ՀՅԴ Ֆրանսայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը և  և ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը  նոր գրատախտակներ են նուիրել Վեդու  աւագ դպրոցին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան»  ուսանողական միութեան (ՆԱՈՒՄ) և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»  երիտասարդական միութեան  համատեղ ջանքերով Արարատի մարզի Վեդի քաղաքի աւագ դպրոցը նոր ուսումնական տարին կը մեկնարկի նոր գրատախտակներով։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ Տարօն Ղազարեանը, դպրոցում խօսելով նուիրատուութեան մասին, նշեց՝ այս ծրագիրն իրականացւում է ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհուած ընկերոջ՝ Կիմ Խաչատրեանի։ Կիմը  ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ էր։ Տարօն Ղազարեանը և դաշնակցական  միւս ընկերները կողք կողքի պայքար են մղել յանուն հայրենիքի և այսօր Կիմի յիշատակը վառ պահելն ու հզօր հայրենիք ունենալու՝ նրա ու միւս քաջերի երազանքը կեանքի կոչելը երիտասարդների համար հայրենանուէր նպատակ է, որի ուղղութեամբ անշեղօրէն ընթանում են։

Վեդու աւագ դպրոցի տնօրէն Արմէն Ալեքսանեանը նշեց՝ դպրոցն անբարւօք վիճակում է․ և՛ շէնքային պայմաններն են վատթար, և՛ գոյքն էլ մաշուել ու հնացել։ Տարիներ առաջ որոշում էր կայացուել այս  դպրոցը քանդել և նորը կառուցել, սակայն այդ որոշումն այդպէս էլ չի իրագործուել մինչ օրս․․․

«Գրատախտակներն այնքան էին մաշուել, որ այլևս հնարաւոր չէր տեսնել, թէ  վրան  ինչ է գրուած։ Տարբեր  ելքեր էինք փնտրում այդ խնդրի լուծման համար, նոյնիսկ շաքարաջրով էինք մաքրում, որպէսզի  գրատախտակի  վրայ  գրուածը տեսանելի լինի։ Ուրախալի է, որ մեր  դպրոցն  նոր գրատախտակներ ունի», — նշեց  դպրոցի տնօրէնը՝ շնորհակալութիւն յայտնելով այս ծրագիրը կեանքի կոչողներին։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում  դպրոցի հայոց լեզուի ուսուցչուհի Թերեզա Մարգարեանն ասաց՝ յատկապէս իր դասաւանդած առարկաների պարագայում գրատախտակը շատ է կիրառւում, և ուրախալի է, որ դասաւանդման ընթացքն  է՛լ աւելի արդիւնաւէտ կը լինի։

«Մեր դպրոցն, իսկապէս,  նոր գրատախտակների կարիք ունէր։ Ամէն անգամ գրելիս ճնշւում էինք, երեխաները չէին կարողանում կարդալ։ Այս պահին այդ գրատախտակները մեր դպրոցի համար կենսական անհրաժեշտութիւն էին։ Մի ծանր բեռ մեր ուսերից ընկաւ։ Անչափ շնորհակալ ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան»  ուսանողական միութեանը և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»  երիտասարդական միութեանը և յոյսով ենք, որ այս ծրագիրը շարունակական կը լինի», — նշեց ուսուցչուհի Թերեզա Մարգարեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.