կուրսում, ապագայ բանասէր է, տեղահանուել է Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Կաղարծի գիւղից։ Նա շնորհակալութիւն է յայտնել ծրագրի համար.
«Կը ցանկանայի, որ ծրագիրը շարունակական լինէր ոչ միայն ինձ, այլ նաեւ ընկերներիս համար, որովհետեւ մեր կուրսից միայն ես կարողացայ ստանալ նման աջակցութիւն։ Ներկայ պահին, քանի որ պետական աջակցութիւնն էլ դադարեցնում են, շատ դժուար է թէ՛ մնալու հարցով, թէ՛ առօրեայ ծախսերը հոգալու։ Շատ մեծ շնորհակալութիւն եմ յայտնում Գանատայի հայ համայնքին, տեղեակ եմ Ձեր գործունէութիւնից եւ ուրախ եմ, որ հենց ՀՕՄ-ի միջոցով էք այս աջակցութիւնը տրամադրել մեզ»։
Սիւզաննա Բաղրեանը տեղահանուել է Արցախի Մարտունու շրջանի Սօս գիւղից։ Այժմ ապրում է Երեւանում, սովորում Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանում: Սովորելուն զուգահեռ նաեւ աշխատում է։
«Այս դժուարին իրավիճակում շատ-շատ գնահատում ենք Հայ Օգնութեան Միութեան աջակցութիւնը, քանի որ մի փոքր ընտանիքի հոգսը թեթեւացնելով, մի փոքր ծնողներին օգնելով մենք էլ մեզ աւելի լաւ ենք զգում։ Իմ խորին շոնրհակալութիւնն եմ ուզում յայտնել մեր Գանատայի հայրենակիցներին, Հայ Օգնութեան Միութեանը, մեզ նկատելու, գնահատելու համար, մենք էլ անպայման հետագայում կը փորձենք վարձահատոյց լինել՝ այդկերպ մեր շնորհակալութիւնը յայտնելով»։
ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւելեան շրջանը պատրաստակամութիւն է յայտնել հովանաւորել Արցախից տեղահանուած ուսանողների, որի շրջանակներում եւս 10 ուսանողի տրամադրուել է ֆինանսական աջակցութիւն:
Այդ ուսանողներից Գոռ Պօղոսեանը նշել է, որ ստեղծուած իրավիճակում շատ դժուար է ֆինանսներ յատկացնել ուսմանը, քանի որ տեղահանութիւնից յետոյ աւելի ծանր հարցեր են ի յայտ եկել։
«Բայց մենք չենք կոտրուել, եւ ՀՕՄ-ի օգնութեամբ, մեր կողքին կանգնած մարդկանց օգնութեամբ շարունակում ենք սովորել ու խոստանում ենք մեզանից ակնկալուող սպասելիքներն անթերի կատարել», ասել է նա: