ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան կազմակերպած բանակումը միաւորել էր հայրենասէր ու հայրենատէր երիտասարդների

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը  օգոստոսի 9-13-ը Սևանի ափին՝ Շորժայում, բանակում էր կազմակերպել։ Յոբելեանական 20-րդ բանակումը յագեցած էր քննարկումներով, մարզական միջոցառումներով, ազգային երգ ու պարով։ Բանակման մասնակիցներին մէկտեղել էր ազգային գաղափարախօսութիւնը, միասնական ուժերով ուժեղ  ու անվտանգ սահմաններով պետութիւն կերտելու պատրաստակամութիւնն ու տենչը։

Բանակման ընթացքում դասախօսութիւններով հանդէս եկան Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ դասախօսութեամբ հանդէս եկաւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագէտ Գէորգ Ղուկասեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ Բագրատ Եսայեանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կեդրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցեանը։

Բանակման երրորդ օրը արշաւ կազմակերպուեց․ մասնակիցները  բարձրացան Արտանիշ լեռը, որտեղ նախապէս ծրագրուած, բայց մասնակիցների համար անսպասելի յարձակում տեղի ունեցաւ արշաւականների վրայ։ Բանակման մասնակիցները կարողացան կատարել իրենց  մարտական առաջադրանքը․  զգօնութիւն ցուցաբերելով՝ արագօրէն արդիւնաւէտ պլան մշակեցին, ապա յայտնաբերեցին յարձակում կատարողներին։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յոբելեանական 20-րդ բանակման վերջին օրը մասնակիցները ներկայ գտնուեցին ուսանողական միութեան անդամ, ՀՀ արևելեան սահմանում գտնուող զօրամասերից մէկում զինծառայութեան անցած Վարդան Գալստեանի զինուորական երդման հանդիսաւոր արարողութեանը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուանողական միութեան ներկայացուցիչ Հայկազ Յարութիւնեանը, որը բանակման պատասխանատուներից էր, «Հորիզոն»-ի թղթակցին պատմեց՝ բանակումը անցել է բանակի առօրեայով՝ յստակ օրակարգով, իսկ մասնակիցները բաւական կարճ ժամանակահատուածում կարողացել են ընտելանալ պայմաններին։

«Շարժումները զօրաշարժերի էին նման՝ կատարւում էին շարքերում, ինչպէս բանակում։ Իրօք, հիասքանչ մթնոլորտ էր ստեղծուել։ Հայաստանից, Արցախից եկած բազմաթիւ երիտասարդների այս բանակումը մեկտեղեց․ կար մի գաղափարախօսութիւն՝ հայրենասիրութիւնը, որի համար այստեղ գտնուող երիտասարդները պատրաստ են պայքարել», — նշեց Հայկազ Յարութիւնեանը։

«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Մանէ Բոզոյեանն էլ  մեր թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ իր համար տպաւորիչ են եղել յատկապէս արշաւը, բանակման վրայ կազմակերպուած «յարձակումը», մասնակիցների միասնական պայքարն ու խարոյկահանդէսը։ Նա յոյս յայտնեց որ բանակմանը մասնակցող  երիտասարդներից շատերը շուտով կը միանան ՀՅԴ մեծ ընտանիքին, և նրանց  նոր ստեղծուած ընկերութիւնն է՛լ աւելի կ՚ամրանայ։

Մեր յաջորդ զրուցակիցը՝ Լիզա Բարոյեանը հենց այդ նպատակն ունէր։ Մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝  շուտով դառնալու է ՀՅԴ անդամներից մէկը, քանի որ դաշնակցականութիւնն ու ազգային գաղափարախօսութիւնն իր մեջ արդէն իսկ արմատացած են։

Բանակման վերջին օրը՝ խարոյկահանդէսի ընթացքում, բանակման մասնակիցներին հիւրընկալուեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը եւ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարօն Տոնոյեանը։  Յատուկ հիւրերը հայրենիքի ներկայի ու ապագայի տեսլականի վերաբերեալ քննարկում ունեցան բանակման մասնակիցների հետ։ Իշխան Սաղաթելեանն ու Տարօն Տոնոյեանը նշեցին՝ երիտասարդները մեր վաղուայ օրը կերտողներն են, ուստի գովելի է, որ նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սէրն ուժեղ է, իսկ յանուն հայրենիքի պայքարելու պատրաստակամութիւնը՝ աներեր։ Քննարկումներից  ու բովանդակային զրոյցներից յետոյ  երգեցին ազգային երգ ու երաժշտութիւն:

Յասմիկ Բալեյեան

Մանրամասները ՝ տեսանիւթում։

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.